Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմի շուկա համայնքի դպրոցում այս ուսումնական տարվանից վերսկսվել է «Երկարօրյա դպրոց» ծրագիրը։
Մեզ հետ զրույցում դպրոցի տնօրեն Զավեն Բադասյանն ասել է, որ «Երկարօրյա դպրոց»-ին մասնակցում է 187 աշակերտ։
«Մեկնարկը տրվել է հոկտեմբերի 3-ից։ Աշխատում է 7 դաստիարակ և 4 խոհարար։ Երեխաների առօրյան հագեցած է անցնում։ Դասերի ավարտից հետո նրանք 3 խմբով ճաշում են, զբաղվում իրենց նախասիրություններով, այնուհետև անցնում դասապատրաստման։ Արդյունքում աշակերտները հաջորդ օրվա դասերին գրեթե ամբողջությամբ պատրաստված գնում են տուն»,-ներկայացրել է դպրոցի տնօրենը։
Նա նշել է, որ համայնքում էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների պատճառով Երկարօրյայի երեխաների համար ճաշ պատրաստելու հետ կապված խնդիրներ են առաջանում։
Անդրադառնալով Կարմիր շուկայի կրթօջախի առաջնահերթ խնդրին, տնօրեն Զ.Բադասյանը նշել է համակարգչային տեխնիկայի սակավությունը։