Վաղուց արդեն ռուս-ուկրաինական պատերազմը դուրս է եկել զուտ պատերազմ լինելու շրջանակներից, կողմերն արդեն չեն խորշում միմյանց ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելուց։ Անցած շաբաթ նմանատիպ դեպքերի ականատեսն եղանք։ Իսկ երեկ արդեն Լեհաստանի ղեկավարությունը հայտարարեց, որ Ռուսաստանից Լեհաստանի տարածքով դեպի Գերմանիա ձգվող «Դրուժբա» նավթամուղի որոշ հատվածներում կան ճաքեր։ Ինչպես «Փաստինֆո»-ի եթերում մեկնաբանում է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը, սա նշանակում է, որ կողմերը պատրաստ են ցանկացած քայլի դիմել ու կանգ չեն առնելու ոչնչի առաջ՝ մյուս կողմին պարտության մատնելու համար։
«Եթե «Դրուժբա» նավթամուղը, ըստ էության վնասվում է և Գերմանիան զրկվում է ռուսական նավթից, իսկ Ռուսաստանն էլ իր հերթին զրկվում է Եվրոպա նավթ մատակարարելու հնարավորությունից, ապա Ռուսաստանը վնասելու է նաև այն նավթամուղն ու գազատարը, որոնցով Եվրոպան այլընտրանքային ճանապարհով նավթ և գազ է ստանում։ Իսկ մեր տարածաշրջանում դա առաջին հերթին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն է։ Հետևաբար չեմ բացառում, որ այս պարագայում Ռուսաստանն ինքը կսկսի հարվածներ հասցնել նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին՝ լուծելով միաժամանակ մի քանի խնդիր»,-նշել է միջազգայնագետը։
Ըստ բանախոսի, դրանով առաջին հերթին Եվրոպան կզրկվի այընտրանքային նավթամթերք ստանալու հնարավորությունից, ինչը ձմռան շեմին Եվրոպական երկրների համար շատ դաժան իրադրություն կստեղծի։ Բալասանյանի դիտարկմամբ, այս պայմաններում Իսրայելը կզրկվի բավականին լուրջ էներգետիկ աղբյուրից, սակայն, ինպես նշեց նա, սրանով կմեծանա Հայաստանի դերը։
«Քանի որ Ադրբեջանը եվրոպական միության աչքում հանդես է գալիս իբրև այլընտրանքային վառելիք մատակարարող երկիր, Հայաստանը իր ձայնը պիտի բարձրացնի այստեղ, որ բացարձակապես անթույլատրելի է, որպեսզի այս էներգետիկ ռեսուրսները օգտագործվեն Ադրբեջանի կողմից եվրոպական միության վրա ճնշում գործադրելու և պրոադրբեջանական որոշումներ կայացնելուն նպաստելու համար։ Եթե նման տենդեցը շարունակվի, ապա Հայաստանն էլ պետք է իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցներով ամեն ինչ անի, որպեսզի այդ վառելիքն ու էներգետիկ ռեսուրսները, մեղմ ասած, այն ծավալով չհասնեն Եվրոպա, ինչով որ Եվրոպան սպասում է Ադրբեջանից»,-կարծում է միջազգայնագետը;
Նրա համոզմամբ, եթե այսօր բովանդակ արևմուտքը Ուկրաինային տալիս է հնարավորություն, կամ բովանդակ արևմուտքն ինքն է քայլեր ձեռնարկում էներգետիկ ռեսուրսներին վնաս հասցնելու և պայթեցնելու համար, ապա՝ ըստ միջազագայնագետի, իր երկրի և իր ժողովրդի անվտանգության համար Հայաստանը ևս կարող է օգտվել այդ հնարավորությունից։
Մանրամասները՝ տեսանյութում։