ԴԱՎԻԹ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Էջմիածնի կենտրոնում հայկական ոճավորում ունեցող մի գեղեցիկ երկհարկանի շինություն կա, որը թեպետ կառուցվել է խորհրդային տարիներին եւ ունի հղկված, դասական համաչափություններ, ներկայում դարձել է մերօրյա խեղկատակ ճարտարապետության հայելին:
Մի քանի տարի է արդեն, ինչ նրա գլխին վեր է հառնում եռահարկ կիսակառույցՙ ապականելով ոչ միայն տվյալ շենքի, այլեւ ամբողջ միջավայրի դիմագիծը: Այս պատկերը նորություն չի տեղացու աչքին, քանի որ հետանկախության շրջանի հայկական քաղաքաշինությունը համատարած սովորույթ դարձրեց կարկատանային մտածողությունը եւ իսպառ արժեզրկեց «մասշտաբայնություն», «համաչափություն» եւ «կոլորիտ» հասկացողությունները:
Երրորդ հանրապետության ագահ ու ընչաքաղց կառուցապատողները, տարված լինելով բացառապես սեփական գրպանը լցնելու մոլուցքով, անգիտակից ու անտարբեր մնացին բռի շինարարություններից տուժած մշակութային միջավայրի հանդեպ, իսկ նրանց սպասարկող ծառաներըՙ խեղճուկրակ մտավորականները, չինովնիկները, ջանք չխնայեցին պրոֆեսիոնալ դաշտում ոչ միայն կոծկելու, այլեւ հաճախ արդարացնելու նման երեւույթները:
Դեռեւս տարիներ առաջ Հյուսիսային պողոտայի բացմանը, գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը , պաշտպանելով իր հեղինակած փողոցի «պատճառաբանված» գեղարվեստական լուծումները, հետեւյալ միտքն արտահայտեց. «Այլապես մենք կունենայինք Կիեւյան փողոցի նման շատ պրոֆեսիոնալ մի փողոց, որն ուղղակի անհետաքրքիր է»:
Հյուսիսային պողոտայի ճարտարապետությունը ներկայացվեց որպես տարբեր հեղինակային ձեռագրերի եւ տարբեր ոճային լուծումների հետարքրքրական բազմազանությունՙ առանց անդրադառնալու այդ բազմազանության ներդաշնակ կամ աններդաշնակ կողմերին: Այն համեմատվեց ամբողջական միջավայրի եւ առանցքային ճարտարապետության լավագույն նմուշներից մեկիՙ Կիեւյան փողոցի հետ ու ըստ համեմատողիՙ շահող դուրս եկավ:
Ալեքսանդր Թամանյանի որդուՙ թամանյանական դպրոցի վառ շարունակող Գեւորգ Թամանյանի ստեղծագործությունը, պիտակավորելով որպես «անհետաքրքիր», Նարեկ Սարգսյանը փաստացի հռչակեց անսամբլային ճարտարապետության վախճանը:
Հետագա տարիներին սկսվեց կարկատանային քաղաքաշինության քայլարշավը: Ահագնացող թափով շատացան միմյանց հանդեպ անտարբեր, մեկը մյուսի հետ կապ չունեցող շինությունները, արժեքավոր հուշարձաններն աղճատող կցակառույցները, բակերում խցկվող նոր բարձրահարկերը, խառնիճաղանջ մանսարդները, խայտաբղետ, անճաշակ պաստառները, պատերի վրայով կամայականորեն անցնող օդորակիչները, հեռակառավարման վահանակները, կոմունիկացիոն խողովակներն ու էլեկտրական լարերը: Բանը հասավ նրան, որ նույնիսկ առանձին կանգնած նորակառույցները սկսեցին իրականացվել որպես կարկատաններ:
Մշտապես կառուցապատողի քմահաճույքներին տեղի տվող ճարտարապետի անզորության մասին են վկայում շենքերի ավարտը խորհրդանշող հերթական քիվի վրայից վեր հառնող նոր ծավալները:
Պատվիրատուի ցանկությամբ պահի տակ որոշվող հարկերի ավելացումներն ամեն անգամ խաթարում են ըստ նախագծի կառուցված շենքի ամբողջականությունը: Ու թեպետ նոր նյութերի կամ երեսպատումների միջոցով տվյալ երեւույթը ստեղծագործորեն քողարկելու անհաջող փորձերը հաճախ ուղեկցվում են «մոդեռնիստական մոտեցում», «կոնտրաստ արտահայտչականություն», «տեքստուրայի ու ֆակտուրայի հարստություն» եւ այլ դեմագոգ տերմինաբանություններով, պատմամշակութային հավակնություններով մայրաքաղաքը տարեցտարի ավելի է նմանվում «քոչվորի դոշակի»:
Կան նաեւ տարբերակներ, երբ ավելացող բարձրությունը եղած շենքի ոճով, առանց կոնտրաստ ստեղծելու են իրականացնում: Դրա ամենաանհաջող օրինակներից էլ Հյուսիսային պողոտայիՙ դեպի Աբովյան փողոց մտնող աշտարակաձեւ շենքն է, որտեղ քիչ թե շատ կայացած ջլատումների եւ ավարտուն քիվի վրայից շարունակվող նոր ծավալը նույն քարի երեսպատմամբ, բայց բացարձակապես անհամաչափ մի նոր, ծանր շենք է ավելացնում եղածի գլխին: Հատկապես տխուր ու զավեշտալի են դիտվում դասական սյուներիՙ մեկը մյուսի հանդեպ եղած հարաբերությունները, երբ կոպիտ մշակում ու խոշոր մասշտաբ ունեցողները թառել են առաջին հարկում մնացած մանրապճեղ պորտալի գլխին:
Բայց առավել ցավալի է նման երեւույթներ տեսնել մարզերում: Տարիներ ի վեր անկուշտ հոգեբանությամբ առաջնորդվող, փողից փող շինելու միակ նպատակով ապրող հարուստ պաշտոնյաներն իրենց ողջ ներուժը կուտակել էին Երեւանի կենտրոնումՙ ամենաչալաղաջ կտորներին տեր կանգնելու բաղձանքով: Երեւանը գնահատված էր որպես մետր քառակուսիՙ անձնական կրքերը բավարարելու համար: Դրա կողքին տասնամյակներ բարձիթողի ու անխնա վիճակում մնացած մարզերի միակ մխիթարիչ պատկերն այն է, որ հաճախ անաղարտ մնացած ճարտարապետական կտորներ, մաշված, բայց գոնե չպղծված միջավայր կարելի է տեսնել:
Այս առումով, իհարկե, չի կարելի համեմատել Էջմիածնի կենտրոնը Երեւանի կենտրոնի հետ: Մայր տաճարի տարածքում ավելացած նոր կառույցները ներդաշնակ են միջավայրին, ունեն գեղարվեստական արժեք, քաղաքի հրապարակն աղճատված չէ թիկունքից վեր հառնող, մասշտաբ ու ակցենտ խլող բարձրահարկերով, իսկ տարիների ընթացքում ավելացած ռաբիս նորակառույցները ամեն դեպքում սահմանափակ հարկայնությամբ մենատներ են:
Եվ պատահական չէ, որ նման վայրում «երեւանյան արդի ճարտարապետական գլուխգործոցներն» ընդօրինակող կարկատանային նմուշն առավել ծանր տպավորություն է թողնում: Դեռեւս 2014-ին , առաջին անգամ այդ նրբագեղ երկհարկ շինության վրա եռահարկ կցակառույցի լուսանկարը տեսնելով, Քալիֆորնիայում գործող ճանաչված ճարտարապետ Գեւորգ Բալյանը մի շատ դիպուկ արտահայտություն էր արել, ասելովՙ «սա նման է Հռոմի կործանման տարիներին իշխող պալատական բարքերին, երբ կուշտ ուտելուց հետո հատուկ ձողերով սրտխառնոց էին առաջացնում, հետ տալիս, այնուհետեւ նորից նստում սեղան ու շարունակում ուտել»:
Էջմիածնի փողոցներում, խանութների ու վահանակների վրա փակցված վերջին ամսվա շոկային իրադարձությունների գլխավոր հերոսին հիշեցնող թռուցիկները նույնպես հատուկ դրամատիզմ են հաղորդում այս ամենին: Հստակ պատկերացնելով, թե ով կարող էր հաստատել նման խայտառակությունը Էջմիածնի կենտրոնումՙ անմիջապես Մայր Տաճարին պատկանող տարածքի հարեւանությամբ, ակամայից մասնագիտական նոր տերմինաբանություն ստեղծելու ցանկություն է առաջանում… «Մանվելի ժամանակվա տուշոնկայոտ ճարտարապետություն»: