Դեմոկրատներն ընդդեմ նախագահի
Մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դատական գործերի հանձնախմբի նախագահ Ջերալդ Նադլերը հայտարարեց ԱՄՆ նախագահի գործունեության գործարար եւ քաղաքական ոլորտների ծավալուն հետաքննություն սկսելու մասին: Լրատվամիջոցները գրում են, որ սա դեմոկրատների կողմից նախագահի գործունեության լայնընդգրկուն քննարկման սկիզբն է այն նպատակով, որպեսզի պաշտոնանկության գործընթաց սկսվի նրա դեմ: Նախագահ Թրամփի եւ դեմոկրատների դիմակայությունը հետզհետե ուժեղանում է, դեմոկրատները խոսքից անցել են գործի:
Նադլերի հետաքննության կենտրոնում հնարավոր հակազդեցությունն է արդարադատությանը, Թրամփի հետ ունեցած կապերը չբարձրաձայնելու դիմաց երկու կանանց կատարված դրամական վճարումները, 2016 թ. նախընտրական արշավի ժամանակ Ռուսաստանի հետ Թրամփի ունեցած հավանական կապերը եւ պարգեւատրման մասին ԱՄՆ սահմանադրության դրույթների խախտումները: Բացի դրանից, դեմոկրատ կոնգրեսականները Թրամփից պահանջում են իր թաքցրած տեղեկությունները տրամադրել Պուտինի հետ վարած բանակցությունների վերաբերյալ:
Այս հետաքննության մեջ նշանակալի դեր է խաղում Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենը , որն անցյալ շաբաթ ցուցմունքներ տվեց Կոնգրեսին: Հետաքննության մեջ վերստին բարձրացվում է 2016 թ. ռուսաստանցի փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ Թրամփի որդու ունեցած հանդիպման հարցը: Վեսելնիցկայան իբր խոստացել էր Թրամփի թիմին վարկաբեկիչ տեղեկություններ փոխանցել Հիլարի Քլինթոնի մասին: Սպիտակ տան ղեկավարը պնդել էր, թե ինքը տեղյակ չի եղել այդ հանդիպման մասին, սակայն Մայքլ Քոենը հակառակն է պնդում:
Կոնգրեսականները մտադիր են հետաքննել նաեւ Մոսկվայում Թրամփի աշտարակիՙ «Թրամփ Թաուերի» կառուցման ծրագրերը: 2016 թ. նախագահական ընտրարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը պնդում էր, թե ինքը Ռուսաստանում գործարարությամբ չի զբաղվել, բայց Մայքլ Քոենը նշում է, որ նա Մոսկվայում երկնաքերների նախագծով զբաղվել է նույնիսկ ընտրարշավի ժամանակ: Ճիշտ է, ՌԴ մայրաքաղաքում «Թրամփ Թաուերը» այդպես էլ չկառուցեցին:
«Այս շաբաթ» ծրագրին տված հարցազրույցում Նադլերը նշել է, որ դեմոկրատները առայժմ բավարար ապացույցներ չունեն նախագահի պաշտոնանկության գործընթացի համար: Նրա խոսքերովՙ հետաքննության նպատակներից մեկը ամերիկացիներին համոզելն է, որ նախագահը պետք է թողնի պաշտոնը: Երկուշաբթի օրը Նադլերը 60 հարց պարունակող նամակներ է ուղարկել Թրամփի վարչակազմի անդամներին, նրա գործարար ընկերներին, ինչպես նաեւ նրա նախընտրական շտաբի աշխատակիցներին:
Ինչպես նշում է CNN-ը, պատահական չէ, որ նախագահի պաշտոնանկության գործընթացը նախաձեռնել է հենց Նադլերը. սկսվելու դեպքում գործընթացը կիրականացվի այն դատական հանձնախմբում, որը հենց ինքն է վերահսկում:
Սակայն պաշտոնանկության գործընթացը վտանգ կստեղծի նաեւ դեմոկրատների համար, եթե նրանք չափից ավելի արագ գործեն, կարծում է քաղաքական մեկնաբան Մայք Ալլենը : Այդ պատճառով դեմոկրատները մտադրվել են հրապարակային երկարատեւ լսումներ անցկացնել բազմաթիվ վկաների մասնակցությամբ:
Միեւնույն ժամանակ, Դեմոկրատական կուսակցության ղեկավարներից շատերը կարծում են, որ պաշտոնանկության գործընթացը կարող է հանգեցնել Թրամփի վերընտրությանը: Եթե դեմոկրատները նախաձեռնեն հասարակության աջակցությունը վայելող նախագահի պաշտոնանկության գործընթացը, ապա դա կարող է վնասել կուսակցության վարկին եւ ազդեցությանը: Օրինակՙ Բիլ Քլինթոնը , ըստ Gallup-ի հետազոտության արդյունքների, պաշտոնը թողեց իր ամենաբարձր վարկանիշի պայմաններում:
CNN-ը նաեւ հիշեցնում է, որ երբ 1998 թ. Կոնգրեսը փորձեց Բիլ Քլինթոնի պաշտոնանկության գործընթաց սկսելՙ չունենալով հասարակության աջակցությունը, տհաճ հետեւանքներ եղան Քլինթոնին հետապնդող հանրապետականների համար: Այժմ դեմոկրատները փորձում են չկրկնել անցյալի սխալները, նրանց նպատակը ոչ թե ատենակալներն են կամ դատավորը, այլ հասարակությունը:
Ներկայացուցիչների պալատի կարեւոր նպատակներից մեկը այդ քննարկումների մեջ հասարակայնության ներգրավումն է: Մոտ ժամանակներս կարող է հրապարակվել նաեւ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկուցագիրը: Հենց Ռուսաստանի հետ գործարքի առկայության բացահայտումը կարող է էական փաստարկ դառնալ Թրամփի պաշտոնանկության գործընթացի համար: Վերոհիշյալ մյուս փաստարկները այնքան էլ համոզիչ չեն կոնգրեսականների երկու երրորդի քվեները ստանալու համար, գրում է The Washington Post թերթը:
Նույն դատական հանձնախմբի անդամ Դագ Քոլինզը նշում է, որ Ջերալդ Նադլերը սկզբում մեղադրանքներ է ներկայացնում նախագահին, եւ հետո միայն ապացույցներ է փնտրում: «Մենք դեռ չգիտենք Մյուլլերի հետաքննության արդյունքները, մինչդեռ դեմոկրատներն արդեն ապահովագրում են իրենց»:
Ի դեպ, անցյալ տարվա աշնանը Թրամփի պաշտոնանկությանը կողմ էր արտահայտվել ամերիկացիների 47%-ը, իսկ ձմռանըՙ 43%-ը: