ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու
Վառելիքաէներգետիկ ռեսուրսների խնայողության տեսակետից կարեւոր խնդիր է երկրաջերմային էներգիայի օգտագործումը:
Համաշխարհային մակարդակով երկրաջերմային էլեկտրակայանների հզորությունը կարող է կազմել մոտ 20 միլիոն ԿՎտ; իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը` 120 միլիարդ ԿՎտժ: Ներկայումս աշխարհում էլեկտրաէներգիայի մասնաբաժինը կազմում է մոտ 0.5 տոկոս: Լայն թափով երկրաջերմային էներգետիկան զարգանում է Մեքսիկայում, կենտրոնական Ամերիկայի երկրներում, Իսլանդիայում:
Երկրաջերմային էներգիան ամբողջությամբ բավարարում է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկավիկին ջերմությամբ: Կամչատկայում դեռեւս 1966 թվականին կառուցվել է Ռուսաստանում առաջին երկրաջերմային էլեկտրակայանը:
Հայաստանում երկրաջերմային էլեկտրակայան կառուցելու համար սկսվել են հետազոտական աշխատանքները: Երկրաբանական ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ կարելի է ենթադրել 2500-3000 մետր խորության վրա մինչեւ 250 աստիճան տաք ջրերի գոյություն 20-25 մթնոլորտ ճնշման տակ ՀՀ Սյունիքի մարզում «Ջերմաղբյուր» կոչվող տարածքում: Եթե այս տվյալները հաստատվեն, ապա հնարավոր կլինի այդ վայրում կառուցելու երկրաջերմային էլեկտրակայան 25 Մվտ հզորությամբ: Տարեկան առնվազն 4000 ժամ աշխատելու դեպքում կարող ենք արտադրել մոտ 100 միլիոն ԿՎտժ էլեկտրաէներգիա: Այսքան էներգիա ջերմային էլեկտրակայաններում արտադրելու դեպքում կտնտեսվի ավելի քան 40 հազար տոննա օրգանական վառելիք: Շրջակա միջավայր չի արտանետվի մոտ 190 տոննա ազոտի օքսիդներ, թունավոր այլ նյութեր:
Ներդրումներ կատարել այս բնագավառումՙ անշուշտ շահեկան է եւ բխում է մեր երկրի ինչպես տնտեսական,այնպես էլ ռազմավարական շահերից:Կարելի է բնագավառը զարգացնել մասնավոր ներդրումների հաշվին: Բաժնետոմսերի շուկան մեր երկրում զարգացած չէ:Կարելի է մտածել այս ուղղությամբ: Օգտագործել նաեւ բնակչության խնայողությունները, ստեղծել բաժնետիրական ընկերություն պետության մասնաբաժով եւ խիստ հսկողությամբ: Կարելի է մտածել լիզինգի օգտագործման հնարավորությունների մասին: