«Սա խայտառակություն է Հայաստանի համար». Քրդստանի աշխատավորական կուսակցությունը՝ իր անդամներին թուրքերին արտահանձնելու մասին
Հայաստանը խախտել է իր և միջազգային օրենքները՝ Թուրքիային փոխանցելով Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) երկու անդամների։ Այս մասին ասվում է Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերի (HPG) մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Ինչպես հաղորդում է քրդական ANF գործակալությունը, հայտարարության մեջ Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերը հայտնել են, որ Աթիլլա Չիչեքը և Հուսեյն Յըլդըրըմը Հայաստանից արտահանձնվել են Թուրքիա: HPG-ն իր հայտարարության մեջ չի նշում նրանց ազգանունները՝ փոխարենն օգտագործում է նրանց «Լեհեն» և «Ալիշեր» կեղծանունները։ Նշվում է, որ վերջիններս «Հայաստանի հետ սահմանի շրջանում բախվել են հայկական պետության ուժերի հետ 2021 թվականի օգոստոսին, բացասական իրավիճակը կանխելու համար կշռադատված են գործել, սակայն նրանք ձերբակալվել են, կալանավորվել և նրանց մեղադրանքներ են առաջադրվել»:
«Մեր ընկերները 2022թ. փետրվարի 23-ին կանգնել են Հայաստանի Վերաքննիչ դատարանի առջև, որը որոշում է կայացրել ազատ արձակել նրանց։ Միջազգային և հայկական օրենսդրության համաձայն՝ նրանք պետք է ազատ արձակվեին։ Փոխարենը նրանք առևանգվել և ձերբակալվել են Հայաստանի հաղտնի ծառայության կողմից։ Չնայած խոստացել էին նրանց ազատ արձակել նշված միջոցառումների ընդունումից հետո, սակայն նրանց Հայաստանից Թուրքիա են արտահանձնվել մոտ մեկ ամիս առաջ»,-ասվում է հայտարարության մեջ։ HPG-ն կոշտ որակում է տվել Հայաստանի որոշմանը: «Ցեղասպանության ձգտող Թուրքիային քուրդ հեղափոխականների այսկերպ փոխանցումը խայտառակություն է Հայաստանի համար: Այդ քուրդ հեղափոխականները պայքարում են իրենց ժողովրդի գոյության և ազատության համար ու ցավում բոլոր ճնշված ժողովուրդների համար»-հայտարարել է HPG-ն:
Ըստ Հայաստանի դատական տեղեկատվության համակարգում՝ datalex.am հրապարակված տեղեկատվության, նրանց մեղադրանք է առաջադրվել 2021թ. օգոստոսի 16-ին Արաքս գետով ՀՀ սահմանն ապօրինի հատելու և զենքի ու զինամթերքի մաքսանենգության համար: Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը 2022թ. հունվարին Հուսեյն Յըլդըրըմին և Աթիլ Չիչեքին դատապարտել է 7 տարվա ազատազրկման, եղել է նաև դրամական միջոցները բռնագանձելու որոշում: Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը կրճատել է ՔԱԿ երկու անդամների ազատազրկման ժամկետները՝ պայմանական ազատազրկում՝ 3 տարի փորձաշրջանով:
Auroranews.am-ը փորձում է մեկնաբանություն ստանալ հայկական գերատեսչություններից:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանն ու Գեղամ Մանուկյանը ևս անդրադարձել են թեմային
Խաչատրյանը մասնավորապես գրել է.
«Քրդական աղբյուրները հայտնում են, որ Հայաստանը Թուրքիային է հանձնել երկու քուրդ հեղափոխականների, ովքեր զինյալ պայքար են մղում Թուրքիայի ֆաշիստական ռեժիմի դեմ։ Այն Թուրքիայի, որը հայերի դեմ ցեղասպանություն է գործել, 1993 թվականից արևմուտքից շրջափակել է Հայաստանը, միջազգային ատյաններում միշտ հակահայ քաղաականություն է իրականացրել, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանին տրամադրել է բայրաքթարներ, զինվորական կոնսուլտանտներ, վարձկաններ, հետախուզական տվյալներ և որի գլխ․ շտաբը փաստացի ղեկավարել է Հայաստանի դեմ պատերազմը։ Իսկ այսօր Հայաստանի իշխանություններն այդ նույն թշնամի Թուրքիային են հանձնում քուրդ մարտիկներին։ Շատ բան չեմ կարող հրապարակային ասել, բայց 30 տարիների ընթացքում Թուրքերը բազմաթիվ անգամներ են պահանջել իրենց հանձնել ինչ ինչ պատճառներով Հայաստանում հայտնված քուրդ մարտիկներին ու միշտ մերժում են ստացել։ Այսօր, հայ-թուրքական սիրախաղի դարաշրջանում, իրավիճակ է փոխվել։
1999-ին, հույն-թուրքական մերձեցման ժամանակ հույները թուրքերին հանձնեցին Օջալանին։ Հետո հասկացան, թե ինչ սխալ են գործել, թուրքերն ինչպես են իրենց խաբել։ Թավշյա իշխանությունները ոչ իրենց, ոչ ուրիշների սխալներից են ինչ որ բան սովորում։
Սրանք էս ինչ զուլում են մեր գլխին․․․»:
Գեղամ Մանուկյաննն էլ գրել է.
«Երկու քուրդ ազատամարտիկներ, հեղափոխականներ, որ պայքարել են սեփական ժողովրդի ազատագրության համար, պայքարել թուրքական բռնատիրության դեմ։ Այդ պայքարի դաշտում ակտիվ գործունեություն են ծավալել նաև Դերսիմում։ Այն շրջանում, որտեղ Հայոց Ցեղասպանության ժամանակ բազում մեր հայրենակիցներ փրկվել են նաև քրդերի շնորհիվ ու հետո մասնակցել Դերսիմի ապստամբությանը։ Հիմա նրանք, հայտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, օրինական ուժի մեջ մտած դատավճռից հետո առևանգվել և հանձնվել են մեր երկրի դեմ 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից, այս օրերին ադրբեջանական ագրեսիայի հովանավոր ցեղասպան Թուրքիայի իշխանություններին։ Քրդական աղբյուրները հայտնում են, որ Լեհենգ և Ալիշեր գաղտնանուններն ունեցած երկու մարտիկները հանձնվել են թուրքական գաղտնի սպասարկությանը՝ MIT-ին։ Թուրքերն իրենց հերթին հպարտությամբ հայտարարում են, որ տարիներ շարունակ որոնվող երկու քրդերը իրենց ձեռքում են հայտնվել գաղտնի հետախուզական գործողության արդյունքում»,- մասնավորապես գրել է Մանուկյանը։