Արամի 23-ից ուշքի չեկածՙ հիմա էլ Խորենացի 13-ն են քանդել: Այն նախկին լուսավորության մինիստրության շենքն էրՙ թամանայանական ձեռագրով հայկական ճարտարապետության նմուշներից, որին իր ոճով մի քիչ նման է թատերական գործիչների միության շենքը: Խորենացի 13-ը պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառված չէ, կառուցվել է 1950-ականներին: Թե ով եւ ինչ չափորոշիչներով առաջնորդվելով է որոշել, որ շենքը մշակութային ու պատմական արժեք չէ, հայտնի չէ: Սկզբում քանդվել է շենքը. սեփականատերըՙ հանգուցյալ Ջերալդ Գաֆեսճյանը , ճակատային հատվածը պահպանել է: Ճարտարապետությունից ու գեղագիտությունից կիլոմետրերով հեռու մարդն էլ կհամաձայնի, որ վարդագույն ֆասադն իր զարդաքանդակներով, իսկապես գեղեցիկ ու տպավորիչ է: Ու հիմա, երբ տեսնում ես գետնին թափված զարդանախշերի բեկորները, պատերի փշուրները, ապշում եսՙ լավ, ո՞ւմ ձեռքն է գնացել քանդել-ավերել այն: Խղճի, հոգու, մտքի որքան նվազ չափաբաժին է ունեցել նա, ով սառնասրտորեն ոչնչացրել է ճարտարապետական յուրահատուկ կոթողը:
Խորենացի 13-ի տեղում եւ հարակից տարածքում բիզնես-կենտրոն է կառուցվելու: Նախագիծն արդեն կա: Սեփականատերը դարձյալ շվեյցարահայ մեծահարուստ Վարդան Սրմաքեշն է: 2017 թվականին ստացած հայտի հիման վրա 2019-ի փետրվարին քաղաքապետարանը Խորենացի 13-ի ճակատային հատվածը քանդելու թույլտվություն է տրամադրել: Ամեն ինչ օրենքով էՙ շինությունը պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված չէ, քաղաքապետարանի թույլտվությունը, հետեւաբար, օրինական է. սեփականատերն ու կառուցապատողն էլ իրենց իրավունքների տիրույթում գործի են անցել. մեռնեմ օրենքին: Ամեն ինչ ճիշտ է, թուղթ-թանաքով, ստորագրությամբ ու կնիքովՙ շենքը քանդել: Բոլորը պաշտպանված են օրենքով: Ո՞վ է մեղավոր, որ նախկին լուսավորության մինիստրության շենքն ինչ-ինչ մարդիկ, ինչ-ինչ հանձնաժողով պատմամշակութային հուշարձան չեն ճանաչել ու ցանկում չկա: Ինչպես քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն է ասումՙ բա ձեր հոգու ցանկում է՞լ չկա: Չէ, չկա: Ինչո՞ւ լինի, երբ Երեւանի կենտրոնում ամեն թիզը ոսկու գին ունի, մենք աղքատ ենք, մեր բյուջեն աղքատ է, ներդրողների կարիք ունենք, որ գան, հյուրանոց ու ռեստորան սարքեն, տարբեր գույների, տարբեր ձեւի ու չափիՙ մեծ-մեծ, բարձր-բարձր շինություններ, վարձով տան, էլի ներդրողներ գան, այդ տարածքները վարձով վերցնեն, էլի հյուրանոց ու ռեստորան սարքեն, սեւ-սեւ ապակիներով իրենց պատսպարեն Երեւանից ու երեւանցուց, մշակույթից ու արժեքներից, այդ սեւ-սեւ ապակիներով պատուհաններից օտարոտի նայեն Երեւանին ու երեւանցուն ու մեծ-մեծ բիզնես-ծրագրեր մտածեն:
Նույն Երեւանի ծայրամասերում սովետական տարիներից մնացած կիսավեր շինություններ կանՙ լքված, մռայլ, խեղճ. ինչո՞ւ այնտեղ ներդրում չեք անում, պարոնայք, Երեւանի քաղաքապետարան, ինչո՞ւ մի դպրոց, մանկապարտեզ, մշակույթի օջախ կառուցելու մրցույթ չես հայտարարում, որ քաղաքի ծայրամասն էլ Երեւան դառնա: Չէ, ծայրամասը ներդրողին հետաքրքիր չէ, մեջը փող չկա:
Երեւանի կոկորդն ուղղակի օղակել են, սեղմում են, շնչահեղձ անում. քայլելու, շնչելու, շարժվելու տեղ չկա: Հենց մի նոր շենք է քանդվում, մտածում ենքՙ էլ քանդելու բան չի մնացել, սա երեւի վերջինն է, բայց ոչ, նորն են գտնում ու քանդում: Խորանեցի 13-ի տեղում եւ հարակից տարածքում, ասում են, 19 հարկանի շինություն է կառուցվելու: Եթե մի պահ պատկերացնենք այն արդեն կանգուն, կտեսնենք, որ Խորենացի փողոցի մյուս շենքներն այդ ծավալի ու բարձրության կողքին ուղղակի կկրոչեն: Տարածքում ակտիվ շինարարություն է ընթանում: Թիթեղյա պատնեշից այն կողմ ծանր տեխնիկա է աշխատում, որով էլ հենց քանդել են շենքը:Իսկ թիթեղյա պարսպի վրա ընդվզող ու բողոքող մեր քաղաքացիները ճարտարապետներ Նարեկ Սարգսյանի ու Արթուր Մեսչյանի նկարներն են փակցրել, դրանց միջեւ հավասարության նշան դրել ու գրելՙ «Սական ի՞նչ տարբերություն», մեկ ուրիշ պաստառի վրա Հայկ Մարությանի կերտած կերպարներն ենՙ «Սուպեր մամա, սիրուն չի, չէ՞» գրությամբ: