ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, Ավստրիա, Գրաց
Մտքումՙ միշտ Հայաստանը
Որ 2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունները զուտ հայաստանյան գործընթացներ էին, կարծում եմ դրանց արդյունքում իշխանության եկած նորօրյա ուժերից առավել վստահ են շարժման հարյուր հազարավոր մասնակիցներն ու աջակիցները: Եվ այսուհանդերձ անկարելի է չարձանագրել, որ Փաշինյան եւ ընկերությունն իրոք անհնարին թվացողն իրականություն դարձրին, շարժեցին անշարժն ու հայ մարդուն եւ առաջին հերթին հայաստանաբնակին առաջիկայի հանդեպ հույս ներշնչեցին: Այս պարագայում անհասկանալի է իշխանության եւ նրան մերձակա որոշ ուժերի պահվածքը գլխավորապես այլոց, ներդրումային որակվող միջավայրի օգնությամբ, լուծելու հեղափոխության բուն նպատակըՙ Հայաստանի Հանրապետության լիարժեք կայացումը, տնտեսական հզորացումը, ուր մշտապես հիմնական գործոն է հռչակվել Հայաստանի հպարտ քաղաքացին:
Ինչ-որ առումով նախորդներից եկող գործընթաց, երբ չգիտես ինչ շարժառիթներով երկիր էին հրավիրվում նոբելյան մրցանակակիրներ, անվանի ու հայտնի տնտեսագետներ, իրենց երկրները վերափոխած նշանավոր այրեր: Առաջին հայացքից նպատակը կարծես արդարացված էր. ինչ-որ բան անել, աշխատանքի տպավորություն ստեղծել, որոնք հիմա եթե մի փոքր տնտղենք, թերեւս պարզվի, որ յուրօրինակ բիզնեսի պարզագույն դրսեւորումներ էին, ընդամենը շահույթ հետապնդող նպատակներ: Չէ՞ որ հրավիրյալների դասախոսություններին մասնակցելու մուտքի վճարները հարյուր հազարավոր դրամներ էին կազմում, նրանց հետ ընթրիք-զրույցներին ներկա գտնվելըՙ միլիոն եւ ավելի դրամ էր գնահատվում: Փողերը ծախսվում էին, թանկ ժամանակն անցնում էր, եւ որոշ շրջան անց պարզվում ու հաստատվում, որ դրանք որեւէ հետեւանքի չհանգեցնող ձեռնարկումներ էին, ժողովրդական խոսքով ասվածՙ ջուր ծեծելու պես մի բան: Եվ հերթական անգամ հարցըՙ իսկ ինչ անել, հնչում էր բնականաբար: Փորձեմ ինչ-որ առումով պատասխան փնտրել:
Արդեն որերորդ անգամ հայաստանաբնակներիս համար բնորոշ դարձած ընտանեկան հանգամանքների բերումով վերջին տարիներին պարբերաբար այցելում եմ հյուրնկալ ու բարյացակամ Ավստրիա: Այս երկրին նվիրված Հայկական սովետական հանրագիտարանի «Ավստրիա» հրապարակումից տեղեկանում ենք, որ 1890 թվականին, հազիվ 130 տարի առաջ, երկրի մայրաքաղաք Վիեննայում ընդամենը 60 հայ կար, 1962-ինՙ մոտ 300 հայ, հիմնականում հոգեւոր, մշակույթի ու առեւտրա-արհեստագործական դասի ներկայացուցիչներ: Իսկ ահա հեղինակիս մտահոգող գյուղոլորտի վերաբերյալ բաժնում կարդում ենք. 1970-ականների Ավստրիան ունի բազմաճյուղ գյուղատնտեսություն, ուր մշակում են հացահատիկ, բանջարեղեն, պտուղներ ու խաղող, իսկ 1 կովի միջին տարեկան կաթնատվությունը կազմում է… 3084 լիտր: Կարծես Հայաստանի Հանրապետության մերօրյա պատկերն է ներկայացվումՙ երեկվա, այսօրվա եւ թերեւս վաղվա. քանզի արդեն երեք տասնամյակ ՀՀ գյուղոլորտի կառավարիչներին չի հաջողվում անգամ նվազագույն արդյունքներով նպաստել նորանկախ երկրի տնտեսության կայացմանը, ինչու չէՙ զարգացմանը, որը նկատում ենք մերօրյա Ավստրիայի պարագայում:
Եվրոպայի կենտրոնական հատվածում գտնվող այս երկիրը տարածքով ու բնակչությամբ մեր 3-ապատիկն է, 1 բնակչի հաշվով նույնքան վարելահող ունի, որքան մենքՙ 1700 քառակուսի մետր: Բայց արի ու տեսՙ հիմնական պարենմթերքների եւ վերամշակվող գյուղատնտեսական հումքի առումով գրեթե ինքնաբավ է: Ինչի՞ շնորհիվ. հիմնականում գյուղոլորտի գործունեությունը վերանայելու: Համաշխարհային տնտեսվարումը, Երկիր մոլորակի ո՛ր հատվածում էլ լինի, ի՛նչ կրոնի ու ռասսայի կողմից էլ ղեկավարվի, հիմնական 3 նպատակի իրականացման է ուղղվածՙ սնունդ մարդկանց համար, կեր անասուններին եւ հումք վերամշակման նպատակով: ՀՀ պարագայում կարող ենք արձանագրել. մեր բնակչության սննդակարգը հիմնականում ներկրվող հումքից է, սկսած հացահատիկից, կաթնա-մսամթերքներից մինչեւ հատիկաընդեղենները, բուսական ու կենդանական յուղերը, շաքարավազը, սոխը, սխտորը…: Երկրորդ նպատակըՙ կերեր անասունների համարՙ որպես խնդիր չի դիտարկվում, անասնակեր ասելով գյուղոլորտը ղեկավարող տարին մեկ փոխվող նախարարներից սկսած մինչեւ նեղ մասնագետները նկատի ունեն ամառային շրջանի կանաչն ու ձմռան համար կուտակվող չոր խոտը: Թե ինչով են կերակրվելու ՀՀ-ում պահվող տասնյակ հազարավոր խոզերն ու միլիոնավոր հավերը, դա ոչ մեկին չի հետաքրքրում: Արդյունքում ունենք մի վիճակ, երբ առեւտրային ցանցում որպես կաթնամթերք ներկայացվող պարենն ընդամենը կաթ պարունակող ապրանք է, իսկ կաթ արտադրող գյուղաբնակը կաթի մթերման գնից մշտապես դժգոհող մենատնտես:
Համանման պատկեր է գյուղոլորտի գրեթե բոլոր ճյուղերումՙ մսամթերքների, բանջարա-բոստանային մշակաբույսերի, այգեգործության ու հատկապես խաղողագործության ոլորտներում: Այն ինչպես կար նախորդ դարի 90-ականներին, գրեթե նույնությամբ կրկնվում ու շարունակվում է 2000-ականների երկրորդ տասնամյակի ավարտին: Գյուղարտադրանքը նվազում է, որակն ընկնում, գները բարձրանում, եւ ոչ մեկն այս աղետալի գործընթացը խնդիր չի համարում:
Այս պայմաններում, ինչքան էլ տնտեսվարման առումով վիճակը տարօրինակ համարվի, օրվա ու ժամանակի կարգախոս է հայտարարվում Հայաստանը ագրարային երկրից բարձր տեխնոլոգիաների երկիր դարձնելու մոտեցումը, կուզեքՙ գաղափարը: Դե գրավիչ է հնչումՙ տեղեկատվական տեխնոլոգիաներ, թվայնացում, ծրագրավորողներ, ինչու չէ, կեղտոտ ռումբ, արհեստական արեւ, մի խոսքովՙ 2-րդ…: Որ ասենք հրեից պետությունն այս ամենն ունենալով հանդերձ շարունակում է ստեպղինի աննախադեպ, 300 հազար տոննան գերազանցող ծավալներ արտադրել, դրա առնվազն 100 հազար տոննան Ռուսաստանի դաշնություն արտահանել, դա ոչինչ: Նույնըՙ արտադրվող 650 հազար տոննա հավի մսի առումով, որը Իսրայելին ինքնաբավություն է երաշխավորում, երբ ՀՀ-ում այս մսատեսակը հիմնականում ներկրվող է, դա էլ ոչինչ: Երկիր հոսող արտարժույթներով կգնենք ինչ ուզենք եւ ինչքան ուզենք, աշխարհի չորս կողմերում դրանց պաշարներն անսպառ են: Միայն պարզ չէ, ինչպես հանրահայտ հավի ու ձվի հայտնվելու պարագայում է, ասենք Իսրայելում նախ անօդաչու թռչող սարքե՞րն են իհայտ եկել, հետո արդեն հավի մսի ինքնաբավ պաշարները, թե՞ հակառակը:
Դիտարկելով արդեն հիշատակված Ավստրիայի տնտեսության օրինակը, որի ժամանակակից գիտա-տեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտները չեն զիջում համաշխարհային հսկաներին, կարելի է վստահաբար նշել, որ ագրարային ոլորտն է հանդիսացել այն ցատկահարթակը, որի շնորհիվ հաստատվում է այսօրվա Ավստրիան: Այստեղ կեսկատակ նշում են, որ ավստրիական որակյալ սնունդն է ոգեշնչել Մոցարտին իր ստեղծագործական գործունեությունում: Վստահաբար կարելի է նշել, որ ներկայիս Ավստրիայի երիտասարդ վարչապետը, ինչպես իր բազմաթիվ նախորդները, հպարտության զգացում են ապրում, որ երկրի բնակչության միջին տարիքն աշխարհում ամենաբարձրներից է, քանզի այլեւայլ պայմանների կողքին երաշխավորում են իրենց մարդկանց լավագույն սննդակարգը: Երկրի առեւտրային ցանցում վաճառվող հիմնական ապրանքների վրա նշմարվում է Ավստրիայի դրոշը, որը որակի երաշխիք է: Ընդունված մոտեցում կա, որ երկրի տնտեսության պատասխանատուներն իրենց շատ անհարմար վիճակում կզգան, եթե Ավստրիա ներմուծվի ինչ-որ բան, որ իրենք զլացել են ստեղծել: Միայն նման մոտեցման արդյունքում է հնարավոր դարձել ոչ միայն առավելագույն պարենապահովության հասնել, այլեւ արտադրել այն ամենը, ինչ անհրաժեշտ է շարքային ավստրիացունՙ դանակ-պատառաքաղից մինչեւ կենցաղային էլեկտրատեխնիկա, դեղերից մինչեւ մարզագույք, հագուստից մինչեւ աներեւակայելի արտադրամիջոցներ: Երեւանի դեղատներում ավստրիական արտադրության մի քանի տասնյակ նշանակության ու անվանումների դեղերի կարելի է հանդիպել, իսկ հակառակը չենք նկատում: Իդեպ, ավստրիական բնակավայրերում դեղատներ ու ծխախոտի վաճառքի կետեր գտնելը հեշտ գործ չէ:
Սիրողական մակարդակով դիտարկելով ավստրիական միջավայրը, կարելի է նշել, որ լուրջ քննարկում է պահանջում մեր իշխանության հատկապես վերջին այն հայտարարությունը, թե ՀՀ-ում գերակա պետք է լինեն տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունն ու հանքարդյունաբերությունը: Իսկ ինչ է, մեր մարդիկ պարտադրված են լինելու անվերջ չինական ու թուրքական արտադրության, ասենքՙ կոշիկ ու բաճկո՞ն գնել: Այս արտադրատեսակներն Ավստրիայում գերազանցապես բնական կաշիներից են պատրաստում: Անշուշտ, նաեւ լավագույնս կառավարվող գյուղոլորտի շնորհիվ, որտեղ պահվող 5-6 մլն խոշորն ու խոզը կաթ ու միս ապահովելուց բացի նաեւ կաշվի հումք են դառնում: Մենք պարզապես այլ անելիք չունենք, քան էՙ հետեւել նման ոչ բարդ զարգացումներին, նպաստել անասնագլխաքանակների աճին, կանխել դրանց կաշին անբարյացակամ հարեւան երկիր արտահանելը, այն մշակել Երեւանում անգործության մատնված ձեռնարկությունում: Ինչո՞ւ է հայաստանյան տնտեսվարական միտքն այսչափ անօգնական վիճակում, երբ այլոց կողմից պարզապես ձեռքի հետ լուծվող հարցերը մեզանում գերխնդիրներ են հռչակվում, անհասանելի հայտարարվում: Չգիտես ինչ շարժառիթով Հայաստանի Հանրապետությունը փոքր է համարվում, երբ թե՛ Ավստրիայում, թե՛ մեր հարազատ երկրում 1 քմ-ի վրա մոտ 100 մարդ է ապրում, թե՛ մեկում, թե՛ մյուսում վարելահողերը տարածքների 17-ական տոկոսն են կազմում… Բայց արի ու տես, որ այստեղ գյուղոլորտում աշխատունակ բնակչության հազիվ 5 տոկոսն է զբաղված, մեզանումՙ 40 տոկոսը, նրանց արտադրած կաթն այնքան շատ է, որ լիտրը նկարում պատկերված 57 ցենտով են առաջարկում, որը ՀՀ արժույթով մոտ 300 դրամ է կազմում, որի կեսը հարկերն են, բյուջեի ծախսերի տեսքով մարդկանց վերադարձվող գումարներ, նրանց առօրյան նպաստավոր դարձնող միջոցներ: Ստացվում է, որ ՀՀ գյուղոլորտը նվազագույնս է կատարում իր 3-րդ խնդիրըՙ հումքի ապահովումը վերամշակողներին, որտեղ մասամբ տեսանելի են ծխախոտագործությունն ու ծխախոտի մշակումը:
Այսօրինակ հարցերի պատասխանները փնտրելու համար հարկավոր է ընդամենը պարզել. ի՞նչ ճանապարհով են Ավստրիայի կառավարիչները կարողանում յուրաքանչյուր տարի մինչեւ 600 հազար տոննա խոզի միս արտադրել, Իսրայելում այս ցուցանիշն ապահովում են հավի մսի առումով, քանզի կրոնական շարժառիթով խոզի միս չեն օգտագործում: Ինչպես է Ճապոնիային հաջողվում իր 125 մլն բնակչությանն անհրաժեշտ բրնձի 12 մլն տոննա արտադրությունն իրականացնել, երբ երկիրը կարելի է սակավահող դիտարկել: Համաշխարհային տեղեկատվական հաղորդումների օգնությամբ հետեւում եմ նման գործընթացներին, որոնք հազվադեպ են ինչ-ինչ աղետների հետեւանքով խնդիրներ հարուցում, գնաճի պատճառ դառնում: Ավստրիացին խոզի միսն է վայելում, իսրայելցին հավի միսը, ճապոնացին սուշին, արգենտինացին ստեյկը, Հոլանդիա ասելիս կարտոֆիլն ենք հիշում, Շվեյցարիայի պարագայում պանիրը, Իտալիան մտաբերելիս մակարոնն ու պիցցան, Չեխիան, Ֆինլանդիան կամ Շոտլանդիան հիշելիս գարեջուրը, օղին ու վիսկին: Այսպիսին է մարդ-արարածը, անկախՙ տարբեր տեղերից հնչող գնահատականից:
Մեզանում ՀՀ կայացման հիմնական ոլորտներից մեկը հանդիսացող գյուղատնտեսությունը կարծես միայն խնդիրներ է հարուցումՙ մեկ կաթնամթերքի գնի ու որակի տեսքով, ապա ձիու միս առաջարկելով, տեսար Վրաստանից ներկրված լոլիկ հրամցնելով, Ադրբեջանից խնձոր, տարածաշրջանի ու հեռավոր երկրներից ինչ պատահի: Իսկ ահա հայկական հարյուր հազարավոր հեկտարներ բարեբեր հողերն անմշակ են, դրանք խոտհարքների ու արոտավայրերի են վերածվում: Օրերս լուր տարածվեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն առաջիկա տարիների համար ոլորտի զարգացման ռազմավարական նոր փաստաթուղթ է պատրաստում: Ողջունելի է, միայն թե նախորդների ճակատագրին չարժանանա, նպաստի ՀՀ տնտեսության շարժին, աշխուժացմանը, զարգացմանը:Այստեղ մի պարզ հաշվարկ կատարեցի. առաջիկա տարիների կանխատեսվող միջին 5 տոկոս տնտեսական աճի պարագայում ՀՀ ՀՆԱ-ն 10 տարի անց կհասնի 20 մլրդ դոլարի, որպիսի ցուցանիշ ունի ներկայից Մոլդովան, մեր տարածքին ու բնակչությանը մոտ երբեմնի խորհրդային այդ երկիրը:
Եզրակացությունն ինքներդ արեք:
05.11. 2018 թ