«Չինաստան-Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների հաստատության տնօրեն եւ «Չինական ուսումնասիրությունների բրիտանական ասոցիացիայի» անդամ դոկտ. Մհեր Սահակյանը լույս է ընծայել իր նոր գիրքը «Չինաստանի մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը եւ Հայաստանը» (China՛s One Belt, One Road Initiative and Armenia) խորագրով, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Ուսումնասիրության նպատակն է ներկայացնել ռազմավարական ճանապարհային քարտեզը, որի միջոցով Հայաստանը կարող է ներգրավվել Չինաստանի «մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ եւ դրանով ուժեղացնել իր քաղաքական, ռազմատեխնիկական եւ տնտեսական համագործակցությունը Չինաստանի հետ:
Դոկտ. Սահակյանը 2012-16 թվերին ակադեմիական ուսումնասիրություններ է կատարել Չինաստանի Նանկին նահանգի պետական համալսարանում եւ հետագայում պաշտպանել իր թեզըՙ լինելով անմիջական ականատեսը այդ նախաձեռնության զարգացումներին: Մասնակցել է Օքսֆորդի, Քեմբրիջի, Շանհայի, Մոսկվայի, Նեվշեհիրի համալսարաններում կազմակերպված ակադեմիական կոնֆերանսների եւ սեմինարների:
Դիվանագետների կարծիքով գիրքը, որը քննում է Չինաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության բազմաշերտ հարցեր, ուշագրավ ներդրում է եւ եզակի հնարավորություն է տալիս գործնականորեն ամրապնդելու Հայաստան-Չինաստան հարաբերությունները: Գրքի խմբագիրն է դոկտ. Վալերի Պողոսյանը: