Նոր ռազմավարական դաշինք
Փետրվարի կեսերին կայացած միջազգային երկու տարբեր կոնֆերանսներում քննարկվել է արաբական երկրների համախմբման հարցը: Խոսքը, մասնավորապես, իրանական սպառնալիքին ենթակա արաբական պետությունների մասին է:
Տվյալ հարցին նվիրված էր առաջին հերթին Վարշավայի կոնֆերանսը, որն անցկացվեց փետրվարի 13-14-ըՙ «Խաղաղությունն ու անվտանգությունը Մերձավոր Արեւելքում» կարգախոսով: Նախաձեռնողն ու կազմակերպիչը ԱՄՆ-ն էր: Նպատակըՙ իրանական սպառնալիքի բացահայտումն ու դրա դեմ միջազգային ուժերի միավորումը որպես հերթական քայլ հակաիրանական ռազմաքաղաքական դաշինքի ստեղծման ճանապարհին: Կոնֆերանսը հապճեպորեն նախապատրաստվել էր, որպեսզի համընկներ 1979 թ. փետրվարի 11-ին Իրանում տեղի ունեցած Իսլամական հեղափոխության 40-ամյակին: Հատկանշական է, որ համաժողովին չէին մասնակցում իրաքցիները, լիբիացիները, եմենցիները, սիրիացիները, այլ կերպ ասածՙ Իրանի դաշնակիցներն ու զինակիցները: Իրանին առհասարակ չէին հրավիրել:
Արաբական համերաշխության հարցը որոշակի իմաստով քննարկվեց նաեւ փետրվարի 15-17-ը Մյունխենում անցկացված Անվտանգության միջազգային կոնֆերանսում, թեեւ փոքր տեղ էր զբաղեցնում միջազգային մյուս հիմնահարցերի մեջ: Ընդ որում, հակաիրանական հնչերանգները զգացվում էին հատկապես ամերիկացիների եւ իսրայելցիների ելույթներում:
Անցած երկու տարիներին Թրամփի վարչակազմը հող էր նախապատրաստում Մերձավոր Արեւելքում հակաիրանական նոր ռազմավարական դաշինքի (Middle East Strategic Alliance) ստեղծման համար, որը վերջերս լրագրողների շրջանում ստացել է «Արաբական ՆԱՏՕ» անվանումը: Սպիտակ տան ծրագրերի համաձայն, դաշինքի մեջ պետք է մտնեն Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհրդի վեց անդամներՙ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քուվեյթը, Քաթարը, Օմանը, Բահրեյնը, ինչպես նաեւ Եգիպտոսն ու Հորդանանը: Եթե հաջողվի, դաշինքի մեջ կմտնեն նաեւ Մարոկկոն, Սուդանը եւ Սենեգալը: Վերջիններիս մասնակցությունը քիչ հավանական է համարվում: Իսրայելը եւ ԱՄՆ-ը պաշտոնապես չեն անդամակցի դաշինքին, բայց կցուցաբերեն հետախուզական, կազմակերպական եւ ռազմատեխնիկական աջակցություն:
Հիշեցնենք, որ դեռ 2016 թ. նախագահական ընտրարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը խոսել էր իր արտաքին քաղաքականության խիստ հակաիրանական ուղղվածության մասին: Ըստ ԱՄՆ-ի մտահղացման, դաշինքի նպատակը պետք է լինի Իրանին հակազդելը, ինչպես նաեւ հակաահաբեկչական պայքարը եւ Մերձավոր Արեւելքի կայունության ապահովումը:
Ինչպես նշում են վերլուծաբանները, արաբական նոր դաշինքի գաղափարը ի հայտ է եկել 2011 թվականին, երբ սկսվեցին այսպես կոչված արաբական գարնան իրադարձությունները եւ Մերձավոր Արեւելքում սասանվեցին ԱՄՆ-ի դիրքերը: Բայց այն ժամանակ նախագահ Բարաք Օբաման «Արաբական ՆԱՏՕ»-ի ստեղծումից ավելի կարեւոր խնդիրներ ուներ. նա փորձում էր լուծել Իրանի միջուկային ծրագրի խնդիրը եւ հետո քիչ թե շատ կանոնավոր հարաբերություններ հաստատել միջուկազերծ Իրանի հետ:
Ի դեպ, կարեւորելով ԱՄՆ-ի մերձավորարեւելյան դաշնակիցներին, նախագահ Թրամփը իր պաշտոնակալությունից հետո առաջին արտասահմանյան ուղեւորությունը կատարեց դեպի Սաուդյան Արաբիա, այլ ոչ թե դեպի Կանադա կամ եվրոպական գլխավոր դաշնակից Մեծ Բրիտանիա, ինչպես ընդունված էր մինչ այդ: Թրամփի այցելած երկրորդ երկիրը Իսրայելն էր:
Ինչո՞ւ հենց Սաուդյան Արաբիա. պատասխանը պարզ է: Սաուդցիները իրենց ներկայացնում են որպես Իրանի նկրտումներին հակազդող գլխավոր պատվար եւ դրանով իսկ լիակատար ըմբռնում են գտնում Վաշինգտոնում: Անցյալում որպես մերձավորարեւելյան գլխավոր սպառնալիք ներկայացվում էր Իրաքը: Ի դեպ, Սադդամ Հուսեյնի Իրաքը ոչնչացվեց ԱՄՆ-ի ջանքերով, որոնց արդյունքում Իրանը դարձավ տարածաշրջանային գերտերություն:
ԱՄՆ վարչակազմի կարծիքով, Թուրքիան ներկայումս խրված է նախագահ Էրդողանի արկածախնդրական քաղաքականության մեջ եւ չի դիտարկվում որպես հուսալի դաշնակից: Իսկ Իսրայելն ակնհայտորեն չի ուզում ԱՄՆ-ի համար «շագանակներ հանել կրակից»: Որպես գլխավոր դաշնակից մնում է Սաուդյան Արաբիան:
Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում, Քաթարում, ԱՄԷ-ում եւ Օմանում ամերիկյան ռազմակայանների գոյությունը, ինչպես նաեւ Պարսից ծոցում ամերիկյան ծովուժի ավիակիրների մշտական հերթապահությունը, անկասկած, դյուրացնում են նոր դաշինքի կազմակերպման գործը:
Սակայն «Արաբական ՆԱՏՕ»-ի ստեղծմանը խոչընդոտում են հենց արաբական պետությունները, ըստ որումՙ երկու ոլորտներում: Առաջինը առնչվում է Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի ու ԱՄԷ-ի հետ Քաթարի ճգնաժամային հարաբերություններին: Երկրորդը արաբական երկրների ընդհանուր համաձայնության բացակայությունն է Իրանի հարցում: Վերլուծաբանների կարծիքով, Քաթարը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ եւ ուզում է մեղմել իրավիճակը: Իրանը եւ Քաթարը, ըստ երկկողմ պայմանավորվածության, մշտադիտարկում են սկսել Պարսից ծոցի ջրատարածքում: Նման պայմաններում ընդլայնվում է երկկողմ ապրանքաշրջանառությունը, որի ծավալը 2018 թվականին գերազանցել է 250 մլն դոլարը: Օմանը եւս վաղուց շատ արգասավոր գործընկերություն է հաստատել Իրանի հետ: Բազմիցս հարեւան Իրաքի հարձակումներին եթարկված Քուվեյթը, որին Պարսից ծոցի երկրները երբեւիցե չեն օգնել, իր հերթին չի ուզում նոր հակամարտության մեջ մտնել: Իրանի հետ գործընկերային աշխույժ հարաբերություններ ունի ԱՄԷ-ն, որը Իրանի համար առեւտրատնտեսական բաց լուսամուտ է դեպի համաշխարհային շուկաներ: Իրանական բազմաթիվ ընկերություններ ազատորեն գործում են Էմիրությունների բանկերի միջոցով:
Առանց դաշինքին մասնակցելու էլ, Իսրայելը կարեւոր դեր կխաղա դրա ապագա գործունեության մեջ, նշում է «Մեժդունարոդնայա ժիզն» կայքը: Այսօրվա դրությամբ, Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեն Արաբական պետությունների լիգայի անդամ երկու երկրներՙ Եգիպտոսն ու Հորդանանը: Արաբական երկրներից յոթը պաշտոնապես ճանաչել են Իսրայելը, բայց նրա հետ չունեն դիվանագիտական հարաբերություններ:
Վերջին տարիներին նկատվում է արաբ-իսրայելական հարաբերությունների ջերմացումՙ կապված տարածաշրջանում Իրանի ազդեցության աճի եւ նրա հրթիռամիջուկային գործունեության հետ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ արաբական երկրներից շատերը Իսրայելին դաշնակից են համարում, քանի որ նրանց մերձեցնում է պայքարը ինչպես Իրանի, այնպես էլ «Իսլամական պետության» գրոհայինների դեմ:
Այսպիսով, Վարշավայի եւ Մյունխենի միջազգային կոնֆերասները որոշակի քայլեր դարձան հակաիրանական ռազմավարական դաշինքի ստեղծման ուղղությամբ, թեեւ մինչեւ «Արաբական ՆԱՏՕ»-ի պաշտոնական ձեւավորումը դեռ շատ անելիքներ կան: Այդուհանդերձ, նման դաշինքի ստեղծման հավանականությունը բավական մեծ է, քանի որ Մերձավոր Արեւելքի արաբական պետություններից շատերը վախենում են Իրանի շիաական գերիշխանության հաստատումից եւ պատրաստ են դաշն կնքել իրենց պատմական թշնամի Իսրայելի հետ: