2022 թվականի հոկտեմբերի 6-7-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի դահլիճում անցկացվեց «Արդի հայ թատրոն. նոր միտումներ եւ հիմնախնդիրներ (1990-2022)» միջազգային գիտական նստաշրջանը, մասնակցությամբ արվեստագետների եւ թատերագետների՝ Հայաստանից, Լեհաստանից, Ֆրանսիայից եւ Ռուսաստանից:
Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանն ասաց. «Ներկայումս շատ բան է փոխվել: Թատրոնը, բացի էսթետիկ հաճելի պահեր պարգեւելուց միշտ ունեցել է նաեւ ասելիք: Հենց ասելիքին է վերաբերում փոփոխությունը՝ ի՛նչ էին փորձում ասել նախկինում, ի՛նչ են փորձում ասել այսօր: Ես կարծում եմ, որ հենց այս խնդիրն է, որ կդառնա նստաշրջանի քննարկման նյութը, որը կվերաբերի թատերական արվեստի մակարդակին, նրան՝ թե ինչ է ասում ժամանակակից թատրոնը, արդյոք այն նպաստում է ժամանակակից մարդու վարքի կանոնակարգմանը, դաստիարակությանը, զարգացմանը: Եթե թատրոնը կարողանում է այդ խնդիրները լուծել, ուրեմն կարելի է ասել, որ իր գործն անում է: Լիահույս եմ, որ գիտական նստաշրջանի արդյունքները նոր շունչ կտան մեր ազգային թատրոնին, մեր թատերական գործիչներին»:
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Աննա Ասատրյանը նշեց, որ այս միջոցառմամբ Արվեստի ինստիտուտը սկսում է արդի հայ արվեստի խնդիրներին նվիրված գիտական միջոցառումների շարք: «Մեր արվեստի բոլոր ճյուղերում կան ե՛ւ խնդիրներ, ե՛ւ ձեռքբերումներ: Անհրաժեշտություն կա, որպեսզի կարողանանք համախմբվել ստեղծագործական միությունների հետ եւ քննարկել մեր խնդիրները, նշել ձեռքբերումները, անդրադառնալ մարտահրավերներին եւ գտնել լուծման ուղիները», – ասաց Աննա Ասատրյանը:
Վարշավայի համալսարանի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի թատրոնի եւ դրամայի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Անդրեյ Մոսկվինը նշեց. «Անհրաժեշտ է արձանագրել՝ ինչ է կատարվում թատերական աշխարհում, գտնել լուծումներ առաջխաղացման համար, անել հաջորդ քայլը»:
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը գտնում է, որ նստաշրջանը գիտական, ուսումնական, ստեղծագործական կազմակերպությունների համագործակություն է, ինչը կարող է լավ արդյունք եւ շարունակություն ունենալ:
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նշեց. «Ես կասկած չունեմ, որ այս գիտական նստաշրջանը լուրջ ազդեցություն կթողնի ժամանակակից թատրոնի վրա՝ նկատի ունենալով, որ այն շարունակական է լինելու, հետագայում կարող է լուրջ քննարկումների արդյունք դառնալ եւ աջակցել արդի թատրոնի զարգացմանը»:
– Լիահույս եմ, որ այս նստաշրջանը պետք է տա նոր մտքեր, նոր գաղափարներ, առողջ քննադատություն: Այսօր մենք ունենք շատ ավելի մեծ հնարավորություններ աշխարհի հետ հարաբերվելու: Մեզ մնում է առավել ամրացնել մեր մոտեցումները,- նշեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:
Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի կարծիքով` պետք է նախապատրաստել հաջորդ սերունդը, որը սիրով կգա թատրոն:
-Մենք պետք է շատ խոսենք խնդիրներից, պետք է տեսնենք խնդիրները, իսկ խնդիրը որ տեսնում ես, պետք է անմիջապես լուծում տաս, – ասաց Կ.Դուրգարյանը:
«Արդի հայ թատրոն. նոր միտումներ եւ հիմնախնդիրներ (1990-2022)» միջազգային գիտական նստաշրջանը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, Վարշավայի համալսարանի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի թատրոնի եւ դրամայի հետազոտությունների կենտրոնը, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը (համադրող` թատերագետ, արվեստագիտության թեկնածու Անուշ Ասլիբեկյան):
Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ