Հոկտեմբերի 6-ին Պրահայում առաջին անգամ գումարվեց «Եւրոպական քաղաքական համայնք» նոր ձեւչափով անդրանիկ հանդիպումը, որին մասնակցեցին 44 երկրների պետության եւ կառավարության ղեկավարներ: Այս ձեւչափի կնքահայր Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հույս հայտնեց, թե նոր կազմավորված կառույցն ի ցույց կդնի միասնականություն, կկարողանա ցայժմ չեղած ռազմավարական քննարկումներ կազմակերպել: Գերմանիայի կանցլեր Շոլցն ընդգծեց, որ նորարարությունը խաղաղության եւ անվտանգության համար նպաստավոր կլինի: Այս նոր ձեւաչափը եվրոպական ժողովրդավար երկրների միակամ եւ վճռական ճակատն է դառնալու Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի բիրտ վարքի դեմ, ծանուցում են գերմանական լրատվամիջոցները, որ բնական է, անդրադառնում են քննարկման գլխավոր հարցին՝ Ուկրաինայի ճակատագրին, որի հերոսը՝ նախագահ Զելենսկին ներկա չէ, հաղորդակցվում է տեսակապի միջոցով, նրա փոխարեն Պրահա է ժամանել երկրի վարչապետ Շմիհալը: Գերմնական ԶԼՄ-ների ուշադրությունից չի վրիպել Մեծ Բրիտանիայի Լեյբորիստների կուսակցության պատգամավոր Բրեդշոյի այն հայտարարությունը, թե իր երկիրը չի ցանկանում մեկուսացած լինել Եւրոպայում: Ընդգծել, որ Ուկրաինային զենք մատակարարելու հարցում բրիտանացիները մեծ դերակատարում ունեն, իսկ ՄԹ վարչապետն իր մասնակցությամբ ցանկանում է հզորացնել Ռուսաստանի դեմ ընդդիմադիր ճակատը:
Տարբեր փորձագետներ կարծիք են հայտնում, թե ամեն բան դյուրին եւ հարթ ընթացք չի կարող ունենալ, քանի որ էներգետիկ քաղաքականության հարցում օրինակ տարաբնույթ շահերի բախումն ակնհայտ է: Որպես օրինակ ներկայացվում է «թշնամական հարաբերություններ ունեցող Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Հունաստանի, նաեւ Կիպրոսի ներկայությունը, որ Բրյուսելի համար հոգս է դարձել՝ ինչպես կարգավորել նրանց աթոռները մի սեղանի շուրջ, ում՝ որտեղ նստեցնել:
Գերմանական «Մերկուր» լրատվականն ընդգծում է, որ լուսանկարներում տեսանելի են Ադրբեջանի նախագահ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Փաշինյանի կողք կողքի նստելն ու զրուցելը, իսկ շաբաթներ առաջ նրանց ղեկավարած երկրները ծանր մարտեր էին մղում միմյանց դեմ Ղարաբաղում: Երկու կողմն էլ տասնյակից ավելի զոհեր ունեցան: Նրանց կողքին՝ Թուրքիայի նախագահ Էրդողանն է, որ սատարում է Ադրբեջանին: Իսկ Հայաստանի հետ դիվանագիտական մերձեցման ձգտում: Նույն աղբյուրը նկատել է տալիս, որ այս խումբը Հունգարիայի վարչապետ Օրբանի հետ խոսում է թյուրքական պետությունների կազմակերպության մասին, իսկ Էրդողանը կատակում է Մակրոնին թուրքերեն դիմելով՝ արի քեզ էլ ընդունենք թյուրքական պետությունների կազմակերպության մեջ:
Ռուսաստանի դեմ դիրքավորված Պրահայի հանդիպումից հետո այսօր վարչապետ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի ՌԴ, Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա