ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբանԻնչպես արդեն բազմիցս նշվել է, իշխանության տարացման գործընթացը այդ երիտասարդ, բայց շատ հավակնոտ հետխորհրդային հանրապետությունում սկսվել է մարտին, երբ երկրի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը պաշտոնապես վայր դրեց պետության ղեկավարի լիազորությունները: Համաձայն սահմանադրության, կառավարման ղեկն անցավ Խորհրդարանի Սենատի խոսնակ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին : Քիչ անց նա էլ հայտարարեց արտահերթ նախագահական ընտրությունների ժամկետը, որոնք նշանակված են 2019թ. հունիսի 9-ին:Հարկ է նշել, որ Ղազախստանը հետխորհրդային հանրապետությունների շարքում առանձին է կանգնած: ԽՍՀՄ փլուզումից հետո պետությունը վարում է բավականին օրիգինալ բազմավեկտոր քաղաքականություն, որն ուղղված է քաղաքական, տնտեսական եւ ազգամիջյան կայունության պահպանմանը: Արդյունքում, Ղազախստանը, որին աշխարհի քաղաքական գործիչներն ու փորձագետները կանխատեսում էին փլուզում եւ անկում, համարձակ մտավ աշխարհի մրցունակ երկրների շարքը: Ի տարբերություն ԱՊՀ-ի իր բազմաթիվ այլ «գործընկերների», այս երկիրը հաջողությամբ խուսափեց քաղաքացիական պատերազմներից, ազգային եւ կրոնական անհանդուրժողականության սրացումներից եւ նույնիսկ վերջերս շատ արդիական դարձած «գույնզգույն» սցենարներից: Երկրի ներսում իրավիճակն ապակայունացնելու փորձեր, ինչպես ընդդիմության, այնպես էլ ծայրահեղական կազմակերպությունների կողմից, պարբերաբար ձեռնարկվել են, բայց ժամանակին կասեցվել են հատուկ ծառայությունների կողմից եւ հաջողություն չեն ունեցել:Ղազախստանից գլխավոր դժգոհությունն այն էր, որ նրա գերագույն ղեկավարությունը երկար ժամանակ անփոփոխ էր: Նուրսուլթան Նազարբաեւը նախագահի պաշտոնը վարել է, ըստ էության, անկախության ողջ շրջանում, այսինքն մոտ երեսուն տարի: Ընդդիմադիր ԶԼՄ-ները թանձր գույներով նկարագրում էին «Ժառանգորդ» գործողության տարբեր սցենարներըՙ ընդհուպ միապետական: Վերլուծաբանները անբարենպաստ կանխատեսումներ էին անում այն մասին, թե ինչ կլինի, երբ ազգի առաջնորդը (Նազարբաեւի պաշտոնական, օրենսդրորեն կարգավիճակը ղազախերեն անվանվել է «Ելբասի») ֆիզիկապես այլեւս չի կարողանա կառավարել երկիրը: Սակայն կանխատեսումները չարդարացան: Նախագահի, կառավարության եւ խորհրդարանի միջեւ լիազորությունների վերաբաշխմանն ուղղված լուրջ բարեփոխման իրագործումից հետո Նազարբաեւն ինքը նախաձեռնեց իշխանության փոխանցման աստիճանական գործընթաց, ընդ որում առավելագույն ժողովրդական ճանապարհովՙ նախագահական ընտրությունների գործընթացի միջոցով:Կոչին առաջինն արձագանքեց քաղաքացիական հասարակությունը: Ապրիլի 22-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվեց նախագահի թեկնածուի առաջին դիմումըՙ Սադիբեկ Տուգելի կողմից, որը լրագրող է, գրող, հասարակական գործիչ եւ ազգային մարզաձեւի մոլի քարոզիչ: Նրան առաջադրել է «Մեծ արծիվ» Հանրապետական շարժումը: Տուգելի գործընկեր, հասարակական գործիչ եւ լրագրող, նախկին փոխվարչապետ Ակեժան Կաժիգելդինի նախկին մամլո խոսնակ Ամիրժան Կոսանովը առաջադրվել է «Ազգի ճակատագիր» հասարակական կազմակերպության կողմից: Հասարակական երրորդ կազմակերպության ներկայացուցիչը դարձավ խորհրդարանի նախկին պատգամավոր Ամանգելդի Տասպիխովը , որին առաջադրեց Ղազախստանի արհմիությունների դաշնությունը:Գալիք ընտրությունները, ինչպես դժվար չէ հասկանալ, զանգվածային աշխուժություն առաջացրեցին Ղազախստանի կուսակցական դաշտում: Նուր-Սուլթանում (նախկին Աստանայում) անցան բազմաթիվ արտահերթ համագումարներ եւ ամենուրեք գլխավոր հարցը թեկնածուների առաջադրումն էր: Ակտիվություն դրսեւորեց նույնիսկ սովորաբար պասիվ «Աուիլ» կուսակցությունը: Այն առաջադրեց Տոլեուտայ Ռախիմբեկովի թեկնածությունը, որը դասախոս է, պրոֆեսոր, նախկինում Ղազախստանի գյուղատնտեսության փոխնախարար:«Կուսակցության որոշումը մասնակցել նախագահի ընտրություններին թելադրված է նախ եւ առաջ կուսակցության կանոնադրության եւ ծրագրի մեջ ձեւակերպված նպատակներն ու ռազմավարական խնդիրները կրկին հայտարարելու ձգտմամբ», – այս դիրքորոշումը հիմնավորեց «Աուիլ»-ի առաջնորդ Ալի Բեկետաեւը : «Հաջորդ նպատակը Ղազախստանի քաղաքացիներին ցուցադրելն է, որ Ժողովրդա-դեմոկրատական հայրենասիրական «Աուիլ» կուսակցությունը ոչ թե ամորֆ կուսակցություն է, այլ իրական ժողովրդական քաղաքական ուժ, որը զգում է երկրում հասարակական-քաղաքական իրավիճակը եւ որը կարող է մասնակցել ամենակարեւոր քաղաքական իրադարձություններին»:Ղազախստանի «Լեգալ ընդդիմությունը»ՙ Համազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, ի սկզբանե հայտարարել էր լրագրող եւ հասարակական գործիչ Երմուրատ Բապիի թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ, սակայն հետո փոխեց իր որոշումը: Այդ կուսակցությունը հրաժարվեց ընդհանրապես մասնակցել գալիք ընտրություններին:Խորհրդարանական կուսակցություններից օրիգինալ դիրքորոշմամբ աչքի ընկավ «Ակ ժոլ» կուսակցությունը, որը նախագահական պաշտոնի համար մղվող պայքարում առաջադրեց Խորհրդարանի պատգամավոր Դանիա Եսպաեւային : Նա նախընտրական մրցավազքին մասնակցող միակ կինն է: Վերլուծաբանները սկզբում կանխատեսում էին կուսակցության նախագահ Ազատ Պերուաշեւի թեկնածությունը, սակայն այդ կանխատեսումները չիրանացան: Պերուաշեւը ինքնաբացարկ հայտարարեց: «Մենք պետք է հեռանանք այն վիճակից, երբ կուսակցությունն ու նրա նախագահը նույն բանն են»,- հայտարարեց նա: «Ոչ, «Ակ ժոլ» կուսկցությունը շատ ավելին է, քան Պերուաշեւը: Մենք շատ արժանավոր մարդիկ ունենք: Առանց մրցակցության ո՛չ տնտեսության մեջ, ո՛չ էլ քաղաքականության, զարգացում չի լինի: Եթե մենք ցանկանում ենք զարգացնել կուսակցությունը, ապա մենք պետք է խթանենք մրցակցությունը, բացահայտենք նոր անուններ»: Այդ կուսակցության եւս մեկ ներկայացուցիչՙ Տալգատ Երգալիեւը , նույնպես կարող էր լրացնել «նոր դեմքերի» պատկերասրահը, սակայն կուսակիցները արգելափակեցին նրա թեկնածությունըՙ առավելություն տալով Եսպաեւային: Դրանից հետո նա այնուամենայնիվ թեկնածու առաջադրվեց, բայց արդեն «Ղազախստանի շինարարների միության» կողմից:Ղազախստանի Կոմունիստական ժողովրդական կուսակցությունը գնաց փորձված ճանապարհով: Նրանց թեկնածունՙ խորհրդարանի պատգամավոր Ժամբիլ Ախմետբեկովն արդեն մասնակցել էր 2011թ. նախագահական ընտրություններին եւ գրավել երրորդ տեղը:«Նուռ Օթան» կուսակցությունն ավանդույթի համաձայն միաձայն քվեարկեց գործող նախագահի թեկնածության օգտին: Այսինքնՙ այս պահի դրությամբ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի: Կուսակցության կողմից նրա թեկնածությունն առաջադրեց Նուրսուլթան Նազարբաեւը, որի հեռանալը պետության ղեկավարի պաշտոնից բոլորովին էլ չէր նշանակում հեռացում քաղաքականությունից ընդհանրապես:«Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը անկախության առաջին օրերից աշխատել է իմ կողքին ամենատարբեր տեղամասերում»,- հայտարարեց ազգի առաջնորդը: «Եկեք ընտրենք Տոկաեւին նախագահ եւ աջակցենք նրան»: Այդ հայտարարությունը այնպիսի բուռն աջակցության արժանացավ, որ Նազարբաեւը նույնիսկ կատակեց, թե. «Չէ՞ որ մենք նոր նախագահ ենք ընտրում, այնինչ ստացվեց այնպես, կարծես թե ես եմ նորից ընտրվում…»: Ինչպես ամեն կատակում, այստեղ էլ կատակի բաժին կար: Թեկնածու Տոկաեւը խոստացավ շարունակել առաջին նախագահ- Ելբասիի ռազմավարական քաղաքական կուրսը, որն ուղղված է երկրի բազմակողմանի զարգացմանը: Նա ընդգծեց, որ իր խնդիրը տեսնում է երկրի առաջնորդի քաղաքականության իրավահաջորդությունը ապահովելու մեջ: Որքան էլ տարօրինակ հնչի, բայց տվյալ պահին սա ամենաշահեկան նախընտրական ռազմավարությունն է: Եթե այլ թեկնածուները պոպուլիստական մղումներից ելներով առաջարկում էին փոխել հարկային համակարգը, անցկացնել սոցիալական բարեփոխումներ կամ «վերացնել» արժեզրկումը, եւ այլն, ապա Տոկաեւն անսխալ կերպով ընտրեց այն, ինչ ղազախստանյան ընտրազանգվածի համար ամենից կարեւորն էՙ խաղաղություն եւ կայունություն: Ղազախստանի քաղաքացիներին, որոնք տարեցտարի քվեարկում են հօգուտ առաջին նախագահի վարած քաղաքականության, հասկանալ կարելի է: Ընդ որում, հարեւանների օրինակները պարզ ցույց են տալիս, որ «արժանապատվության հեղափոխությունները» շատ արագ ու հեշտ վերածվում են «թերությունների կոնսերվացիայի»: Չնայած գոյություն ունեցող համակարգի բոլոր հիմնախնդիրներին եւ թերություններին, Ղազախստանը հետխորհրդային տարածքում քաղաքական եւ տնտեսական առաջնորդներից մեկն է, եւ բոլորովին էլ ապացուցված չէ, որ եթե իշխանության գա մի նոր բարեփոխիչ, կկարողանա գոնե պահպանել ամեն ինչ նախկին մակարդակով: |