«Չկան անտականք ազգեր, բայց հայ տականքը կմնա անմրցելի»:
Գարեգին Նժդեհ
Օրեր առաջ ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ձերբակալվեց, որովհետեւ գողացել էր պետական հատկապես այնպիսի միջոցներ, որոնք նշանակալի էին զինվորներիՙ այսինքն պետության անվտանգության համար: Բայց Մանվել Գրիգորյան սոսկական անձը չի ձերբակալվել, այլՙ հայկական բանակի գեներալը, Արցախի հերոսը: Եւ մեր ամենամեծ դժբախտությունը հենց կայանում է սրանումՙ մեր բանակի միջոցներըՙ զինվորի բաժին հացն ու միսը գողանում ու կենդանիներին է տալիս մեր բանակի գեներալը, հասկանու՞մ եք, Արցախի հերոսը գողացել է Արցախը պաշտպանող զինվորի բաժին ձավարը, հացը, դեղորայքը, վարտիքը… վարտի՞քը, մենք արժանի՞ էինք, որ վարտիք գողացող գեներալ ունենայինք: Որքան էլ խոսենք այդ գողության մասինՙ կխոսվի, որքան հայհոյենքՙ կհայհոյվի, բայց այստեղ հարցը մեդալիոնի հակառակ կողմ էլ ունի: Պատերազմի մասնակիցներից, լավ որոնելու դեպքում, ցայսօր շատերի մոտ կարելի է զենք-զինամթերք հայտնաբերել, ասենքՙ ինքնաձիգ, մեկ-երկու փամփշտակալ եւ այլն, որը հայրենասեր մարդիկ, ինչպիսին ձգտում է ձեւանալ մարշալ, ներեցեք, գեներալ Մանվել Գրրգորյանը, հարկ եղած դեպքում հանձնում են պետությանը, դե, պարտավոր ենՙ վերջին հաշվով: Բայց Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքի անհոգի գեներալի տանն ինչի՞ համար էին պահվում հակատանկային զինատեսակները, գեներալն ո՞ւմ տանկերն ու զրահամեքենաներն էր դրանով խոցելու, կամ մի արկղ Ֆ1 նռնակներն ու՞մ ուղղությամբ էր նետելու: Սա, դեռ հարց է, որի պատասխանը գուցեեւ հորինվի (չնայածՙ այս պարագայում անընդունելի է որեւէ բացատրություն): Բայց զինվորի բաժին մսի պահածո (զուգարանի թղթի մեծ քանակությունն ուղիղ համեմատական էր սպառման ենթակա ուտելիքի հետ), վարտիք-շապիկ, խտացրած կաթ, ՊՆ բալանսի վրա գրանցված մի քանի «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա ոչ մի անհատի մոտ չես տեսնի, դե իհարկե, եթե անհատի անունը Մանվել չէ, պատիվն էլՙ Արցախի հերոսի: Բայց ամենակարեւորըՙ ինչպե՞ս են ռուսաստանաբնակ հայերի ուղարկած մեքենաները հայտնվել Վաղարշապատում, երբ դրանք ընդունվել ու հաշվառվել են ՊՆ-ի կողմից, ինչպես են հարյուրավոր արկղերով սնունդն ու հագուստը հայտնվել այնտեղ, երբ տեսախցիկների առաջ դրանք տեղավորվում էին ՊՆ ենթակայության տակ գտնվող մեքենաներում: Արդեն պարզ է, չէ՞, որ դրանք գողացվել են, բայց գողացողը անձնապես Մանվել Գրիգորյանը չի եղել, այն էլՙ գիշերով, թաքուն, շալակով, որ լավ մտածենքՙ նրան տրվել է, նվիրվել, շնորհվել, ինչպեսՙ գեներալի ուսադիրներն ու հերոսի կոչումը: Ինչպե՞ս է Մանվել Գրիգորյանը կարողացել այդ ամենն «աննկատ» իր տուն հասցնել, պատկան մարմինները չե՞ն նկատել, հո ասեղ չէր գողացածը:
2016թ. ու դրանից հետո ինչո՞վ էին զբաղված ՊՆ-ում, Բաղրամյան 26-ում, Անվտանգության խորհրդում: Վերջին հիմարին էլ հասկանալի է, որ մի տուփ լուցկու կորուստն անգամ չէր կարող վրիպել այդ կառույցների տեսահորիզոնից, էլ չեմ խոսում բանակից մի քանի մեքենա ու մի քանի հազար արկղ սնունդ ու հագուստ, հիգենիայի պարագաներ գողանալու մասին: Բայց մինչ այս կառույցներն զբաղված էին նահանջի հրամանին չենթարկված զինվորականներին հետապնդելով, նրանց պաշտոնանկ անելով ու իրենց «բացերը» կոծկելով, երկրում մանվելանմանները զինվորի հասանելիքն էին յուրացնում, շարունակությունը մի երեւույթի, որի հիմքը գցվել էր դեռ ՀՀՇ-ի իշխանության ժամանակ: Ո՞նց հասկանանք, Մանվել Գրիգորյանի կատարածը դիտմամբ չի՞ կանխվել այդ կառույցների կողմից, թե՞ պարապուրդի մատնված լինելը թույլ չի տվել նկատել պետության հիմքերը թուլացնող հանցագործությունը: Երկու տարբերակ կա, բայց երկուսի հաստատման դեպքում էլ նշյալ կառույցների նշյալ ժամանակահատվածի պատասխանատուները պետք է պատասխանատվություն կրեն, քանի որ առնվազն չեն տիրապել իրավիճակին, որի արդյունքում, արդեն տխրահռչակ գեներալը հաջողել է անել այն, ինչ պարզվեց օրեր առաջ: Իսկ, ինչպես գիտենք, այդ կառույցների ղեկավարներն այն պաշտոնյաներն են, որոնցՙ իրենց ուսերին դրված խնդիրների անպատճաշ կատարումը ՙամենաքիչը դատապարտելի է: Եւ անարդար կլինի, եթե Մանվել Գրիգորյանի բանտախցի հարեւանությամբ չտեղավորվեն այն մարդիկ, որոնց պարտականությունների անբարեխիղճ կատարման պատճառով տեղի է ունեցել հանցագործություն, դավաճանություն, այն էլՙ պետական: Իսկ պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում: