Հարցազրույցըՙ ԿԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆԻ
Աշխարհն այսօր ամենից շատ սիրո, հանդուրժողականության եւ հավատի պակասն ունի. այդ սյուներն աներեր պահելու համար շատ կարեւոր են առաջադեմ մարդկության համախմբվածությունն ու որոշակի քայլերը: Նման նախաձեռնություններից մեկի հեղինակն է Ղազախստանը, որի մայրաքաղաք Աստանայում վերջերսՙ հոկտեմբերի 10-11-ը, տեղի ունեցավ Համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների 6-րդ համաժողովը: Մինչ այդ, դեռեւս հուլիս ամսին, ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը Երեւանում կայացած Կլոր սեղան-քննարկման ընթացքում նշեց, որ Ղազախստանի նախագահության ընթացքում շարունակական աջակցություն է ցուցաբերվելու Եվրաատլանտյան տարածաշրջանում կրոնական հանդուրժողականության, կրոնների ու դավանանքների միջեւ երկխոսությունների գաղափարին:
Համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների համաժողովում քննարկված հարցերը զգոնության, հանդուրժողականության, համերաշխության, խաղաղության զանգի կոչնակն ենՙ ի լուր Երկիր-մոլորակի բնակչության:
Համաժողովում քննարկված հարցերի շուրջ «Ազգ»ը հնարավորություն ունեցավ զրուցելու Աստանայի համաժողովում Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնող պատվիրակիՙ Մայր աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արք. Հովհաննիսյանի հետ. ստորեւ մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այդ հարցազրույցը:
– Աստվա՛ծ օգնական, Սրբազա՛ն Հայր, ինչո՞ւ հե՛նց Աստանայում են կայանում համաժողովները. միայն այն պատճառով որ Ղազախստա՞նն է նման նախաձեռնության հեղինակը:
– Նախՙ այդ լուրջ, կարեւոր նախաձեռնության հեղինակը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն է: Առաջին համագումարին հետեւեց դրա լուրջ շարունակությունըՙ նախագահ Նազարբաեւի նախաձեռնությամբ եւ պետական լուրջ օժանդակությամբ: Այս տարի արդեն կազմակերպվեց 6-րդ համաժողովը, որին 46 երկրներից մասնակցում էին շուրջ 82 պատվիրակություններ: Հավանաբար, Աստանայում այդ համաժողովները գումարվելու պատճառներից մեկն էլ այն է, որ Ղազախստանն, ասես, գտնվում է կրոնների խաչմերուկում:
– Աստանայի այդ համաժողովի մշտական նախագահությո՞ւնն է որոշում յուրաքանչյուր կրոնական կազմակերպության ներկայացուցչին:
– Ո՛չ. թե ովքեր պետք է հրավիրվեն, անշուշտ, այդ առումով կան որոշակի չափորոշիչներ եւ կոնկրետ անձին չէ, որ հրավիրում են: Չափորոշիչներ կանՙ թե որ կրոններն են համարվում համաշխարհային, որոնքՙ ավանդական: Ամբողջ նպատակը համաշխարհային հիմնական կրոնների մասնակցությունն ապահովելն է, որի մեջ են քրիստոնեությունը, իսլամը, բուդդիզմը, արեւելյան այլ կրոններ, որոնք հին, ավանդական ծագում եւ աշխարհում մեծ տարածում ունեն:
– Ղազախստանը հրավե՞ր է ուղարկում, թե՞ ամեն երկիր ինքն է ընտրում իր ներկայացուցչին:
– Անձերի կոնկրետ հրավեր չի լինում. Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը պաշտոնական հրավեր է ստանում եւ ուղարկում է իր ներկայացուցչինՙ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ: Ես երկրորդ անգամ մասնակցեցի այդ համաժողովին: Նշեմ նաեւ, որ արդեն 10-րդ տարին էՙ մենք մշտական ներկայացուցիչ ունենք այդ համագումարի քարտուղարության կազմումՙ Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյաննը: Քարտուղարությունը համագումարի գործադիր մարմինն է, որն իրականացնում է շատ կարեւոր գործառույթներ: Քարտուղարությունը նախկին համագումարի հետ կապվածՙ որոշ հարցեր է լուծում եւ ամենակարեւորըՙ նախապատրաստում է գալիք համագումարը:
– Սրբազա՛ն, առանցքային ի՞նչ հարցեր քննարկվեցին 6-րդ համաժողովում: Եղե՞լ է, որ նախկին համագումարում դրված հարցը լուծում չի ստացել եւ այն վերաքննարկվել է նաեւ այս համագումարում:
– Այդ համաժողովների ընթացքում հիմնականում գլոբալ հարցեր են քննարկվում եւ ոչ տեղային հարցեր: Սովորաբար, միջկրոնական կամ քաղաքական հակամարտությունները քննարկվում են առանձին աշխատանքային խմբերումՙ իբրեւ փաստեր, եղելություններ, որոնք տեղային լուծման կարիք ունեն եւ ընդհանուր հարցի մեջ, անշուշտ, ունեն իրենց դերակատարումը:
Քննարկումների հիմնական նպատակը կրոնների դերն էՙ աշխարհում ամենուր խաղաղություն, հանդուրժողականություն հաստատելու գործում: Այս համաժողովում քննարկման դրված հարցերը միտված էին մեկ կարեւոր նպատակի, այն էՙ երկրի բոլոր ծագերում միավորվել խաղաղության հաստատման, ողջ մարդկության բարգավաճման հարցերի առանցքի շուրջ: Համաժողովի Հռչակագիրը 23 կետից է բաղկացած, որում, նախեւառաջ, բոլոր մասնակիցներն իրենց խորին երախտագիտությունն են հայտնում Ղազախստանի նախագահ, մեծարգո Նուրսուլթան Նազարբաեւինՙ աշխարհում արժեքավոր ներդրման գործընթացի, ժողովուրդների եւ պետությունների միջեւ փոխհամաձայնության, երկխոսության, ներդաշնակության համար եւ վկայում են իրենց խորին հարգանքն ու երախտագիտությունըՙ ողջ ղազախ ժողովրդին ու նրա կառավարությանըՙ հոգատար վերաբերմունքի, ջերմ հյուրընկալության համար:
Հիմնավոր եւ ընդգրկուն է առաջին իսկ կետը.
– Ամեն կերպ սատարել համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների ներգրավմանըՙ առավել գործուն ջանքեր ներդնելու երկարատեւ կայունության եւ ատելության ու անհանդուրժողականության հետեւանքով բռնությունների կանխարգելման գործում:
Եվ այս ոգով շարունակվում են մնացյալ կետերը, որոնք կազմում են մարդասիրության, խաղաղասիրության, հանդուրժողականության, սիրո հունդեր սերմանող վերոնշյալ Հռչակագիրը:
– Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում կրոնական կամ էթնիկ այն խմբերին, որոնց իրավունքները բռնության են ենթարկվում ծայրահեղականների եւ ահաբեկիչների կողմից:
– Ցավոք, քաղաքականությունը շահարկում է կրոնը, եւ շատ բախումներ տեղի են ունենում կրոնի անվան տակ, երբ կրոնն այդտեղ իրականում ոչ մի դեր չունի: Այս առումով բոլոր կրոնների ներկայացուցիչներն ամեն անգամ հայտնում են, որ որեւէ հավատք չի կարող չարի սպասավոր լինել, եւ յուրաքանչյուր կրոնի մեջ մարդկային կյանքն արժեւորվում էՙ իբրեւ աստվածային բարձրագույն պարգեւ:
– Ո՞ր կրոնի, ո՞ր երկրի ներկայացուցչի ելույթից եք առավել տպավորված:
– Չեմ որոշակիացնի որեւէ ելույթ, սակայն պետք է նշեմ, որ չափազանց տպավորիչ էր ելույթների մեծամասնության անկեղծությունը: Այնտեղ ոչ թե սոսկ կարգախոս էին հնչեցնում, այլ ելույթ էին ունենում կյանքում այդ կարգախոսներին հավատարիմ մարդիկ: Նրանք հետաքրքրական դեպքեր էին պատմում իրենց երկրից, իրենց կյանքից, բերում կոնկրետ օրինակներ: Այս համաժողովը մի պատեհ առիթ է, որպեսզի հակասող ու հակամարտող կրոնի ներկայացուցիչները բարեկամական մթնոլորտում համատեղվեն մի սեղանի շուրջ:
– Սրբազա՛ն Հայր, նման համաժողովներից հետո պատերազմող տարածաշրջաների երկրների միջեւ արդյոք մեղմանո՞ւմ է հակամարտությունը:
– Տեսանելի ոչինչ չի գրանցվում, սակայն եթե անգամ մարդկային մեկ կյանք է փրկվում, ուրեմնՙ ինչ-որ արդյունք, անշո՛ւշտ, կա: Հարցն այն է, որ անգամ ՄԱԿ-ի նման համաշխարհային հզոր կարզմակերպությունը չի կարող լուծել այդպիսի շատ հարցեր, ուր մնացՙ մի համաժողով: Դեռեւս ԽՍՀՄ-ի վաղ տարիներին կային շատ այլախոհներ, ովքեր պայքարում էին անկախության, մարդու ազատության համար, կային նաեւ մարդիկ, ովքեր ասում էինՙ ի՞նչ ես գլուխդ ցավի տակ դրել… Սակայն եթե չլինեին այդ այլախոհները, գաղափարի ջահը վառ պահողները, գաղափարի մարտիկները, մեր կյանքում փոփոխություններ տեղի չէին ունենա: Ժողովրդավարությունը մի օրում չի ստեղծվում, այն աստիճանաբար է կառուցվում. բոլոր ժամանակներում եղել են ու լինելու են ոչ միայն զինվորներ, այլեւՙ գաղափարի առաջամարտիկներ:
– Այսքան համաժողովներ են գումարվում, բայց աշխարհում դեռ շատ կան կրոնական, քաղաքական հակամարտություններ. եղե՞լ է մի դեպք, երբ համաժողովից հետո որեւէ հակամարտություն խաղաղ լուծում ստանա:
– Որեւէ համաժողով կախարդական փայտիկ չունի, որ կարողանա այդպիսի ընթացք ապահովել: Նման հավաքները, որտեղ շոշափվում են աշխարհի որեւիցե երկրում տեղ գտած ցավոտ հարցերը, միանգամից չեն կարող լուծվել:
– Սրբազա՛ն, ե՞րբ է գումարվելու հաջորդ համաժողովը:
– Այս համաժողովները գումարվում են 3 տարին մեկ, իսկ մինչ այդ արվում են բավականին լուրջ նախապատրաստական աշխատանքներ: Նշեմ, որ համագումարն ունի ոչ միայն մշտական քարտուղարություն, այլեւՙ թանգարան, որտեղ պահվում եւ ցուցադրվում են տարբեր երկրների եւ կրոնների ներկայացուցիչների նվիրած հետաքրքրական ու խորհրդանշական նվերները: Մենք մեզ հետ տարանք Աստվածամոր սրբապատկերը եւ Սուրբ Գրիգոր Տաթեւացու ձեռագիր ծաղկած Ավետարանի կրկնօրինակված հրատարակությունը: Նկարի հեղինակը Տիգրան Բարխանջյանն է: Սիրով պետք է նշեմ, որ այս տարի պետական պարգեւիՙ մեդալի արժանացավ քարտուղարությունում մեր մշտական ներկայացուցիչ, Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Այս համագումարի խորագրի բաղադրիչներիցՙ հանդուրժողականությունը կատարում է իր դերը:
– Համաժողովից հետո վերադարձաք հայրենիք, բայց Հայաստանում ոչ բոլորն են տեղյակ այդ համաժողովից. ինչպե՞ս պետք է սփռեք համագումարի մարդասիրական կոչերը, ո՞րն է ճանապարհը:
– Նախՙ այս բոլոր կետերը ես այնտեղից չեմ բերել, ունեցել եմ, որոնք, սակայն, համագումարում բանաձեւվել են կետերով: Հայաստանյայց Առաքելական եկեղեցին մշտապես տարածում է այդ կետերը, կիրառում դրանք եւ իրականացնում: Ինչ վերաբերում է հանդուրժողականությանը, մեր Առաքելական եկեղեցին նման հանդուրժողական, սիրո առաջնայնության հիման վրա գործող եկեղեցի է: Դեռեւս Սուրբ Ներսես Շնորհալու միջոցով արդեն գրավոր ձեւով մենք ունենք այդ հանդուրժողականության կարգախոսը, այն էՙ
Միությունՙ բոլոր կարեւոր հարցերում,
Ազատությունՙ երկրորդական բաներում,
իսկ ամեն ինչի մեջՙ Սեր:
– Ձեր գնահատականըՙ տեղի ունեցած համաժողովի առիթով:
– Շատ կարեւոր համաժողով էՙ աշխարհի մակարդակով. պետք է շնորհակալություն հայտնեմ Ղազախստանի նախագահինՙ գնահատելի նախաձեռնության եւ հրաշալի ընդունելության համար: Աննկարագրելիորեն անթերի էր կազմակերպված ամեն բանՙ սկսած բարձրակարգ սպասարկումիցՙ ջերմ հյուրընկալությամբ ու հյուրասիրությամբ: Ես բարի, շարունակական եւ արդյունավետ ընթացք եմ մաղթում համաժողովի հետագա գումարումներին: