Church Politics and Political Church
Հոգեւոր եւ աշխարհիկ աշխարհների միջեւ հակամարտությունն ու մրցակցությունը ընդհանուր վաղեմի ուղղություններ են պատմության մեջ, եւ ոչ մի երկիր դրանցից խուսափել չի կարող: Մեծ Բրիտանիայի պատմության ուշագրավ էջերից է Հենրի II թագավորի եւ Քենտերբերիի արքեպիսկոպոս Թոմաս Բեքեթի միջեւ 12-րդ դարում առաջացած հակամարտությունը: Սկզբնական շրջանում նրանք մոտիկ ընկերներ էին, բայց հետագայում ընդհարվեցին, երբ թագավորը փորձեց հափշտակել եկեղեցու իրավունքները: Թագավորն այնքան էր զայրացած դիմադրությունից, որ հրամայեց արքեպիսկոպոսին սպանել տաճարում 1170-ի դեկտեմբերի 29-ին: Հետագայում թագավորը զղջաց իր արարքի համար եւ եկեղեցին նրան թողություն շնորհեց, Թոմաս Բեքեթը դասվեց սրբերի շարքում եւ մինչեւ օրս նրա անունը խորհրդանշում է հերոսական պայքարՙ բռնակալի դեմ:
Հայերս էլ ունենք նման մի նահատակ արքեպիսկոպոսՙ հանձին Ղեւոնդ Դուրյանի, որին Դաշնակցություն կուսակցությունը դաշունահարեց 1933-ի դեկտեմբերի 24-ին Սբ. Ծնունդի արարողության ժամանակ Նյու Յորքի Սբ. Խաչ եկեղեցում, կուսակցության քաղաքական պահանջներին դեմ գնալու համար: Մեր դեպքում սպանությունը իրագործողները մինչ օրս չեն զղջացել եւ նահատակ արքեպիսկոպոսը չի սրբացվել: Փոխարենը կուսակցությունը հերոսացրել եւ սրբացրել է ոճրագործներին, որոնց Մ. Նահանգների արդարադատությունը Սինգ-սինգի ուղղիչ տուն էր ուղարկել:
Լիբանանյան կառավարության աջակցությամբ Դաշնակցություն կուսակցությունը նաեւ 1956-ին բռնազավթեց Անթիլիասի եկեղեցին, Կիլիկիո Մեծի Տանն կաթողիկոսությունը, դուրս գցելով ընդդիմացող հոգեւորականների մեծամասնությանը եւ հնազանդ եպիսկոպոսներից մեկինՙ Զարեհ Փայասլյանին ընտրելով կաթողիկոս, խախտելով Հայ եկեղեցու կանոնադրությունը, որը պահանջում է երեք եպիսկոպոսների ներկայություն նոր կաթողիկոսի օծման ժամանակ: Նրանք ընդամենը երկու արքեպիսկոպոս ունեին համախոհ, որոնց էլ կանչել էինՙ վատահամբավ Խորեն Բարոյանին եւ թշվառական Ղեւոնդ Չեպեյանին, օծման արարողությունը ի կատար ածելու համար:(*)
Բեյրութի Անթիլիաս արվարձանում տեղակայված կաթողիկոսության բռնազավթումից հետո, Մ. Նահանգների դաշնակցության վերահսկողության տակ գտնվող հերձվածողական եկեղեցիները դարձան Անթիլիասական:
Այս հիշողությունները մեզ առաջնորդում են դեպի մերօրյա եկեղեցի-պետություն հարաբերությունները: Խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցին ոչ մի իշխանություն չուներ: Բայց խորհրդային իշխանությունները ուսումնասիրել էին Սուրբ Էջմիածնի հոգեւոր դերը հայկական համասփյուռ համայնքներում եւ օգտագործեցին այն ի շահ իրենց քաղաքական նպատակների: Միաժամանակ Մայր Աթոռը կարողացավ իր գոյությունը պահպանել հիմնականում նրա խոհեմ գահակալիՙ նորին Սրբազնություն Վազգեն Ա. կաթողիկոսի ջանքերի շնորհիվ:
Որեւէ առարկայի կամ կառույցի, հիմնարկության օգտագործումը ճիշտ կազմակերպելու համար անհրաժեշտ է խորը ուսումնասիրել այդ առարկայի, կառույցի բնույթը: Վերցնենք Պիկասոյի արվեստը, օրինակ: արվեստագետը մասնատում է մարդկային կերպարանքները եւ վերակերտում համաձայն իր տեսլականի, ստեղծելով մի նոր ներդաշնակ ամբողջություն:
Հայաստանում իշխանություններն ու ժողովուրդն ընդհանրապես, ճիշտ չի օգտագործել մեր եկեղեցին, որովհետեւ ոչ մեկի մտքով չի անցել հաշվարկել գիտելիքի պակասի աստիճանը այդ բնագավառում: Նախորդ իշխանությունների ժամանակ, Սուրբ Էջմիածինն ու կաթողիկոսը այլընտրանք չունեին, քան իշխանությունների կողքին լինելը: Թավշյա հեղափոխությունից հետո, նման կեցվածքը, կամ քաղաքականությունը վիճելի հարց դարձավ: Խանդավառ հեղափոխական ամբոխի ծայրահեղ թեւը անխոհեմաբար սկսեց մտածել, որ նախկին իշխանությունների հետ կապված ամեն ինչ պետք է փոխվի: «Նոր հայրենիք, նոր հայրապետ» լոզունգը դարձավ օրվա կարգախոսը եւ Գարեգին Բ. կաթողիկոսը նույնիսկ ֆիզիկական ոտնձգությունների ենթարկվեց աթեիստական ոճով դաստիարակված խմբակի կողմից:
Անկախությունից ի վեր ոչ մի լուրջ ջանք չի թափվել լայնածավալ կրոնական կրթության ծրագիր մշակելու համար: Այդ թերացման հետեւանքները վստահաբար անդրադառնում են եկեղեցու դերի մասին թյուրըմբռնումների վրա եւ հետեւաբար նաեւ եկեղեցու եւ նրա առաջնորդների մասին մարդկանց տգիտության վրա: Նոր կառավարությունը ի վերջո գիտակցեց, որ եկեղեցու հարցերով զբաղվող մի պատշաճ հարթակ է անհրաժեշտ ստեղծել: Որոշ փոխնախարարների մասնակցությամբ կազմվեց մի հանձնախումբ, որը գործելու է վարչապետի հովանավորության ներքո: Մենք վստահ չենք, որ նշանակված փոխնախարարները որոշակի գիտելիքներ ունե՞ն եկեղեցական հարցերի վերաբերյալ, թե՞ ոչ: Գուցե ընթացքո՞ւմ են սովորելու: Մի կարեւոր բացթողում, համենայնդեպս, ակներեւ է: Սփյուռքը անտեսված է:
Երբ կաթողիկոսը ֆիզիկական ու քարոզչական հարձակումների ենթարկվեց, կառավարական պաշտոնյաները նշեցին, որ եկեղեցին անջատ է պետությունից: Սա խրախուսեց հարձակումը կատարողներին: Եթե նույնիսկ իշխանությունները հակված էին եկեղեցին պետությունից անջատելու սկզբունքին, նրանք պարտավոր էին ապահովել գերագույն հովվապետի պաշտպանությունը:
Ի դեպ պարզվում է, որ պաշտոնյաների հայտարարությունները այնքան էլ անմեղ չէին: Վերջերս հայտնված մի ենթատեքստ ապացուցում է նրանց անտեղյակությունը:
Բայց նախքան այդ նշենք, որ հայերը մենակ չեն եկեղեցու քաղաքականության հարցերում: Նման դրամատիկական իրադարձություններ կատարվում են նաեւ Ռուսաստանում, որտեղ Ուղղափառ եկեղեցին խզեց հարաբերությունները Ստամբուլի էկումենիկ ուղղափառ եկեղեցու առաջնորդ Բարթուղիմեոսի հետ, որովհետեւ կաթողիկոսարանը իր նախկին բարձունքի վրա չէր: Ավելին, Ռուսաստանի եւ Ուկրաինայի վիճահարույց կացությունը ներառել է նաեւ եկեղեցին: Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին խզել է հարաբերությունները Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու հետ: Ընդամենը մի քանի օր առաջ նախագահ Պետրո Պորոշենկոն նոր պատրիարք օծեց երկրի եկեղեցու համար:
Վերադառնանք Էջմիածնի ցուցարարներին: Պարզվում է, որ մինչ հարցականի տակ դնելով ներկա կաթողիկոսի ընտրության գործընթացը, նրանք կուլիսներում մեկ այլ անօրինական ծրագիր էին իրականացնում: Լրատվամիջոցները բացահայտել են, որ համաձան այդ ծրագրի, նրանք Անթիլիասի Արամ Ա. կաթողիկոսին են հրավիրել զբաղեցնելու համար Էջմիածնի Մայր աթոռի գահը, առանց հաշվի առնելու եկեղեցու առաջնորդների եւ աշխարհով մեկ սփռված անդամների կարծիքը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական մենտորըՙ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակին այդպիսի անօրինական քայլ կատարել էր եւ ձախողվել, որովհետեւ նա եւս, հակառակ իր մտավորական անցյալին, լավ չէր պատկերացնում եկեղեցու դերը մերՙ հայերիս կյանքում: Նա կարծում էր, որ Կիլիկիայի Գարեգին Բ.ին Էջմիածին բերելով (որտեղ վերջինս դարձավ Գարեգին Ա.) հնարավոր կլիներ լուծել, կախարդական փայտի միջոցով, Հայոց եկեղեցու երկպառակությունը: Նրա մտահղացումը ձախողվեց, որովհետեւ առավել պնդակազմ մի կաթողիկոսՙ Արամ Ա.ն բազմեց Անթիլիասումՙ վերահսկելու եկեղեցին ՀՅԴ-ի հովանավորության ներքո: Արամ Ա.ին Էջմիածին տեղափոխելով երկպառակությունը չի վերանա: Անթիլիասը դեմ էր Սուրբ Էջմիածնին, որովհետեւ վերջինս գտնվում էր խորհրդային վերահսկողության ներքո: Բայց Խորհրդային Միության փլուզումով, փլուզվեց նաեւ այդ փաստարկը, եւ իրականությունն իր ամբողջ մերկությամբ բացահայտվեց: Հերձվածական եկեղեցին շահավետ «բիզնես» է այդ կուսակցության համար, ազդեցություն, ներգործություն բանեցնելու միջոց:
Հետազոտությունների միջոցով «168 ժամ» լրատվամիջոցը պարզել է, որ «Իմ քայլը» դաշինքի անդամներ Ալեք Սիմոնյանը, Լենա Նազարյանը եւ Հրաչյա Հակոբյանը Լիբանան են գործուղվել ծրագրի իրականացման ուղիներ որոնելու համար: Հոդվածի հեղինակը բացատրում է, որ պատվիրակությունը նպատակ ուներ թավշյա հեղափոխություն իրագործել նաեւ եկեղեցում: Հեղինակը նաեւ հավատացած է, որ Վայքում կաթողիկոսի վրա հարձակման ժամանակ ոստիկանության պասիվ վերաբերմունքը եւ խռովարարների վրաններ լարելը վանքի շեմինՙ դիտավորյալ արարքներ էին խարխուսված իշխանությունների կողմից:
Պատվիրակության առաքելության ձախողումից հետո, վարչապետ Փաշինյանն անձամբ դիմել է Արամ Ա-ին, երբ ներկա է գտնվել կաթողիկոսի քահանա ձեռնադրվելու 50-ամյակի տոնակատարությանը:
Կաթողիկոսը մերժել է վարչապետի առաջարկը, հիշելով գուցե Տեր-Պետրոսյանի ծրագրի աղետալի հետեւանքները:
Բոլոր այս տհաս ու սիրողական մակարդակի գործողությունները խորհրդանշում են փորձառության պակասը, հատկապես եկեղեցական խնդիրներում:
Մենք պետք է հիշենք, որ «թավշյա հեղափոխության» միակ նպատակը կոռումպացված իշխանությունների տապալումն էր եւ հաստատումը օրինական կառավարության: Արտաքին գործերի կամ եկեղեցու վերաբերյալ հարցեր օրակարգում չկային: Մի որոշակի դեպք ցույց է տալիս նոր առաջնորդների մի քանիսի վտանգավոր տգիտությունը: Ճիշտ է, որ մարդիկ Հայաստանում հպարտանում են տեսնելով թարմ ուժեր, երիտասարդ արհեստավարժներ (շատերը դատարկ, շատերն էլ լեցուն գրպաններով) ղեկավար պաշտոններում, բայց նրանք պատրաստ չէին նրանց անփորձությանը:
Կրթության, գիտության եւ մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը վերջերս Արարատի մարզում մի դպրոց է այցելել եւ տեսնելով մի քահանա այնտեղՙ կարգադրել է, որ անմիջապես հեռանա այդ տարածքից, նշելով, որ ամեն ոք, լինի նա հոգեւորական, թե նախարար, պարտավոր է հարգել օրենքը եւ որ քահանայի տեղը եկեղեցում է: Ղազար քահանա Պետրոսյանը հեռացել է դպրոցի տարածքից վրդովված «կրթության նախարարի անկիրթ» պահվածքից:
Ի դեպ 2007 թվի փետրվարի 22-ին ընդունված օրենքով Հայոց առաքելական եկեղեցին կրոնական ծրագրեր է իրականացնում հանրապետության հանրային դպրոցներում: Լավ կլինի կրոնական կրթության ուումնական ծրագիր պատրաստել սկսելով Հայոց եկեղեցու պատմությունից:
Աստվածաբանության կամ դավանանքի ուսուցանումը կարող է հարցեր առաջացնել, բայց եկեղեցու պատմությունը կարող է դառնալ ակադեմիական ուսումնասիրությունների բաղկացուցիչ մասը:
Հասարակության եւ եկեղեցու միջեւ առաջացած բաժանումը հետեւանք է տասնամյակներ ձգվող հակակրոնական եւ աթեիստական դաստիարակության: Եկեղեցու պատմության եւ առաքելության իմացությունը հրատապ անհրաժեշտություն է, որպեսզի ժողովուրդը հասկանա եկեղեցու դերն ու կարեւորությունը եւ խուսափի ժխտական, բացասական դիրքորոշում դրսեւորելուց:
Հենց եկեղեցու պատմություն առարկան մատուցվի դպրոցներում, նախարար Հարությունյանը գուցե լինի դրանից առաջին օգտվողներից:
Վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներից մեկը ընդգծում է Էջմիածնի կաթողիկոսի դերը: Ստամբուլի հայերը արդեն տասնմեկ տարի է ապարդյուն փորձում են թուրքական իշխանություններից թույլտվություն ստանալ նոր պատրիարք ընտրելու համար: Փետրվարի 4-ին Թուրքիայի արտգործնախարար Մեվլուտ Չավուշօղլուն ընդունել է Վատիկանում եւ Արեւմտյան Եվրոպայում հայրապետական նվիրակ (դեսպան) Խաժակ արք. Պարսամյանին, քննարկելու, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ.ի հանձնարարությամբ, Թուրքիայում Հայոց եկեղեցուն առնչվող հարցեր:
Երբ Էջմիածնի կաթողիկոսության գահակալը նման հարգանքի է արժանանում բարեկամների եւ թշնամիների կողմից, ինչպիսիք են Պապն ու Չավուշօղլուն, խոհեմություն չէ նսեմացել կամ վիճարկել նրա հեղինակությունը երկրի ներսում:
Եկեղեցին կարեւոր հաստատություն է եւ կարիք ունի պատշաճ վերաբերմունքի: Ավելին, այն կենսական դեր է կատարում հայերիս հոգեւոր կյանքում: Նաեւ կամուրջներից մեկն է Հայաստանի եւ սփյուռքի միջեւ:
Եկեղեցին որպես քաղաքական կառույց շատ կուսակցությունների կողմից է օգտագործվել, բայց եթե այն բարձրացվի պատվանդանի վրա եւ գրավի իր պատվարժան տեղը, ապա այն կարող է ծառայել որպես մարդկային զանգվածներին առաջնորդող, հոգեւոր ուղղություն ցույց տվող կառույց, միաժամանակ դառնալով ամուր, անսասան մի հաստատություն ի փառս մեր հայրենիքի:
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)
*) «Հարգելու համար» ընդունված օրենքի տառը, օծմանը հրավիրվել էր 3-րդ եպիսկոպոսՙ Ասորական եկեղեցուցՙ Սեւերիոս անունով: Ծ.Խ.: