Ամերիկյան Բլումսբերի հրատարակչատան Ի.Բ.Տորիս (I.B.Tauris) մասնաճյուղը վերջերս լույս է ընծայել «Հայերը արդի եւ մասնավորապես վաղ շրջանի արդի աշխարհում» մատենաշարի (խմբագիր՝ Պետրոս Տեր-Մաթոսյան, Լինկոլնի Նեբրասկա համալսարանից) հերթական գիրքը՝ «Պատկերելով Օսմանյան շրջանի հայերի աշխարհը: Լուսանկարչությունը Էրզրումում, Խարբերդում, Վանում եւ դրանցից անդին» (Picturing the Ottoman Armenian World: Photography in Erzerum, Harput, Van and Beyond) վերնագրով: Հեղինակը՝ դոկտ. Դեյվիդ Լոուն (Dr. David Low) մանրակրկիտ կերպով ուսումնասիրել է Օսմանյան կայսրության վերջին քառասուն տարիների լուսանկարչության պատմությունը, որն իր խոր արմատներն ունի տեղաբնակ հայերի սոցիալ, քաղաքական եւ մշակութային կյանքում: Լուսանկարչությունը կարեւոր դեր է խաղացել հայերի ինչպես կրթական, այնպես էլ հավաքական գործունեության մեջ: Ըստ հատորի հեղինակի՝ հայերի նպաստը օսմանյան լուսանկարչության ասպարեզում շատ լավ է փաստագրված: Ստամբուլում եւ այլ քաղաքներում հայերը բազմաթիվ ստուդիաներ են հիմնել, որոնք նպաստել են կայսրության մշակութային «արդիականացման» գործընթացին: Սակայն գրեթե անհայտ են կամ նվազ հայտնի են մնացել այդ ստուդիաների տերերի կյանքի եւ ծավալած գործունեության, նրանց ընտրած թեմաների եւ տեսարանների, ինչպես նաեւ այդ վարպետների պրոֆեսիոնալիզմի վավերական պատմությունները, որոնք ընդհանուր առմամբ բացահայտում են հայերի կենցաղն ու կենսունակ աշխարհը: Նաեւ պատերազմի ժամանակաշրջանում նրանց հետապնդումների, տարագրության եւ ցեղասպանության ողբերգական պահերը:
«Նպատակս այդ բացը լրացնելն է եղել», նշել է Լոուն, որ լուսանկարչական ոլորտի պատմաբան է եւ դոկտորականի գիտական աստիճան է ստացել Լոնդոնի համալսարանի կուրտոլդ արվեստի ինստիտուտից (Courtauld Institute of Art): «Լոուն մեզ նվիրել է ստույգ եւ խորագիտակ մի ուսումնասիրություն, որը նոր տեսանկյունից է ստիպում մեզ հասկանալ լուսանկարիչների դերը», գրել է Սթիվն Շիհին՝ Ուելսլի քոլեջից (ԱՄՆ): Իսկ մատենաշարի խմբագիր պրոֆ. Պետրոս Տեր-Մաթոսյանը ավելացրել է. «Ուրախ ենք հրատարակելու Լոուի հատորը: Հայտնի է, որ հայերը մեծապես նպաստել են ընդհանրապես լուսանկարչության զարգացմանը ողջ Միջին Արեւելքում 19-20-րդ դարերում: Բայց Լոուի գիրքը ոչ միայն նշված երեք հիմնական քաղաքների լուսանկարչության պատմությունն է հյուսում, որը մատչելի ձեւով ներկայացնում է նաեւ հայերի սոցիալ-տնտեսական վիճակը եւ օսմանյան դարաշրջանի վերջին տասնամյակների քաղաքական կյանքը: Գիրքը ազդեցիկ տպավորություն է թողնելու գիտաշխատողների վրա»:
Պատրաստեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)