«Ամեն սերունդ ունենալու է իր միամիտը, որը ճշմարտությունը կասի այնպես, ինչպես կտեսնի»։
ԲՈՐԻՍ ՊԱՍՏԵՌՆԱԿ
Այդպես էլ ինքներս մեզ հարց չենք տալիս, թե ումի՞ց ենք արդարադատություն պահանջում։ Այն ատյանների՞ց, որոնցում ազդեցիկ ձայն ունեցող երկրները այրում, փոշիացնում, առանց ցավի նշույլի անգամ հանուն աշխարհաքաղաքական մութ նպատակների, օրական հազարավորների զրկում են ընդամենը մեկ անգամ տրված կյանքից։ Իսկապես, ինչ արժեք կարող է ունենալ ՄԱԿ-ի, ՄԻԵԴ-ի կամ մեկ այլ կազմակերպության ինչ-որ որոշում, երբ ծաղիկ կյանքեր են խլվում։ Վառել, մոխրացնել, ջնջել, ահա՛ ճանապարհը, իսկ եթե անկարող ենք, գոնե եկեք չաղերսենք, գոնե հոխորտանք`թե սպասեք, դեռ կտեսնեք։ Թե չէ` մուրալ Ցեղասպանության ճանաչում, մուրալ Արցախի կարգավիճակ, հիմա նաեւ Հայաստանի անձեռնմխելիություն, վե՞րջը։ Չենք առաջարկում խելահեղ արարքների գնանք, բայց գոնե մեր արժանապատվությունը պիտի պահե՞նք, թե՝ ոչ։ Չմոռանանք, որ դեռ երբ է մարդկային արդարության բաց ճակատին թքել Սիամանթոն։ Աստված իմ, էս ինչքան մեղք ենք դարձել աշխարհի բութ հայացքի ներքո։ Ու ամենացավալին էլ այն է, որ հսկայական գումարներ ենք ծախսում այդ փուչ կառույցների հավաքներին մասնակցելու համար, կամ քանի փողկապավոր պարոն ու անփողկապ տիկին են վարկատուներիս հաշվին վարձատրվում այդ եվրոբյուրոկրատիայի առջեւ քծնատարած կեղծ ժպիտներով պար գալու համար։
Այս խորապատկերի վրա էլ հոկտեմբերի 2-ին, կիրակի երեկոյան, ՀՀ ԱԳ խոսնակը սոցիալական ցանցերով կարճ գրությամբ տեղեկացրեց, որ «Ժնեւում մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը»։ Բոլոր ԶԼՄ-ներն էլ իրար հերթ չտալով նույնությամբ շտապեցին ժողովրդին փոխանցել այդ լուրը։ Իսկ հետո՝ ոչ մի տեղեկություն։ Դե բոլորն են հասկանում, որ հերթական շոու է, ի՞նչ ասեն կամ գրեն։ Ուզում եմ հավատալ, որ քիչ-քիչ հնարավոր է խելքի գանք, շոուներով շատ չոգեւորվենք, այլ սկսենք սթափվել վերջապես, աշխատել ու հզորանալ։ Դա է միակ ելքն այս ամենից, քանի որ միշտ էլ «ուժն է ծնել իրավունքը»։ Խրիմյան Հայրիկին ու իր Երկաթե շերեփի հայտնի քարոզը մտաբերեցի։ Այսօր էլ է այն ավելի քան արդիական, այնպես չէ՞։
Հատկապես որ մեծ թվով փորձագետների կանխատեսումով Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության մեջ 2022-ի հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսները ծանրերից են լինելու, քանի որ միջազգային կազմակերպությունների եւ գերտերությունների ղեկավարների հետ հաճախակի դարձած բանակցությունները եւ իրար հաջորդող հանդիպումները ոչ մի լավ բան չեն խոստանում։ Հոկտեմբերի 6-ին էլ Պրահայում հանդիպեցին Նիկոլ Փաշինյանը եւ Ռեջեփ Էրդողանը։ Նպատակը ակնհայտ է․ օգտվելով Ռուսաստանի շուրջ ձեւավորված իրավիճակից, Արեւմուտքը փորձում է այսպես կոչված կարգավորման նախաձեռնություը վերցնել իր ձեռքը։ Գինը՝ Արցախի ճակատագիրն է եւ Հայաստանի անվերապահ հնազանդեցումը համաթուրքական կամքին։ Ու թեեւ իրավիճակն այս առումով կանխատեսելիության ցածր աստիճան ունի, սակայն ավելորդ իլյուզիաներ պետք չէ ունենալ, այլ անել ամեն ինչ եւ պատրաստ լինել պատերազմի։ Ինչո՞ւ, որովհետեւ՝
1. Նախ «Եվրոպական քաղաքական համայնքը» այն հարթակը չէ, որտեղ հնարավոր կլիներ նման մակարդակի «գործարքները» կյանքի կոչել։ Սա հասկանում են նաեւ մեր թշնամիները։ Նախաձեռնությունը ֆրանսիական է, իսկ հենց Էրդողանը Պրահայում տեսախցիկների առաջ կոչ էր անում Ֆրանսիայի նախագահ Մակրոնին միանալ թուրքալեզու երկրների կազմակերպությանը։ Հարթակը, որի նախաձռնողն է նման ծաղրի ու հեգնանքի արժանանում, արդեն իսկ լավատեսություն չի ներշնչում։ Հետո էլ, ներքին հակասությունների ծանրության տակ Եվրոպան ինքն է այսօր դժվար ժամանակներ ապրում, ինչը նվազեցնում է կարգավորման գործի նախաձեռնության համար անհրաժեշտ սկզբունքայնությունը։
2. Գագաթաժողովի շրջանակներում, եւ դրանից հետո էլ, Էրդողանի եւ Ալիեւի հեգնական, սպառնալից ու վերջնագրային հռետորաբանությունը, խոսում է հենց թշնամու մոտ խաղաղության ձգտելու կամքի բացակայության մասին։ Էրդողանի հեգնական այն ակնարկը, թե Հայաստանի հետ ինչպես վարվել ենք, շարունակելու ենք այդպես էլ վարվել եւ Ալիեւի այն լրացումը, թե խաղաղության պայմանագիրը չի կարող շրջանցել ադրբեջանաան հինգ նախապայ-մանները, հիմք են տալիս կարծելու, որ Ադրբեջանն ու Թուրքիան այս գործընթացով պարզապես խաղադրույքներն են բարձրացնում եւ փորձում անուղղակի կերպով ներգործել Ռուսաստանի՝ այս հարցում ունեցած տարբերվող տրամադրության վրա։
3. Ալիեւը Պրահայում հայտարարեց, որ Ադրբեջանը նախատեսում է զգալիորեն ավելացնել գազի արտահանումը Եվրոպա՝ դառնալով Մայր ցամաքի էնէրգետիկ ռազմավարական կարեւոր գործընկերը։ Նրա խոսքով՝ «աշխարհում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը կտրուկ ավելացրել է Ադրբեջանի ռեսուրսների պահանջարկը։ Ադրբեջանը սկսել է ինչպես նոր գազային հանքավայրերի շահագործմանը, այնպես էլ ավելացնում է գործող հանքավայրերի արդյունահանումը, որը կօգնի մինչեւ 2027 թվականը դեպի Եվրոպա արտահանման ծավալները հասցնել նվազագույնը 18 միլիարդ խորանարդ մետրի»։ Սա դեռ չհաշված Ադրբեջանից Եվրոպա արտահանվող նավթն ու էլեկտրաէներգիան։
4. Պրահայի գագաթաժողովից հետո Բաքվում Ռուսաստանի դեսպանատան դիմաց հավաքվեցին թուրք-ազերի ակտիվիստներ, որոնք պահանջում էին Ղարաբաղից դուրս բերել ռուս խաղաղապահներին՝ «Օկուպացիոն ռուսական բանակ, հեռացի՛ր Ղարաբաղից» գրությամբ։ Ավելին, նրանք վանարկում էին՝ «Ռուսական բանակը կատարեց Խոջալուի ողբերգությունը՝ «Արյունոտ հունվար», «քանի դեռ ռուսական բանակը մնում է, օկուպացիան չի ավարտվի» եւ այլն։ Միամտություն է կարծել, թե նման միջոցառումներն ու զուգադիպությունները Ադրբեջանում տեղի են ունենում առանց իշխանությունների հրահրման։
5. Մտահոգիչ է ու վիրավորական նաեւ հայկական իշխանական շրջանակներից ակնկալվող պաշտոնական գնահատականների բացակայությունը։ Պաշտոնական Երեւանը սեփական ժողովրդի հետ անկեղծ լինելու խնդիր ունի եւ այս անորոշությունն ավելի մեծ աղետ է կանխորոշում։ Չկա համարձակություն (գուցե նաեւ ցանկություն)՝ կանգնելու եւ հայտարարելու, որ «խաղաղության օրակարգը» հանրությանը նետված հերթական կեղծիքն է եւ որ անհրաժեշտ է պատրաստվել ոչ թե ուղղակի պատերազմի, այլ գոյապայքարի։
Այսքանից հետո թե ո՞րն է մեր իշխող վարչակարգի կամքի ծավալման շրջանակը, ոչ ոք չգիտի, անգամ նա, ով Հայաստանի կողմից հանդես է գալիս «խաղաղության» թիվ մեկ պրոպագանդիստի դերում։ Տպավորությունն այն է, որ վերջնական տեսքի է բերվում Հայաստանի անկման գործարքը։ Մի բան, որը բացառված չէ, քանի որ արդեն պարզ երեւում է, որ Մեծ Բրիտանիային ու ԱՄՆ-ին պետք են մեր տարածքների հանքերը, որոնց շահագործման լավագույն ճանապարհը թուրքական դարպասն է։
Բոլոր դեպքերում կարծում եմ, որ Ռուսաստանն իհարկե չի պատրաստվում զիջել Հայաստանը։ Սակայն պատմական փորձն էլ ցույց է տալիս, որ շատ անգամ է եղել, երբ աշխարհաքաղաքական առեւտուրը մեզ ու մեր շահերը հետին պլան է մղել։ Հետո էլ ակնհայտ է, որ եթե մենք տեր չենք կանգնում մեր երկրին, ապա բոլորը պատրաստ են հոշոտել մեզ։ Կասկածից էլ դուրս է, որ կկորցնենք ամեն ինչ, եթե շարունակենք հանրային լռության մեջ մնալ։ Իրական ցավոտն ու ողբերգականը նոր է սկսվում, որովհետեւ Ուկրաինական չորս մարզերի միացումը Ռուսաստանին Արեւմուտքը չի մարսի եւ հակառուսական սանկցիաները նոր թափ կհավաքեն։ Ռուսաստանն էլ սպառնում է դադարեցնել նավթի ու գազի մատակարարումը Եվրոպային, իսկ առջեւում ձմեռ է ու ցուրտ է լինելու։ Ալտերնատիվ են ընտրվել ադրբեջանական նավթն ու գազը, որի դիմաց էլ, չնայած հայ գերիներին գնդակահարելու փաստից «խիստ զայրացած լինելուն»՝ Եվրոպան «ստիպված» սկսել է լղոզված հայտարարություններ անել, իսկ իրականում՝ հայրական ներողամտությամբ շոյել ազերիների գլուխները։
Հայ մեծ մտածող Հրանտ Մաթեւոսյանը հանճարեղ է ասել. «Ասում են խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ- երբ գազանի մեջ է։ Քոնը խիղճ չի, խեղճություն է»։ Տեսնես նա կանխատեսո՞ւմ էր այս վիճակը, որից ուղղակի շնչահեղձ կարելի լինել։ Իսկ այսպես խեղճացած, պարտվածի հոգոկերտվածքով երկրիս ղեկավարը Էրդողանի հետ հանդիպում էր, որ ի՞նչ աներ։ Այն Էրդողանի, որի ղեկավարած Թուրքիան Ուկրաինայի ռազմածովային ուժերի համար կառուցել եւ օրերս շահագործման է հանձնել «Գետման Իվան Մազեպա» նավը, որի հանդիսավոր արարողությանը Թուրքիայում ներկա է գտնվե Զելենսկիի կինը։ Այն Էրդողանի, որի մամուլի քարտուղար եւ խորհրդական Իբրահիմ Կալինը Թուրքիայում հանդիպել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, որի մասին Հունաստանի հետ կապված մի քանի ակնարկներից բացի, այլ մանրամասնություններ չեն էլ հաղորդվում։ Այն Էրդողանի, որի փեսա Սելջուկ Բայրաքթարի հետ հանդիպելու համար օրերս Թուրքիա է մեկնել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Սերգեյ Երմակը եւ նրան հանձնել «Ուկրաինայի առաջ ունեցած ծառայությունների համար» Զելենսկու պատրաստած հատուկ շքանշանը, քննարկել երկկողմ համագործակցության խորացման, Ուկրաինայում կառուցվող անօդաչու թռչող սարքերի համատեղ գործարանի հետ կապված մանրամասնություններ եւ այլն։ Իսկ մենք էլ այդ ընթացքում շարունակում ենք «ռուս–թուրքական եղբայրության» անգլոսաքսոնական քարոզչական հիմարությունը պտտել։ Անկախ իմ կամքից, կրկին մտածում եմ՝ քանի որ հայերը հին ժողովուրդ են, բնական է նրա մեջի հիմարներն ու զոմբիներն էլ են հինավուրց։ Դրա համար էլ Աքադի, Էլամի, Բաբելոնի զոմբիները վաղուց վերացել են, իսկ մեր զոմբիները առասպելական տոկունություն են ցուցաբերում, ամենաանելանելի թվացող վիճակներից էլ փյունիկի պես վեր են հառնում ու երկրիս հերն անխնա անիծում։
Իսկապես, ժամանակն է իրական լայնախոհություն դրսեւորենք, սեւ ու սպիտակ, հին ու նոր բաժանումներից ձերբազատվենք, բռունցքվենք ու ազգովին գոյապայքարի դուրս գանք, հակառակ դեպքում, արդեն ուրվագծվում է, որ ամեն ինչ կկորցնենք…
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պրոֆեսոր
1-10.10.2022