Այս հանգամանքը բացասաբար է անդրադառնում նրա միջազգային հեղինակության վրա
Ապրիլի 24-ին լրացավ Մեծ Եղեռնի 104-րդ տարին:Մինչ համայն հայությունը Հայաստանում, թե Սփյուռքում ոգեկոչման արարողություններով հարգանքի տուրք էր մատուցում 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին, նախագահ Էմանուել Մակրոնի ապրիլի 10-ի հրամանագրով ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր» հռչակեց Ֆրանսիայում: Մակրոնի հրամանագիրը չպետք է պայմանավորվի սոսկ հայ ժողովրդի հանդեպ ֆրանսացիների կարեկցանքով, որովհետեւ դրանում տեղ գտած «ազգային օր» հասկացությամբ Ֆրանսիան դառնում է ոչ միայն հայության վշտակիցը, այլեւ Մեծ Եղեռնի անմիջական վշտակիրը:
Ալս հանգամանքը, ինչ խոսք, առանձնակի նշանակություն է հաղորդում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նախաձեռնություններին, արժեւորելով դրանք: Հաշվի առնելով Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ի Մեծ Եղեռնի 100-րդ առնչությամբ Վատիկանում 2015 թվի ապրիլի 12-ին արած հայտարարությունը, որտեղ Նորին սրբությունը ապրիլի 24-ը «ցեղասպանությունների հիշատակման օր» հռչակելու կոչ էր արել Եվրոմիության երկրներին, պետք է ասել, որ Ֆրանսիայի նախագահը վերոհիշյալ հրամանագրով նախադեպ է ստեղծում Եվրոպայում: Համենայնդեպս Մակրոնի օրինակին ապրիլի 15-ի հատուկ հայտարարությամբ, նվիրված Մեծ Եղեռնի 104-րդ տարելիցին, հետեւել է Մոնրեալի քաղաքային խորհուրդը, հռչակելով ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակման օր» քաղաքում:
Ցեղասպանության ճանաչման նախաձեռնություններն արժեւորելու առումով ոչ պակաս կարեւոր է նաեւ Իտալիայի Պատգամավորների պալատի ապրիլի 10-ին ընդունած բանաձեւը:Քանի որ Իտալիայի խորհրդարանը մինչ այդ ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, ուստի Պատգամավորների պալատն այդ բանաձեւով ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու եւ ճանաչումը միջազգային ասպարեզում պաշտպանելու կոչ է արել երկրի կառավարությանը: Հատկանշական է, որ Հայոց ցեղասպանությունը մասնատված Լիբիայում ազգային բանակի զորահրամանատար, գեներալ Խալիֆ Հաֆթերի նախաձեռնությամբ ապրիլի 18-ին ճանաչել է Թոբրուքի կառավարությունը: Այսպիսով Լիբիան դարձել է Սիրիայից ու Լիբանանից հետո Հայոց ցեղասպանությունը ճանաչող 3-րդ մահմեդական երկիրն աշխարհում:
Ի դեպ, թուրքական աղբյուրների վկայությամբ շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի օրոք ցեղասպանությունը ճանաչել էր նաեւ Իրանը: Սակայն 1979-ի հեղափոխությունից հետո իսլամական վարչակարգը մոռացության է տալիս շահի որոշումը, դրանով երկրի օրակարգից դուրս է մղվում Ցեղասպանության ճանաչման որոշումը: Մնում է հուսալ, որ Թոբրուքի կառավարության օրինակին կհետեւեն մահմեդական այլ երկրների կառավարություններ, թերեւս դրանով կընդարձակվի Ցեղասպանության ճանաչման աշխարհագրությունը, եւ Թուրքիան ստիպված կլինի Հայաստանի առջեւ ընկրկել նաեւ իսլամական աշխարհում: Համենայնդեպս, ճանաչման նախաձեռնություններ դրսեւորվում են Եգիպտոսում, իսկ Եգիպտոսը, եթե ոչ իսլամական, ապա արաբական աշխարհի առաջնորդող երկիրն է:
Ինչ վերաբերում է Թուրքիայի ընդգրկմանը, դրա նախանշաններն արդեն առկա են: Անցած տարիներին, երբ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում կամ Սենատում հայտնվում էր որեւէ հայկական բանաձեւ, Թուրքիան սկսած հունվար ամսից Մաջլիսի պատվիրակություններ էր գործուղում Վաշինգտոն; որ բացատրական աշխատանքներ տանեն ԱՄՆ Կոնգրեսում եւ որպես կանոն պարտադիր սպառնում էր Հայաստանին: Այս տարի հանրապետականներն ու դեմոկրատները համատեղ ջանքերով երկու բանաձեւ ներկայացրին ե՛ւ Ներկայացուցիչների պալատ ե՛ւ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով: Սակայն Թուրքիան այս անգամ ոչ պատվիրակություն գործուղեց, ոչ սպառնաց Հայաստանին: Պարզապես Էրդողանը նամակ ուղարկեց Կ. Պոլսո պատրիարքի տեղապահ Արամ Աթեշյանին, որ ցավակցություն հայտնեց Աշխարհամարտի տարիներին «սպանված կամ զոհված օսմանցի հայերի թոռներին», գովեստի խոսքեր շռայլելով թուրքահայ համայնքին:
Ընդամենը 8 օրվա ընթացքում ընդունված ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր» հռչակելու Ֆրանսիայի որոշումը, դրա համադրումը Մոնրեալի քաղաքային խորհուդի համանման որոշմամբ, Իտալիայի Պատգամավորների պալատիՙ Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու եւ ճանաչումը միջազգային ասպարեզում պաշտպանելու կոչը երկրի կառավարությանը, ինչպես նաեւ Ցեղասպանության ճանաչումը Լիբիայում, բավականին լուրջ քայլեր են ճանաչման միջազգային գործընթացի հետագա զարգացման առումով: Քանի որ այդ գործընթացի զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է, ուստի դրանք պետք է պայմանավորվեն մեր երկրի հաջողություններով:
Հաջողության հիմքում, ինչ խոսք, ընկած է Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաժողովրդական շարժման արդյունքը հանդիսացող «թավշյա հեղափոխությունը»: Դրան հետեւեցին խորհրդարանական վերջին ընտրությունները: Հեղափոխության առանց բռնության իրականացումը, իսկ ընտրությունների ազատ, անկախ եւ թափանցիկ անցկացումը նպաստեցին Փաշինյանի միջազգային հեղինակության աճին, զուգահեռաբար աճեց նաեւ Հայաստանի հեղինակությունը աշխարհում: Շնորհիվ այս ամենի, Հայաստանը դուրս եկավ մեկուսացումից: Այդ առումով հատկանշական էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Կանադայի վարչապետ Ջաստին Թրուդոյի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցելությունները Հայաստան, առավել եւս Ֆրանկոֆոնիայի հերթական ֆորումի պատշաճ մակարդակով գումարումը Երեւանում: Փոխադարձաբար Ֆրանսիա եւ Գերմանիա այցելեց ՀՀ վարչապետ Փաշինյանը: Նա եղավ Բրյուսելում եւ Ստրասբուրգում, ելույթ ունեցավ Եվրոխորհրդարանում, Եվրոխորհուրդում:
Հայաստանի միջազգային հեղինակության աճը եւ նրա վերոհիշյալ հաջողությունները վերջնական նպատակի առումով, թերեւս, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հաջողություն չի ենթադրում: Ճանաչումն ինքնին համապարփակ խնդիր է եւ փուլային մոտեցում է պահանջում: Առաջին փուլում միջազգայնացվում է Ցեղասպանությունը, որ միջազգայնորեն ճանաչվի: Երկրորդ փուլում միջազգայնացվում է արդեն ճանաչում գտած Ցեղասպանության ժխտողականության քրեականացումը: Երրորդ փուլում միջազգայնորեն ճանաչված եւ ժխտումը քրեականացված Ցեղասպանության փոխարեն միջազգայնացվում է Ցեղասպանության հետեանքների վերացման հարցը:
Միջազգայնացնելով Հայոց ցեղասպանությունըՙ Հայաստանը զգալի նվաճումներ է ձեռք բերել:Համենայնդեպս 31 երկիր եւ միջազգային 7 կազմակերպություն, այդ թվում Եվրոխորհրդարանն ու Եվրոխորհուդը, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ինչ վերաբերում է ժխտողականությանը, ապա դա թեեւ քրեականացրել է 6 երկիրՙ Շվեյցարիան, Սլովակիան, Հունաստանը, Կիպրոսն ու Ֆրանսիան, սակայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը դեռեւս ծավալվում է, իսկ ծավալումը հետզհետե հանգեցնում է թուրքական ժխտողականության դիրքերի սպառմանը: Ընդ որում սա այն դեպքում, երբ Թուրքիան, ինչպես այդ մասին 2011-ի մարտի14-ին Կ. Պոլսո «Հայթերթ» կայքէջում գրել էր Թոլգա Թանիշը , ԱՄՆ-ի արդարադատության նախարարության տվյալներով, ընդամենը մեկ տարումՙ 2010-ին, այն էլ Նյու Յորքում ու Վաշինգտոնում միայն հայկական բանաձեւը չեզոքացնելու նպատակով 3.3 մլն դոլար է հատկացրել ամերիկյան լոբբիստական կառույցներին եւ հասարակայնության հետ կապի ընկերություններին:
Խնդիրը, սակայն, սոսկ ժխտողականության դիրքերը չեն, այլ Ցեղասպանության միջազգային ճանաչման պրակտիկ նշանակությունը: Ակնհայտ է, որ Թուրքիայի պես հսկա մի պետություն, օգտագործելով դիվանագիտական, քաղաքական եւ ֆինանսական ահռելի միջոցներ, եթե պայքարում է փոքրիկ Հայաստանի դեմ ու տանուլ է տալիս Ցեղասպանության պայքարը, ապա ինքնաբերաբար սասանվում է նրա միջազգային հեղինակությունը: Այսինքն Թուրքիան այդ պայքարում ընկրկում է Հայաստանի առջեւ: Ցեղասպանության գործընթացի ծավալմանը զուգընթաց նա ձեռք է բերում «ցեղասպան» պետության համբավ, դրանով սահմանափակում է Հայաստանի վրա քաղաքական ճնշում գործադրելու, առավել եւս միջազգային հեղինակավոր կառույցներում մեր հանրապետությանն անկյուն խցկելու, իսկ Ադրբեջանին անկաշկանդ աջակցելու նրա հնարավորությունները: Այս ամենի հետեւանքով նմանապես սահմանափակվում են նաեւ ղարաբաղյան հիմնահարցին միջամտելու Թուրքիայի հնարավորությունները: Ստեղծված իրավիճակում նա ակամա չափավորում է հայությանը կամք թելադրելու իր նկրտումները: