Սթիվ Ջոբսը ներկայացնելու կարիք չունի: Մեր հայրենակիցներից շատերն էլ տեղյակ են հայության հետ նրա առնչությանը (թեկուզՙ ոչ անմիջական), նրան որդեգրած հայազգի մոր միջոցով: Սակայն քչերին է հայտնի նրա աջ ձեռքը հանդիսացած եւ բարձրագույն տեխնոլոգիաների բնագավառի շուկայագիտության ոլորտում կարեւոր ներդրումն ունեցած Ջոանա Հոֆմանին, որն անմիջական կապ ունի Հայաստանի եւ հայության հետ…
Դերասանուհի Աբիգեյլ Մքքոնելը մարմնավորել է Ջոանային 2013 թվականին նկարահանված Ջոշուա Մայքլ Սթերնի «Ջոբս» ֆիլմում, իսկ հանրաճանաչ Քեյթ Ուինսլեթը Ջոանա Հոֆմանի դերն է կատարել 2015-ին ստեղծված Դենի Բոյլի «Սթիվ Ջոբս» կինոնկարումՙ արժանանալով «Ոսկե գլոբուս» մրցանակին որպես լավագույն դերասանուհի երկրորդական դերի համար, ինչպես նաեւ դառնալով «Օսքար» բարձրագույն կինոմրցանակի թեկնածու նույն դերակատարման համար: Ուինսլեթը Ջոանային բնորոշել է որպես Ջոբսի «աշխատանքային կինը», մի «արտասովոր, եռանդուն արեւելաեվրոպացի անձնավորություն» եւ որ ինքը Ջոանա Հոֆմանին հանդիպելուց հետո սկսել է ավելի լավ հասկանալ Սթիվ Ջոբսին…
Ջոանա (Յոհաննա) Կարինե Հոֆմանը ծնվել է 1955-ի հուլիսի 27-ին, Լեհաստանում, լեհական կինոյի ականավոր բեմադրիչ Եժի Հոֆմանի եւ նրա առաջին կնոջՙ երեւանցի հայուհի Մառլենայի ընտանիքում: 86-ամյա Հոֆմանն ազգությամբ հրեա է, որի մեծ ծնողները Հոլոքոսթի զոհեր էին, իսկ ինքը երիտասարդ ժամանակ աքսորվել էր Սիբիր: Աղջկա ծնունդից մեկ տարի անց, 1956-ին ընտանիքը մեկնել է Հայաստան, որտեղ Եժի Հոֆմանը Էդուարդ Սկորժեւսկիի համագործակցությամբ նկարահանել է «Հայաստանի ճանապարհներին» 20 րոպեանոց կարճամետրաժ փաստագրական կինոնկարը (նախապես կոչվել է «Զբոսաշրջիկի աչքերով»): Այն ներկայացնում է Հայաստանի պատմական անցյալը, բնաշխարհը եւ առօրյան: Եժիի եւ Մառլենայի ամուսնությունը երկար չի տեւել: Հոֆմանը շուտով վերադարձել է հայրենիքՙ դառնալով Լեհաստանի նշանավոր կինոբեմադրիչներից մեկը, նկարահանել դասական դարձած «Ջրհեղեղ», «Պան Վոլոդիեւսկի», «Հրով եւ սրով» կինոնկարները, իսկ Մառլենը դստեր հետ մնացել է Երեւանում: Այստեղ էլ Ջոանա Կարինեն ստացել է նախնական կրթությունը, սակայն 10 տարեկանում մեկնել է Լեհաստանՙ հոր մոտ: 1967-ին Մառլենան ամուսնացել է ամերիկացու հետ եւ տեղափոխվել է Բըֆալո (Նյու Յորք նահանգ): Ջոանան շուտով միացել է նրանց, շատ արագ տիրապետել անգլերենին եւ գերազանց առաջադիմությամբ ավարտել դպրոցը: Այնուհետեւ ընդունվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտ, մասնագիտացել է մարդաբանության եւ ֆիզիկայի, իսկ Չիքագոյի համալսարանի արեւելագիտության բաժնումՙ հնագիտության եւ լեզվաբանության մեջ: 1979-ին մեկնել է Իրանՙ մասնակցելու հնագիտական պեղումների, ճանապարհին կանգ է առել Լեհաստանումՙ այցելելով հորական տատիկին, սակայն ԱՄՆ-ում նրան հորդորել են հետ վերադառնալՙ Իրանում բռնկված իսլամական հեղափոխության պատճառով: Սա եղել է ի նպաստ Ջոանայի, որը հաջորդ տարի Քսերոքս Փարք գիտահետազոտական կենտրոնում (Քալիֆորնիա) մասնակցել է «Ափըլ» ընկերության «Մաքինթոշ» նախագծի հիմնադիր Ջեֆ Ռասքինի դասախոսությանը: Դրանից հետո Ջոանան բանախոսի հետ բուռն քննարկում է ունեցել այն մասին, թե ինչպիսին կլինեն ապագայում համակարգիչները եւ ինչպես դրանք կբարելավեն մարդկանց կյանքը: Այս զրույցից մեծապես տպավորվածՙ Ռասքինը նրան խորհուրդ է տվել աշխատանքի դիմել «Ափըլ Քոմփյութեր Մաքինթոշ» ընկերություն: 1980-ին Ջոանա Հոֆմանն արդեն Ռասքինի նախաձեռնած Մաքինթոշի նախագծի անդամ էրՙ դառնալով հինգերորդ անձն այդ խմբում եւ աշխատելով որպես շուկայագետ: Հետագայում նա ղեկավարել է Մաքինթոշի միջազգային շուկայի խումբը, որն ընկերության արտադրած համակարգիչները տարածել է Եվրոպայում եւ Ասիայում: Սրանից հետո էլ նա միացել է Սթիվ Ջոբսի աշխատանքային խմբին վերջինիս «Նեքսթ» ընկերությունումՙ դառնալով խմբի հիմնադիր անդամներից մեկը, որն իր գործունեությամբ մեծապես նպաստել է ընկերության ֆինանսական հաջողությանը եւ համաշխարհային ճանաչմանը: Աշխատասեր, համառ, շիտակ, ուժեղ բնավորության տեր Ջոանա Կարինեն հայտնի է դարձել որպես այն մարդկանցից մեկը, որը, ի տարբերություն շատերի, չէր վախենում դժվարահաճ եւ ոչ հեշտ բնավորություն ունեցող Սթիվ Ջոբսից ու կարողանում էր լեզու գտնել եւ հաջողությամբ աշխատել նրա հետ: Մինչեւ անգամ 1981 եւ 1982 թվականներին նրան է հանձնվել «Ափըլի» կատակային մրցանակըՙ որպես «անձի, որը լավագույնս դիմանում է Ջոբսին» (ինքըՙ Սթիվ Ջոբսը, տեղյակ էր այս մրցանակից եւ հավանություն էր տալիս դրան):
1990-ականներին Ջոանա Հոֆմանը «Ջեներալ մեջիք» տեխնոլոգիական ընկերության մարքեթինգի փոխնախագահն էր, որից նա հեռացավ 1995-ինՙ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար իր նորակազմ ընտանիքի հետ: Այսօր էլ նա բնակվում է Քալիֆորնիայի Պալո Ալտո բնակավայրում, ամուսնուՙ «Ափըլի» իր երբեմնի գործընկեր, ազգությամբ ֆրանսիացի Ալեն Ռոսմանի հետ: Նրանք ունեն երկու որդիՙ Ջերեմի եւ Գաբրիել, որոնք գնացել են ծնողների հետքերով: Այժմ Ջոանա Հոֆմանն աշխատում է որպես ոչ առեւտրական կազմակերպությունների խորհրդատու, երբեմն հանդես է գալիս բանախոսություններովՙ պատմելով Սթիվ Ջոբսի հետ իր համագործակցության առաջին տարիների մասին: Փոքրամարմին, թխահեր Հոֆմանը չի սիրում լինել ուշադրության կենտրոնում, խուսափում է հարցազրույցներից եւ տակավին անգլերեն խոսում է թեթեւակի լեհական առոգանությամբ: Նրա կարծիքով, «Ամերիկան գեղեցիկ երկիր է բնության առումով, բայց քաղաքական գործիչներն այստեղ մի քիչ խելագար են: Լեհաստանո՞ւմ: Հըմմ, այնտեղի քաղաքական գործիչները նույնպես խելագար են…»: Մի առիթով էլ Հոֆմանն ասել է. «Ես այստեղ եմ 14 տարեկանից եւ հիմա որոշակիորեն ամերիկացի եմ»: Սակայն տեղեկատու աղբյուրները նրա մասին գրելիս մշտապես հիշատակում են նաեւ Ջոանա Կարինե Հոֆմանի մասնակի հայկական ծագումը…