Երեկ կառավարության պաշտոնավարության 100-րդ օրվա առթիվ տարբեր նախարարներ ասուլիս տվեցին իրենց գերատեսչություններում ցարդ կատարված եւ առաջիկայում կատարվելիք գործերի մասին: Այդ թվումՙ Սփյուռքի մեր նախարարը, որ շատ ոգեւորված էր թվում Կիպրոսում ունեցած իր հանդիպումներից, հատկապես Կիպրոսի, Հունաստանի ու Եգիպտոսի իր պաշտոնակիցների հետ ձեռք բերած պայմանավորվածություններիցՙ առաջիկայում Երեւանում ունենալիք հանդիպման հեռանկարով:
Ինքնագովերգական այլ հարցերի շարքում նախարարը անդրադարձավ նաեւ Սփյուռքի ամենացավոտ խնդիրներից մեկինՙ կրթական օջախների տկարացմանը, ընդհուպՙ փակման վտանգին եւ հիշատակեց Կիպրոսի Մելգոնյան վարժարանը, որ, ըստ իրեն, գտնվում է «փակվելու եզրին»…
Ապշել կարելի էր մտքի այդպիսի փայլատակումից. նախարարը չգիտի՞, որ 20-րդ դարի հայկական լավագույն եւ ամենակարեւոր այդ կրթօջախըՙ Մելգոնյան կրթ. հաստատությունը, փակված է արդեն 2005 թվականից ի վեր, եւ մայրաքաղաք Նիկոսիայի գլխավորՙ Մակարիոսի անվան պողոտայի վրա հսկա իր տարածքներովՙ շենքեր, սրահներ, կացարաններ, գրադարաններ, լաբորատորիաներ, մարզադաշտեր, պուրակներ, ծաղկանոցներ, բարերարների դամբարան եւ արձաններ, վերջապես մի ամբողջական համալիր, լքված գերեզմանի վիճակում է գտնվում, հետզհետե փլվող, մաշվող ու կողոպտվող վիճակում, սպասելով ինչ-որ գնորդի, որը այդպես էլ չի ներկայանում այդ սուղ քաղաքում: Դա ոչ միայն ՀԲԸՄիության, որը նրա ավանդապահ-սեփականատերն է, այլեւ Հայոց զույգ կաթողիկոսների եւ Հայկական պետության (ՀՀ երկրորդ նախագահի ժամանակաշրջան եւ այնուհետեւ), մեր ավանդական կուսակցությունների (ներառյալ Ռամկավար Ազատական կուսակցությունը) ամոթի խարանն է մնում, չսպիացող վերքը, որն առաջացել է մեր ազգային ու պետական պատասխանատուների անպատասխանատվության հետեւանքով, Բարեգործականի ղեկավարությանը չնեղացնելու ինչ-ինչ նկատառումներով…
Ու չիմանալ այս բոլորը, կնշանակի ոչինչ չիմանալ: