ՖԻԼԻՊ ՔԵՆԻՔՈԹ
Օրսոն Ուելսը «Երրորդ մարդը» ֆիլմում առաջ է քաշում մի ցինիկ տեսություն, թե ինչն է որոշ մշակույթները դարձնում ստեղծարար, իսկ որոշ մշակույթներՙ ոչ: «Շվեյցարիայում եղբայրական սեր էր տիրում, 500-ամյա ժողովրդավարություն ու խաղաղություն, եւ արդյունքում ի՞նչ ստեղծեցին նրանք: Կկուով ժամացույց»: Սա խաղաղության կամ ժողովրդավարության ստեղծարար ներուժի անաչառ հանրագումարը չէ, ընդամենը մի փոքր ավելի ճշգրիտ ներկայացնում է շվեյցարացիների մշակութային ձեռքբերումները: Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը սակայն, կարծես շրջելով տրամաբանությունը, նույնն բանն է ապացուցում:
Հայաստանի վաղ շրջանի քրիստոնեական արվեստի մասին արված մի հիանալի ուսումնասիրություն վկայում է, որ ինչքան էլ ցրված էին մարդիկ, որքան էլ հաճախակի էին պատերազմները կամ ցավալիՙ պառակտումները, հայոց մշակութային զարթոնքը, միեւնույն է, անկասելի էր:
«Հայաստան. արվեստը, կրոնը եւ առեւտուրը միջնադարում» ցուցահանդեսը քննում է քրիստոնյա ստեղծարարությունը հայոց քրիստոնեության սկզբնավորումից (4-րդ դար) մինչեւ 17-րդ դարը, երբ տպագիր գրքերի շրջանառությունը կապում էր տարածաշրջանն ու այնտեղ բնակվող մարդկանց Վերածննդիՙ ավելի լայն մշակութային հոսանքների հետ:
Ցուցադրված ավելի քան 140 նմուշների մեծ մասը խոսում է հայ ժողովրդի մշակութային կայացման մեջ քրիստոնեության դերի մասին: Երբ Տրդատ արքան 4-րդ դարում փոխեց երկրի կրոնը, Հայաստանը դարձավ նոր հավատքը պաշտոնապես ընդունած առաջին պետությունը: 4-5-րդ դդ. քառակողմ քանդակը ցույց է տալիս այդ բազմապիսի լեգենդները, որոնք հյուսվել են այդ որոշման շուրջը: Կողմերից մեկը պատկերում է մի հարուստ հագնված տղամարդուՙ վարազի գլխով, հավանաբարՙ Տրդատին, որի դավանափոխության ուղին սկսվել է քրիստոնյա կույսերի սպանությամբ, որի պատճառով էլ, մինչեւ վերջնականապես իր սխալը հասկանալն ու նոր դավանանքին անցնելը, նա փոխակերպվել էր խոզագլուխ մարդու: (Ըստ երեւույթին, հետագայում կրկին մարդու տեսք է ստացել): Այդ պատմությունը, որը պարունակում է մի փոքր «Ոդիսական» կամ այդ ժամանակաշրջանի մեկ այլ լեգենդի խառնուրդ, ցուցահանդեսի կրկնվող թեմաներից է:
Հայերը երկար ժամանակ մխրճված են եղել երկու հակամարտող տերություններիՙ Բյուզանդական կայսրության եւ Պարսկաստանի միջեւ, ցավոք, հաճախ նաեւ ճակատային գծում են եղելՙ դեպի Միջերկրական աշխարհ իրականացվող մոնղոլական արշավանքների ժամանակ: Իսլամով ոգեշնչված արաբական ուժերը, նաեւ մամլուքները, սպառնալիք էին հայերի համար, որոնց հայրենիքը ժամանակ առ ժամանակ կառավարում էին Օմայանները, Աբբասյանները եւ սելջուկները: Հայերը 12-13-րդ դդ. ստիպված էին պայքարել Միջերկրական ծովի արեւելքում հաստատված Արեւմտյան Եվրոպայի խաչակիր երկրների դեմ, որոնք երբեմն աչքի էին ընկնում կառուցողական դաշինքների առաջարկներով, երբեմն էլՙ ուժի կիրառմամբ, սակայն այդ ամենը նոր պատկերագրությունների եւ մշակութային փոխանակման համար օգտակար աղբյուր էր:
Հայաստանը գտնվում էր Արեւելքը եւ Արեւմուտքը կապող գլխավոր առեւտրային ուղու վրա, եւ ցուցադրվող նմուշներից շատերը, որ աչքի են ընկնում հարստությամբ ու բազմազանությամբ, տեղ էին գտնում հայկական ամրոցներում, որոնք այնքան անվտանգ էին, որ դեռ որոշ ժամանակ ապահովում էին նրանց բարգավաճումը: Նուրբ, սպիտակ խեցեգործական գավաթը կարծես չինական արտադրանք լինի, բայց հավանաբար պատրաստված է Իրանում 11-12-րդ դդ.: Մատթեոս Փարիզեցու գրած Անգլիայի 13-րդ դարի քրոնիկոնի էջերից մեկը պատկերում է Նոյյան տապանըՙ հզոր լեռան վրա կանգնած, որը հրեա-քրիստոնեական կենտրոնականությանն ուղղված Հայաստանի ամենազարմանալի հաստատումներից մեկի տեսողական վկայությունն էՙ որպես լողացող գազանանոցի վերջին հանգրվանը Արարատ լեռան վրա:
Ցուցադրվող նյութի մեջ խորապես ամրապնդված է սինկրետիկ մտածողությանը: Բոլոր երեք ձեռագրերում էլ միեւնույն եւ գրեթե նույնական բարդ կերպարանքով առասպելական հրեշն էՙ նման չորքոտանի արծվառյուծի, որի մարմինը կազմված է այլ կենդանիներից, ներառյալ ձկից, միգուցեՙ թռչուններից եւ անգամՙ մարդկային գլուխներից: Այն առկա է պատկերուսույց գրքում, որը հավանաբար գործածել են ձեռագրեր ծաղկողները, եւ օգտագործվել է 16-րդ դարում ստեղծված Ալեքսանդրի վեպիՙ հնագույն աշխարհի պատմական նվաճողի մասին պատմող լեգենդների ու պատմությունների զվարճալի հավաքածուի հայերեն թարգմանության պատկերազարդման մեջ:
Պատկերուսույց գրքում առկա է մի ենթադրյալ առասպելական կերպարանքՙ վերցված պարսկական կամ մուղալական* աղբյուրներից, սակայն Ալեքսանդրի վեպում դա հենց մեծն զորավարի ձին էՙ Բուսեֆալուսը: Եւ ինչո՞ւ ոչ: Մենք մտածում ենք այն, ինչը պատրաստ ենք փոխանցելՙ փոփոխելով հին գաղափարների նշանակությունը նոր կարիքների համար: Մեկը կարող է ասել, որ նկարիչը զուրկ է եղել երեւակայությունից եւ անհեթեթություն է պատկերել, իսկ մյուսը կարող է ընդունել, որ նույն մտավոր մեթոդաբանությունը տվել է մեզ նոր կրոններ, նոր փիլիսոփայություններ ու նոր քաղաքական գաղափարախոսություն:
Հայ մշակույթը չի կլանել միայն իր միջով եւ շուրջն ընթացող հոսանքները: Տարածվելը եւս կարեւոր ուժ է եղել, քանի որ հայ սփյուռքը ցրված է եղել աշխարհի տարբեր քաղաքներում: Հայերը կենսական դեր են խաղացել Բյուզանդական կայսրությունում, ստեղծել են համայնքներ Երուսաղեմում, Հալեպում եւ Կոստանդնուպոլսում, ամուսնական կապեր հաստատել ֆրանսիացի խաչակիրների հետ, վերաբնակվել Ղրիմում, հենակետեր հիմնել Իտալիայի ուխտագնացների ճանապարհների երկայնքով: Ցուցադրվող ամենացնցող նմուշներից մի քանիսը Սպահանի արվարձան Նոր Ջուղայից են (Իրան): Հայ համայնքը սկսեց այնտեղ հաստատվել այն բանից հետո, երբ 150.000 հայեր բռնի կերպով տեղահանվեցին Հին Ջուղայից, որն այժմ Ադրբեջանում է: Տեղահանումը ցավոտ էր, սակայն Սեֆյանների համեմատաբար բարյացակամ պաշտպանության ներքո հայերը բարգավաճեցին Նոր Ջուղայում, հրատարակեցին գրքեր, կառուցեցին եկեղեցիներ եւ էլիտար տներ, իսկ շահերի համար դարձան ֆինանսավորման հիմնական աղբյուր: Բայց ուշադրություն դարձրեք այս ասեղնագործած քարինՙ խաչքարին, որը խաչ պատկերող առանձնահատուկ կրոնական կոթող է եւ աշխարհին նայելու հայկական եղանակի մի քանի նրբագեղ օրինակներից մեկը: Այն ստեղծվել է Հին Ջուղայում, 1586 թ.: Մինչեւ 17-րդ դարը Ջուղայում պահպանվել էր խաչքարերի գրեթե 10.000 օրինակ: Շատերը կորել են 1903-1904 թթ. երկաթգծի կառուցման ընթացքում, մինչեւ 1990-ականները պահպանվել էր մոտավորապես 3000 օրինակ: Իսկ 1998-2005 թթ. ընթացքում ադրբեջանական բանակի ոչնչացումներից հետո մեզ հասել են միայն 30-ը: Հայ մշակույթին հասցված այս ծանր հարվածն այնքան էլ հայտնի չէ: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Թուրքիայի կողմից իրականացրած ցեղասպանությունը նույնպես իր մեծ հետքը թողեց հայ մշակույթի վրա:
Ոճրագործները չեն ճանաչում այս հանցագործությունները եւ մնում են անպատիժ: Սա կարող է ձեզ ստիպել վերանայել հոդվածի սկզբում հայտնված միտքը. հայերն ինչ-որ կերպ ապացուցել են, որ անկախ բռնությունից եւ պառակտումներից, մշակույթը կարող է ծաղկում ապրել: Այո՛, այդպես էլ եղել է: Բայց պատկերացրե՛ք, թե ինչերի կհասներ հայ մշակույթը, եթե վայելեր այն նույն կայունությունն ու բարեկեցությունը, որը շվեյցարացիներին ընդամենը կկուով ժամացույց տվեց:
«Վաշինգտոն փոստ», 26.10.2018
* Հնդկաստանում իշխած մահմեդականներ:
Անգլերենից թարգմանեց ՄԵՐՈՒԺԱՆ ՂԱՐԻԲՅԱՆԸ