Պատերազմը Սիրիայում թեւակոխել է ութերորդ տարին եւ խաղաղությունը դեռ հաստատված չէ, հակառակ այն փաստին, որ իսլամական պետության ուժերը ջախջախված են: Պատերազմող խմբերի համար 500 հազար զոհերն ու ութ միլիոն փախստականները բավականաչափ հիմքեր չեն տալիս վերջ տալու կոտորածներին ու արյունահեղությանըՙ մինչ բանակցություններ են վարվում կողմերի միջեւ խնդրի խաղաղ կարգավորման հասնելու համար:
Սիրիան հայերիս համար որեւէ երկիր չէ: Դա այն երկիրն է, որ մեկ դար առաջ ապաստան տվեց ինչպես թուրքական յաթաղանից 500 հազար մազապուրծ հայ փրկվածներին, այնպես էլ Կիլիկիայից տեղահանվածներին: Ֆրանսիացիների ամոթալի դավաճանությունը անօգնական թողեց հարյուր հազարավոր հայերի, որոնք Կիլիկիա էին վերադարձել այնտեղ Ֆրանսիայի հովանավորության տակ ինքնուրույն իշխանություն հաստատելու նպատակով: Սիրիան, հետեւաբար, այնպիսի երկիր չէ, որ մենք անտարբեր հետեւենք նրա ճակատագրին:
Հայերն այդ երկրում հաստատվեցին հիմնականում գլխավոր քաղաքներումՙ Հալեպում եւ Դամասկոսում, ինչպես նաեւ որոշ գյուղական շրջաններում, վայելեցին հարգանքն ու անվտանգությունը իրենց ինքնության եւ հավատի նկատմամբ: Նրանք բարգավաճեցին այդ երկրում շնորհիվ իրենց վարժարանների, եկեղեցիների, մշակութային եւ երիտասարդական կենտրոնների եւ համայնքը դարձավ սփյուռքյան այլ գաղութներին ուսուցիչներ, հոգեւորականներ, մտավորականներ եւ արվեստագետներ մատակարարող գլխավոր աղբյուրը:
Նախքան պատերազմը Սիրիայում ապրում էր 110 հազար հայ: Այսօր այդ թիվը կիսով չափ նվազել է: Ոմանք սկսել են վերադառնալ վերականգնելու համար իրենց բիզնեսը, եկեղեցիները եւ մշակութային կենտրոնները:
Պատերազմի ութ տարիների ընթացքում ամբողջ սփյուռքահայությունը դրամահավաք կազմակերպեց օգնություն ցուցաբերելու համար իր քույրերին ու եղբայրներին: Ամերիկահայ համայնքը առատաձեռնորեն արձագանքեց օգնության կոչերին: Հայաստանը, որ դեռեւս աղքատ երկիր է, նույնպես իր բաժին օգնությունը ցուցաբերեց չորս բեռնատար ինքնաթիռներ ուղարկելով այնտեղ: Նաեւ 22 հազար սիրիահայ փախստականների ապաստան տալով հայրենիքում, առանց միջազգային որեւէ կառույցից օժանդակություն ստանալու: Հայաստանում սիրիահայ շատ երիտասարդներ սկսել են անվճար հաճախել համալսարաններ, իսկ ուրիշներՙ զբաղվել գործարարությամբ:
Ի հակադրություն Հայաստանի, Թուրքիան միլիարդավոր դոլարների արժանացավ փախստականների հարցը կարգավորելու համար, չնայած նա փախստականների հարցը օգտագործեց միայն որպես քաղաքական զենք, թողնելով նրանց անմարդկային պայմաններում ապրելու փախստականների ճամբարներում:
Հայերը Սիրիայում դարձան ոչ միայն պատերազմի անուղղակի զոհերը, այլեւ որոշակի թիրախը: Քեսաբի պատմական հայկական շրջանի գրավումը, ինչպես նաեւ Դեր Զորի Ցեղասպանության զոհերի հուշարձանի կործանումը Թուրքիայի անմիջական կողմնակիցների ձեռքի գործն էր:
Համայն աշխարհի հայությունը պարտական է օժանդակելու, որ իրենց ցիրուցան եղած հայրենակիցները կարողանան տունՙ Սիրիա վերադառնալ եւ բուժել իրենց վերքերը:
Հայաստանի կառավարությունը անցյալ ամիս մարդասիրական առաքելությամբ ականազերծման եւ առողջապահության բնագավառների 83 մասնագետների ուղարկեց Սիրիա: Խմբակազմը զինված չէր, ոչ էլ մարտական նպատակներ ուներ: Այն աշխատելու է երկրի բնականոն կյանքի վերադարձած շրջաններում, ներառյալ Հալեպում, որտեղ կենտրոնացած են հայերը:
Սակայն, չգիտես ինչու այդ խաղաղարար առաքելությունը քաղաքական ֆուտբոլի վերածվեց Մ. Նահանգների եւ Հայաստանի միջեւ: Իրականում, ավելի ճիշտ կլինի ասել, Մ. Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ, Հայաստանին թողնելով համընդհանուր ականապատ դաշտում կատարելու իր փոքրիկ դերը:
Երբ պատերազմը թեժացավ, Մոսկվան խնդրեց իր ռազմավարական դաշնակիցներին մասնակցելու մարտական գործողություններին: Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը մերժեցին: Նախագահ Սերժ Սարգսյանը սիրիահայերին զգուշացրեց պահպանել չեզոքություն, որպեսզի կողմնապահության խնդիր չառաջանար եւ, միաժամանակ, ԻՊ-ի ահաբեկիչների թիրախը չդառնար: Բայց այժմ, երբ պատերազմը հանդարտվել է, Հայաստանի նոր կառավարությունը քաղաքական ռիսկի է դիմել, առանց հասկանալու, որ նման առաքեությունը կարող է քաղաքականացվել հակառակ իր մարդասիրական բնույթին:
Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցյալ աշնանը հանդիպեց Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդատու Ջոն Բոլթոնի հետ, այդ առաքելության հարցը քննարկվեց եւ Հայաստանը վստահեցրեց դիվանագետին, որ դա զուտ մարդասիրական բնույթ էր կրելու: Այնպես որ, ոչ մի առարկություն չէր ակնկալվում Մ. Նահանգների կողմից:
Բոլթոնը նաեւ հորդորել էր Հայաստանի կառավարությանը փակել Իրանի հետ իր սահմանը, այդ երկրի դեմ ԱՄՆ-ի կիրառած տնտեսական պատժամիջոցներին համահունչ: Բոլթոնին, անշուշտ, չի հետաքրքրում, թե Իրանի հետ սահմանի փակումը Հայաստանի համար համազոր կլինի ինքնասպանության, քանի որ դեպի արտաքին աշխարհի մյուս սահմանը Վրաստանի միջով է, որն, ինչպես հայտնի է, արդեն իսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ համագործակցում է մեկուսացնելու համար Հայաստանը: Բոլթոնը նույնիսկ չմտածեց իր խնդրանքի փոխարեն ստիպել Թուրքիային եւ Ադրբեջանին վերացնելու Հայաստանի շրջափակումը:
Բոլթոնի հետ պաշտոնական քննարկումներից եւ առաքելության խաղաղարար բնույթը հստակեցնելուց հետո, Երեւանում Մ. Նահանգների դեսպանատան միջոցով թողարկված պետքարտուղարության հակիրճ նկատողությունը առնվազն զարմանալի է: Այնտեղ նշված է. «Մենք հասկանում ենք Սիրիայում մադրասիրական օգնություն ցուցաբերելու բոլոր երկրների ցանկությունը, եւ Մերձավոր Արեւելքում փոքրամասնություններին աջակցելու նրանց մտահոգությունները, բայց չենք խրախուսում որեւէ կապ Սիրիայի զինվորական ուժերի հետ, լինի դա քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու, թե ռազմական բնույթի: Չենք խրախուսում նաեւ այդ առաքելության շրջանակներում որեւէ համագործակցություն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Ռուսաստանը Ասադի վարչակարգի հետ գործակցել է քաղաքացիներին կոտորելու եւ մարդասիրական աղետ առաջացնելու գործում: Ռուսասստանը շարունակում է պաշտպանել Ասադի վարչակազմին եւ նրա բռնություններին»:
Հարկ չենք տեսնում այստեղ պաշտպանել Ասադի վարչակազմը, կամ արդարացնել Ռուսաստանի գործողությունները, ինչքան էլ որ Մ.Ն.ի հնազանդ մամուլը փորձում է սեւացնել նրանց: Բավական է նշել միայն, որ նույնիսկ աջակողմյան հակումներով մեկնաբան-վերլուծաբան Գլեն Բեկն արտահայտել է իր վրդովմունքն ու զզվանքը Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի խնամակալության տակ գործող ԻՊ-ի վայրագությունների մակարդակի ու բնույթի նկատմամբ: Հայաստանի արտգործնախարարությունը շատ մեղմ արձագանքեց Մ. Նահանգների հայտարարությանը: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը նշեց, որ Հայաստանի մարդասիրական առաքելությունը սոսկ սփոփիչ օգնություն է միջազգային մարդասիրական օրենքներին համապատասխան եւ համակարգում է իր աշխատանքները տեղում գործող այլ միջազգային մարդասիրական կառույցների հետ: Իր հերթին, Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Ռուբեն Ռուբինյանը անդրադառնալով թեմային արձանագրեց, որ մասնագետների խմբակազմ ուղարկելը Սիրիա շատ կարեւոր է մեզ համար, որովհետեւ այն նպատակ ունի առաջին հերթին երաշխավորելու մեր էթնիկ հայրենակիցների եւ երկրորդՙ սիրիացի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը: Այնպես որ կատարվածը ոչ աշխարհաքաղաքական, ոչ քաղաքական եւ ոչ էլ ռազմական քայլ է, այլ սոսկ մարդասիրական:
Մյուս կողմից, այդ օրերին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդեսը վճռականորեն կողմ արտահայտվեց առաքելությանը:
Ավելացնենք, որ Հայաստանին ոչ մեկը երբեւէ ոչ գովել է, ոչ շնորհակալություն հայտնել Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի եւ Հարավային Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո կատարված խաղաղասիրական աշխատանքներին մասնակցելու համար: Բավական է գուցե նշել, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շայգուն շնորհակալություն հայտնելով Հայաստանինՙ հարցը համարել է հակաքայլ Ռուսաստանին մեկուսացնելու ամերիկյան քաղաքականության:
Հայաստանն ի վիճակի չէ անելու ավելին, քան մինչ օրս կատարել է: Ամերիկահայերի պարտքն է իրենց ձայնը բարձրացնելու այդ առնչությամբ: Ողջունելի է, որ Թրամփի վարչակազմը որոշել է ետ քաշել իր զորքերը Սիրիայից, թողնելով, որ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան կարգավորեն սիրիական ճգնաժամը: Հայաստանի դերը խորհրդանշական է պետքարտուղարության համար:
Հայաստանի մարդասիրական առաքելությունը անքակտելի մասն է Սիրիայի պատերազմից տուժած հայերին օգնություն ցուցաբերելու հայկական համաշխարհային համայնքի ջանքերի: Հայերս պետք է կարողանանք բավականաչափ քաղաքական խիզախություն հավաքել, որպեսզի դիմակայենք պետքարտուղարության արձագանքին, որը չի համապատասխանում գործադրված ջանքերի իսկական բնույթին:
Պետքարտուղարությունն էլ իր հերթին պետք է հասկանա, որ մարդասիրական առաքելության մեջ անհրաժեշտ է մարդկայնությունը որոնել:
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)