Թամարա Խանումն իր տաղանդով գերել է ողջ աշխարհը։ Հայուհին, որ բոլոր ազգերի դուստրն էր եւ ցուցադրում էր ազգային պարի գեղեցկությունը, ի թիվս այլ բաների հանդես էր գալիս մահմեդական կանանց ազատության օգտին։ Ինչո՞ւ հավասարության համար պարուհու պայքարը հանգեցրեց հոր մահվանը, ինչպե՞ս Թամարա Պետրոսյանը դարձավ Թամարա Խանում, ինչի՞ համար նրան պարգեւատրեց Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, եւ ինչպե՞ս էր Այսեդորա Դունկանը ցանկանում բացահայտել արտիստուհու վարպետության գաղտնիքը՝ կարդացեք նյութում։
Պարուհի, երգչուհի, դերասանուհի եւ պարուսույց Թամարա Խանումը (իսկական անունը՝ Թամարա Արտեմի Պետրոսյան) ծնվել է 1906 թվականի մարտի 29-ին Նոր Մարգիլանում (այժմ՝ Ֆերգանա, Ուզբեկստան), համեստ հայ ընտանիքում։
Մայրը՝ Աննա Պետրոսյանը, ծագումով աստրախանահայ էր, իսկ հայրը՝ Արտեմ Պետրոսյանը՝ ղարաբաղցի հայ։ Նրանք Թուրքեստանի երկրամասում հայտնվեցին ոչ իրենց կամքով։ Արտեմ Պետրոսյանը արդարության եւ մարդու իրավունքների եռանդուն մարտիկ էր, եւ 1905 թվականի հեղափոխական իրադարձություններին մասնակցելու համար նրան ձերբակալեցին ու ամբողջ ընտանիքով աքսորեցին Բաքու։ Ավելի ուշ նրանց ուղարկեցին Միջին Ասիա, իջեցրեցին Գորչակովի կայարանում։ Պետրոսյանները շվարել էին ու չգիտեին՝ ուր գնալ, բայց պատահաբար նրանց նկատեց մի բարեսիրտ տարեց ուզբեկ։ Նա տեսավ մի բարեկիրթ ընտանիք՝ այր ու հղի կին՝ փոքրիկ աղջնակի (Թամարայի ավագ քույր Ամալյայի) հետ։ Առանց երկար մտածելու ծերուկը նրանց հրավիրեց ապրելու իր աղավնանոցում։ Այնտեղ էլ ծնվեց ապագա աստղը՝ Թամարա Խանումը։
Թամարա Պետրոսյանը մեծացել է բազմանդամ ընտանիքում. բացի ավագ քրոջից՝ Ամալյայից, հետագայում նա ունեցավ եւս քույրեր՝ Գոհար, Լիզա եւ Վիկտորյա։ Վաղ մանկությունից արտիստուհին սիրում էր պարել։ Նրա մայրը, որը բավականաչափ ժամանակակից հայացքներ ուներ, որոշեց դստերը հորից թաքուն պարի տալ։ Բայց այս փաստը երկար ժամանակ ամուսնուց թաքցնել չհաջողվեց. մեծ գյուղում, որտեղ ապրում էր ընտանիքը, սկսեցին լուրեր պտտվել երիտասարդ Թամարայի «անվայելուչ պահվածքի» մասին։ Չէ՞ որ կինը բեմի վրա անընդունելի է մուսուլմանների համար։ Հորն անգամ սպառնում էին հաշվեհարդարով, եթե նա քայլեր չձեռնարկի ու դստերը չարգելի պարել։
Այնպես պատահեց, որ 1918-ին Գորչակովի կայարան հասավ «Վոստոկ» քարոզչական գնացքը՝ բանաստեղծ, դրամատուրգ եւ կանանց իրավունքների համար պայքարող Համզա Հաքիմզադե Նիյազիի գլխավորած արտիստական խմբով։ Նրանց առաքելությունը ժողովրդին լուսավորելն էր։ Այնտեղ ուզբեկ բանաստեղծին պատմեցին տաղանդավոր աղջկա մասին, ու նա աղջկան հրավիրեց մասնակցելու համերգներից մեկին։ Եվ Թամարա Խանումը տասներկու տարեկանում առաջին անգամ բեմ ելավ փորձառու արտիստների հետ։ Նա առանձնանում էր մյուս ելույթ ունեցողներից, բայց ամենեւին ոչ իր տարիքի պատճառով, այլ նրանով, որ իգական սեռի միակ արտիստն էր։ Պարուհին համարձակվեց ելույթ ունենալ հանրության առջեւ՝ բաց դեմքով։
Թամարա Խանումի ու նրա ծնողների հասցեին շարունակվում էին սպառնալիքներ հնչել։ Եվ 1922 թվականին ծնողները որոշեցին դստերն ուղարկել Տաշքենդ, որտեղ նա դարձավ Տաշքենդի բալետի խմբի սան։ Պարուհին արագորեն հասավ հաջողության, եւ նրա հռչակի մասին լուրերը հասան հայրենի գյուղ։ Այդ ժամանակ էլ տեղի ունեցավ սարսափելին․ կյանքի կոչելով իրենց սպառնալիքները՝ տեղի մոլեռանդները սպանեցին արտիստուհու հորը։ Աննա Պետրոսյանը դուստրերի հետ մնաց բոլորովին մենակ, եւ Թամարա Խանումը հյուրախաղերի ողջ վաստակն ուղարկում էր հարազատներին։
Ընտրած ճանապարհը շարունակելու համար նրան անհրաժեշտ էր անհավանական տոկունություն ու հավատ իր առաքելության հանդեպ։ Փխրուն աղջկա նկատմամբ սպառնալիքները շարունակվում էին։ Փոքր քաղաքներից մեկում մոլեգնած հանդիսատեսը քարեր է նետում պարուհիների վրա, իսկ հետո հարձակվում նրանց վրա։ Թամարա Խանումին փրկում է երաժիշտներից մեկը, որը փարանջա է գցում նրա վրա եւ դուրս բերում ամբոխի միջից։ Բայց ոչ բոլորի բախտը բերեց․ այսպես, հանդիսատեսը դաժանաբար սպանեց դերասանուհի Հոլչահոնին։
…Սակայն նույնիսկ իրար հերթագայող սարսափելի իրադարձություններից հետո Թամարա Խանումը չհանձնվեց՝ դառնալով հանուն մուսուլման կանանց հավասարության եւ ազատության մոլի պայքարողներից մեկը։ Նա ապրում էր «Ձեռնարկի՛ր ցանկացած բան, մի՛ վախեցիր ոչնչից» կարգախոսի ներքո։
Առաջին անգամ Թամարա Խանումը ազատության բերկրանք ու իր կյանքի համար վախի բացակայություն զգաց 1923 թվականին, երբ գնաց ԳԻՏԻՍ-ում սովորելու։ Հենց Մոսկվայում Թամարա Պետրոսյանը դարձավ հայտնի Թամարա Խանումը, ինչը թյուրքերեն նշանակում է «տիկին Թամարա»։
․․․Ներկայացումներից հետո երկրպագուները հաճախ էին նրան այցելում կուլիսներում։ Այդպես, մի օր հանդերձարանում հայտնվեց Թամարա Խանումի ապագա ամուսինը՝ հայտնի երգիչ Մուհիդին Կարի-Յակուբովը, որը եկել էր իր հիացմունքն արտահայտելու։ Դրանից հետո ղեկավարը հայտնեց պարուհուն, որ նրանք միասին են հանդես գալու։
Պատահականությո՞ւն է, թե ոչ, բայց 1925 թվականին Թամարա Խանումը եւ Մուհիդին Կարի-Յակուբովը ներկայացնում էին իրենց երկրամասը Փարիզի դեկորատիվ արվեստի համաշխարհային ցուցահանդեսում։ Նրանց կատարումը մեծ աղմուկ բարձրացրեց ու նշանավորեց արտիստուհու գլխապտույտ կարիերայի սկիզբը։ Այս ճամփորդության ընթացքում նրան հաջողվեց հանդիպել հայտնի պարուհի Այսեդորա Դունկանի հետ։ Սերգեյ Եսենինի նախկին կինը նույնիսկ ցանկացավ ստուգել Թամարա Խանումի ողերն ու ձեռքերը, քանի որ կարծում էր, թե մարմնի սովորական կառուցվածք ունեցող հասարակ մարդը չի կարող այդպես պարել եւ կատարել նման բարդ, անհավանական շարժումներ։
Այսպիսով, Փարիզից հետո ամբողջ աշխարհը բացվեց Թամարա Խանումի առջեւ։ Նա շատ էր շրջագայում արտերկրում՝ լինելով Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Չինաստանում, Նորվեգիայում, Ինդոնեզիայում, Չեխոսլովակիայում, Գերմանիայում, Իտալիայում, Թուրքիայում, Հնդկաստանում, Մոնղոլիայում, Պակիստանում, Իրանում եւ շատ այլ երկրներում։ 1935 թվականին Լոնդոնի միջազգային փառատոնում նա մրցանակ ստացավ արվեստում իր ավանդի համար, որը հանձնեց անձամբ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Բ-ն։
1930 թվականին Թամարա Խանումն իրեն փորձեց որպես պարուսույց, իսկ 1932 թվականին Ուրգենչում կազմակերպեց թատրոն։ Նա միաժամանակ ե՛ւ պարուհի էր, ե՛ւ պարուսույց, ե՛ւ դաստիարակ-դասուսույց։ Այդ նույն տարիներին արտիստուհու մոտ ծագեց «Աշխարհի ժողովուրդների երգերն ու պարերը» ծրագրերի գաղափարը։
«Իզվեստիա» թերթը նրա մասին գրել է. «Ծագումով հայուհի լինելով՝ նա անբաժան է ուզբեկական ազգային արվեստից եւ բացահայտել է աշխարհի ժողովուրդների երգի ու պարի գեղեցկությունը։ Նրա արվեստի միջոցով մարդիկ սովորում էին հասկանալ եւ գնահատել տարբեր մշակույթների գեղեցկությունն ու ինքնատիպությունը։ Նրա հոգու համարձակ թռիչքը կարելի է բացատրել իր իսկ խոսքերով. «Ապրել՝ նշանակում է երգել»»։ Թամարա Խանումը երբեք չմոռացավ իր հայկական արմատները։ Սրտի առանձնակի թրթիռով ու սիրով էր նա կատարում հայկական պարեր ու երգեր։
Պատերազմի տարիներին Թամարա Խանումը խորհրդային բանակի հետ գնաց արեւմուտք․ ելույթներ էր ունենում առաջնագծում եւ բարձրացնում զինվորների մարտական ոգին։ 1941 թվականին արժանացավ Ստալինյան մրցանակի։ Ստացված ողջ գումարը՝ 50.000 ռուբլի, արտիստուհին փոխանցեց Պաշտպանության ֆոնդին։ Դրանով պատրաստվեց 77 բորտային համարով տանկը, որը կոչվեց Խանումի անունով։ Բացի այդ, նա խորհրդային առաջին արտիստուհիներից էր, որը 1943 թվականին ստացավ խորհրդային բանակի կապիտանի կոչում։
Պատերազմից հետո արտիստուհին դեռ երկար շարունակեց իր ստեղծագործական ուղին։ Նա հանդես էր գալիս թատրոնում, սեփական բեմադրություններով բազում հյուրախաղեր տալիս։ Նրա բնորոշ առանձնահատկություններից միշտ եղել են արտահայտիչ դիմախաղը ու ձեռքի շարժումները, ժամանակակիցների խոսքերով՝ «ձեռքեր, որոնք նույնիսկ առանց ձայնի են երգում»։ Պարուհին ոչ միայն հանդես էր գալիս թատրոնում, այլեւ նկարահանվում էր վավերագրական ֆիլմերում՝ «Թամարայի երգերը» (1962) եւ «Երգում է Թամարա Խանումը» (1964)։
Նա ծանոթ էր բազմաթիվ պետությունների ղեկավարների, քաղաքական գործիչների եւ նշանավոր մարդկանց հետ, ինչպիսիք էին Չարլի Չապլինը, Պաբլո Պիկասոն եւ այլք։ Մաո Ծե Դունն անձամբ է նրան նվիրել կանացի ավանդական չինական հանդերձանք։
Թամարա Խանումն իր ողջ կյանքի ընթացքում ելույթ էր ունենում, նույնիսկ մեծ տարիքում նա պատրաստ էր պարել ցանկացած վայրում՝ հյուրընկալվելիս, գյուղական բեմում։ Նրա ստեղծագործելու ծարավը եւ անսպառ էներգիան գերում էին մարդկանց ու նրանց հայացքները գամում արտիստուհու վրա։
Ժողովրդական պարի գեղեցկությունը ողջ աշխարհին ցուցադրած տաղանդավոր հայուհի Թամարա Խանումը մահացավ 1991 թվականի հունիսի 30-ին, Տաշքենդում։ Թաղված է Չաղաթայի գերեզմանատանը։
Դեռ իր կենդանության օրոք՝ 1986 թվականին, նա իր տանը բացեց տարազների ցուցահանդես։ Ցուցահանդեսը ներառում էր աշխարհի տարբեր ժողովուրդների 26 եզակի ազգային բեմական հագուստ։ Իսկ 1994 թվականին նրա տանը բացվեց Թամարա Խանումի հուշատուն-թանգարանը։
ՄԱՔՍԻՄ ԵՐՈԽԻՆ
Տաշքենդ , հատուկ Մոսկվայի հայկական թանգարանի համար
Ռուսերենից թարգմանեց ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ