ԿԱՐՈ ԱԹԱՅԱՆ, Մոսկվա
Արդեն 40 տարուց ավելի է, ինչ ես բնակվում եմ Մոսկվայում եւ արդեն համարյա դարձել եմ սփյուռքահայ: 1977 թվականի աշնան էր, երբ այդ տարիների Հայաստանի հեռուստատեսության ու ռադիոյի պետկոմի նախագահ Ստեփան Պողոսյանի որոշմամբ նշանակվեցի որպես մեր հեռուստատեսության ու ռադիոյի Մոսկվայի սեփական թղթակից ու հենց այդ ժամանակ էլ հիմնեցի մեր հանրապետությունից դուրս առաջին թղթակցական կետըՙ նախկին Լազարյան ճեմարանի շենքում մեր աշխատասենյակով, կինոօպերատորով, լուսավորողով, այդ տարիների համար բավականին նոր տեխնիկայով եւ այլն:
Այն գործեց մոտ 16 տարի, մինչեւ խորհրդային երկրի փլուզումը, երբ մեր հանրապետության ղեկին հայտնվեցին մի քանի անհեռատես ու բրդոտ երիտասարդներ, ովքեր քանդուքարափ արեցին մեր երկրի տնտեսությունը, ավերվեցին, փակվեցին ու վաճառվեցին մեծ թվով արդյունաբերական, տնտեսական, գիտահետազոտական ձեռնարկություններ, կազմալուծվեցին գյուղական տնտեսություններ … Տասնյակ, հարյուր հազարավոր մարդիկ մնացին անգործ, բռնեցին արտագաղթի ճանապարհը: Ես ի նկատի չունեմ Արցախի ազատագրման համար մարտնչած մեր խիզախ ու հայրենասեր տղաներին, ովքեր ժամանակ անգամ չունեին սափրվելու, այլ անկախություն ստացած մեր հայրենիքի նորաթուխ չինովնիկներին, ովքեր նույնպես միրուք էին պահում, որպեսզի մի քիչ նմանվեին վերոհիշյալ մեր քաջարի մարտիկներին:
Մեր կոմիտեի նորանշանակ նախագահն էլ, մի այդպիսի բրդոտ ու կարճամիտ երիտասարդ, ինձ կանչեց Երեւան ու հայտարարեց, որ այլեւս մենք անկախ պետություն ենք ու Մոսկվան մեզ համար արդեն անցած էտապ է, հետեւաբար անիմաստ է գտնում մեր թղթակցական կետի գոյությունըՙ Ռուսաստանում…
Միայն մի քանի տարի հետո եկան նոր ղեկավարներ, որոնք հասկացան Ռուսաստանի նշանակությունը մեր երկրի համար: Սակայն սրանք էլ ընկան այլ ծայրահեղության գիրկը, Մոսկվային տալով ավելի մեծ նշանակությունՙ քան արժեր… Սակայն դա արդեն ուրիշ թեմա է, ուստի վերադառնանք մեր բուն խնդրին:
Հանրապետությունում սկսեցին գործել նոր հեռուստաալիքներ, որոնցից մի քանիսը Մոսկվայում նորից բացեցին իրենց թղթակցական կետերը, սեփական երիտասարդ թղթակիցներով: Իմ դարն արդեն անցել էր, չնայած նրան, որ ի տարբերություն այդ լրագրողների, որոնց հաղորդումները հազիվ թե ամիսը մեկ կամ երկու անգամ երեւան մեր հեռուստաէկրաններին, իմ ռեպորտաժներն, ակնարկներն ու հարցազրույցները համարյա ամեն օր էին հաղորդվում հանրապետության էկրաններից:
Ի դեպ, երկու տարի առաջ ես Երեւանում լույս ընծայեցի այդ ժամանակահատվածի լրագրողական գործունեության վերաբերյալ «Մոսկովյան հանդիպումներ» իմ հուշերի ժողովածունՙ նվիրված հանրապետության հեռուստատեսության 60 ամյակին:
Ինչեւէ… 2010 թվականին ես իմ բնակարանում տեղադրեցի արբանյակային կապի սարքը եւ սկսեցի դիտել մեր հեռուստատեսության մի քանի նոր ալիքների հաղորդումները… «Առաջին Հանրայինը», «Շանթը», «Երկիր Մեդիան», «Կենտրոնը» եւ «Արմենիան»:
Եվ բնակարանս նորից լցվեց հայկական խոսք ու լեզվով, երգ-երաժշտությամբ, այլ հաղորդումներով, ֆիլմերով: Մոսկվայում ծնված ու մեծացած երեխաներս աստիճանաբար սկսեցին ավելի վարժ խոսել հարազատ լեզվով, հետաքրքրվել մեր երկրով, նրա պատմությամբ ու մշակույթով: Առանց չափազանցության ասեմ, որ մինչ այդ նրանք առանձնակի ձգտում չունեին այցելել Հայաստան,- հիմնականում ձգտում էին դեպի արեւմուտքՙ Եվրոպա, Ամերիկա… սակայն մեր հեռուստաալիքների մուտքով իմ տուն, որոշ ժամանակ անց, նրանք արդեն անկեղծ ցանկություն հայտնեցին այցելել Հայաստան ու տեսնել Երեւանը, Սեւանը, իմ փոքր հայրենիքըՙ Կապանը, ծանոթանալ նրա պատմական հուշարձաններին, այցելել Էջմիածին, Տաթեւ…
Այդպես էլ եղավ…
Առաջին մի քանի տարիներին բնակարանումս տեղադրված մի քանի հեռուստացույցներից մեկի էկրանին հիմնականում հայկական ալիքներն էին… ընտանիքով ամեն շաբաթ անհամբերությամբ էինք սպասում «Առաջին Հանրայինի» «Երգ-Երգոցին», հեռուստադիտողների նամակներից կազմված պատվերով համերգներին, ազգագրական համույթների ելույթներին, մեր երկրի հազարամյակների պատմությանը նվիրված ակնարկներին, հարստագույն մշակութային կյանքին նվիրված հաղորդումներին, ժողովրդական ու գուսանական երաժշտությանը, ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումներին:
«Շանթի» էկրանին մեծ սիրով էինք դիտում ժողովրդական ու գուսանական երգերի մրցանակաբաշխությանը, որին մասնակցում էին միայն ոչ պրոֆեսիոնալ երիտասարդ կատարողներ: Հետագայում նրանցից շատերը դարձան հրաշալի երգիչներ (Արմեն Դավթյան, Եվա Թաշչյան, Պետրոս Պետրոսյան, Հայկուհի Բաբախանյան…): Նրանց ելույթներին միշտ սպասում էին անհամբերությամբ:
«Երկիր Մեդիայի» եւ «Կենտրոնի» ալիքներից հետեւում էին հանրապետության հասարակական, քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքը լուսաբանող քիչ թե շատ օբյեկտիվ լուրերին, դրանք հակադրելով «Առաջին Հանրայինից» հնչող պաշտոնական ինֆորմացիային:
«Կենտրոնի» եթերում հաճախ էին հաղորդում Արտո Թունջբոյաջյանի եւ Ռուբեն Հախվերդյանի համերգները… «Արմենիայի» էկրանին միշտ հաճույքով էինք դիտում «Նոստալգիա», «Կարգին սերիալ», «Տնփեսա» եւ այլ հումորային մանրապատումներին…
Մի խոսքովՙ ամեն օր դիտելու արժանի մի բան անպայման գտնում էինք Մայր Հայաստանից հեռարձակվող հաղորդումները մեր էկրաններում:
Եվ այսպես մոտ 4-5 տարի, մինչեւ 2015-2016 թվականները, երբ «Երկիր Մեդիան» դադարեցրեց իր արբանյակային հեռարձակումը, «Շանթը» իր էկրաններից ի սպառ վերացրեց համերգային ծրագրերը, «Կենտրոնի» եթերից անհետացան վերոհիշյալ կատարողների ելույթները, «Առաջին Հանրայինից» անհայտացան պատվերով համերգները, «Երգ-Երգոցը» վերածվեց մի ինչ-որ անհասկանալի պոպսային համերգի, որի ժամանակ հիմնականում սկսեցին ելույթ ունենալ ինչ-որ անհայտ, բավականին ցածր մակարդակի երիտասարդ կատարողներ: Համարյա բոլոր ալիքների առաջատար քաղաքական մեկնբաբաններն ու հատկապես զվարճալի ծրագրերի վարողները սկսեցին իրենց շարժուձեւերով, մաներաներով, նույնիսկ տաղավարի կահավորմամբ կրկնօրինակել Մոսկովյան ալիքների շոումեններին, քաղաքական մեկնաբաններին ու թոք-շոուների վարողներին (Վլադիմիր Սոլովյովին, Դմիտրի Կրիլովին, Իվան Ուրգանտին, Դմիտրի Դիբրովին եւ այլոց): Նույնիսկ Արմեն Դուլյանը, որին հաճույքով էի լսում «Կենտրոնի» «Եկեք անկեղծ լինենք» խորագրով հեռուստաէջում, հանկարծ հայտնվեց «Առաջին Հանրայինում», ու եթե իսկապես անկեղծ լինենք, ծուռ նստենք ու շիտակ դատենք, իմ կարծիքով անհաջող քաղաքական թոք-շոու սկսեց հանրապետության գլխավոր ալիքում, նորից կրկնօրինակելով Վլադիմիր Սոլովյովին: Մինչ այդ ես նրան իր կեցվածքով, էրուդիցիայով ու կուլտուրայով համարում էի մեր բոլոր հեռուստաալիքների լավագույն վարողներից մեկը, եթե ոչ լավագույնը, սակայն նա էլ չդիմացավ իր բարձրության վրա… – Դա ինչ հիվանդություն է… միթե մեր կապույտ էկրանների առաջատար վարողները, էլ չեմ ասում երիտասարդների մասին, սեփական այլեւս ոչինչ չունեն հրամցնելու հայ հեռուստադիտողինՙ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Սփյուռքում:
Արդեն մոտ մեկ տարի է, ինչ այլեւս չեմ միացնում «Շանթը», բացառությամբ երեկոյան ժամը 22-ի լուրերի – հաջող թողարկում էՙ մեկնաբաններ Արամ Աբրահամյանի եւ Արտյոմ Երկանյանի մասնակցությամբ… ու վերջ… Նրա եթերի մնացած ամբողջ ժամանակը լցված է կա՛մ անշարժ գույքի վաճառքով, կա՛մ խոհանոցներում ճաշեր պատրաստելով, կա՛մ տաղտուկ ու անմակարդակ սերիալներով: Էլ չեմ ասում այդ հնդկական սերիալի մասին…
Ընդհանրապես հեռուստատեսային սերիալները մեր էկրաններին – դա առանձնակի թեմա է… որպեսզի երկար-բարակ չխոսեմ այդ անհեթեթ, տաղտկալի, կեղծ ու շինծու, կատարողական ամենացածր մակարդակի ֆիլմերի մասին, հատկապես «Կենտրոնի»ՙ «Երանի», «Երեւի», «Արմեիայի»ՙ «Նռան հատիկ», «Միլիոնը թակարդում», «Առաջին Հանրայինի» համարյա բոլոր սերիալները, նշեմ միայն մի բան. – ես կցանկանայի ընդամենը նայել այդ սերիալների ռեժիսորների, սցենարիստների ու դրանք եթեր արձակելու թույլտվություն տվող հեռուստատեսային գործիչների աչքերին ու հարցնել,- մի՞թե այդքանն է հայ հեռուստադիտողի էսթետիկական հաճույք պատճառելու, նրանց մեջ լավն ու բարին արթնացնելու կամ ճաշակ դաստիարակելու ձեր «ունակությունները»… ո՞րն է ձեր նպատակըՙ միայն եթերաժամերը լցնելն ու գումար վաստակե՞լը:
Ես ամենեւին էլ չեմ քարոզում հեռուստատեսային սերիալների արգելման մասին: Աշխարհի բոլոր երկրների ալիքները, այդ թվում նաեւ Ռուսաստանինըՙ ցուցադրում են բազմաթիվ սերիալներ, բայց դրանք գոնե մի քիչ մակարդակ ունեն, նկարահանվում են պրոֆեսիոնալների կողմից եւ կան բավականին հաջողված ֆիլմեր:
Վերջես տղաս ընտանիքով տեղափոխվեց իր առանձին բնակարանը եւ ես նրան հարցրեցի, թե մեր ալիքները դիտելու համար չի՞ ցանկանում արդյոք իր համար նույնպես տեղադրել արբանյակային այդ սարքը: Գիտե՞ք թե նա ինչ պատասխանեց. – Որպեսզի նայեմ թե ինչպե՞ս են հայ երիտասարդ տղաները իրարից աղջիկ փախցնում, իրար ջարդուխուրդ անում, գցում, ստում ու խաբում մեկմեկու… Ինձ այլեւս չի հետաքրքրում այդ ֆիլմերում ցուցադրվող նրանց դաժան առօրյան, որն ընթանում է կա՛մ հիվանդանոցում, կա՛մ դատախազությունում ու բանտում, կա՛մ էլ փողոցային կռիվներոմ: Ոչ մի կարգին համերգ է ցուցադրվում, ժողովրդական երգն ու պարն էլ համարյա վերացվել է բոլոր էկրաններից, իսկ ներքաղաքական զարգացումներին, մեր ժողովրդի կատարած թավշյա հեղափոխության արդյունքներին ես կհետեւեմ համացանցից…
– Ահա նրա պատասխանը, ու նրան հակաճառելու կամ համոզելու այլեւս ես ոչ մի փաստարկ չգտա:
Ուրեմն որդուս ու աղջկաս բնակարաններում այլեւս մշտապես չի լսվի հայկական լեզուն, ժողովրդական, գուսանական, Կոմիտասի, Եկմալյանի, Կանաչյանի, Գալանտերյանի երգն ու երաժշտությունը…
Մեկական տարիները դեռեւս նոր լրացած թոռնիկներս էլ, հատկապես որդուս զավակը, որը հայկական զուռնա-դհոլի հզոր ռիթմերը լսելուն պես անմիջապես կտրվում էր իր խաղալիքներից ու հայացքը մինչեւ վերջ սեւեռում էկրանին, կմեծանանան ռուսական ալիքների լեզվական ագրեսիվ պրոպագանդայի, նրանց էժան պոպսային երգ-երաժշտության մթնոլորտում…
Եվ ով է այդ ամենի մեղավորը… իհարկե հայական հեռուստատեսային ալիքների շեֆերն ու տարաբնույթ խորհուրդները: Այդպե՞ս են նրանք «նպաստում» հայապահպանությանը արտերկրներում…
Իսկ վերջում մի քանի դիտողություններ քաղաքական մեկնաբանների եւ թոք-շոուների վարողների եւ հատկապես «Կենտրոնի» աշխատակիցների վերաբերյալ:
Նախ անդրադառնանք այդ ալիքի տիրոջՙ Գագիկ Ծառուկյանին…
Ես հարգանք եմ տածում նրա կատարած բարեգործությունների նկատմամբ (եթե իհարկե, դրանք բոլորը անշահախնդիր են):
Սակայն ի՞նչ է այնուհետեւ տեղի ունենում: Ամեն մի նման ակտից հետո «Կենտրոնի» եթերը լցվում է խեղճ ու կրակ մարդկանց երախտագիտական, Ծառուկյանի գովաբանության երկար-բարակ ելույթներով… մեկն է արտահայտում իր շնորհակալությունը, երկուսը… երեքը… չորսը… հինգը… եւ այդպես անվերջ… Մի՞թե բարերարին դուր է գալիս ամենը, նա իրեն լա՞վ է զգում դրանից, թե չէ ես ինչքան տեղյակ եմ, նա բավականին աստվածապաշտ անձնավորություն է: Ուստի ես ստիպված եմ նրա հիշեցնել մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի պատվիրաններից հետեւյալները. «Նայեցե՛ք, մի արեք ձեր ողորմածությունը մարդկանց նրա համար, որպեսզի նրանք տեսնեն ձեզ, թե չէ դուք չեք արժանանա մեր Երկնային Հոր պարգեւին»… «Երբ դու անում ես այդ ողորմածությունը, քո աջ ձեռքը չպետք է իմանա, թե ինչ է անում ձախը»:
Եվ հետո, մի՞թե նրա թիմում չկա մեկը, որպեսզի աշխատի նրա իմիջի վրա… Դա ուղակի զավեշտ է… Պաշտոնական հանդիպումներ, արտասահմանյան այցելություններ, լուրջ ու գրագետ մարդիկ, քաղաքական, տնտեսական գործիչներ նստած են խիստ ու սեւ կոստյումներով, սպիտակ վերնաշապիկներով ու փողկապներով, իսկ նրանց շարքում Ծառուկյանըՙ սպիտակ ագռավի նման (կներեք համեմատությանս համար) մի ինչ-որ անհասկանալի կիսասպորտային սպիտակ հագուստով… Դա ի՞նչ է, ինքնատիպության դրսեւորում, թե՞ անհարգալից վերաբերմունք շրջապատի նկատմամբ…
Պրն Ծառուկյան, գոյություն ունի էթիկետ, պրոտոկոլ, եւ եթե դուք հավակնում եք քաղաքական լուրջ բարձունքների, ուրեմն բարի եղեք հետեւել ամբողջ աշխարհում ընդունված նորմերին… մի քիչ էլ աշխատեք ձեր լեքսիկայի, շարժ ու ձեւերի վրա:
Այժմ անցնենք նրա ալիքի քիչ թե շատ աչքի ընկնող հեռուստավարողներինՙ
Առաջինըՙ Պետորս Ղազարյանին…
Ես նրան խորհուրդ կտայի նույնպես ուշադրություն դարձնել իր հագուստներին ու ագրեսիվ վարվելակերպին եւ հատկապեսՙ չռած մատներին… Թե չէ կարծես թաղի լավ տղաներից մեկը եկել փռվել է հեռուստատեսային տաղավարի բազկաթոռին ու դաժանորեն հալածում է իր զրուցակիցներին, չխորշելով այդՙ թաղի բառապաշարից:
Անժելա Թովմասյանին կհուշեի ավելի նուրբ վարվելաձեւ ու զուգահեռ չխոսել զրուցակիցների հետ:
Մի փոքր օրինակ վերցրեք Արմեն Դուլյանից, Արամ Աբրահամյանից եւ Արտյոմ Երկանյանից:
«Արմենիա» ալիքի երեկոյան «Ժամը» լրատվականի խմբագիրներին խորհուրդ կտայի հետեւել հաղորդավարուհիների հագուստներին: Ընդհանրապես վաղուց արդեն համաշխարհային առաջատար ալիքների ինֆորմացիոն թողարկումները վարում են մեկական հաղորդավարներ: Թե ինչու են «Արմենիայի» տերերը տաղավարում նստացնում երկուսին, այնքան էլ իրար մոտիկ, ուղղակի անհասկանալի է:
Ու ամենակարեւորը… Ո՞վ է այդ ֆոտոռեպորտյորինՙ Գագիկ Շամշյանին թույլ տվել եթերում մեկնաբանել իր նկարահանումները… Ավելի գռեհիկ ու զավեշտալի բան ես չեմ տեսել ոչ մի տեղ: Ի՞նչ է, նրա փողոցային ու անգրագետ լուսաբանումները դո՞ւր են գալիս որեւէ մեկին: Եթե դա կարող է ընդունելի լինել հանրապետության ներսում, չնայած ես դրան նույնպես դեմ եմ, ապա այն չի կարելի հեռարձակել սփյուռքահայության համար:
Մի դիտողություն էլ «Շանթի» տերերին: Չնայած ես վերը նշեցի արդեն, որ այլեւս չեմ միացնում այդ ալիքը, բացառությամբ ժամը 22-ի լուրերի թողարկմանը, սա էլ չի ստացվում նորմալ նայել: Երեւում է այդ ալիքի արբանյակային հեռարձակման ազդանշանը շատ թույլ է, ուստի կիսատ-պռատ ու շատ խանգարումներով է այն տրվում եթեր: Պետք է այն ուժեղացնել, եթե չեք ցանկանում, որ մի հեռուստադիտող եւս հրաժարվի այդ ալիքից:
Մի խոսքով, ինչ նշեցի վերըՙ շատ արդիական եւ կարեւոր խնդիր է, որ պետք է մշտապես լինի մեր բոլոր հեռուստատեսային ալիքների ղեկավարների եւ նույնիսկ հանրապետության նոր ղեկավարության ուշադրության կենտրոնում, հասկանալով, որ հեռուստատեսությունը մեծ նշանակություն ունի ոչ միայն մեր ժողովրդի համար ոչ միայն հանրապետության ներսում, այլեւ աշխարհում սփռված տասնյակ միլիոնավոր մեր ազգակիցների հայապահպանության համար: