ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող
Երիտասարդ եւ հավակնոտ անկախ Ղազախստանը ավանդաբար աչքի է ընկնում ընդունվող յուրօրինակ որոշումներով, որոնք ուղղված են արտասահմանյան ներդրողներ երկիր ներգրավելուն: «Աստանա» Միջազգային ֆինանսական կենտրոնի (ԱՄՖԿ) ստեղծումն այստեղ բացառություն չի դարձել, այլ ավելի շուտ հաստատում է ձեւավորված ավանդույթը: Ստացվել է ԱՊՀ երկրի համար մի եզակի նախագիծ: Սեփական դատարանի, արբիտրաժի, բորսայի եւ սեփական կարգավորիչի օգնությամբ ԱՄՖԿ պետք է դառնա Ղազախստանի տնտեսության մեջ ներդրումներ ներգրավելու «կենտրոն»:
Հետխորհրդային պետության մեջ ողջ կենտրոնաասիական տարածաշրջանի համար ֆինանսական հաբ կազմակերպելը, ընդ որումՙ հաբ, որը հիմնված է անգլիական իրավունքի սկզբունքների վրա, ունի արտոնյալ հարկային ռեժիմ եւ անկախ ֆինանսական դատարան… Դեռ մի քանի տարի առաջ նման նախագիծը կարող էր համարվել բացարձակապես ֆանտաստիկ: Սակայն փաստը մնում է փաստ:
ԱՄՖԿ նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն, ինչպես դա ընդունված է տվյալ երկրում, հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն է: Իր հրապարակային ելույթներից մեկումՙ «Հարյուր քայլ դեպի հինգ ինստիտուցիոնալ բարեփոխումներ Ազգի Նախագիծը», նա ձեւակերպեց յուրօրինակ գաղափարՙ ստեղծել ԱՄՖԿ Աստանայում Astana Expo 2017 ենթակառուցվածքի հիման վրա: Կողմնորոշիչն այստեղ Դուբայում գործող համանման կենտրոնն էր:
«Սահմանադրության մեջ ֆինանսական կենտրոնի հատուկ իրավաբանական կարգավիճակի ամրապնդումը, կենտրոնի կայացումն իբրեւ ֆինանսական հաբ ԱՊՀ երկրների, ինչպես նաեւ Արեւմտյան եւ Կենտրոնական Ասիայի ամբողջ տարածաշրջանի համար», – մոտավորապես այսպես ուղենշեց առաջնահերթությունները ղազախստանյան ղեկավարը, ամրագրելով ԱՄՖԿ գոյությունը անհրաժեշտ հրամանագրով: «Անկախ դատական համակարգի ստեղծումը սեփական իրավասությամբ, որը պետք է գործի անգլիական իրավունքի սկզբունքներով»: Դատավորական անձնակազմը ձեւավորվում է արտասահմանյան մասնագետների թվից: Հեռանկարում Ղազախստանի ֆինանսական հաբը պետք է մտնի աշխարհի ամենաառաջադեմ քսան ֆինանսական կենտրոնների շարք:
Մնացածը, պատկերավոր ասած, տեխնիկայի գործ էր: Մեծ Բրիտանիա Նազարբաեւի պաշտոնական այցի ընթացքում Ղազախստանի նախագահը հանդիպեց Ջեյքոբ Ռոդշիլդին (անձ, ով ներկայացնելու կարիք չունի): Բառացիորեն դրանից մի երկու օր անց ղազախստանյան խորհրդարանն ամրագրեց ԱՄՖԿ-ի կարգավիճակը օրենսդրորեն: Եվ ահա, մոտ մեկ տարի առաջ, 2018թ. հունվարին, «Աստանա» Միջազգային ֆինանսական կենտրոնը պաշտոնական մեկնարկ ստացավ:
Ինչո՞վ է արդյոք ԱՄՖԿ-ն գրավիչ արտասահմանյան ներդնողների համար: Նախ եւ առաջ, աննախադեպ արտոնյալ պայմաններով ամբողջ տարածաշրջանում, ներառյալ անկախ ֆինանսական կարգավորումը, որը հիմնված է միջազգային չափանիշների վրա: Առանցքային պաշտոններն այստեղ տրված են բրիտանացիներին, ովքեր արդարադատության եւ միջազգային իրավունքի ճանաչված գիտակներ են: Անգլիական արդարադատության համակարգը հայտնի է ողջ աշխարհում, իսկ պաշտոնական Լոնդոնը հայտնի է որպես միջազգային իրավաբանական կենտրոն: Այսպիսով, տվյալ ասպեկտը երաշխիք է հանդիսանում անկանխակալ եւ արդարացի դատավարության համար:
Բացի դրանից, ԱՄՖԿ-ում ամրագրված է հատուկ իրավական ռեժիմ, որը կախված չէ Ղազախստանի դատական համակարգից, հիմնված է բացարձակապես անգլիական իրավունքի սկզբունքների վրա, իսկ գործավարության պաշտոնական լեզու ԱՄՖԿ տարածքում ճանաչվել է անգլերենը: Իր վրա ուշադրություն է գրավում նաեւ ԱՄՖԿ դատավորների կարգավիճակը, ովքեր երաշխավորում են արտասահմանյան ներդնողների իրավունքների ու շահերի պաշտպանությունը, ինչն ընդգծում է Ղազախստանի ձգտումը ստանալ անթերի կերպար եւ ստեղծել բարենպաստ պայմաններ խոշոր անդրազգային ընկերությունների աշխատանքի համար:
Ներդնողների համար արտոնությունների ցուցակը կարելի է երկար թվարկել: Դա հարկային արտոնություններ են հիսուն տարի ժամանակովՙ ԱՄՖԿ մասնակիցները ազատվում են անհատական եկամտահարկից եւ կորպորատիվ եկամտահարկից մինչեւ 2066թ. հունվարի մեկը եւ այլն: Դա, բացի ամենից, նաեւ պարզեցված արտոնագրային եւ աշխատանքային ռեժիմն է: ԱՄՖԿ արտասահմանյան աշխատողները, ինչպես եւ նրանց ընտանիքների անդամները, ստանում են երկիր մտնելու արտոնագիր հինգ տարի ժամկետով: Տնտեսական համագործակցության եւ զարգացման անդամ երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Մալայզիայի, Սինգապուրի եւ Մոնակոյի, ինչպես նաեւ Ղազախստանի կառավարության որոշմամբ այլ երկրների քաղաքացիները իրավունք ունեն առանց մուտքի արտոնագրի մտնել երկիր 30 օրացույցային օր այնտեղ մնալով: Եվ ոչ մեծ, բայց հաճելի բոնուսՙ «A» դասի օֆիսային տարածքների անվճար տրամադրում աշխատանքի առաջին երկու տարիներին:
Ղազախստանն առանց այդ էլ առավելագույն լոյալություն է դրսեւորում արտասահմանյան ներդնողների հանդեպ, իսկ նպաստավոր ներդրումային կլիմայի ստեղծումն այստեղ դարձել է քաղաքական եւ տնտեսական նախապատվություններից մեկը:
Երկրում արտասահմանյան ձեռնարկատերերի հիմնախնդիրների լուծման համար առաջին շրջանում նույնիսկ ստեղծվել էր հատուկ Ներդրումների եւ զարգացման նախարարություն, որի գործունեության շնորհիվ ներդնողների համար պետական ծառայությունների ստացումը առավելագույնս պարզեցվեց, իսկ վարչական խոչնդոտները նվազեցին: Այն բարեհաջող կերպով աշխատեց մինչեւ անցյալ տարվա վերջ եւ, կատարելով իր խնդիրը, վերակառուցվեց: Մնացած գործառույթներն ու լիազորությունները փոխանցվեցին Ազգային էկոնոմիկայի նախարարությանը եւ Արտաքին գործերի նախարարությանը: Եթե դրան ավելացնենք նաեւ բազմավեկտոր դիվանագիտորեն վարվող քաղաքականությունը, որին այդ բոլոր տարիների ընթացքում հավատարիմ է նախագահ Նազարբաեւը, ապա բոլորովին էլ զարմանալի չի լինի, որ ղազախստանյան առաջարկությունները մեծ պահանջարկ ունեն, իսկ բարձրագույն մակարդակով արտասահմանյան այցելություններն ու հանդիպումները Աստանայում ավարտվում են ձեռնարկատիրական համաժողովներով եւ նոր պայմանագրերի կնքմամբ:
Արդյունքը նույնպես ակնհայտ է: ԱՄՖԿ-ում դեռ մինչեւ նրա բացումը գրանցվել էր ավելի քան 55 ընկերություն: «Աստանա» Միջազգային ֆինանսական կենտրոնի կառավարիչ Կայրաթ Կելիմբետովի բառերով, մինչեւ 2020 թիվը դրանց թիվը պետք է գերազանցի 500-ը:
«Մեզ համար արդյունավետության առանցքային ցուցանիշ է լինելու, նկատի ունենալով, որ մենք հարկեր չենք հավաքում ֆինանսական հաստատություններից, ներգրավված արտասահմանյան ներդրումների ծավալը»,- ասում է Կելմբետովը: «Մենք կարծում ենք, որ դա առողջ բանականություն է: Այդ ներդրումները երբեք չէին գա Ղազախստան: Տասնյակ միլիարդավոր դոլարների ներդրումներՙ դա նոր աշխատատեղերի ստեղծում է, դա գնողունակության բարձրացում է մեր երկրում եւ մեզ համար դա լինելու է մեծ առավելություն»:
Երկրի արդեն նախկին վարչապետ Բակըտժան Սագինտաեւի կարծիքով, որը նա բարձրաձայնել էր Astana Finance Days համաժողովի լիագումար նիստում, ԱՄՖԿ-ն զգալիորեն կընդլայնի հենց իրՙ Ղազախստանի միջազգային հնարավորությունները, հնարավորություն կտա գտնելու եւ զբաղեցնելու իր տեղը ընդհանուր ձեւավորված համակարգում:
«Ղազախստանը դիտարկում է ԱՄՖԿ-ն որպես համաշխարհային ֆինանսական համակարգի մի մաս»,- նշել է կառավարության նախկին ղեկավարը, «ֆինանսական կենտրոնների գլոբալ շղթան, որը վերահսկում է համաշխարհային դրամական հոսքերը, անցնում է համարյա ամբողջ երկրագնդի վրայովՙ Տորոնտոյից մինչեւ Սիդնեյ եւ Տոկիոյից մինչեւ Նյու Յորք: Դրանցից ամեն մեկն ունի իր յուրահատուկ տեղը»:
ԱՄՖԿ-ն, ունենալով եզակի աշխարհագրական դիրք, ելքեր կապահովի Կենտրոնական Ասիայի, Եվրասիական տնտեսական միության, Հարավային Կովկասի, Մերձավոր Արեւելքի երկրների շուկաներ:
«Աստանան հանդիսանում է անդրմայրցամաքային նոր երթուղիների առանցքային ուղիներից մեկը, որոնք նախատեսված են «Գոտի եւ Ուղի» գլոբալ նախաձեռնությամբ»,- հիշեցրել է Սագինտաեւը: «Դրա համար էլ ԱՄՖԿ-ն կդառնա բնական ֆինանսատնտեսական կամուրջ Արեւմտյան Չինաստանի, Մոնղոլիայի եւ Եվրոպայի երկրների միջեւ: Այս ամենը մուտք է ապահովում մեկ միլիարդից ավելի մարդ ընդգրկող ահռելի շուկա»:
Արեւմտյան փորձագիտական շրջանակներում նույնպես պաշտպանում են այն գաղափարը, որ աշխարհում հայտնվել է նոր ֆինանսական կամուրջ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ: Ղազախական իշխանությունների նախնական կանխատեսումներով ԱՄՖԿ-ն կարող է ներգրավել երկրի տնտեսություն բազմամիլիարդ ներդրումներ: Ղազախստանի ծրագրերը գնահատվում են որպես հսկայածավալ, սակայն ներկա պայմանները հաշվի առնելով, միանգամայն իրականանալի: Աստանայում լավ են հասկանում, որ ներդնողների համար մրցակցությունը օր օրի ուժգնանում է եւ ներդրումներ ներգրավել կարող է միայն հեռանկարային արդյունքը, որը համապատասխանում է համաշխարհային տնտեսության ժամանակակից իրողություններին: Ուրեմն, Ղազախստանը ջանք է գործադրում դրանց համապատասխանելու նպատակով: