ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցից հետո, հայաստանյան հասարակական-քաղաքական շրջանակներում կրկին ակտիվացավ հայ-իրանական հարաբերությունների խնդիրը, մանավանդ Նիկոլ Փաշինյանի ու այլոցՙ հայ-իրանական սահմանի ենթադրյալ փակման մասին հայտարարություններից հետո: Թե ինչ հետեւանքներ կարող են ունենալ այդ այցն ու դրանից բխող տարաձայնությունները, փորձեցի ճշտել իրանագետ Ահարոն Վարդանյանից :
«Անկեղծ ասածՙ չեմ կարծում, որ Բոլթոնը պայման է դրելՙ հայ-իրանական սահմանը փակելու, որովհետեւ ինձ չի թվումՙ ինչ-որ մի երրորդ երկրի կողմից կոռեկտ կլինի նման բան առաջարկելը: Մանավանդ որ ամերիկյան կողմում շատ լավ հասկանում են երկու երկրների հարաբերությունների խորության ծավալները, ինչպես նաեւՙ Իրանի կար-որությունը Հայաստանի համար, -ՙ հակառակը»,-ասաց Ահարոն Վարդանյանը::
Խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարության ու դրանից բխող անհանգստության մասին, քաղաքագետը նշեց.
«Ն. Փաշինյանի հայտարարրությունն այլ համատեքստում էր, եւ պետք չէ այն համատեքստից դուրս նայել: Այդտեղ խոսքը չէր վերաբերում կոնկրետ Իրանի սահմանը փակելուն, խոսվում էր նաեւ Վրաստանի սահմանի եւ ընդհանրապեսՙ տարատեսակ մարտահրավերների մասին: Դա ենթադրում է, որ այդ հայտարարությունը կոնկրետ կապված չէ Բոլթոնի այցի հետ: Վարչապետի պաշտոնակատարը շատ լավ հասկանում է, թե Հայաստանի համար ինչ նշանակություն ունի Իրանը, եւ բոլորին պետք է պարզ լինի դա»:
«Իրանական կողմը հետաքրքրական ձեւով է արձագանքել: Այցից հետո Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին հանդիպել է ՀՀ ԱԳՆ պաշտոնակատարի հետ եւ նրան փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի շնորհակալական ուղերձն ու նշել հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի կարեւորությունը, հույս հայտնելով, որ այդ մակարդակը կշարունակվի բարձրանալ նաեւ ապագայում: Սա հստակ մեսիջ էր իրանական կողմիցՙ հայ-իրանական հարաբերությունների հետագա ընթացքը բնութագրելու տեսակետից»,- խոսելով իրանական կողմի արձագանքի մասին, նկատեց Ա. Վարդանյանը:
Եզրափակելով զրույցը, քաղաքագետը հատուկ ընդգծեց.
« Հայ-իրանական սահմանի փակումը Հայաստանի համար կլինի ինքնասպանություն , մենք կհայտնվենք թուրքական կղզում, բոլոր կողմերից կշրջափակվենք թուրքերով, բացառությամբՙ Վրաստանի, բայց հաշվի առնելով վերջինիս կախվածությունը թուրքական երկրներից, մասնավաորապեսՙ մեր երկու հարեւաններից, պարզ է դառնում, թե ինչ վտանգներ են սպառնում մեզ: Դա բացառված տարբերակ է, այն նույնիսկ չպետք է քննարկման դրվի: Հայ-իրանական հարաբերությունները կախված չեն կառավարություններից, կամ ինչ-որ անձանց որոշումներից, դրանք հարաբերություններ են երկու ժողովուրդների միջ-: Կապ չունիՙ ով է իշխանության գլուխ կանգանած, սկսած 1990-ականներից մի քանի կառավարություններ են փոխվել, բայց հարաբերությունները զարգանում են ցայսօր, եւ վստահ եմՙ շարունակվելու են միշտ»: