ԱՐՄԵՆ ԱԼՈՅԱՆ, Պաշտոնաթող գնդապետ
Երկար տարիներ պաշտպանել եմ Հայրենիքս եւ նրա օրենքները: Հետո հանկարծ հասկացա, որ ո՛չ Հայրենիքս, ո՛չ էլ նրա օրենքներն ինձ չեն պաշտպանում, եւ առաջին իսկ հնարավորության դեպքում ես կհայտնվեմ փողոցում եւ ոտքի տակ կընկնեմ: Մի ամբողջ կյանք էր պետք ապրել, որպեսզի այդ պարզ ճշմարտությունը հասկանայի: Դեռ լավ էր, որ ժամանակին ինքս «ձեռնոց նետեցի» այն խաղի կանոններին, որ չէի էլ ընդունել:
Հարցն այն է, որ ընդունվում էր իմ վարքի կոդեքսը, որի կենտրոնում մարդն էր, ինտելեկտը, պրագմատիզմը, արհեստավարժությունը, իմ անկախությունը, այլ ոչ թե «հաշվապահությունը»` թե ինչպես հարմարվեմ, ինչպես պահեմ աթոռս, հնազանդության սկզբունքով առաջ գնամ, պաշտոն ստանամ` թեկուզ ընկերներիս եւ ենթականերիս դավաճանելով եւ ոտքի տակ տալով:
Մասնագիտական պատրաստականությունս ինձ միշտ ստիպում էր խաղալ այն ղեկավարի թիմում, որտեղ կար ինտելեկտ եւ արհեստավարժություն, գնալ առաջ, երբ գիտեսՙ որն է հաջորդ քայլդ, աշխատանքային հարցերում կատարել միայն մեկ ընտրություն` նպատակահարմար կամ ոչ նպատակահարմար: Արհամարհել եմ այն ղեկավարներին, որոնք հաճույքից շշմել են, թե ինչքան մարդ է պատրաստ իրենց առաջ դուռ բացել, նամանավանդ, եթե այդ դուռ բացողները ղեկավարի հոր տարիքին էին: Որպեսզի ինքս իմ խղճի հետ «գործարքի» չգնամ, 2017 թվականին հեռացա համակարգիցՙ հասկանալով, որ կան իրավիճակներ, երբ հիմարն էլ կարող է ճիշտ լինել եւ, մինչ ճշմարտությունը հագնում է տաբատը, շողոքորթը եւ ստախոսը հասցնում է մերկ շրջագայել անվրդով:
Սակայն ես նեղացած չեմ իմ Հայրենիքից, այն լավն է թե վատըՙ ի՛մն է, եւ եթե պետք լինի, ես նորից կստանձնեմ Հայրենիքիս անվտանգության պաշտպանությունը:
Բայց իմ խնդիրը չէ, որ այսօր ինձ ստիպեց գրիչ վերցնել եւ խախտել այն սկզբունքը, որը ես պահում եմ իմ եւ ինձ մոտիկ շրջապատի նկատմամբ: Ես շատ եմ սիրում մի հին չինական ասացվածք. «Իմացողը չի խոսում, խոսողը չի իմանում»:
Սույն թվականի մայիսի 1-ին «Ժամանակ» թերթում կարդացի «Ուշագրավ նշանակում» փոքր հոդվածը` ընդամենը 22 ոչ երկար տող: Այսօր սովորական բան է «նախկիններից» շատերին տեղին կամ անտեղին վարկաբեկել, եւ այս հոդվածը առանձնապես մյուսներից շատ բանով չէր տարբերվում. կարելի էր ուղղակի աչքի անցկացնել ու անցնել առաջ: Խոսքը ՀՀ ՊԵԿ նախկին աշխատակից Ջհան Հովհաննիսյանի մասին է: Հոդվածում իմ ուշադրությունը գրավեց հետեւյալ նախադասությունը. «…ով բավական մութ անցյալ ունի եւ …»:
Շատ հեշտ է թքել մարդու հոգու մեջ, նրա անցյալի վրա, նամանավանդ, երբ այդ անցյալի մասին ոչինչ չգիտես: Դե, ուրեմն, հոդվածի հարգելի հեղինակ, ոչինչ Ձեր դեմ չունեմ, Ձեզ չեմ էլ ճանաչում, բայց լավ ճանաչում եմ Ջհան Հովհանիսսյանին, որի հետ առնվազն մեկ ու կես տասնամյակ դժվար, երկար ու փշոտ ճանապարհ եմ անցել:
Ես շատ բան չգիտեմ ՊԵԿ-ի ներքին անցուդարձի մասին. Իհարկե, այն արատավոր համակարգ է, եւ կարծում եմՙ հիմա էլ շատ բան չի փոխվել, բայց լավ գիտեմ, թե ինչով էինք մենք զբաղվում Ջհան Հովհանիսսյանի հետ Հայաստանի հատուկ ծառայությունումՙ նույն բաժանմունքում, նույն աշխատասենյակում: Ահա մի քանի խոսք Ջհան Հովհանիսսյանի «մութ անցյալի» մասին:
…Մեր լավագույն ուղեկիցը ստվերն էր, աշխատում էինք օրուգիշեր, փորձում էինք օպերատիվ-հետախուզական լուսաբանում տալ կոնկրետ խնդիրներին, ավելի ու ավելի շատ հետախուզական «մթերք» ձեռք բերել, վերլուծել այն եւ նպաստել մեր երկրի արտաքին քաղաքականության պլանավորմանը` Արցախի հիմնահարցի հայանպաստ լուծման եւ նրա ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար: Սա ընդամենը մի փոքր լուսաբանում մեր առօրյայի մասին:
199… թվականին Ջհան Հովհաննիսյանը ձերբակալվեց ԱՊՀ երկրներից մեկում` մեր գլխավոր հակառակորդի դեմ ակտիվ գործողություններ անցկացնելու համար: Թիրախ երկրի հակահետախուզությանը հաջողվեց դուրս գալ Ջ. Հովհաննիսյանի եւ նրա խմբի հետքի վրա: Դա պատահում է հատուկ ծառայության առօրյայում, շատ նշանավոր հետախույզներ են ձախողվել իրենց գործունեության ընթացքում եւ ամենաչնչին սխալների պատճառով հայտվել հակառակորդի որոգայթներում: Մի քանի երկար ու ձիգ տարիներ Ջ. Հովհաննիսյանը եւ նրա խումբը անցկացրին կալանավայրում, մեղադրանքը` լրտեսություն եւ դիվերսիա հօգուտ Հայաստանի: Հակառակորդի դահիճները արդեն սրում էին իրենց յաթաղանները` սպասելով, թե երբ պետք է իրենց հանձնեին հայ հետախույզներին: Մեծ դժվարությամբ (անձամբ մասնակցել եմ ողջ այդ գործընթացին) մեզ հաջողվեց ետ բերել նրանց Հայաստան:
Իսկ այժմ կներկայացնեմ երկու դրվագ այն գրքից, որը ես գրել եմ Ջհան Հովհաննիսյանի եւ նրա խմբի վերաբերյալ նրանց ազատելուց հետո:
Առաջին դրվագ`
Նամակ կալանավայրից
Իրադարձություններից մի փոքր անց…
Բարեւ, մայր իմ
Արդեն բավական երկար ժամանակ է, որ ես բացակայում եմ տանից եւ գիտակցում եմ, որ իմ բացակայությամբ քեզ դրել եմ դժվար կացության մեջ:
Մա՛մ ջան, մի՛ նեղվիր: Դու գիտես, ես այլ կերպ չէի կարող ապրել: Ճիշտ է, ընդունում եմ, որ իմ ընտրած ճանապարհը շատ բարդություններ առաջացրեց քո կյանքում, իմ ընտանիքի կյանքում, իմ երկու դեռահաս որդիների կյանքում, բայց չէ՚ՙ որ դու ես ինձ դաստիարակել, հանգուցյալ հայրս է դաստիարակել, ձեր դաստիարակությունն է ինձ կանգնեցրել այս ուղու վրա, որը եւ ինձ ժամանակավորապես զրկեց ձեր կողքին լինելու հնարավորությունից: Կրկնում եմ` ժամանակավորապես, որովհետեւ այսօրվա բոլոր դժվարությունները ժամանակավոր են, եւ շուտով մենք նորից միասին կլինենք` դու, ես, քույրս, Նատաշան:
Դու քեզ լավ նայիր, հետեւի՛ր առողջությանդ, ընդունի՛ր հաբերդ եւ լսի՛ր Նորային: Դու ուժեղ ես, կհաղթահարես բոլոր դժվարությունները եւ կսպասես մինչեւ ես դուրս պրծնեմ այս դժոխքից:
Առողջությունդ պահպանի՛ր, որ տղաներիս էլ խնամես: Գիտեմ, դժվար է նրանց հետ, բայց եթե դու նրանց չհետեւես, երբեմն չսաստես, ապա Նատաշան մենակ ընդհանրապես գլուխ չի հանի: Նրանք իմն են, քոնն են:
Մա՛մ ջան, կարոտել եմ քեզ, Նորային, քեռիներիս, մորաքրոջս, բոլորին շատ բարեւի՛ր: Տանը երեւի ցուրտ է, էլեկտրականությունը կտրում են շուտ-շուտ: Դու էլ նավթ չես ճարում, ես նույնիսկ չգիտեմ փող ունե՚ՙս, յոլա գնու՚ՙմ ես: Գիտեմՙ դու հպարտ ես, ո՛չ Նատաշայից կուզես, ո՛չ Նորայից, ո՛չ էլ եղբայրներիցդ: Ես շատ եմ մտածում քո մասին:
Իմ մասին կասեմ, որ լավ եմ, դիմանում եմ, ինձ աստեղ չեն կոտրի, ես չեմ գրի այն, ինչ ինձնից պահանջում են, չեմ մատնի մարդկանց, որոնց անցած ճանապարհն ինձ համար ամեն ինչից թանկ է:
Ես գիտեմ, որ հիմա մեր հիմնարկում իմ մասին նույնիսկ մոռացած կլինեն, բայց առանձին գործընկերներս հաստատ չեն մոռացել, եւ վստահ եմ, որ ձեռքներից եկածը կանեն, որ մեզ դուրս հանեն այստեղից: Ես հավատում եմ դրան, եթե իմ մասին կտարածեն կեղծ լուրեր եւ հերյուրանքներ, չհավատաք: Ես ազնվորեն եմ կատարել իմ հայրենասիրական պարտքը, ես զինվոր եմ եւ կռվել եմ մեր երկրի թշնամու դեմ:
Այսքանը: Համբուրում եմ, գրկում եմ բոլորիդ պինդ-պինդ եւ հիշեք, որ հոգով եւ սրտով ես միշտ ձեզ հետ եմ:
Իրադարձուններից քիչ առաջ…..
Երկրորդ դրվագ` Մի հատվածՙ աշխատանքային առանձնասենյակում կայացած զրույցից
Ջիվան Հովակիմյանը, ըստ զինվորական կարգի, թակեց գնդապետի առանձնասենյակի դուռը, թույլտվություն խնդրեց եւ ներս մտավ:
– Ջիվան, ներս արի, ինչպես միշտ, ուրախ եմ քեզ ողջ ու առողջ տեսնելու համար,- այս խոսքերով հետախուզության պետը` Բասենցյանը, մոտեցավ Հովակիմյանին եւ ջերմ ձեռքսեղմումով նստեցրեց նրան բազմոցին` առաջարկելով ոչ պաշտոնական տոն:
– Ջիվան, սիրելիս, տանը քիչ ես լինում, վերջերս զանգեցի ձեր տուն` մորդ եւ կնոջդ որպիսությունն իմանալու, երկուսն էլ խիստ դժգոհ էին քո աշխատանքային ռեժիմից. տղաներդ մեծացել են, անկառավարելի են դարձել, իսկ դու չես հսկում:
– Հուսով եմՙ Դուք հասկացրիք մորս ու Նատաշային, որ ես հաճույքի համար չեմ ճամփորդում:
– Հասկացրի, հարգելի՛ս, հասկացրի, միայն թե իմ բացատրությունները նրանց քիչ են մխիթարում: Կատակը մի կողմ, ժամանակը չէ՞ քեզ փոխենք, այստեղ` ներսում էլ շատ աշխատանք կա, ինձ տեղակալ է պետք, որին ես կուզենայի ամբողջովին վստահել, չէ՞ որ ես էլ փոքր չեմ, սիրտս հիվանդ է, ինձ փոխարինողին պատրաստելու ժամանակն է, հետո դու արդեն «դրսում» աշխատելու բավականաչափ փորձ ունես, ժամանակն է այդ փորձը փոխանցել նոր սերնդին:
– Համաձայն եմ, Բաբկեն Բաղդասարի, ինձ նույնպես տունը ձգում է, առանձնասենյակի աշխատանքը, ընկերներս, միայն թե ոչ հիմա, երբ նոր գործակալը սկսել է ակտիվորեն աշխատել…
Ես պրոֆեսիոնալ գրող չեմ, ես դատավոր չեմ, ոչ էլ դատապաշտպան: Բայց իմ աշխատանքում համարվել եմ պրոֆեսիոնալ, դրանք ապացուցող բազմաթիվ փաստեր եւ վկաներ կան: Նույնը կարող եմ ասել նաեւ իմ նախկին շատ գործընկերների, այդ թվում Ջհան Հովհաննիսյանի (գրքումս` Ջիվան Հովակիմյան) մասին, որոնք արժանավայել հեռացան համակարգից:
Ադրբեջանում նույնպես երբեմն հեռանում են համակարգից, օրինակ Ռամիլ Սաֆարովը, որը գլխատեց քնած հայ սպային, բայց, չգիտես ինչու, սխալմամբ թե պատահմամբ, վերջինս դարձավ ազգի հերոս…