«ԱՐԻ գրականության հիմնադրամը» լույս է ընծայել արձակագիր Ռուբեն Ֆիլյանի «Քո երկրի դեսպանը» վեպի ամբողջական տարբերակը (խմբագիր՝ Արամ Պաչյան), որի շնորհանդեսը կայացավ Գրքի երեւանյան 5-րդ փառատոնի շրջանակներում:
Ռուբեն Ֆիլյանը 1970-ականների Հայաստանի ամենաառասպելական գրական դեմքերից է (այստեղ արժե հիշել նաեւ Սլավիկ Չիլոյանի անունը): Ծնվել է 1952 թ., Երեւանում, հայրենադարձների ընտանիքում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Տպագրվել է «Գարունում», զբաղվել է արեւելյան մարտարվեստներով ու յոգայով, վարել ազատ, բոհեմական կյանք: 1981-ին կարողացել է մեկնել արտասահման, եղել է Ֆրանսիայում, Եգիպտոսում, Հորդանանում եւ ի վերջո հանգրվանել հեքիաթային Գոայում (Հնդկաստան), որտեղ էլ սպանվել է 1984 թվականին:
Կյանքի օրոք հրատարակվել է Ֆիլյանի միայն մեկ՝ «Անծանոթ ինքնակենսագրություն» ժողովածուն: «Քո երկրի դեսպանը» վեպը գրվել է 1975-1978 թթ., սակայն խորհրդային ժամանակներում այն հրատարակել չի հաջողվել, ինչը զարմանալի չէ. գրքի հիմքում մեր պատմության դեկոնստրուկցիայի (կազմաքանդման) քննական վերարժեւորման նորովի ընթերցման փորձն է: Որպես տիպիկ պոստմոդեռն, իր տեսակով կատարյալ վեպ (այստեղ փոխված է տեքստի բուն հասկացությունը, իսկ լեզուն սոսկական գործիքից վերածվել է գրեթե անկախ դերակատարի)՝ այն հետզհետե ավելի աբսուրդիստական եւ ֆանտասմագորիկ բնույթ է ստանում: Այսպես սկսվում է ոդիսեւսյան մի ծանր, դժվարին ճանապարհորդություն, որ պիտի հաղթությամբ ավարտվի: Գործածվող հասկացություններն առավելագույնս վերացական են՝ Մենք, Ուրիշը, Չեղած տեղը, Բանը, Այնտեղը: Գիրքն այնպես է գրված, ասես Խորհրդային Միությունն այլեւս գոյություն չունի. բացակայում են սովետիզմները (ուրախալի է, որ գրքի շապիկին մեկ այլ ազատ մտածող արվեստագետի՝ Կամո Նիգարյանի «Homo Ludens» (1976) աշխատանքն է):
Շատ բաներ գրքում հաջողությամբ կոդավորված են. Հայաստանը, Երեւանը, մենք՝ հայերս, Արարատը, Սեւանա (թերա)կղզին, այն այցելած պոետ Մանդելշտամը. «…եւ միայն օտար պոետներն էին երբեմն լողալով գալիս-հասնում Այնտեղ՝ անծանոթ լեզվով հարազատ բանաստեղծություններ ընթերցելու…»:
Օգտվելով «բան» բառի՝ հայերենում ցանկացած իմաստ կրելու հատկությունից՝ Ֆիլյանը բառախաղերի միջոցով ճկունորեն բազմիմաստ նախադասություններ է կազմում:
Պատումի ընթացքում մի պահ Մեծ Բանաստեղծն է դառնում Մեր (պատումը շարադրված է այս դերանունով) արտացոլանքը՝ մե՛կ Նարեկացի, մե՛կ Արշակ 2-րդ, մե՛կ Հայոց վերնախավ: Ամենայն կաթողիկոսն էլ է կոդավորված, հավաքական ու հավերժական կերպար՝ ե՛ւ Ներսես Ե Աշտարակեցի, ե՛ւ Պետրոս Ա Գետադարձ, ե՛ւ Գեւորգ Զ Չորեքչյան: Տարբեր տեսակետներ կան, թե ով կարող է մարմնավորել Ողբի երգչին, սակայն, կարծում եմ, սա հենց այն կերպարն է, որ ոչ մի որոշակի մարմնավորում չունի, այլ սոսկ տառապանքի երաժշտությունն է, մեկ անգամ հայտնված ու այլեւս երբեք չանհետացող ողբը:
Ինչպես գլուխգործոց երկերին է հատուկ՝ վեպը բազում, թեկուզ եւ դեռեւս հանրությանը քիչ ծանոթ աֆորիզմային բանաձեւումներ է պարունակում (հատկապես մեջբերումները «գրքից», որից մերթընդմերթ օգտվում է գլխավոր գործող անձը).
«Ընդհանրապես բոլորն էլ շատ նման են իրար, բայց եւ ամեն մեկն այնքան տարբեր է հենց ինքն իրենից: Եվ միեւնույն է՝ աշխարհի որ ծայրում էլ լինի՝ մի Բանը զգացնել կտա, որ նա՝ Նա է, ինքն է, իր երեւույթն է, Մերերկրացի է»;
«Իր վիճակը հուսացողի վիճակն է, ոչ թե հույսերի իրականացման»;
«Մեր Հարցում վերջին ու միակ խոսքը Ուրիշինն էր»;
«Նույն մարդն ունի բազմաթիվ գերեզմաններ»:
Զարմանալի եզրահանգումներ կան վեպում, ասենք այն, որ մեր պատմությունը ետ է ընթանում, Մեր Վերածնունդն էլ «պիտի լինի հետո, վաղ անցյալում՝ ուր մենք դեռ գնալու ենք…»: Ժամանակը կարծես առաջ ու ետ է գնում, ինչպես մեր անսկիզբուվերջ պատմությունը, սակայն գրքի կառուցվածքի հիմքում արարման վեց օրերն են. «Եվ իրիկուն ու առավոտ լինելով՝ երկրորդ օրը եղավ…»:
Ֆիլյանը նկատում է, որ ճակատագրական պահերին Մենք կարողանում ենք լինել միաԲան ու կռվել Ուրիշի բանակի դեմ, որն իր ճանապարհին ամեն ինչ ոչնչացնում է ու պատերազմելու համար «մի հատ» է: Գիրքն ընթերցելով՝ վերստին համոզվում ենք՝ մեր պատմության հարցադրումներն ամենեւին չեն փոխվում.
«Սիրտները ճաքում է այն պահերին, երբ նկատում են, որ սկսել է մեր տեսակն աճել, բազմանալ, հզորանալ, ոչ ոք չի նեղացնում այլեւս, դրացիները հավասարի պես հաշվի են նստում: Եվ անմիջապես Մեր մեծանուն ներկայացուցիչների շնորհիվ գտնում են մի տարբերակ, մի հնար, մի Բան՝ ձեւն ինքնաոչնչացման. հենց այդպես էլ Մերը հաստատելու եւ վերագտնելու համար» (մեջբերում «գրքից»):
Բանի հետեւից բարձրանում են ամենաբարձր լյառը՝ ճանապարհին հանդիպելով չվերադարձած պոետի (Աբովյան) հիշատակներին: Վերջիվերջո նրանց առջեւ բացվում է ահռելի Նոյյան տապանը. «այնքան էինք ուզում տապանը լինի, որ եթե չլիներ էլ՝ մեր ձեռքերով կշինեինք. այդքան ուզում էինք»:
Ու որպես պատմության եզրահանգում՝ գլխավոր հերոսը գնում է, որպեսզի մնա, դեպի աստվածային «Քո երկիրը», որտեղ լույսն է ու կենարար գարունը: Եվ ո՞վ կարող է լինել այդ երկրի դեսպանը, եթե ոչ հենց առաջին քրիստոնյա ժողովուրդը…
«Քո երկրի դեսպանը» սկսվում է որպես վեպ-պոեմ եւ վերջում էլ կրկին հանդիպում ենք բանաստեղծական, նարեկացիական մի սիրո բացատրության դեպի լույսը: Ակնառու է գործածվող լեզվի ճկունությունը՝ գրաբարից մինչեւ նորաբանություններ: Գրքում կետադրական նշանների իսկական հրավառություն է. մինչ իսպառ բացակայում են փակագծերը (որ գրաբարի շրջանում գոյություն չեն ունեցել), սակայն երբեմն կետադրական նշանները մի ամբողջ անթարգմանելի պարբերություն են կազմում.
«Մահը, որ ի սկզբանե էր՝ :-: »:
Փաստորեն, դեռ 1970-ականներին գոյություն է ունեցել «ճիշտը գնալն է» արտահայտությունը, այն էլ նման մեկնաբանությամբ.
«Աշխարհի որ ծայրում էլ լինի՝ նրա համար ճիշտը գնալն է, բայց քոչվորության եւ ոչ մի նշույլ…»:
Վեպը խորապես ինտերտեքստուալ (միջտեքստային) է. այսպես, ակնառու են իմաստային եւ կառուցվածքային հղումներն Աստվածաշնչին (գրքում Քրիստոսին էլ ենք հանդիպում):
Նկատելի է Չարենցի «Երկիր Նաիրիի» հետ ոչ միայն ժանրային (պոեմանման վեպ) եւ թեմատիկ (հայոց պատմություն, բնավորություն եւ ճակատագիր), այլեւ վերացական ընդհանրացման (նաիրցիներ-Մենք, եւ այլն) նմանությունները:
Գրքում հանդիպում ենք պոստմոդեռնին հատուկ մեկ այլ լուծման եւս. Ֆիլյանի գլխավոր հերոսը, ինչպես եւ մարկեսյան Աուրելիանո Բաբիլոնիան «Հարյուր տարվա մենությունում», աստիճանաբար հասու է դառնում մի սկզբնաղբյուրի (գիրք գրքի մեջ)՝ բացահայտելով փնտրված ճշմարտություններ:
Իհարկե արդարացի կլիներ, եթե վեպը հրատարակվեր անմիջապես գրվելուց հետո, ոչ թե մեկուկես տասնամյակ անց, այն էլ՝ կրճատումներով եւ ընթերցողական լայն շրջանակների համար գրեթե աննկատ՝ մութուցուրտ 1990-ականներին: Բայց այսօր էլ այն ուշացած չէ, հատկապես այն պատճառով, որ անդրադառնում է հայության եւ, ինչո՞ւ չէ, մարդկության ամեն տեսակ գոյութենական խնդիրներին…
ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ