Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել EURACTIV լրատվական պորտալին: 1999- ին ստեղծված ինտերներտային այս լրատվամիջոցի հետաքրքրության առանցքը Եվրոպական Միությունն ու նրան առնչվող թեմաներն են: Մարտի 6- ին հրապարակված «Լեռնային Ղարաբաղում տեւական խաղաղություն ենք կամենում» վերնագրյալ հարցազրույցում ՀՀ վարչապետին ուղղված հարցերը չեն շրջանցում ԵՄ- ի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները, անդրադառնում են քաղաքական հեղափոխությանը հաջորդող տնտեսական փուլին: Տեղի սղության պատճառով չենք կարող ներկայացնել լրատվամիջոցի երկար հարցազրույցը վարչապետի հետ: Բավարար ենք համարում, որ արծարծված խնդիրների մասին վարչապետ Փաշինյանը տարբեր հարթակներում հանդես է եկել եւ շարունակում է պարզաբանումներ ներկայացնել: Ստորեւ մեր ընթերցողի ուշադրությանն ենք հանձնում վերոհիշյալ հարցազրույցի այն հատվածները, որ առնչվում են Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը եւ Թուրքիայի հետ հարաբերություններինՙ մասնակի կրճատումներով:
«Անցյալ տարի Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ կովկասյան հանրապետությունում խաղաղ հեղափոխության հաջողությունից ի վեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սառեցված հարաբերությունները սկսել են մի փոքր հալվել», հարցազրույցի նախաբանում նշում է EURACTIV- ըՙ իրազեկելով, թե հարցազրույցի հեղինակ Սեմ Մորգանի հարցերին ՀՀ վարչապետը պատասխանել է գրավոր:
«Ինչպե՞ս եք մտադիր օգտագործել հայ- ադրբեջանական հարաբերություններում առկա նոր ազդակները երկու ազգերի միջեւ հարաբերությունները հետագայում բարելավելու առումով» հարցին ի պատասխան Հայաստանի վարչապետն այսպիսի պարզաբանում է տալիսՙ «Մենք պարտավորվում ենք կառուցողական երկխոսություն վարելՙ նպատակաուղղված տեւական խաղաղության ստեղծմանը: Տարածաշրջանի բնակչությանը հակամարտության խաղաղ կարգավորմանը նախապատրաստելու համար հայտարարել եմ, որ լուծումը պիտի հաշվի առնի երեք կողմիՙ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շահերը: Սրա համար, ի դեպ, Հայաստանի հանրության ու մեդիայի քննադատությանն արժանացա, քանզի Ադրբեջանի նախագահը նույն կերպ վարվել հրաժարվում է: Բացի դրանից, նա կրկնում է բազմիցս հնչեցրած ագրեսիվ հռետորաբանությունը, որ շատ բացասական ազդեցություն է ունենում մարդկանցՙ խաղաղության տրամադրելու իմ ջանքերի վրա: Նաեւ ազդում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի վրա: Ուզում եմ ընդգծելՙ բացարձակ անհրաժեշտ է ԼՂ- ն բանակցություններում ներառելը: Ի վերջո սա մի գործընթաց է, որը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է որոշելու եւ այնտեղ ապրող մարդկանց անվտանգության երաշխիքներ է տալու: Հայաստանի նախորդ երկու նախագահները Արցախում են ծնվել, այնտեղ մեծացել, ապրել: Ի հակադրություն նրանց, ես Արցախը չեմ ներկայացնումՙ այնտեղ ապրող մարդիկ Հայաստանի ընտրություններին չեն մասնակցել, այդ պատճառով խաղաղության գործընթացին ես Արցախի բնակչության մանդատը չունեմ (*): Ես ներկայացնում եմ Հայաստանը եւ պատրաստ եմ Հայաստանի անունից բանակցություններ սկսել: Եթե Ադրբեջանն այժմ նույնպես հայտարարի, որ հակամարտության կարգավորումը պետք է ներառի մասնակից բոլոր կողմերի շահերը, լավ հնարավորություն կլինի բանակցությունները փոխադարձ վստահության հիման վրա վերսկսելու համար»:
«Ադրբեջանի նախագահ Ալիեւը դեկտեմբերին թվիթերյան գրառում էր արել, թե 2019- ին «նոր խթան» է հաղորդվելու ԼՂ հակամարտության լուծմանը: Համամի՞տ եք այդ գնահատականին»: Հայաստանի վարչապետն այսպես է ձեւակերպում իր պատասխանըՙ «Դրական է, եթե նախագահ Ալիեւը «նոր խթան» ասելով նկատի ունի ԼՂ- ի բնակչության ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Եթե ոչ, ապա դա եւս մի մեծ, բայց դատարկ հայտարարություն է: Բնականաբար ցանկություն ունենք խաղաղ գործընթացին նոր բովանդակային շեշտադրումներ հաղորդել: Մենք ադրբեջանական կողմին արդեն ներկայացրել ենք մեր տեսլականը: Խաղաղությունը մեր տարածաշրջանի բոլոր երկրների շահերից է բխում, մենք վճռական ենքՙ աշխատանք տանել տեւական խաղաղության համար»:
Լրատվամիջոցի հաջորդՙ հակամարտության կարգավորման մեջ ՄԱԿ -ի դերակատարման կարեւորության մասին հարցին ի պատասխան Հայաստանի վարչապետը մեկնաբանում է, թե միջազգային հանրությունը ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի միակ ինստիտուցիոնալ հովանավոր է ճանաչում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, կարեւոր նկատելով նաեւ այն հանգամանքը, որ ՄԱԿ- ը ողջունում է խաղաղ այդ գործընթացը: Փաշինյանը հիշեցնում է, որ համանախագահ երկրները ՄԱԿ- ի ԱԽ մշտական անդամներ են եւ նշում, թե ողջունում են ՄԱԿ- ի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որ վերստին ընդգծում են 1992- ից հանձնառություն ստանձնած ԵԱՀԿ ձեւաչափի առաջնայնությունը: EURACTIV- ի հաջորդ հարցը վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին: «Ձեր ընտրությունից հետո մոտ ապագայում Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու որեւէ նշան կա՞»: «Ցավոքՙ ոչ», պատասխանում է վարչապետ Փաշինյանը եւ շարունակումՙ Թուրքիայի դիրքորոշման փոփոխության որեւէ նշան չկա: Եթե Թուրքիան իրեն ժողովրդավարական երկիր է համարում, պիտի ողջունի իր հարեւան երկրի ժողովրդավարության հաղթանակը եւ երկխոսություն սկսի: Ժողովրդավարության հաղթանակը մեր երկրում բոլորի համար տեսանելի է: Այս համատեքստում թերեւս խորհելու առիթ պիտի տա Թուրքիայի հակահայկական դիրքորոշումը: Մենք վերահաստատում ենք առանց նախապայմանների հարաբերություններ վերականգնելու մեր վճռականությունը: Հարց պիտի տանքՙ եթե Անկարան շարունակում է իր այն մոտեցումը, թե Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն միայն այն ժամանակ, երբ ԼՂ հիմնահարցը կլուծվի, մեր օրակարգում դնե՞նք Կիպրոսի եւ Թուրքիայում մարդու իրավունքների խնդիրների հարցերը: Քաղաքականության այս կերպը մեր տարածաշրջանին կայունություն կբերի»՞, հարց է ուղղում ՀՀ վարչապետը:
*) Ճշտենքՙ ոչ միայն ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահներն են առանձին, առանց Արցախի ներկայացուցչի, բանակցություն վարել ադրբեջանական կողմի հետ, այլեւՙ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1997-1998-ինՙ մինչեւ Ռ. Քոչարյանի իշխանության սկիզբը, առնվազն 4 անգամ _Խմբ.: