10 տարի (1998-2008) Հայաստանի արտաքին գործերի գերատեսչությունը ղեկավարած Վարդան Օսկանյանն իր նոր հոդվածում վերլուծել է Ադրբեջանի նոր ռազմական հարձակումը Հայաստանի վրա, լուծումներ առաջարկել, նշել ռիսկերն ւ վտանգները։
Բանակցային գործընթացքում երկարատև փորձ ունեցող ցանկացած մարդ, տեսնելով այսօրվա իրադարձությունները, կարող է շատ հստակ պատկերացնել արդեն երկու տարի հայ հասարակությանը հուզող հարցի պատասխանը՝ ինչ է քննարկվել 2020-ի նոյեմբերի 9-10-ին։
Կասկածից վեր է, որ այդ օրը, այդ ժամերին օրակարգի հիմնական թելադրողը Ալիևն էր։ Շուշի մտնելուց հետո նա հնարավորություն ուներ ժամերի ընթացքում բռնազավթելու ամբողջ Արցախը։ Դժվար չէ հասկանալ, որ այդ դիրքերում, այդ գիշեր Ալիևը սեղանին է դրել իր առավելագույն պահանջները՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս, Զանգեզուրում միջանցք և հօգուտ Ադրբեջանի սահմանազատման լուծում՝ անկլավները ներառյալ։ Բանակցային գործընթացում նույնիսկ ամենաթույլ դիրքերում կողմին դեմքը փրկելու հնարավորություն են տալիս։ Իմ ենթադրությունն է, որ այդ երեք հարցերը դուրս են թողնվել զինադադարի գրավոր հայտարարությունից, բայց ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն, որի վկան, նաև՝ երաշխավորը, եղել է Պուտինը։
Հիմա, երբ այդ պայմանավորվածությունների իրականացումը ձգձվում է, Ալիևը դիմում է ուժային մեթոդների։ Եթե ելնենք հիմնավոր այս ենթադրությունից՝ այս իրավիճակում Փաշինյանը չունի մանևրելու հնարավորություն, իսկ Ռուսաստանի լռությունը դառնում է եթե ոչ արդարացված, ապա առնվազն՝ բացատրելի։ Պուտինի ձեռքերը կապված են ոչ միայն իր աշխարհաքաղաքական թուլացած դիրքով, այլև նոյեմբերի 9-ին տրված բանավոր խոստման վկան լինելով։ Հետևաբար, օրվա հրամայականն է դառնում նոր բանակցողի, իմա՝ երկրի նոր ղեկավարի հայտնվելը։
Եթե մի կողմ դնենք հուզական պիտակները և ելնենք այն ենթադրությունից, որ Փաշինյանի համար ստեղծված իրավիճակը հաճելի և ցանկալի չէ, ապա նա կամ պետք է հերքի այս թեզը, ասի, որ ոչինչ չի խոստացել բանավոր, ու իր անմիջական քայլերով, այսինքն՝ կտրուկ փոխելով քաղաքականության տրամաբանությունը, ապացուցի դա, կամ հրաժարական ներկայացնի։
Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանի համար ևս ռազմական լուծումը ամենահեշտն ու ցանկալին չէ, հետևաբար Փաշինյանն այստեղ մանևրելու հնարավորոթյուն ունի։ Եթե դա չի անում, ուրեմն մնում է ենթադրել, որ կան խոստման կապանքները։
Նոր բանակցողի հայտնվելը ոչ միայն Հայաստանին կազատի այդ կապանքից, այլև կազատի Ռուսաստանի ձեռքերը՝ հապշտապ և ոչ շահեկան լուծումների փոխարեն նոր բանակցային փուլ սկսելու համար։
Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա ակնհայտ է, որ այն Հայաստանի իշխանության վարած քաղաքականության մեջ տեսնում է Ղարաբաղից հրաժարվելու միտումը, դրանում էլ տեսնում է խաղաղության հասնելու ամենակարճ ճանապարհը, որը և կնպաստի Ռուսաստանի ներկայության թուլացմանը և աստիճանական հեռացմանը տարածաշրջանից։ Դրանով թերևս կարելի է բացատրել ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Արևմուտքի խաղացած դրական դերը, ճնշումը Ադրբեջանի վրա՝ ձեռք բերված փխրուն զինադադարի արդյունքով։
Սակայն Արևմուտքը նույնպես Հայաստանի իշխանությունների ենթադրաբար տված խոստման պատանդն է։ Ի վերջո, ակնհայտ է, որ Էրդողանի ռազմատենչ հայտարարությունները ԵՄ անդամ Հունաստանի դեմ և բազմաթիվ այլ հանգամանքներ, չպետք է որևէ մեկի մոտ կասկած առաջացնեն, որ Արևմուտքը նույնպես նպատակ, ցանկություն և պատճառ չունի թուրք-ադրբեջանական կողմի լիակատար հաղթանակը ցանկանալու։
Հետևաբար, նոր բանակցողի պայմաններում և դրա շուրջ ձևավորված նոր մոտեցումներով ու դիվանագիտական թիմով հայկական շահերի հետապնդումը անկասկած հնարավորոթյուն կստեղծի կարճ ժամանակում փոխելու նաև Արևմուտքի մոտեցումներն այս հարցում, Արևմուտքին նույնպես շահագրգռելով արագ լուծումների փոխարեն ավելի հավասարակշիռ լուծման համար բանակցություններ սկսելու։ Բայց դրա համար, դարձյալ, անհրաժեշտ է նոր բանակցող, որը թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի համար կձևակերպի բանակցային նոր օրակարգ։
Ո՞րը պետք է լինի նոր բանակցողի արտաքին քաղաքական հենքը։
Ա) Փոխլրացնող քաղաքականությունը։ Կան մարդիկ, որոնք պնդում են, թե այսօր դա հնարավոր չէ՝ հաշվի առնելով Ռոսւաստան – Արևմուտք հակասությունները։ Բայց այստեղ նրանք մոռանում են առնվազն երկու հանգամանք․
Առաջին, որ այսօր Արևելք – Արևմուտք հակասությունը ոչ թե բլոկների, այլ առանձին երկրների հակասություն է։ Ռուսատան – Արևմուտք, Չինաստան – ԱՄՆ։ Դա չի ենթադրում և չի պարտադրում մեկ կամ մյուս կողմի հետ լավ հարաբերություններ ունեցող երկրներին ընտրություն անել։ Եվ դրանից, ի դեպ, լավագույնս օգտվում են Թուրքիան և Ադրբեջանը։
Երկրորդ, որ այսօր Հայաստանը կարող է հիմնավորել այս կամ այն գործընկերոջ հետ ցանկացած խորության համագործակցություն։ Անկախ պատճառներից կամ հանգամանքներից՝ փաստ է, որ 44-օրյա պատերազմից և վերջին իրադարձություններից հետո Հայաստանում ձևավորվել է համատարած հիասթափություն Ռուսաստանից։ Հայաստանը, ենլելով իր շահերից, պահելով իր հարաբերությունների որակը Ռուսաստանի հետ, առանց վարանման հնարավորություն ունի լավագույնս օգտագործելու այլ երկրների կողմից իրեն ընձեռված բոլոր տեսակի հնարավորությունները։
Բ) Նոր բանակցողը և նրա թիմը կարիք չունեն ընդհանրապես հրաժարվելու պայմանագիր կնքելու հեռանկարից։ Պարզապես անհրաժեշտ է փոխել դրա շուրջ ստեղծված և այլոց կողմից ընկալված առկա ենթատեքստը։ Ադրբեջանի համար այս փաստաթուղթը միջոց է պատերազմի արդյունքում իր ձեռք բերած և ակնկալվող ռազմական ավարի օրինականացման և միջազգային ճանաչման համար։
Հայաստանի մոտեցումը պետք է լինի նույնը։ Հայաստանի համար այս փաստաթուղթը պետք է լինի այն միջոցը, որտեղ կկարողանա տրամաբանված, ոչ ծայրահեղական ձևակերպումներով դրույթների ներառմամբ հասնել բանակցային լուրջ գործընթացի անհրաժեշտության ճանաչման և մեկնարկի։ Փաստաթղթում անհրաժեշտ է ներառել այն դրույթները, որոնց շուրջ կլինի իրական բանակցությունների անհրաժեշտություն՝ ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ՀՀ տարաքից; Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի խնդիրը; գերիների վերադարձը; սահմանազատման բանակցված, ոչ թե հապշտապ ու միայն ադրբեջանական կողմին բավարարող իրականացումը։
Այլապես այն, ինչ տեղի է ունենում այսօր, բանակցություն չէ, այլ պարտադրանք է Հայաստանին՝ հրաժարվելու Արցախից, ինչը ստիպված կլինի ընդունել միայն թե խաղաղություն լինի։ Ու այս ձևակերպմանը տարբեր պատճառներով դեմ չեն արտահայտվում թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը՝ հիմնականում վերևում նշված՝ հայկական կողմի այլ ձևակերպում տալու անկարողության պատճառով։