Մինսկի խումբը, Քարնեգի հիմնադրամը եւ Իրանը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները օրերս Երեւան եւ Բաքու կատարած այցելություններից հետո տարածեցին հայտարարություն այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ընդունել են մոտ ժամանակներս հանդիպում ունենալու առաջարկությունը: Դա ընկալվեց որպես սենսացիա. եթե Մինսկի խմբին հաջողվում է ստանալ նրանց համաձայնությունը, նշանակում էՙ առաջարկված աշխատանքային օրակարգը գոհացնում է նրանց:
Ճիշտ է, դրա նախօրեին հակամարտող կողմերից հնչել էր բացասական արձագանք: Նման մակարդակի գագաթաժողովները նախապատրաստում են արտգործնախարարները: Այս կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաեւան ճեպասուլիսում ասել էր, որ իր երկիրը հանդիպումներից ակնկալում է գրավյալ տարածքների ազատում, տեղահանված անձանց վերադարձի ապահովում:
Իր հերթին, Իրանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել բանակցություններում Ստեփանակերտին ներգրավելու կոչով: Նրա խոսքերով, ինքը եւ Ալիեւը կհանդիպեն առանց օրակարգի: Բայց կարեւոր որոշում կարող է լինել ձեւաչափի փոփոխումը: Քանի դեռ ձեւաչափի շուրջ համաձայնություն չկա, բանակցությունները չի կարելի համարել պաշտոնական: Արցախն ունի իր կառավարությունը եւ նախագահը, որոնք էլ պետք է բանակցեն նրա անունից:
Բաքուն դեմ է դրան: «ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ձեւաչափը հայտնի է եւ չի կարող փոփոխվել: Ձեւաչափը փոխելու Հայաստանի կառավարության պնդումները ոչ այլ ինչ են, քան գործընթացը փակուղի մտցնելու ձգտում», այս կապակցությամբ հայտարարեց Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Հիքմեթ Հաջիեւը : Այսպիսով հայտնվում ենք հակասությունների գոտում: Դրանցից առաջինը Երեւանի եւ Բաքվի դիրքորոշումների անհաշտ բնույթն է, երկրորդը «առանց օրակարգի» հասկացության կիրառումն է: Այդ դեպքում ո՞րն է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը, չխոսելով արդեն երկու երկրների եւ արտգործնախարարների հայտարարված հանդիպման մասին: Մինսկի խումբը չի կարող խոսքերը քամուն տալ: Սրանից հետեւում է, որ հակամարտող կողմերը լռելյայն համաձայնության են եկել հանդիպումները շարունակելու նախկին ձեւաչափով, նշում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը :
Այդուհանդերձ, Բաքվի ու Երեւանի միջեւ տեղեկատվական պատերազմի լարվածությունը չի թուլանում: Ավելին, ինչպես հայտարարել է Արբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերի գծով օգնական Ալի Հասանովը , «ամեն պահի կարող է բռնկել արյունալի պատերազմ»: Իսկ ի՞նչ են անում միջնորդները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ մասնակցել է Ալիեւի ու Փաշինյանի հարաբերությունների կարգավորմանը: Դրանից հետո Բաքվից ազդանշաններ հնչեցին, թե ՀՀ վարչապետը իբր պատրաստ է սկսել որոշ շրջանների ազատումը, իսկ Երեւանը հասկացրեց, որ եթե դա տեղի ունենա, ապա միայն Մոսկվայի ճնշմամբ: Դրանից հետո Ռուսաստանը որոշեց մի կողմ քաշվել: Էստաֆետը սկսեց իր ձեռքն առնել ԱՄՆ-ըՙ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը:
Սկզբում ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հայտարարեց, թե գոյություն ունի ԼՂ հակամարտության վերջնական կարգավորմանն ուղղված «Լավրովի ծրագիր»: Հետո խաղի մեջ մտավ ամերիկացի մեկ ուրիշ նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը , որը մի կողմից հայտարարում էր, որ Մոսկվան չունի հակամարտության կարգավորման բացառիկ իրավունք, մյուս կողմից ասում էր, որ կարգավորման սկզբունքները ներառված են ծրագրի մեջ, որը նա չէր անվանում «Լավրովի ծրագիր»: Նրա խոսքերով, այդ սկզբունքները քննարկվել են տարիներ շարունակ, եւ կողմերից պահանջվում են միայն վճռական քայլեր:
Մոսկվան մշտապես հերքել է վերոհիշյալ ծրագրի գոյությունը: Բայց խնդիրը դա չէ: Ստեղծվում է այնպիսի տպավորություն, թե վերստին աշխուժացած Մինսկի խոմբը փորձում է առաջ մղել այդ ծրագիրը, իսկ բանակցությունների ձախողումը կմեկնաբանվի որպես տվյալ ծրագրի մերժում: Կամ ընդհակառակըՙ կողմերից մեկի համաձայնությունը կներկայացվի որպես Մոսկվայի աջակցության վկայություն: Ըստ որում, ինտրիգը դրանով չի ավարտվում: Ամերիկացի փորձագետներն ակնարկում են, որ վերջերս Մոսկվայի համակրանքը շեղվել է Բաքվի կողմը եւ բացեիբաց ուրիշ սցենար են իրականացնում:
Օրերս Քարնեգի հիմնադրամը իր կայքում հրապարակեց վերլուծական հոդվածՙ նշելով, որ Վաշինգտոնը պետք է ավելացնի Հայաստանին հատկացող օգնությունը, որը բնութագրվում է որպես ժողովրդավարության տիպար եւ աշխարհաքաղաքական դաշնակից: Պնդում է արվում, որ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունն օրինակ կծառայի ժողովրդավարության ձգտող երկրների համար, ինչպես նաեւ բազմավեկտոր քաղաքականության վարման համար:
Ըստ որում, այն միտքն է ներշնչվում, որ Փաշինյանին իբրեւ ժառանգություն հասած քսան տարվա կոռումպացված համակարգը Մոսկվայի հետ Երեւանի դաշինքի արդյունքն է: Առաջարկված սխեմայի համաձայն, եթե Բաքուն դիմի ԼՂ հակամարտության ուժային լուծմանը, դա կընկալվի որպես ավտորիտարիզմի պատերազմ ժողովրդավարության դեմ, եւ «ԱՄՆ-ը պետք է լինի Հայաստանի կողմում, որպեսզի հետագայում նպաստի Արցախի հակամարտության առավել ձեռնտու լուծմանը»: Դա շատ լուրջ եւ գաղափարախոսական առումով հագեցած քայլ է, որն ուղղված է «Հարավային Կովկասում գաղափարախոսական պատվարի ստեղծմանը ընդդեմ Ռուսաստանի գործապաշտական քաղաքականության»: Բացի դրանից, դա ունի դեպի Թեհրան ուղղված աշխարհաքաղաքական նշանակություն:
Պատահական չէ, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իսլամական հեղափոխության 40-ամյակին նվիրված հանրահավաքում հիշեցրեց երկրի պատմությունը: Նա թվարկեց կայսրություններիՙ այդ երկիր կատարած ներխուժումները, օկուպացիան, մասնատվածությունը, իսկ հետո անցավ իրանական տարածքների անջատմանը Ղաջարների եւ Փեհլեւիների շահական գահատոհմերի տիրապետության ժամանակաշրջանում: Այդ ժամանակահատվածում Իրանից անջատվել է երկրի տարածքի երկու երրորդը, ասաց Ռոհանինՙ նշելով, որ 191 տարի առաջ Իրանի հյուսիսային մասից պոկել են եւս մեկ հատված: Դժվար չէ կռահել, որ խոսքը Ադրբեջանի մասին է, գրում է ադրբեջանական կայքերից մեկը: 191 տարի առաջ կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը, իսկ 205 տարի առաջՙ Գյուլիստանինը:
Ճիշտ է, Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը , չգիտես ինչու, կարծում է, թե այդ հավակնությունները վերաբերում են առաջին հերթին Հայաստանին, քանի որ Թուրքմենչայի պայմանագրի կնքումից առաջ նրա տարածքը եղել է Իրանի կազմում: Բայց դա այդպե՞ս է արդյոք: Եվ սա չի՞ նշանակում արդյոք, որ Թեհրանը ձգտում է պատմական իրավունքի հիման վրա մասնակից դառնալ ԼՂ հակամարտության կարգավորմանը: Երեւանում եւ Բաքվում ընմբռնո՞ւմ են արդյոք այդ նոր զարգացումները, որոնք ենթադրում են Մինսկի խմբի հետ գոյություն ունեցող հարաբերությունների շրջանակի ընդլայնում:
Առայժմ կարելի է նշել, որ Մինսկի խմբի միջնորդությամբ Երեւանի եւ Բաքվի ամեն տեսակ բանակցություններն օգտակար են հակամարտության սաստկացում թույլ չտալու տեսակետից: Իհարկե, երկու երկրների ղեկավարների հանդիպման արդյունքների մասին քչերը կիմանան: ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի խոսքերով, «երկարատեւ հակամարտության կարգավորումը բարդ խնդիր է, որը ենթադրում է տարածաշրջանի կայունություն, ակտիվ երկխոսություն եւ հասարակության առաջ շարժվելու ձգտում»: