Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Նիկոլ Փաշինյանը դարձել է՝ արդեն գիտակցաբար, զինվորասպան, եղբայրասպան, հայրենասպան

Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Անվերնագիր

Մի հյուլե անգամ հիշաչարություն չունեմ:

Ուրիշի մեջ միշտ լավն եմ փնտրել, սխալականության կանխավարկածն՝ իմ մեջ:

Հիմնականում լռել եմ՝ իմ հայրենակիցների համար դուռ բացելով, համեստ հնարավորություն տալով, արյունից հեռու պահելով, հույս տածելով, որ ժամանակի հոլովույթում յուրաքանչյուրն իր իսկ սխալն ու տմարդությունը կտեսնի և կուղղվի:

Իմ կյանքի խաչուղիներով ու փորձություններով և մեր Հայրենիքի օրհասական պատմավիճակով վկայված, վաստակել եմ, կարծեմ, հետևյալն անձայն ասելու իրավունքը.

Քաղաքացի Նիկոլ Փաշինյանի պետական ծառայության շինիչ շրջանն անցյալ կատարյալ է: Նա դարձել է՝ արդեն գիտակցաբար, զինվորասպան, եղբայրասպան, հայրենասպան:

Պատրվակ, պատճառաբանություն, արդարացում այլևս չկան:

Իր առկայությամբ ազգային, համապետական հրամայական համախմբումն անհնար է արդարև: Տարիների բովում նա կարող էր նախաձեռնել, ապահովել մեր միաբանումը, բայց արեց հակառակը:

Կամ մնացած բոլորս՝ իր ընկերներն ու հակառակորդները, ներկաներն ու նախկինները, ժողովրդի առջև ներողամտություն և զղջում հայցելուց հետո միասնական լուծում ենք տալիս ազգի գոյութենական կենսավիճակին, կամ ժողովուրդն ինքը՝ հայ Զինվորի հերոսության վերջին ապավեն որպես, պետք է ժայթքի ոգեղեն թափով և փրկության ափ հանի մեր պետությունն ու պատմությունը:

Եթե այս ուղիներից որևէ մեկը չբացեցինք՝ օտարն է դա անելու: Մեր երկրում, մեր հողում, մեր տան մեջ, մեր իջեցված դրոշակով, նահատակվող նորանոր երիտասարդ կյանքերով:

Նա պետք է գնա, ապա թե ոչ՝ նրանք են գալու:

Պետք է անկի, որ Հայրենիքը բարձրանա»։

Սեպտեմբերի 19-ին Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն,  Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:

Երեք զինծառայող զոհվեց սեպտեմբերի 28-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ թշնամու բացած կրակի հետևանքով։