Stratfor-ի անդրկովկասյան կանխատեսումները
Անդրկովկասում ռազմաքաղաքական իրադրությունն ավելի ու ավելի է բարդանում: Դա պարզ դարձավ այն բանից հետո, երբ ԱՄՆ տրանսպորտային ուժերի հրամանատարության ղեկավար Ստիվ Լայոնսը հայտնեց, որ Վրաստանի հետ համաձայնություն է ձեռք բերվել Վազիանիում ռազմակայանի կառուցման վերաբերյալ: Նրա խոսքերով, «նոր օդանավակայանի ստեղծումը կօժանդակի ՆԱՏՕ-ի այն նախաձեռնությանը, որն ուղղված է Վրաստանի մարտունակության բարձրացման ծրագրի իրականացմանը»: Բացի դրանից, հենց Վազիանիում էլ կընդլայնվի 2018 թ. մայիսին բացված ՆԱՏՕ-ի մարտական պատրաստության կենտրոնը:
Ի դեպ Վրաստանի ռազմակայանը գտնվում է Ռուսաստանի սահմանից ընդամենը 80 կմ եւ Իրանի սահմանից 300 կմ հեռավորության վրա, համապատասխանում է հենակետային ռազմակայանի բոլոր հատկանիշներին, որը թռիչքավայրէջքային ուղու արդիականացումից հետո կկարողանա ընդունել ամերիկյան օդուժի ամենախոշոր օդանավերը: Այսպիսով, Թբիլիսին անկախության նվաճումից հետո յոթմղոնանոց քայլերով թեւակոխում է իր զարգացման նոր փուլ: Առաջինը բնութագրվում էր էթնոքաղաքական տիրապետությամբ, ազգայնականությամբ, որը հանգեցրեց Սուխումի եւ Ցխինվալի կորստյանը: Այս ուղղությամբ իրադարձությունների զարգացման շարունակությունը, Վրաստանի «Ժողովրդավարական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեի բնորոշմամբ, աչքի է ընկնում նրանով, որ Թբիլիսին շարունակում է սեփական տարածքներ համարել Աբխազիան եւ Հարավային Օսիան: Ուստի Վրաստանի տարածքում ամերիկյան ռազմակայանի հայտնվելը հանգեցնում է երկրի հերթական բաժանմանը երկու տարածքային մասերի, որտեղ մի կողմում ռուսական ռազմակայաններն են, մյուսումՙ ամերիկյանները:
Ավելին, Վրաստանն Անդրկովկասում ԱՄՆ-ի համար վերածվում է առանցքային պետության, որի սահմաններից դուրս ձեւավորվում է փոքր ներքին կիսալուսին Ադրբեջանի եւ Հայաստանի միջոցով: Թբիլիսիում ամրանալովՙ ամերիկացիները Մոսկվային կտրում են այնպիսի դաշնակցից, ինչպիսին է Երեւանը, եւ կարող են ազդեցություն գործել Բաքվի վրա, որի կարեւոր ռազմավարական-էներգետիկ հաղորդակցություններն անցնում են Վրաստանով: Այստեղ ամեն ինչ ագուցվում է «մետաքսե նուրբ հանգույցների մեջ»: Ադրբեջանը գործում է Թուրքիայի հետ սերտ դաշինքով, որի հետ Ռուսաստանը ձեւավորում է ռազմավարական գործընկերություն:
Մի ժամանակ Բաքվին ձեռնտու չէր Ռուսաստանի հետ Վրաստանի մերձեցումը, քանի որ այդ դեպքում ադրբեջանցիները տարածաշրջանում կարող էին կորցնել քաղաքական կշիռը: Իսկ Վրաստանին ձեռնտու չէր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, քանի որ այդ դեպքում ադրբեջանական էներգետիկ հաղորդակցությունները կշրջանցեին իր տարածքը: Միեւնույն ժամանակ Ադրբեջանը չի տեսնում, որ Միացյալ Նահանգները նախապատրաստում է ղարաբաղյան կարգավորումը ըստ Բաքվի շահերի. ամեն ինչ կարող է լինել հենց հակառակը: Ինչ վերաբերում է Հայաստանին, նրա տնտեսությունը կապված է Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստանն եւ ուղղակիորեն դեպի Իրան տանող ցամաքային ճանապարհներից:
Միեւնույն ժամանակ գոյություն ունի նաեւ արտաքին կիսալաուսին, որը կապված է Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի եւ տարածաշրջանի այլ երկրների հետ: Ըստ որում, Վրաստանի առանցքային դիրքը նրա համար ոչ այնքան ապահովում է անվտանգություն, որքան երկիրը դարձնում է սահմանային կիսալուսին, տերությունների անկայուն հավասարակշռության պատանդ տվյալ կիսալուսնի այն մասերում, որտեղ նրա շահերն ու հույսերը առհասարակ հաշվի չեն առնվում, թեեւ Թբիլիսին այժմ իրեն ներկայացնում է որպես ՆԱՏՕ-ի, ավելի ստույգՙ ԱՄՆ-ի, գրեթե միակ հետակետը տարածաշրջանում:
Այս կապակցությամբ աչքի է զարնում, որ Վրաստանում սկսված ակտիվ ռազմականացումը ժամանակագրական առումով եւ, հավանաբար, ոչ պատահականորեն, համընկնում է ամերիկա-իրանական հարաբերությունների սրման հետ եւ Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի նոր պատժամիջոցների ձեռնարկման հետ: Իրողություն են դառնում համաշխարհային լրատվամիջոցներում ավելի վաղ շրջանառված այն լուրերը, թե Վրաստանի ռազմական կառույցները կարող են օգտագործվել ԱՄՆ-իՙ Իրան ներխուժելու համար, եւ թե այդ նպատակով Վաշինգտոնը Թբիլիսիին հատկացրել է մեկ մլրդ դոլար:
Այլ կերպ ասած, Վաշինգտոնն Անդրկովկասում սկսում է տեղադրել դանդաղ գործողության ռումբ, տարածաշրջանում վարել շարունակական խաղ, որի նպատակն է լարվածության մեջ պահել նախ եւ առաջ Ռուսաստանը եւ Իրանըՙ նրանց ստիպելով արձագանքել իրադարձությունների զարգացմանը, իսկ եթե հաջողվի, ապա նաեւ ներքաշել հակամարտության մեջ:
Սակայն Անդրկովկասում ամբողջական աշխարհաքաղաքական պատկեր առայժմ չի նկատվում, նշում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը: Շրջանի երեք պետություններըՙ Ադրբեջանը, Վրաստանը եւ Հայաստանը, մնում են տարբեր դինամիկ վիճակներում, ինչը ակտիվորեն օգտագործում են ամերիկացիները: Եվ սա այն դեպքում, երբ, ինչպես ասվում է Քարնեգի հիմնադրամի զեկուցագրում, «ԱՄՆ-ը Անդրկովկասում կարեւոր շահեր չունի անվտանգության եւ տնտեսության ոլորտներում, սակայն նրա տարածաշրջանային շահերը դուրս են գալիս Անդրկովկասի սահմաններից»: Սիրիայի պատերազմը մոտենում է ավարտին, դրա հետ մեկտեղ ավարտվում է Մերձավոր Արեւելքում Վաշինգտոնի հրահրած բազմամյա ճգնաժամը: Ինչպիսին էլ լինեն տարաշրջանում անկայունություն եւ պատերազմ սադրած ԱՄՆ-ի նպատակները, արդյունքը դարձավ Մերձավոր Արեւելքում նրա դիրքերի կորուստը:
Վաշինգտոնը փնտրում է նահանջի ինչ-որ ճանապարհ եւ փորձում է նոր պայմաններին հարմարվել Անդրկովկասի միջոցով: Իսկ սա պատմական նոր պահ է, երբ ամերիկացիները, Թբիլիսիի վրա հենվելով, կարող են հրահրել տեղային ճգնաժամեր, ապակառուցողական վիճակ ստեղծել, այսպես կոչված «զսպման գիծը» հասցնել Վրաստան: Ինչ վերաբերում է Մոսկվային, նա տարածաշրջանում ԱՄՆ-ի ակտիվացման եւ Անդրկովկասի ռազմականացման հետ կապված մտահոգությունների արտահայտումից բացի որեւէ բան չի ձեռնարկում, բացի տարածաշրջանի հյուսիսում ռազմական ներկայության ուժեղացումից:
Հստակ ըմբռնում չկա նաեւ այն մասին, թե Բաքուն, Թբիլիսին եւ Երեւանը իրենցից ինչ են ներկայացնում Ռուսաստանի համար: Այստեղից էլՙ ի տարբերություն ամերիկյան կայուն վեկտորիՙ Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքական տվայտանքների մշտական փոփոխությունը: Ըստ որում, Իրանը եւ Թուրքիան նույնպես չեն կարողանում դառնալ ամբողջ տարածարջանի իրական գործոն, չնայած որ վրացի որոշ փորձագետներ նախազգուշացնում են, որ Վրաստանը չպետք է «կրակի հետ խաղա եւ կարմիր լաթ թափահարի» Մոսկվայի եւ Թեհրանի առջեւ:
Ամենքը զգում են, որ նախապատրաստվում է ինչ-որ կարեւոր բան, բայց դժվար է ասել, թե դա ինչպիսի բնույթ կունենա եւ երբ տեղի կունենա: Ինչպես գրում է The Washington Post-ը, ավելի վաղ Վաշինգտոնը մտադրվել էր մեկ վիթխարի նախագծի մեջ միավորել երկու աշխարհաքաղաքական նախագծերՙ «Մեծ Կովկասը» եւ «Մեծ Մերձավոր Արեւելքը»: Ո՞ւմը կլինի այդ նոր նախագիծը:
Stratfor վերլուծական գործակալությունը, որը նաեւ անվանում են «ստվերային ԿՀՎ», հրապարակել է աշխարհի տարբեր երկրների 2019 թվականի զարգացման վերաբերյալ իր կանխատեսումները: Հարկ է նշել, որ Ջորջ Ֆրիդմանի հիմնած այդ գործակալության կանխատեսումները միշտ չէ, որ իրականություն են դառնում: Օրինակ, 2015-2020 թթ. կանխատեսումներում նշվում էր, որ Ռուսաստանում սկսվելու է պաշտոնական եւ ոչ պաշտոնական մասնատման գործընթաց, եւ որ հարավում նա կորցնելու է Հյուսիսային Կովկասը վերահսկելու կարողությունը, իսկ Միջին Ասիայում սկսվելու է ապակայունացում, որ Իրանի իրադրությունն անցնելու է արտաքին վերահսկողության տակ եւ որ այդ երկիրը դադարելու է լինել տարածաշրջանի կարեւոր խաղացող, որ Թուրքիան զինված հակամարտության մեջ կմտնի Իրանի հետ եւ կհայտնվի Ռուսաստանի հետ պատերազմի շեմին, իսկ Չինաստանը կդադարի լինել համընդհանուր աճի շարժիչ ուժը, եւ այդ դերը կանցնի զանազան երկրների խմբին, որոնք կբնութագրվեն որպես «16 հետչինական երկրներ» (Հարավարեւելյան Ասիայի մեծ մասը, Հյուսիսային Աֆրիկան եւ Լատինական Ամերիկայի մասեր), եւ որ Արեւելյան Ասիայում գլխավոր տիրապետողը կմնա Ճապոնիան եւ այլն:
Մինչեւ Stratfor-ի նախանշած 2020 թվականը մնում է երկու տարի: Ընթերցողը թող դատի ամերիկացի վերլուծաբանների կանխատեսումների հավաստիության մասին: Գործակալությունը նշում է, որ ինքը կանխատում է ոչ ամեն ինչ եւ ուշադրությունը կենտրոնացնում է աշխարհում նկատվող կարեւոր միտումների վրա: Այս առումով 2019 թվականի կանխատեսումները նախանշում են ԱՄՆ-ի վարքային նոր պահանջմունքները: Հիմնական ուշադրությունը դարձված է ամերիկա-ռուսական հարաբերություններին, որոնք բնութագրվում են որպես դիմակայություն Արեւելյան Եվրոպայից մինչեւ Կովկաս եւ Կենտրոնական Ասիա: Նշվում է, որ Վաշինգտոնը մտադիր է 2019 թվականին ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա, ամրապնդել կապերը նախկին խորհրդային ծայրամասային հանրապետությունների հետ, Ռուսաստանին սահմանակից արեւմտամետ երկրների հետ զարգացնել հարաբերությունները զենք վաճառելու եւ զորավարժություններ անցկացնելու միջոցով. տնտեսական խթաններ եւ անվտանգության երաշխիքներ առաջարկել Մոսկվայի ծիրում գտնվող երկրներինՙ Ռուսաստանից նրանց կախվածությունը հաղթահարելու նպատակով: Այժմ անդրադառնանք Անդրկովկասի վերաբերյալ Stratfor-ի արած կանխատեսումներին:
«Անդրկովկասում Վաշինգտոնն ուշադրությունը կբեւեռի Հայաստանի կառավարության հետ կապերի ամրապնդման վրա: Հայաստանն ավանդաբար եղել է Ռուսաստանի հավատարիմ դաշնակիցներից մեկը, անդամակցում է Մոսկվայի գլխավորած Եվրասիական միությանը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Սակայն, ապրիլյան թավշյա հեղափոխությունից հետո, Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության ամիսների ընթացքում, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ծագել է քաղաքական լարվածություն: Միացյալ Նահանգները հույս ունի այդ լարվածությունն օգտագործել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ սեպ խրելու համար, ինչը նա արդեն փորձել է անել: Թեեւ Հայաստանը վերջին հաշվով դժվար թե հրաժարվի Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքից, հայ-ռուսական տարաձայնությունները Վաշինգտոնին կարող են հնարավորություն տալ Մոսկվայից հեռացնելու նրա ծայրամասային դաշնակցին: Հայաստանի գլխավոր հակառակորդ Ադրբեջանը նույնպես կարժանանա ԱՄՆ-ի ուշադրությանը, մանավանդ երբ խոսքը Իրանի վրա ճնշում գործադրելու մասին է: Ադրբեջանի եւ նրա հարավային հարեւանի փոխհարաբերությունները կլինեն լարված, քանի որ Բաքվի կառավարությունը փորձում է հավասարակշռությունը պահպանել Իրանի զսպման ռազմավարությանը միանալու միջոցով: Իրոք, Ադրբեջանը իրանական գազի գնումները դադարեցրել է նախքան նոյեմբերի 5-ի ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների կիրառումը, եւ դա եկող տարի կհանգեցնի ադրբեջանա-իրանական կապերի հետագա թուլացմանը:
Միեւնույն ժամանակ, Միացյալ Նահանգները կուժեղացնի անվտանգության հարցում Վրաստանին ցուցաբերվող աջակցությունը եւ նրա հետ կանցկացնի զորավարժություններ: Դա տարածաշրջանի միակ երկիրն է, որն ակտիվորեն ջանում է ինտեգրվել Եվրոմիությանը եւ ՆԱՏՕ-ին»:
Առաջինը, որ աչքի է զարնում այն է, որ եթե 2018 թվականի կանխատեսումներում Անդրկովկասի պետությունների արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխությունները շաղկապվում էին տեղական ընտրությունների արդյունքների հետ, հետեւություն էր արվում, որ «Ադրբեջանն ու Վրաստանը կշարունակեն Թուրքիայի հետ մերձեցումը պաշտպանության եւ էներգետիկայի ոլոտներում, իսկ Հայաստանը կամրապնդի իր ռազմական գործընկերությունը Ռուսաստանի հետ եւ տնտեսական կապերը Իրանի հետ», իսկ այժմ որպես ֆոն նշվում է իրանական գործոնը, բայց միայն Ադրբեջանի նկատմամբ: Stratfor-ի վերլուծաբանները վստահ են, որ Բաքուն կմիանա հակաիրանական պատժամիջոցներին: Այս կապակցությամբ ադրբեջանական փորձագետները համակողմանիորեն ուսումնասիրում են հակաիրանական պատժամիջոցները եւ դրանց հնարավոր հետեւանքները: Ինչպես Իրանի ուղղությամբ, այնպես էլ ամբողջ Մերձավոր Արեւելքում սեփական նպատակներին հասնելու ԱՄՆ-ի հաստատակամությունը Ադրբեջանի համար փորձաքար է Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի հետ դաշինքներին նրա մասնակցության առումով: Առավել եւս, որ Վաշինգտոնը չի թաքցնում Բաքվին իր շահերի ոլորտ ներքաշելու մտադրությունը, մի իրավիճակ, երբ Բաքուն ստիպված կլինի որոշել իր հետագա անելիքը. կա՛մ համագործակցել ԱՄՆ-ի հետ, կա՛մ էլ պահպանել կապերը Իրանի հետ:
Վրաստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացումը հնարավորություն կտա վերահսկել այնտեղով անցնող ադրբեջանական էներգետիկ հաղորդակցությունները: Ինչ վերաբերում է Հայաստանին, Վաշինգտոնին դժվար թե հաջողվի փոխել նրա ռազմավարական կողմնորոշումը հանդեպ Ռուսաստան, նշում է «Ռեգնում» գործակալությունը: Ընդսմին չի բացառվում, որ Վաշինգտոնում սկսեն խաղարկել Լենային Ղարաբաղի խաղաքարտը:
Stratfor-ի կանխատեսումները կարելի է համարել միտումնավոր տեղեկատվական արտահոսք, որի նպատակն է ի հայտ բերել Մոսկվայի արձագանքները փոփոխվող իրավիճակում Անդրկովկասի նկատմամբ վարվող քաղաքականության մեջ: Փաստն այն է, որ լարվածությունը նկատելիորեն աճում է, իսկ սահմանամերձ պետությունները դառնում են ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի մրցակցային պայքարի թատերաբեմ: