Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը թեեւ վստահ է, որ ՀՀ նախկին նախագահներն ու կաթողիկոսը կամ զույգ կաթողիկոսները նորից նույն սեղանի շուրջը նստելու որեւէ շանս չունեն (գոնե այս փուլում), բայցեւ շտապում է շեշտել՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ջանքերով ու նախաձեռնությամբ Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների վեցակողմ հանդիպումը պատմական կարելի է որակել: Բացատրում է՝ հանդիպումը կարեւորվեց նրանով, որ երկար տարիների ընդմիջումից հետո Հայաստանում քաղաքական բանավեճ ծավալվեց, քաղաքական գործիչները միմյանց հետ երկխոսեցին քաղաքական տրամաբանության կոնտեքստում:
«Պատմական» հանդիպմանը կամ քաղաքական երկխոսությանը, ցավոք, միմյանց թիրախավորելու գործընթացը հաջորդեց: Հայաստանի ու Արցախի ճակատագրով մտահոգ մարդիկ, որ մի սեղանի շուրջն էին հավաքվել իրենց իսկ փոխանցմամբ՝ երկրի օրհասկան վիճակից ելնելով, հանդիպումից հետո սկսեցին քննարկել, թե ով ինչ է խոսել, ինչ է առաջարկել հանդիպման ժամանակ եւ այլն, եւ այլն: Ավելին՝ փակ հանդիպման բաց դրվագները ենթադրելու տեղիք տվեցին, որ անգամ նախկին նախագահների ասածները որոշ կետերում միմյանց հետ չեն հատվում: Իհարկե, անգամ չենք էլ ուզում մտածել, որ իսկապա Հայաստանի համար ճակատագրական այս պահին նրանցից ամեն մեկը փրկչական դափնին հենց իր գլխին դնելու խնդիր ունի, բայց համադրելով ու իրար կողքի դնելով նախագահների հայտարարություններն ու միմյանց նկատմամբ ցուցաբերած ոչ սոլիդար կեցվածքը, այնուամենայնիվ, կարող ենք նման եզրահանգման գալ: Իհարկե, թող ներողամիտ գտնվեն պարոնայք նախկինները, բայց քանի՞ գրոշ արժեր «պատմական» այդ հանդիպումը, եթե դրանից հետո ՀՀ փաստացի ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ ավելի ուժգին խանդավառությամբ է խոսում այն մասին, որ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ճակատագրերի խեղման ու մեր այսօրվա համար պատասխանատու ու մեղավոր են «նախկինները» միմիայն: Իսկ նրա այդ մտքերին նախագահներից եւ որեւէ մեկը խիստ ու վերջակետ դնող պատասխան չի տալիս՝ հասարակության մոտ էլ ավելի ամրապնդելով տեսակետը, թե «նախկիններն են մեղավոր»:
Հեմանայնդեպս, արձանագրենք՝ կաթողիկոսի եւ նախագահների հանդիպումից անցել է 2 շաբաթ, իսկ դրա արդյունքը սոսկ մեկ հարցարզույցն ու մեկ ասուլիսն է:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ