Խաչվերաց տոնի Սուրբ Պատարագի քարոզին երեկ Արշակ Սրբազանը շատ կարևոր դիտարկումներ է արել։ Այդ մակարդակի գործչի շուրթերից նման հայտարարություններ, թերևս, առաջին անգամ են հնչում։ Մայր Աթոռի դիվանապետը երեկ մասնավորապես ասաց.
«Շատ են, չափազանց շատ են Տիրոջ սուրբ խաչի հակառակորդները։ Ահա դրանցից մեկը՝ մարդասիրություն կամ հումանիզմ անվան ներքո: Տեսնում ենք, թե ինչպես է մարդասիրության դրոշի ներքո մերժվում ու ժխտվում Աստվածսիրությունը, թե ինչպես է փորձ արվում Աստուծո պատվանդանինբազմեցնել մարդուն, թե ինչպես են սրբացվում մարդկային կամքը, իրավունքներն ու ազատությունները, մարդկային քմահաճույքներին զոհաբերվում պարզ խելամտությունը և անգամ` Աստվածային կամքը: Այսպես է լինում, որ բարոյազրկումն ու այլասերությունը շքերթ են կազմում ու խրախճանք անում»։
Գիտե՞ք, ես վաղուց էի եկել այն եզրահանգման, որ «մարդու իրավունքներ և ազատություններ» կոչված չարիքով է սկսվել մեր պետության հիմքերի կազմաքանդումը։ Ում ինչ ասում ես, պատասխանում է՝ իմ իրավունքն է։ Եվ իրենց ամբարտավանությունն էլ ազատության գաղափարով են պաշտպանում։ Մարդն ազատ է՝ ինչ կուզի կանի։ Կուզի մարդ կլինի, կուզի՝ անասուն։ Կուզի բարոյական կլինի, կուզի՝ արվամոլ…
Բայց սա դեռ ամենը չէ։ Մարդու այդ «իրավունքներից» ու «ազատություններից» զատ նրան նաև կարծիք հայտնելու հնարավորություն տրվեց ու շատ կարճ ժամանակում մենք ունեցանք այն, ինչ ունեցանք։
Ուզում եմ ճիշտ հասկացվեմ՝ ես երբեք դեմ չեմ եղել մարդկանց իրական իրավունքներին ու իրական ազատություններին։ Իսկ այդ հասկացությունների իրականն այն է, երբ դրանց կողքին է դրվում նաև մարդու պարտավորություններն ու սահմանափակումները։ Որովհետև առանց վերջին այս հասկացությունների իրավունքներն ու ազատությունները մարդուն վերածում են կենդանու։ Իսկ ժողովրդին՝ ամբոխի։ Ու երբ մեկը փորձում էր զգուշացնել այդ վտանգի մասին, միանգամից բոլորը բղավում էին՝ մարդու իրավունքներ, մարդու ազատություններ… Ու շարունակում են բղավել։
Իսկ մեր եկեղեցու բարձրաստիճան հոգևորականը երեկ բռնեց ու ոչ ավել, ոչ պակաս այդ «մարդասիրությունը» Տիրոջ սուրբ խաչի հակառակորդ հռչակեց։ Պատկերացնում եմ, թե տարբեր մակարդակի սորոսականներ շուտով ինչ արշավ են սկսելու Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի դեմ։ Չեմ բացառում անգամ, որ որոշ հոգևորականներ նույնկերպ կվարվեն։ Բայց ճշմարտությունը վաղ թե ուշ պետք է ասվեր։ Եվ շատ կարևոր է, որ դա արվեց հոգևորականի շուրթերով։
P.S. Մեր հասարակությունը հիվանդ է։ Ընդ որում, բազում հիվանդություններով է հիվանդ։ Այդ ամենը մեր մեջ ներարկվել է մեր թշնամիների կողմից։ Շատ դանդաղ է ներարկվել, տարիների ընթացքում, բայց նաև հետևողական է արվել։ Ու եթե մենք ուզում ենք նորից ուժեղ և առողջ հասարակություն ունենալ, ուրեմն պետք է հետամուտ լինենք այդ վարակների հաղթահարմանը։ Այլ տարբերակ չկա։ Նիկոլն էլ, 44-օրյա պատերազմում մեր պարտությունն էլ ու դրան հետևած այս խայտառակ վիճակն էլ այդ վարակների հետևանքն են։ Ոչ ավելին։ Եթե չվարանենք ու իրերը կոչենք իրենց անունով, ինչպես նախօրեին դա արեց Արշակ Սրբազանը, ուրեմն վստահ եղեք, որ կհաջողենք։ Անպայման կհաջողենք։
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր