Ապրել միասին
Չենք կարող շրջանցել Հայաստանի համար այնպիսի նշանային իրադարձություն, ինչպիսին Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն է: «Ապրել միասին»` սա է Երեւանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի կարգախոսը: Լավ կարգախոս է: Համենայնդեպս` Հայաստանը Մարս մոլորակի վրա չէ, եւ, այո, մյուսների հետ համագործակցաբար ապրելու բանաձեւերը պետք է գտնի: Դրանցից մեկը Ֆրանկոֆոնիայի կազմակերպության շրջանակում է, իսկ գագաթաժողովը, կարելի է ասել, մեր օրերի եւս մի պատմական իրադարձություն է Հայաստանի համար, որի բուն բովանդակային եւ բարոյական նշանակությունը դժվար է չգնահատել: Դժվար է չգնահատել, որ ութսուն երկրի ղեկավար ու պատվիրակ` իրենց երկրներում հեղինակություն ունեցող հարյուրավոր մարդիկ Երեւանն ու Հայաստանը գոնե մի քանի օրով դարձրին իրենց կենսագրության մասը, ու վստահ ենք` ժպիտով ու քնքշանքով կհիշեն մեր երկիրը, ինչպե որ Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնն է անում: Ու ոչ միայն կհիշեն, այլ միգուցե հետագա համագործակցության կամ կապերի առիթներ փնտրեն:
Այս կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը, որը մի հուզիչ ելույթ ունեցավ երեկ, գագաթաժողովի առաջին օրը, ավարտում է իր լիազորությունները, կառույցը Երեւանում նոր ղեկավար է ընտրելու: Նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում, իհարկե , Ժանն առաջադրվելու է, սակայն Ֆրանսիան այլ թեկնածու է առաջադրել` Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Միոշիկիվաբոյին , որը հակասական գործչի համբավ ունի: Սպասվում է կազմակերպության երեւանյան հռչակագիրը` երկօրյա գագաթաժողովի ավարտին, աշխարհի մի շարք կնճռոտ թեմաներ, այդ թվում` հակամարտություններին վերաբերող, քննարկելուց հետո:
Հայաստանում են Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Լիբանանի նախագահ գեներալ Միշել Աունը, ֆրանկոֆոն տարածքի այլ երկրների առաջին-երկրորդ դեմքեր` ութսունից ավելի պատվիրակություններ ներկայացնելով:
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջոցառումները որպես տոն են ընկալվել, Ազատության հրապարակում բացված Ֆրանկոֆոնիայի ավանում առկա տոնական իրարանցումը սրա ցուցիչն է, սակայն երկօրյա գագաթաժողովը լուրջ քննարկումներ է ունենալու, ու մեկը մյուսին չի հակասում:
2012 թվականին Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 54-րդ լիիրավ անդամ պետություն` անցնելով դիտորդ-անդամից սկսյալ մինչեւ գագաթաժողով հյուրընկալող պետության ճանապարհը: Համամարդկային արժեքներ դավանող եւ տարածող կազմակերպության եւ ուղղակիի Մոլիերի լեզուն կրողների այդ հարթակը փոքրիկ Հայաստանին կարող է տալ շատ բան` բովանդակային եւ բարոյական աջակցության տեսքով:
Գագաթաժողովի բացմանը բավական զգացմունքային պահեր եղան շատերի ելույթներում, որոնք բոլորն էլ կապված էին երկու շաբաթ առաջ կյանքին հրաժեշտ տված աշխարհահռչակ հայ-ֆրանսիացու` Շառլ Ազնավուրին հիշելու հուզիչ արձագանքների հետ. Շառլը մասնակցելու էր գագաթաժողովին:
Նիկոլ Փաշինյանը , որպես հյուրընկալ ելույթ ունենալով` եւս այդպիսի հուզում փոխանցեց: Միաժամանակ բավական ծավալուն անդրադարձ անելով Արցախի խնդրին (հակամարտությունները եւս կառույցի քննարկումների թեմա են լինելու) եւ կրկին շեշտ դնելով բանակցային գործընթացում Արցախի որոշիչ ձայն ունենալու խնդրին:
«Շնորհակալություն որ ընդունել եք համաժողովը ձեր հիասքանչ քաղաքում», ասաց Մադագասկարի նախագահը:
Էմանուիլ Մակրոնը , որ Ազնավուրի հիշատակի տուրքին իր էմոցիոնալ ելույթով հարազատացել է հայերիս, նոր համեմատություն արեց`Հայաստան անունը քնքուշ զգացողությունների հետ համադրելով, ապա հիացմունքով ու սիրով խոսեց ողջ աշխարհում ֆրանսիական մշակույթը ներկայացնող Ազնավուրի մասին.«Արդեն տասնհինգ օր է` մեզ հետ չէ Ազնավուրը, որ պետք է իր ներկայությամբ լցներ գագաթաժողովը: Նա ներգաղթյալի ընտանիքից եր, նրա առաջին մայրենի լեզուն հայերենն էր, բայց նա ֆրանսիացի էր ու խոսում էր ֆրանսերեն` մնալով իր երկրի մշակույթի կրողը, դա է ֆրանսերենը եւ Ֆրանսիան», ասաց: Ըստ նրա` Ֆրանկոֆոնիան ուժասպառ ու հոգնած տարածք չէ, հուսահատ մարդկանց տարածք չէ, մերժման տարածք չէ, այլ բոլոր առաքինությունների ու շնորհների տարածքն է: Ժամանակի հետ առհասարակ` Մակրոնն իր հռետորական-զգացմունքախառը եւ մարդասիրական ելույթներով աշխարհին ավելի է ձգում դեպի Ֆրանսիան` նրա ողջ ելույթը գտեք եւ ընթերցեք, եւ կհամաձայնեք ինձ հետ:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն էլ բոլորին խորհուրդ տվեց միավորվել ապագայի շուրջ: Մնացյալին չենք անդրադառնա` այնքան որ տեսողական լրատվության միջոցներն ապահովել են Ֆրանկոֆոնիայի առաջին օրվա հուզիչ, Ազնավուրով պարուրված արարողությունը: Ուղղակի չէինք կարող շրջանցել Հայաստանի արժանապատվությունն ընդգծող, Հայաստանի հանդեպ սիրով ներծծված այս իրադարձությունը, որն անխոս մի քար ավելացրեց Հայաստանի միջազգային վարկին: Մանավանդ` հյուրերը եղել էին նաեւ միջազգային համբավ հավաքող «Թումո» կենտրոնում, ծանոթացել կենտրոնի նախագծերին, հանդիպել Սոֆյա ռոբոտին ու նրանից իմաստուն դասեր ստացել:
Խուսափել Սցիլայից եւ Քարիբդայից
Անցնենք մեր ոչխարներին, ինչպես հայտնի խոսքն է ասում, քանի որ շաբաթվա ընթացքում քաղաքական սրընթաց իրադարձություններն ամենեւին կանգ չառան:
Եւ այսպես` արտահերթ ընտրությունների օրը հայտնի է.
«Արտահերթ ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի 9-10-ը: Դա կլինի այն պարագայում, երբ ես հոկտեմբերի 16-ին ներկայացնեմ իմ հրաժարականը»,- ասել է վարչապետ Փաշինյանը «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը:
Մինչ այդ շրջանառության մեջ էին դրվել Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունները, որոնցով կուսակցությունների անցողիկ շեմն իջել ու դարձել է 4, իսկ դաշինքներինը` 6 տոկոս, բացի այդ` նոր խորհրդարանում պետք է ներկայացված լինի չորս ուժ: Իհարե, նոր ԸՕ-ն պետք է ընդունվի դեռ հոկտեմբերի վերջին, որ արտահերթ ընտրությունները կազմակերպվեն դրանով: Սակայն մենք նկատում ենք գործադիրի անհոգությունն այդ վերաբերմամբ. հիմա, երբ հոկտեմբեի 2-ին կատարվածից հետո տեղի ունեցավ համարյա բոլոր անսանձների սանձահարումը, Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած քաղաքական ուժն ամենեւին խնդիր չունեն անգամ հին օրենսգրքով ընտրությունների գնալու, միեւնույն է, նրանք ստանալու են ընտրողների մեծամասնության քվեները նաեւ նախկին օրենսգրքով: Խնդիրներն այլ դաշտում են, եւ այս մասին խոսենք:
Ի՞նչ չհաջողվեց նախկին իշխանություններին վերջին երկու տասնամյակի ընթացքում. մաքուր ընտրություններով ձեւավորել իշխանություն: Հայաստանում անկախությունից հետո տեղի ունեցած բոլոր ընտրությունները, իշխանության փոխանցումը նախ մոդելավորվել են իշխանության մի քանի անձերի կաբինետներում, ապա իրակացվել այդ տրամաբանության շրջանակում` միջոցների առջեւ խտրականություն չդնելով: Այսինքն` մաքուր ընտրություններ, որոնցով քաղաքացին իշխանություն կձեւավորեր` ըստ էության չեն եղել: Ըստ էության չեն եղել այնպիսի ընտրություններ, որոնց ընթացքում ընտրողներն իսկապես հնարավորություն կունենային իրենց կյանքի բարելավման ծրագրերը համեմատել եւ ընտրել դրանցից առավել արդյունավետը: Ինչպես որ ավանդույթներ ունեցող երկրներում է:
Այս անգամը նույնպես բացառություն չի լինելու, ցավոք, քանի որ էյֆորիզմն ու հարայհրոցը, ընտրության բաստիլացումը իսկական ընտրող ձեւավորելուն չեն նպաստում, երբ քաղաքացին ընտրում է ոչ թե ինչ-որ մեկի խոսքով, այլ երկրի եւ իր շահը մի լավ կշռելով: Կաշառքին, պարտադրանքին, զանազան վախերին այժմ կփոխարինի սերը մեկ մարդու հանդեպ, իսկ գիտեք որ սերը երբեք ճիշտ կողմնացույց չէ կյանքի օվկիանոսում, նկատի ունենք սիրո պատճառով առվող զանազան բախտորոշ որոշումները: Այդպես էլ չդարձանք մի երկիր, ուր ընտրողը երկրի կառուցման գիտակից մասնակից է, ով նպատակ եւ ուղի է ընտրում, եւ ոչ թե մարդու, ու կպահանջվի եւս միգուցե մեկ տասնամյակ, իսկ միգուցե ավելի, եթե, իհարկե, ոտք չդնենք պերմանենտ հեղաշրջումների տխուր շրջան, մինչեւ որ ընտրող դաստիարակենք: Բոլոր դեպքերում `դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրության անիվը պտտվել է, այն կանգնեցնել ոչ ոք չի կարող եւ պետք էլ չէ, մնում է նվազագույն դեֆորմացիաներով հասնել այնտեղ, այն միակ փոսը, ուր կարող է կանգ առնել, իսկ միգուցե ընկնել անիվը:
Ինչ էր նախորդել
Բավական ցնցումներով շաբաթ էր անցնողը, հոկտեբերերկուսյան իրադարձություներից հետո ՀՀԿ-ում իսկական հայտարարությունների շքահանդես էր, իսկ ԲՀԿ-ն էլ, Գագիկ Ծառուկյանի` սեփական լրատվամիջոցին տված հարցազրույցով, իր կոշտ դիրքից վերադարձավ մայիսյան դիրքեր ու ասաց` տեր ենք հեղափոխությանը, մենք չէի՞նք ջուր ու հաց տալիս հեղափոխականներին: Մի խոսքով` վարչապետն ու Ծառուկյանը ստորագրեցին այն հուշագիրը, որով ծառուկյանականները վիզ են վերցնում ոչ մի դեպքում վարչապետ չառաջադրելն ու ԱԺ լուծարմանը չխանգարելը:
ՀՅԴ-ի հետ դեռ վարչապետը հանդիպելու է, մանավանդ խմբակցությունների հետ հանդիպումների շարք է ձեռնարկել նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը ` փորձելով գտնել կայուն եւ անցնցում լուծումների ու կոմպրոմիսի տարբերակը: Բայց, իհարկե, շաբաթվա կեզ պահն այն էր, երբ ՀՀԿ-ն եւս հայտարարություն տարածեց, թե` հա, դեկտեմբերյան ընտրություններին համաձայն չենք, բայց է՜ն գլխից դեռ վարչապետ չէինք առաջադրելու: Հա՞: Բա հոկտեմբերի երկուսին տեղի ունեցածն ի՞նչ ենթատեքստում էր: Վահրամ Բաղդասարյանի ՀՀԿ-ն դեռ վեց ամիս առաջ է որոշած եղել (չնայած դեկտեմբերի արտահերթ ընտրություններին համաձայն չեն), որ վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, նրա՛ հետ հանդիպեցին վարչապետն ու նախագահը` փափուկ լուծումներ գտնելու համար: Բայց Վահրամ Բաղդսարյանի ՀՀԿ-ն է արդյոք բուն ՀՀԿ-ն, ո՞րն է, իրոք, հիմա ՀՀԿ-ն: Էդուարդ Շարմազանովի՞ ՀՀԿ-ն, ով հարցնում է` «Նոր ցար ե՞ք բերում մեր գլխին». առնվազն հին ցար, ուրեմն, եղել է, այս ՀՀԿ-ի համար, ու դա կարծես թե Բաղդասարյանի ՀՀԿ-ն չէ: Գեւորգ Կոստանյանի՞ ՀՀԿ-ն (առնվազն` խմբակցությունը, քանի որ կուսակցության անդամ չէ, բայց խմբակցության անդամ է), որ ասում է, թե միշտ Փաշինյանի կողքին է լինելու, բա, ու նրանից սկսված սպիտակ դրոշ պարզելու շղթայական ռեակցիան այս օրերին դեռ տեսնելու ենք: Տասնհինգ պատգամավորի՞ ՀՀԿ-ն, որոնք հայտարարությամբ սահմանազատվեցին արմատական կոշտ ՀՀԿ-ից, եթե , իհարկե, արմատական ՀՀԿ մնացել է` դուրս դնելով իրենց այդ քաղաքական ուժից: Արփինե Հովհաննիսյանի՞ ՀՀԿ-ն, որ ԵԽԽՎ-ում, ըստ վարչապետի, աշխատում է Հայաստանի իշխանության դեմ, ու Նիկոլը նրան ու մյուսներին նկատի ունենալով` ասում է, թե վերջիններս ոչ մեկին չեն ներկայացնում, այլ` նախկին կոռուպցիոն համակարգը, իսկ Հովհաննիսյանը, ԵԽԽՎ-ում վերջին հայանպաստ բանաձեւի առիթով իր ջանքերը ներկայացնելով, ասում է` «Պատիվ ունեմ ծառայելու Հայաստանի Հանրապետությանը»: Չորս պատգամավորի՞ ՀՀԿ-ն, որոնք ասում են` մի զանգահարեք մեզ, մեզ հետ գործ չունեք: Ո՞ր ՀՀԿ-ն է իրական: Համենայնդեպս` վարչապետն ու նախագահը Վահրամ Բաղդասարյանի եւ Արա Բաբլոյանի հետ հանդիպեցին` ՀՀԿ հայտարարությունից հետո հարկ համարելով նրանց հետ տեսնվել` իրավիճակը հանդարտ հանգուցալուծելու պայմանվորվածություններ ձեռքբերելու համար:
Պահանջ Փաշինյանին
Ի՞նչ պահանջ պետք է ներկայացնել Փաշինյանին հիմա, երբ դեկտեմբերյան ընտրություններն արդեն ճամփա են ընկնում:
Ում պետք է վերցնի իր թիմ վարչապետը, որպեսզի հետագայում Ազգային ժողովը չվերածվի բազարի, իսկ գործադիրում էլ չկուտակվեն անօգուտ մարդիկ` մյուս սովորական ու պրոֆեսիոնալ հատկանիշներով առանձնապես աչքի չընկնող քաղաքացիներից մեկ ակնհայտ տարբերությամբ միայն`մորուքի առկայությամբ:
Հիմա, երբ իշխանափոխությունից հինգ ամիս հետո ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը կադրերի խնդիր ունի եւ կես քայլ անգամ չի հաջողելու` միայն փողոցում «Սերժիկ, հեռացիր» բղավածներին կառավարման կառուցվածքներում ընդգրկելով, մի պահանջ է ներկայանում. մինչեւ ԱԺ արտահերթ ընտրությունները սեփական համամասնական ցուցակը եւ, առհասարակ, կադրային բանկը հաշվառելու մանրակրկիտ աշխատանք պետք է կատարի, եթե չի ուզում արագ ձախողվել: Այս իմաստով կարելի է խրախուսելի համարել այն լուրը, որ նախկին իշխանությունների` պրոֆեսիոնալ կադրերից նրանց առաջ, ովքեր համագործակցելու տրամադրվածություն ունեն, վարչապետ Փաշինյանը դուռը չի փակում: Ինչ արած, եթե փողոցից հնարավոր չէ պրոֆեսիոնալներ գտնել: Հայաստանը չի ՙկարող իրեն այն շռայլությունը թույլ տալ, որ ֆինանսական եւ այլ ռեսուրսների ծախսումով մասնագետ դարձածներին նախկին իշխանության կառույցներում աշխատելու համար տուն ուղարկի եւ ամեն ինչ նորից սկսի` հաջողելու հիսունտոկոսանոց երաշխիք անգամ չապահովող կիսագրագետ կադրերի հետ (նկատի ունենք ոչ թե դիպլոմը, այլ պրոֆեսիոնալ գրագիտությունը)` միայն հեղափոխաբար բարձր բղավելու նրանց ունակությունը նկատի առնելով: Սա պետք է կարողանալ բացատրել սեփական թիմին, հասկացնել, որ հաջողության գրավականը միայն սեփական «պոլիփետերին» գործ տալը կամ պատգամավոր դարձնելը չէ, այլ կադրային ողջ բանկը գույքագրելուց հետո ամենաունակ մասնագետներին ընտրական ցուցակներում եւ հետագա համագործակցության ներգրավելը: Հայաստանում հիանալի մասնագետներ կան, մի հարյուր անուն միայն ես կարող եմ ասել, սակայն նրանք կարծես թաքուստները մտած լինեն: Գիտեք, սուտ է այն կարգախոսը, որ բոլորին պետք է փոխել` կոռուպցիան բացառելու համար: Ընդհակառակը, ես այն կարծիքին են, որ երկրի ղեկավարները քաղաքական կամքը, անձնական օրինակն ու օրենսդրության արդար-հավասար կիրառումը բավարար են, որ կոռուպցիոն աշխատաոճն անցնի անցյալի գիրկը: Թե ինչ կստացվի նրանից, որ համատարած գան բացարձակապես նորերը` առանց անցյալի շարունակականության, կառավարման հմտությունների ու փորձի, առանց խորագետ լինելու էլ կարելի է հետեւեցնել. հների ու նաեւ նրանց հետ կապված երիտասարդների մի նոր արտահոսք կլինի երկրից: Մինչդեռ սիրո եւ հանդուրժողականության կարգախոսից դատարկ ցուցափեղկ սարքելու փոխարեն` պետք է կադրային համերաշխության ճանապարհով գնալ, գտնել բոլոր իրական մտավորականներին ու պրոֆեսիոնալներին, ինտելիգենտ մարդկանց, որոնց միակ ատրիբուտը մազմորուքը չէ: Սա է այս պահի պահանջը Նիկոլ Փաշինյանին, եթե նա ուզում է փողոցի առաջնորդից վերածվել համազգային առաջնորդի ու իսկապես պատմական ֆիգուրի: Ժամանակի բացակայությունը մինչեւ դեկտեմբերի կես` հետագայում ամենեւին էլ արդարացում լինել չի կարող: Եւ ամենեւին պետք չէ լսել արագ-արագ կուսակցություններ ստեղծող առիթավորվածներին, կան նաեւ բազմաթիվ հիանալի որակներով հայեր, որոնք ամենեւին էլ որեւէ կուսակցության անդամ չեն: Հուսով ենք` այս գաղափարը վարչապետ Փաշինյանի համար եւս ընդունելի է` հենց հետագայում իր հաջողելու պարագան եթե նկատի ունի: Բայց սա նաեւ ստույգ ճանապարհ է` էյֆորիկներին հիասթափեցնելու, այնպես որ իշխանությունը կադրային բանկի առումով կանգնած է Սցիլայի ու Քարիբդայի միջեւ, երկուսից էլ բարեհաջող խուսանավելու իմաստնությունը շատ հարկավոր կլինի: