Ուղիղ մեկ տարի առաջ, մայիսի 8-ին, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ: Կարծում եմ այստեղ ճիշտ բառն է հե՛նց «դարձավ», այլ ոչ թե ընտրվեց, որովհետեւ խորհրդարանական մեծամասնությունը կատարեց ընտրություն իր կամքին հակառակ, ինչպես իրենք էին ասումՙ համընդհանուր տնտեսական ու քաղաքական ճգնաժամ թույլ չտալու համար եւ գտնվելով շարժման ճնշման տակ:
Նիկոլ Փաշինյանի վարչապետության մեկ տարվան դեռ կանդրադառնանք, ցույց տալով դրա պլյուսներն ու մինուսները, սակայն այսօր հիշենք այսպես կոչված թավշյա հեղափոխության լոզունգները եւ դրանց տրանսֆորմացիան: Ուղիղ մեկ տարի առաջ, ինչպես հիշում եք, ամենաժողովրդական կոչն էր «մերժենք Սերժին», ու այն իր շարքերում հավաքեց հարյուր հազարավոր մարդկանց:
Հայաստանի բնակչությունը օբյեկտիվորեն հոգնել էր նույն դեմքերից ու մարդկանցից, տարիներ շարունակ տեսնելով նրանց իշխանության ղեկին ու նաեւ ականատեսը լինելով նրանցից շատերի հարստացմանը ու միաժամանակՙ սովորական քաղաքացիների կյանքի որակի անկման: Օգտվելով այս իրավիճակից եւ առաջին հերթին նախկին իշխանությունների անընդհատ վերարտադրվելու ցանկությունից, բնակչության մի հսկայական հատված հետեւեց Փաշինյանի «մերժենք Սերժին» լոզունգին ու փողոց դուրս եկավ, իսկ թե արդեն ինչ եղավ հետո, բոլորին է հայտնի:
Սակայն, ժողովրդական դարձած կոչըՙ «մերժենք Սերժին», շուտ մոռացվեց, երբ փաստացի սահմանադրական կարգի տապալման արդյունքում իշխանության եկած «Իմ քայլը» դաշինքի անդամներն իրենց սկսեցին դրսեւորել որպես ապաշնորհ ղեկավարներ: Վերջինների թույլ տված սխալները թե՛ պետական համակարգի կառավարման ասպարեզում, թե՛ հարցազրույցների ժամանակ ասած պարզամիտ սխալները եւայլն, լրատվամիջոցների համար դարձան քնադատության, իսկ շատ դեպքերումՙ ծաղրի առարկա:
Սակայն, այսպես կոչված հեղափոխության տրանսֆորմացիայի արդյունքում պարզ դարձավ, որ նոր իշխանություների կառավարման ապաշնորհությունը սկսեց ազդել սովորական քաղաքացիների վրա, որոնք հույս ունեին, որ իրենց կյանքի որակը կլավանա, կկարողանան գործ ու բիզնես անել, կամ իրենց մանր ու միջին բիզնեսը զարգացնել: Ցույցերը կառավարության շենքի մոտ, եթե նախկինում տեղի թին ունենում ամիսը մեկ անգամ, ապա հետագայում դրանք դարձան շաբաթական, իսկ երբեմնՙ ամենօրյա:
Թավշյա, փաստացի հեղաշրջումից մեկ տարի անց «մերժենք Սերժինը» մոռացվել է եւ ավելի ակտուալ է դարձել «թողեք աշխատենք» լոզունգը, երբ կառավարության շենքի մոտ հավաքված տարբեր տրամաչափի բիզնես ներկայացուցիչները խնդրում էին թույլ տալ իրենց օրինական գործունեությունը իրականացնել: Ի դեպ, հարվածի տակ են հայտնվել, ոչ միայն մանր ու միջին, այլեւ նաեւ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները:
Քաղաքագետները սա կոչում են կապիտալի վերաբաշխում, երբ իշխանության եկած նոր ուժերը ցանկանում են առաջ մղել իրենց բիզնես շահերը: Այս իրավիճակը, այսպես կոչվածՙ հնի ու նորի բախում է առաջացնում, ինչի արդյունքում տուժում է թե՛ խոշոր եւ թե՛ դրան սպասարկող մանր ու միջին բիզնեսի շահերը:
Այստեղից էլ ամենօրյա ցույցերը կառավարության շենքի մոտՙ «թողեք աշխատենք» լոզունգներով: Սա է նաեւ պատճառը, որ պետության տնտեսական ցուցիչները, անկախ գործող իշխանությունների հայտարարությունից, անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ շատ ավելի վատն է ու դա կարող է շարունակական դառնալ: