Նախանձելի են այն երկրների ժողովուրդները, որոնք իրենց պետական ղեկավարներին գիտեն միայն իրենց անուններով եւ ընդհանրապես չեն զբաղվում նրանցով, առնվազն ընտրությունից ընտրություն: Երջանիկ է, օրինակ, Բելգիայի ժողովուրդը, որը շուրջ մեկ տասնամյակ առաջ 18 ամիս մնաց առանց կառավարության: Այդ մասին այդ օրերին բելգիացի գործընկերներիս հարցնում էի, թե ի՞նչպես են յոլա գնում կառավարական այդ ճգնաժամի հետ, պատասխանում էին կարճՙ «շատ հանգիստ»:
Անշուշտ Հայաստանը ո՛չ Բելգիա է, ո՛չ էլ անգամ Լյուքսեմբուրգ: Առաջինի մայրաքաղաքում է գտնվում համաեվրոպական կառավարման ողջ համակարգը, այսինքն կառավարման գիտության բարձր կաճառը, իսկ երկրորդն արդեն դարձել է օտարերկրյա ներդրումների երաշխավորման եւ ապահովագրման համաշխարհային գլխավոր կենտրոններից մեկը: Դրանք գտնվում են, ի հակադրություն մեր երկրի, մի միջավայրում, որտեղ գիտեն խաղաղ ապրելու, համակեցության եւ համագործակցության արժեքն ու գինը թե՛ պատմականորեն, թե՛ գործնականորեն: Եվ նման երկրների նկատմամբ մեր նախանձն անգամ արդարանալի չէ, նկատի ունենալով մեր պետության դիրքը, աշխարհաքաղաքական միջավայրը, շրջափակված լինելը, կիսապատերազմական դրությունը, տնտեսական միջավայրի ու ռեսուրսների աղքատությունը, նախկինՙ խորհրդային կացութաձեւի ժառանգորդությունը:
Բայց մի հարցում կարող էինք, ու պե՛տք է նախանձենք նրանց- պետական կառավարման կուլտուրան, օրենքի ոչ միայն տառը, այլեւ ոգին ի գործ դնելու ունակությունը, իշխանության տարբեր թեւերի փոխլրացման, փոխզսպման, իրավասությունների փոխադարձ հարգման կուլտուրան: Միայն այդ ձեւով կարելի է փափուկ եւ անցնցում կառավարել երկիրը, այնքան փափուկՙ որ սովորական քաղաքացին չզգա այդ թեւերից մեկի ժամանակավոր բացակայությունը, պետությունը չշփոթի ղեկավար անձերի հետ, եւ կամ, ինչպես մենք, Ամանորի ընտանեկան սեղանին չնստի նախագահի կամ վարչապետի հրահանգ-մաղթանքով…
Մինչդեռ մեր երկրում, որտեղ անցնող 28 տարիների ընթացքում միմյանց են հաջորդել հինգ իշխանավորներ (այո՛, ոչ թե չորս, այլՙ հինգ, նկատի ունենալով Վազգեն Սարգսյանի փաստական իշխանության մեկուկես տարին, որն ընդհատվեց դաժանորեն, 1999 հոկտ. 27-ի սպանդով), մեկից մյուսը անցումները եղել են ոչ թե շարունակական փոխանցման եղանակով, այլՙ հակադրություններով, մեկը մյուսին ժխտելու սկզբունքով, ընտրական կեղծումների, երբեմն նույնիսկ արյամբ, ինչպես 2008 մարտի 1-ին, կամ «թավշյա» իշանափոխությամբ, ինչպես 2018 ապրիլի 23-ին:
Սրա գլխավոր պատճառը անձնիշխանությունն է, որի արմատը, իր հերթին, պետության դերի սխալ ըմբռնումն է, պետության բարձրագույն իշխանավորիՙ խորհրդային համակարգից ժառանգված ինքնակործան մենատիրական նկրտումները, անփոխարինելիության սինդրոմով վարակվածությունը:
Շահան Շահնուրի «Նահանջը առանց երգի» վեպում մի հակասական կերպար կաՙ Սուրենը, որ գինարբուքի սեղանի շուրջ իր հայտնի մենախոսության մեջ ի միջի այլոց ասում է. «Մեր այն թագաւորը, որ կը կոչուէր Աբգար, Գագիկ կամ Խոսրով(…) Հրամայեց, որ ոչ ոք սկսի հաշուել հարիւրմէկէն մեկնելով»: Այսինքնՙ ոչ ոք, ոչ մի թագավոր չշարունակի իր նախորդի գործը զարգացնել, նախորդի դրած քարի վրա նորը ավելացնել, քար քարի վրա դնել: Եվ կարծեք անեծք լինի դա մեր պետության ու ժողովրդի համար: Հաջորդական մեր «թագավորները», նախագահ, սպարապետ թե վարչապետ, նրանք լինեն Լեւոն, Վազգեն, Ռոբերտ, Սերժ թե Նիկոլ, միշտ առաջ են քաշել իրե՛նց ճշմարտությունը, ժխտել նախորդի ու նախորդների գործունեությունը եւ… սկսել են հաշվել ոչ թե 101-ից, այլՙ 1-ից: Նույնիսկ Ռոբերտից Սերժ թվացյալ անցումային իշխանությունը բացառություն չի կազմել, եւ երկրորդ նախագահը շատ անողոք է եղել երրորդ նախագահի վարչապետիՙ Տիգրան Սարգսյանի նկատմամբ, տնտեսաֆինանսական «սխալ» քաղաքականություն վարելու քննադատությամբ:
Հիմաՙ 5-րդ, այսպես կոչված «հեղափոխական» կառավարությունն է շարունակում տառապել նույնՙ «հայկական կամ պարբերական հիվանդությամբ», բանիվ եւ գործով ժխտելով, հալածելով, ոչնչացնելով նախորդներին, վրեժխնդրությամբ եւ մասամբ նորին, միահեծանության ու միապետականության ողջ ուժով, բոլորին պարտադրելով ի՛ր ճշմարտությունը, տառապեցնելով, անորոշության մատնելով ողջ ժողովրդին, յուրային կամ ոչ յուրային քաղաքացիներին:
Իմ սեղանին է գտնվում «Իմ քայլը» դաշինքի կարկառուն անդամներից Ալեն Սիմոնյանի նախընտրական քարոզչական թերթիկը, որի վրա արձանագրված 3 կարգախոսներից 2-րդը «Հոգատար հանրություն» է կոչվում: Սովորաբար մենք գիտենք, որ հոգատարը իշխանությունն է լինում կամ պետք է լինի, որը հոգ է տանում մարդկանց, ժողովրդին, հանրությանը: Այս պարագայումՙ շրջված են դերերը- իսկակա՛ն հեղափոխականություն:
Իսկապես մեղք է մեր ժողովուրդը, երկիրը, պետությունը: Ինքն իր գործով, հոգսերով զբաղվելու փոխարենՙ հասարակությունը ստիպված է զբաղվել իր իշխանավորներով, հաջորդական իշխանություններով, ստանձնել նրանց հոգատարությունը:
Այնինչ իրական, արդյունավետ իշխանությունը չերեւացող իշխանությունն է: