Հարցազրույցը վարեց` ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ
Հարցազրույց ՌԱԿ Գերագույն խորհրդի քարտուղար դոկտոր Հրաչ Գույումջյանի հետ
Հայաստանը համարվում է զարգացող պետություն, որը անկախության տարիներին գրանցել է ե՛ւ տնտեսական հաջողություններ, ե՛ւ անհաջողություններ, սակայն գերիշխում է այն կարծիքը, թե ՀՀ- ի տնտեսական զարգացումը, վերջին 27 տարիների ընթացքում, ընդհանուր առմամբ հաջողված չէ։ Հաշվի առնելով Ձեր փորձը, որ որպես ՄԱԿ-ի կարեւոր ներկայացուցիչ աշխատել եք աշխարհի զարգացող մի շարք պետություններում, ի՞նչ խնդիրների են բախվում Հայաստանի տիպի պետությունները եւ որո՞նք են դրանց լուծման ուղիները։
Նախ ուզում եմ ասել, որ ես տնտեսական զարգացման մասնագետ չեմ։ Սակայն աշխատել եմ երրորդ աշխարհի երկրների հետ եւ, ինչպես ասում են, շատ բաներ տեսել եմ առաջին ձեռքից։ Առաջինն այն է, որ շատ ներդրողներ եւ գործարարներ, թե՛օտարազգի ու թե՛ Սփյուռքի, կխուսափեն այն երկրներից, որտեղ քաղաքական անկայունություն կա։ Այն երկրները, որտեղ անկայունություն կամ դրամի անկում կա, ներդրողները չեն գնա, ապահովությունն ու քաղաքական կայունությունը շատ կարեւոր են։ Հայաստանը հենց այսՙ կայունության ու ապահովության ճանապարհով պետք է զարգանա ու առաջ գնա, սակայն, ինչպես ասում են, ճանապարհի վերջը դեռ չի երեւում։
– Այսինքն քաղաքական կայունությունը կարեւոր պայման է զարգացման համար։
– Քաղաքական կայունությանից բացի նաեւ դրամական կայունության խնդիր կա. այն երկրները, որտեղ դրամը անկում կգրանցի, ներդրումներ չեն գնա։ Հայաստանը այս ճանապարհով չի գնում, բայց պետք է ներշնչի արտաքին, ինչպես նաեւ Սփյուռքի ներդրողներին, որ կա կայունություն, որպեսզի մեկ անգամ եւս ներդրում կատարեն։ Քանի որ կան դեպքեր, երբ սփյուռքահայեր ներդրում արել են,բայց անհաջողության են մատնվելՙ կաշառակերության, մենատիրության, խարդախության, անկատար օրենքների եւ անկատար արդարությանպատճառով։Հուսանք, որ իրավիճակը կփոխվի եւ գործարարները չեն վարանի ու ներդրումներ կանեն։
– ՀՀ-ում վերջին տասնամյակներում ՀՆԱ-ի աճ է գրանցվել, սակայն աղքատության հաղթարահարման խնդիր կա, այն մոտ 30% է. ո՞րն է դրա պատճառը։
– Մինչեւ վերջերս ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունք) կարեւոր էր շատ երկրների համար, եւ շատ վարչակազմեր, որպեսզի ցույց տան, թե կա զարգացում, մատնանշում էին, որ ՀՆԱ-ն աճել է 3 կամ 4 եւ կամ ավելի տոկոսով։ Սակայն ժամանակի ընթացքում հասկանալի դարձավ, որ ՀՆԱ-ն երկրի զարգացումը արտահայտող միակ չափանիշը չէ։ Օրինակ, երջանկության չափանիշ գոյություն ունիՙ աշխատավորը արդյոք գո՞հ է իր վիճակից։ Եթե գոհ է ու երջանիկ, ապա ուրեմն արտադրողականությունը պետք է բարձր լինի։ Իսկ գլոբալացման հետեւանքով, որ ՀՆԱ-ով էին չափում, անդունդը աղքատի ու հարուստի միջեւ ավելի կխորանա, հարստությունը կկենտրոնանա ավելի քիչ մարդկանց ձեռքում։ ՀՆԱ-ի աճը այս գլոբալ աշխարհում հարստություն ստեղծեց, բայց ոչ բոլոր երկրների միջեւ այն բաշխվեցՙ երրորդ աշխարհի շատ երկրներ չօգտվեցին այդ հարստացումից։
– Այսինքն ՀՆԱ-ի աճը ավտոմատ կերպով չի բերում աղքատության կրճատման։ Հետեւաբար լուծումը ըստ Ձեզ ո՞րն է։
– Նայեք, գործազրկությունը շատ կարեւոր հարց է, աղքատությունը վերացնելու հարցը նույնպես կարեւոր էՙ հասկանալ թե այդ հարստությունը(ՀՆԱ) որտեղ եւ ինչպես օգտագործելՙ ամեն մարդ նույն կարողությունը չունի բիզնեսներ սկսելու համար։ Դժբախտաբար հարստությունը չի տարածվում աղքատների վրա եւ, հետեւաբար, հարուստները ավելի են հարստանում, իսկ աղքատները ավելի աղքատանում։ Կան նաեւ առողջապահական խնդիրներ, ծերության, կենսաթոշակի հարցերը. պետությունը չի կարող դրանք անտեսել։ ՀՆԱ-ն բարձրացնելով այդ հարցերը ոնց պետք է լուծվեն։ Պետությունը սոցիալական քաղաքականություն պետք է վարի, որը կարիքավոր մարդկանց օգնելու համար է։Մենք որպես ռամկավար ազատականներ գիտենք, որ ծայրահեղ կապիտալիզմը լուծում չի բերում։
– Այսինքն մեծ տեղ պետք է հատկացնել սոցիալական հարցերին, իսկ կրթությունը այդ համատեքստում ինչպես կդիտարկեք։
– Սոցիալական ասելով կրթությունը եւս նկատի ունենք։ Ապագան երիտասարդությանն է, եւ կրթական ծրագրերին ուղղված ինչքան էլ ծախսես, դա ներդրում է ապագայի հաշվին։ Երկրի զարգացումը ներկայումս կախված է նորարարություններից։Եթե կարողանաս նորարարություն մտցնել ու պատենտավորել այն, ապա դա նաեւ փող կբերի։ Երկրի զարգացումը նման բանաձեւերով առաջ կգնա. պետությունը դրամը պետք է դնի այս ուղղությունների մեջ։ Այսինքն նորարարությունը ժամանակակից զարգացում կբերի։ Ուրախությամբ կասեմ, որ, օրինակ,«Թումո» կենտրոնը շատ կարեւոր ներդրում է, որը մեր կուսակցական ընկերոջ միջոցով է իրականացվել Հայաստանում։
– Երկար ժամանակ կար կարծիք, թե Սփյուռքի օգնությամբ Հայաստանը կարող է ծաղկել, հատկապես ՀՀ անկախության սկզբում։ Ժամանակը ցույց տվեց, որ մի շարք ձախողված ներդրումային ծրագրերից հետո կա որոշակի անվստահություն, այս վերջին փոփոխությունները կարո՞ղ են քանդել անվստահության պատը։
– Այդ անվստահությունը փոխելու համար Հայաստանը ինքն է, որ պետք է փորձի վստահություն ներշնչել իր որդեգրած քաղաքականությամբ, օրինակՙ փորձի հասկանալ, թե Սփյուռքը ի՞նչ բան է։ Այսօր Սփյուռքը մեկ միասնական մարմին չէ, կան սփյուռքներ, նույնիսկ մեկ երկրի մեջ կան զանազան համայնքներ, որոնք չեն միաձուլվում։ Նախկին իշխանությունները Սփյուռքին նայած են որպես մեկ, մոնոլիտ կառույց, եւ կարծում էին թե այդ մոնոլիտի բանալին մեկ կազմակերպությանՙ Դաշնակցության ձեռքին է։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ դա այդպես չէ։ Հիմա կարծում եմ, որ զանազան ակնոցներով պետք է դիտենք։Օրինակՙ մեր կուսակցությանՙ ՌԱԿ-ի առջեւ մեծ խոչընդոտներ դրեցին, բայց այնուամենայնիվ մենք մեր ներդրումները արեցինք, օրինակՙ«Թումոն», «Սինոփսիսը», երիտասարդական կենտրոնները Հայաստանի տարբեր մարզերում, համակարգչային դասընթացները, հրաձգարանը, խեցեգործության արհեստանոցը։ Ուր էր թե պետությունը քաջալերեր այդ բոլոր աշխատանքները, որոնցում կընդգրկվեին նաեւ մեր ավելի շատ կուսակցական ընկերներ, այդ համերաշխ մթնոլորտը միայն պետությունը կարող է ստեղծել։
– Հիմա իրավիճակային փոփոխություն տեղի ունեցավ Հայաստանում. ի՞նչ խորհուրդ կտաք նոր կառավարությանը, ի՞նչ քայլեր անի, որ նաեւ փոխվեն ՀՀ-Սփյուռք հարաբերությունները, որոնք նախկինում այնքան էլ հաջողված չէին։
– Առաջին քայլըՙ Սփյուռքը, ինչպես ասացի, պետք է զանազան տեսանկյուններից դիտել, հասկանալ։Նախ, ինչպես ասացի, Սփյուռքը մեկ մարմին չէ։Երկրորդՙ Սփյուռքի ակտիվ զանգվածը միագույն չէ։ Սփյուռքը պետք է դիտել իր բոլոր գույներով։ Կարեւորագույն հարց է նաեւ Հայ եկեղեցու խնդիրը.այսօր Սփյուռքում Էջմիածնական թեւ կա եւ Անթիլիասական թեւ։Մարդիկ, կուսակցություններ, կառույցներ հսկայական ջանքեր թափեցին, նույնիսկ արյուն թափեցին այդ պառակտմանը վերջ տալու համար։ Հիմա պետությունը պետք է ներգրավվի թեւերի միացման հարցում, չնայած պաշտոնապես չի կարող, սակայն կարող է խորհրդապահական բանակցություններով լուծել հարցը։
– Մեկ հարց էլ գյուղատնտեսական զարգացման մասին. ի՞նչ պետք է անել, ի՞նչ քայլեր ձեռնարկել գյուղատնտեսությունը արդիականացնելու համար։
– Գյուղատնտեսության զարգացումը հոգատարության կենտրոնում պետք է լինի, որ բարելավվի նաեւ արտահանման աշխատանքը։ Պետք է մշակվեն անմշակ հողերը, որպեսզի ժողովուրդը մնա այդ հողի վրա, դա նաեւ սահմանամերձ շրջանների հարցն է, որը նաեւ քաղաքական խնդրի է վերածվել, ժողովրդին սահմանամերձ շրջաններում պահելու մի ձեւն էլ խրախուսելն է տեղական արտադրանքը։
Եվ վերջապես ցանկանում եմ շեշտել, որ այն դրական հայտարարությունները, որոնք լսվում են եւ դրանց հետեւած զարգացումներըՙ թե՛ տնտեսական եւ թե՛ հանրային բնագավառում, հույս են ներշնչում, որ դրանց կհետեւեն նաեւ իրական գործողություններ։ Դա էլ իր հերթին կտա հույս քաղաքացիներին եւ կմղի Սփյուռքին կատարել կոնկրետ քայլեր եւ գործնականորեն մաս կազմել Հայաստանի զարգացմանը: