Հեղափոխություն ապրած նոր Հայաստանում անգամ ուսումնական տարվա առաջին օրն էր ստանդարտից դուրս: Օրացույցը երեխաներին դուխով դպրոց հրավիրեց ոչ թե սեպտեմբերի 1-ին, այլ 3-ին: Իրավիճակ է փոխվել, օրացույցն էլ պիտի դա ընդուներ ու իր կողմից երկու օրով ամառային արձակուրդը երկարացրեց: Եվ քանի որ կրթության եւ գիտության նախարարն էլ իր հերթին էր երեխաներին դուխ տվել, թեՙ դպրոցում ինչ ուզում եք, հագեք, նրանք էլ «դուխով» շապիկներ էին հագելՙ ի հեճուկս տնօրենների եւ ուսուցիչների: Իսկ տնօրենների եւ ուսուցիչների համար սպիտակ օձիքը սրբություն սրբոց էր: Լավ ու բարի ժամանակներում սպիտակ օձիք չունենալու պատճառով տնօրենը քանի՜-քանի աշակերտի է հենց դպրոցի շեմին անարգանքի սյունին գամել, թուքումուր տալով ուղարկել տունՙ սպիտակ օձիքի հետեւից: Բայց հեղափոխությունից հետո էլ սպիտակ օձիքը մեր շատ ու շատ տնօրենների համար պատվի, նամուսի հարց է, ու նրանք ներքին կարգով հրահանգել են ուսուցիչներինՙ ինչ գնով էլ լինի, սպիտակի հարցում համոզել ծնողներինՙ իբր պարտադիր չէ, բայց ցանկալի է: Ուսումնական տարին դեռ առջեւում է. սեւ-սպիտակի համար ծնող-ուսուցիչներ հակամարտությունը նոր փուլեր է թեւակոխելու:
Դպրոցներում խստիվ արգելվել է դրամահավաքություննՙ անգամ միանման տետրեր գնելու նպատակով: Դեռ անցյալ տարի ծնողկոմիտեները խանութից խանութ էին վազվզում, որ Վիկտոր Համբարձումյանի կամ Մեսրոպ Մաշտոցի նկարով տետրեր գնեն, հիմաՙ ազատությո՜ւն, ինչ տետր ուզում ես, գնիր, թեկուզ Քիմ Քարդաշյանի նկարով: Բայցՙ չէ՜, տնօրեննի դագանակը դիք կանգնած է: «Միանման կանաչ կամ միանման դարչնագույն տետրերը պարտադիր չեն, բայց ցանկալի են. իսկ անցյալ տարվանից Վիկտոր Համբարձումյանի կամ Մեսրոպ Մաշտոցի նկարով տետրերից չե՞ն մնացել. մնացած կլինեն, չեմ պարտադրում, բայց երեխաները թող դրանք բերեն: Սա տնօրենի հետ կապ չունի, ուղղակի ես կոկիկ ու գեղեցիկ բաներ եմ սիրում, գիտեք: Տնօրենը որ իմանա տետրերի հարցով ձեզ բան եմ ասել, ինձ գործից կհանի: Նույնն էլ սեւ-սպիտակի հարցում. պարտադիր չէ, բայց ցանկալի է»,-իբր գաղտնիաբար ու մտերմաբար ծնողների հետ կիսվում են ուսուցիչները:
Իրականում սպիտակ օձիքով, թե «դուխով» շապիկով, տետրերին Մաշտոցի նկար, թե Նիկոլ Փաշինյանի, մենք լավի ու վատի, բարձրի ու ցածրի, փրկության ու կործանման սահմանագծին չենք: Մենք ուղղակի արդեն ոչ մի տեղ ենք: Այդ ոչ մի տեղում տնօրեններն ու ուսուցիչները վախենում են դրամահավաքությունից, «թեժ գծերին» բողոքելուց, բայց մոռանում ենք, որ բարեփոխումները, այդ թվումՙ կրթական, դրանից չեն սկսվում: Դպրոցական դասագրքերի թեմաները, տեքստերը, մտքերը, ձեւակերպումներն արմատախիլ արեք, պարոնայք: Դրանք մեր երեխաներին նեղմիտ, սահմանափակ են դարձնում: Դրանք հեռու են իրականությունից, ժամանակակից աշխարհի աշխարհաքաղաքական, կրթամշակութային, գործնական պահանջներից: Դպրոցը պետք է աշակերտին ապրել, մտածել, առաջ ընթանալ, սեփական ուժերին հավատալ ու վստահել, ապագայի մարտահրավերներին դիմակայել սովորեցնի: Ֆիննական դպրոցներում աշակերտներին հենց ֆիննական պատմությունը ներկայացնելովՙ ուսուցիչը հարցնում է. «Իսկ դո՞ւք ինչ կարծիքի եք, հավանակա՞ն է, որ այսինչ արքան այդ իրավիճակում նման կերպ վարված լինի: Իսկ դո՞ւք ինչպես կվարվեիք նրա փոխարեն»: Ու երեխաները պատմական իրադարձությունները մտքով տեղափոխում են իրենց ժամանակներ, վերլուծում, քննարկում, ծանրութեթեւ անում: Ֆիննական դպրոցում չկա դասՙ առանց աշակերտի կարծիքի:
Հայաստանյան դպրոց: Քերականական կանոնների, տերմինների կուտակումներ, գաղտնավանկի «ը»-ն տողադարձելու խրթին ձեւակերպումներ, հոմանիշ-հականիշների շարահար շղթաներ, ուղղագրական կանոններ, անվերջանալի անգիրներ. ու այսպես մայրենի լեզու է ուսուցանվում: Գրականագետների ավագ սերունդը սվիններով կընդունի ասածս, բայց դասագրքերում տեղ գտած, դասական համարվող մեր հեղինակները վաղուց վերանայման կարիք ունեն: Ոչ երանի այն ուսուցչին, որը մտնում է դասարան ու բացատրում Միքայել Նալբանդյանի «Մեռելահարցուկ» վեպը կամ, այո՛, Րաֆֆու «Սամվելը» կամ «Խենթը», Նար Դոսի «Սպանված աղավնին»: Իսկ Խաչատուր Աբովյանի ստեղծագործությունը մատուցելն ու տեղ հասցնելն ուղղակի մանկավարժական հերոսություն է: Բացեք միջին դասարանների աշխարհագության դասագրքերը. ծայրից ծայր մասնագիտական տերմիններ, 10 տողանի նախադասություններ: Արդյունքում աշակերտներն ամբողջ տարվա մեջ երկու անգամ էլ քարտեզ չեն տեսնում, բայց պարտավոր են մթնոլորտային շերտերի ամբողջական կառուցվածքը, ենթաշերտերն իրենց անուններով ու գործառույթներով անգիր անել: Մինչդեռ քարտեզի վրա իրենց հայրենիքի տեղն անգամ չգիտեն, չգիտեն որ երկրներին ենք սահմանակից, ինչ գետեր ու գագաթներ ունենք: Հայագիտական բոլոր առարկաների դասագրքերը, կարծես դիտավորյալ, այնպես են գրված, որ աշակերտը խորշի, խուսափի իր պատմությունն ու լեզուն, իր երկրի աշխարհագրությունն ու գրականությունը սովորելուց:
Սեւ-սպիտակի պարտադրանքն արգելելուց բացի, նոր նախարարի կրթական մյուս բարեփոխումը միասնական քննություններն են: Այսուհետեւ ավարտական քննությունները հանձնվելու են ոչ թե դպրոցներում, այլ բուհերում: Նախարարությունն այսկերպ ուզում է ստուգել դպրոցներում քննական առարկաների ուսուցման մակարդակն ու որակը: Լավ, ենթադրենք ավարտական քննությունների գնահատականները դպրոցներն այլեւս չեն կարող նկարել, կարմիր վկայականներ շռայլել, իսկ մտածե՞լ եք, որ Երեւանից դուրս էլ կյանք կա: Օրինակՙ մարզերի դպրոցներում շատ աշակերտներ սոցիալական պայմանների պատճառով ամեն օր չեն կարող դասի գնալ: Հրազդանի դպրոցներից մեկում արդեն 20 տարի հայոց լեզու եւ գրականություն դասավանդող ուսուցիչներից մեկը միասնական քննությունների նոր կարգը ոգեւորությամբ չընդունեց. «Հեռավոր մարզերի մասին չեմ խոսում. Հրազդանում այնքան աշակերտներ կան, որ տարեկան մի քանի անգամ են դպրոց գալիս, իսկ ձմռանն ընդհանրապես են բացակայում. շոր-կոշիկ չունեն: Այո՛, ես տարեվերջին նրանց անվան դիմաց գնահատական եմ նկարում: Իսկ ի՞նչ անեմ, չնկարեմ ու թողնեմ նույն դասարանո՞ւմ: Միասնական քննությունների նոր կարգ սահմանելուց առաջ պետք է մտածել, որ խոցելի շատ խմբեր կան: Նրանց ի՞նչ է սպասվելու»:
Շենքը հիմքից խարխլված է, տանիքն ենք նորոգում: Դպրոցներում մասնագիտական ու մանկավարժական որակը հողին է հավասարվել, 30 տարի ուսուցչությունը դարձել է ամենամսյա ոչ մեծ, բայց կայուն եկամտի աղբյուրՙ հատկապես կանանց համար շատ հարմար գրաֆիկով: Տված կրթությունն էլՙ կյանքից կտրված:
Մեր դպրոցներում իսպառ ջնջված-հանված է ամենակարեւոր գործառույթըՙ աշակերտին մտածելու, սեփական դիտարկումը, վերլուծությունն անելու հնարավորություն տալը: Անգիր արա, ոտանավորը ջուր արա, վարժ կարդա, մեկ րոպեում երկու էջ կարդա, ապրես, 10 ես ստանում: Բայց նույն աշակերտին հարցրեքՙ կարո՞ղ ես կողքիդ նստած դասընկերուհուդ նկարագրել գոնե 5 նախադասությամբ կամ պարզ, առանց պաթոսի բացատրել, թե ինչու ես սիրում քո հայրենիքը, ինչի շուրջ ես սիրում մտածել, զրուցել:
Միջազգային կազմակերպությունները հայաստանյան դպրոցների միջին դասարանների երեխաների շրջանում հարցում են անց կացրելՙ ստուգելով թե՛ գիտելիքները, թե՛ մտածելու ընդունակությունները: Գիտելիքները միջին ցուցանիշ են գրանցել, մտածելու ընդունակություններըՙ զրո: Գրքից դուրսՙ աշակերտները խոսել, երեւակայել, մտածել, երազել չեն կարողանում: Դեռ սովետական կրթությանն էլ անուն ենք դնում, թեՙ մարդկանց սովորեցնում էր քառակուսի մտածել: Ի դեպ, կրթության նախարարը սպիտակ վերնաշապիկների պարտադրաքն արգելելն այսպես է մեկնաբանել. «Երբ սովետական տարիներին ես աշակերտ էի, մեր դասարանում մի տղա կար, սպիտակ վերնաշապիկ էր հագնում, բայց անկարգ էր ու վատ էր սովորում: Այնպես որ սպիտակը լավ սովորելու կամ կարգապահության հետ բոլորովին կապ չունի»: