Կայացավ «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը:
Այս տարի մրցանակ հանձնվեց 7 անվանակարգում՝ Գրականություն, Հայագիտություն, Թատերական արվեստ, Կերպարվեստ, Քանդակ, Լրագրություն եւ Գեղարվեստական լուսանկարչություն: Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել շուրջ 75 մասնակից. հանձնաժողովն ընտրել է դրանցից լավագույններին:
Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց մրցանակակիրներին եւ շնորհակալություն հայտնեց մրցութային հանձնաժողովների նախագահներին՝ անաչառ ընտրության համար: Պրոֆեսորն ընդգծեց, որ ԱՄՆ եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության հետ համատեղ եւ «Շաքե Ղազարյան-Թեքեյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ արդեն 28 տարի Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը ուշադրության է արժանացրել հարյուրից ավելի արվեստագետների, գիտնականների:
Իր օրհնության խոսքում Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ուրախալի համարեց այս դժվարին ժամանակներում նման միջոցառում անցկացնելը, որի ընթացքում մրցանակներ են շնորհվում հայրենիքի գիտական եւ մշակութային կյանքում մեծագույն ներդրում ունեցած գործիչներին: Նա շնորհավորեց «Վահան Թեքեյան» այս տարվա մրցանակակիրներին եւ հույս հայտնեց, որ նրանք կշարունակեն նոր թափով ստեղծագործել՝ հանուն հայրենիքի վաղվա օրվա:
«Գրականություն» անվանակարգի մրցութային հանձնաժողովի նախագահ՝ ԱՄՆ եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության նախագահ, Հայաստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ Երվանդ Ազատյանը «Վահան Թեքեյան» մրցանակը հանձնեց Ֆելիքս Բախչինյանին՝ «Վերջին մանկություն» վեպի համար: Երվանդ Ազատյանն ընդգծեց, որ շատ դժվար էր հավասար արժեք ունեցող գրքերի մեջ ընտրել լավագույնը: «Հակառակ բոլոր դժվարություններին՝ հայաստանյան գրական դաշտը, գրականությունը շատ բեղուն է: Ունենք դեմքեր, որոնք քայլում են միջազգային գրականության մայրուղիներով»,-նշեց Երվանդ Ազատյանն ու հավելեց, որ մրցանակակիր վեպում ճշմարտանմանն ավելի ընդհանրական է, քան ճշմարիտը, եւ այն առանձնանում է իր պատմողական գրավիչ լեզվով:
«Հայագիտություն» անվանակարգում «Վահան Թեքեյան» մրցանակակիրը բանասիրական գիտությունների դոկտոր Լալիկ Խաչատրյանն է՝ «Լեզվաբանական տերմինների ուսումնական բառարան»-ի համար: Հանձնաժողովի նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ ընտրությունը կատարելիս հաշվի են առել նաեւ մրցանակակրի գիտական ու մանկավարժական բեղուն գործունեությունը:
«Լրագրություն» անվանակարգում մրցանակը շնորհվեց «Հետք» լրատվականի լրագրող Սառա Պետրոսյանին: Մրցութային հանձնաժողովի նախագահ, Հայաստանի վաստակավոր լրագրող, պրոֆեսոր Հակոբ Ավետիքյանը բարձր գնահատեց Սառա Պետրոսյանի՝ հետաքննական լրագրության ասպարեզում ունեցած երկարամյա փորձը եւ կարեւորեց, որ մրցույթին է ներկայացվել ազգային արժեքների պաշտպանությանը վերաբերող նյութերը. «Չկանոնակարգված, խառնիճաղանջ, հաճախ բեւեռացված եւ օրնիբուն աշխատող մեր մամուլում տկար է հետաքննական լրագրությունը, քանի որ այն ժամանակատար է, նյութատար եւ հաճախ վտանգավոր»,- նշեց Հակոբ Ավետիքյանն ու հավելեց՝ եթե հասարակական աջակցություն լինի, հետաքննական նյութերը կլինեն հանրային կյանքի անիրավություններ բացահայտող հիմք:
«Թատերական արվեստ» անվանակարգում մրցանակը շնորհվեց «Ֆորմա» թատրոնին՝ «Վայ-վայ» ներկայացման համար (ղեկավար՝ Հայկ Իսրայելյան):
Հանձնաժողովի նախագահ, Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը վստահեցրեց, որ 2021 թվականին գեղարվեստական հետաքրքրական մտածողությամբ բազմաթիվ ներկայացումներ են բեմադրվել, սակայն սա առանձնանում է. «Երբեմն մարմինն ավելի արտահայտիչ է, քան խոսքը»:
Արմեն Էլբակյանը բարձր գնահատեց Հայաստանի Թեքեյան մշակութային միության դերը մշակույթի, գրականության զարգացման գործում եւ վստահեցրեց՝ այսօր առավել, քան երբեւէ, պետք է յուրաքանչյուրը շարունակի իր գործը՝ ի նպաստ մշակույթի եւ գիտության զարգացման:
Արվեստագիտության դոկտոր, «Վահան Թեքեյան» մրցանակակիր Արա Հակոբյանը մի քանի տարի ղեկավարում է «Կերպարվեստ» անվանակարգի մրցութային հանձնաժողովը, որի որոշմամբ «Կերպարվեստ» եւ «Քանդակ» անվանակարգերում մրցանակները տրվեցին Հայաստանի ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանին՝ «Տպավորություն» ստեղագործության եւ քանդակագործ Աշոտ Բաղդասարյանին «Աթոռներ» շարքի համար: Արա Հակոբյանի կարծիքով՝ երկու մրցանակակիրներն էլ սերում են արվեստագետների այնպիսի ընտանիքներից, որոնց անուններն իրենց ուրույն տեղն ունեն հայ կերպարվեստի պատմության մեջ:
«Գեղարվեստական լուսանկարչություն» անվանակարգում «Վահան Թեքեյան» մրցանակը շնորհվեց Աննա Գրիգորյանին՝ «Քաղաքային գրաֆիկա» շարքի համար:
Մրցանակաբաշխության հանդիսավոր ձեռնարկի ընթացքում Հայաստանի Թեքեյան մշակութային միության բարձրագույն պարգեւ՝«Ադամանդակուռ Արարատ» շքանշան շնորհվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանին եւ Հայաստանի ժողովրդական արտիստ Լեւոն Մալխասյանին՝ գիտության եւ ազգային մշակույթի զարգացման գործում ներդրած մեծագույն ավանդի համար:
Մրցանակաբաշխությանը կատարումներով հանդես եկավ Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հայաստանի Թեքեյան մշակութային միության լրատվական կենտրոն