ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող
Հունիսի 17-ին հարեւան Վրաստանի մայրաքաղաքի բաց համալսարանում անցավ միջազգային կլոր սեղան «Ծայրահեղականության մարտահրավերները եւ Կովկասում ու Կենտրոնական Ասիայում միջազգային համագործակցության հնարավորությունները» խորագրով: Կլոր սեղանին, որն անցավ փորձագիտական երկխոսության ձեւաչափով, մասնակցում էին փորձագետներ Վրաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իտալիայից եւ Հայաստանից: Մասնակցում էին եւ ելույթ ունեցան ԱՄՆ Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի «Ռուսաստան եւ Եվրասիա» ծրագրի փոխտնօրեն եւ ավագ գիտաշխատող Ջեֆրի Մանկոֆը , Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը , Հռոմի բարձրագույն աշխարհաքաղաքական հետազոտությունների եւ հարակից գիտությունների ինստիտուտի Կովկասի եւ Կոնտրոնական Ասիայի գծով «Եվրասիա» ծրագրի հետազոտող, այժմ Թբիլիսիում բնակվող Ֆաբրիսիո Վիելմինը եւ տողերիս հեղինակը: Կլոր սեղանին մասնակցում էին 12 վրացի միջին եւ ավագ սերնդի քաղաքական ու հասարակական գործիչներ, գիտնականներ ու փորձագետներ, որոնց մեջ քիչ չէին գործիչներ, ովքեր իրենց համարում էին ազգային, եւ միաժամանակ հանդես են գալիս Ռուսաստանի հետ Վրաստանի բարիդրացիական հարաբերությունները վերականգնելու եւ զարգացնելու օգտին: Կարեւոր է նշել, որ նրանք իրենց ռուսամետներ չեն համարում, ասում են նաեւ, որ ժամանակակից Վրաստանի քաղաքական դաշտում ռուսամետներ այժմ ուղղակի չկան, բայց ակտիվորեն հանդես գալով Վրաստանի քաղաքական անկախությունը ամրապնդելու եւ ուժեղացնելու դիրքերից, օգտագործում են բոլոր հնարավորությունները Ռուսաստանի ուշադրությունը հրավիրելու բարեկամական եւ փոխշահավետ քաղաքական հարաբերությունները վերականգնելու հարցին: Կլոր սեղանը կազմակերպել էր եւ նախագահում էր Վրաստանի Եվրասիայի ինստիտուտի տնօրեն, Վրաստանում ճանաչված հասարակական գործիչ Գուլբաաթ Ռցխիլադզեն , ում հետ մենք համագործակցում ենք սկսած 2013թ.:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցության անհրաժեշտությունը մեծ տարածաշրջանում իսլամական ծայրահեղականությունը զսպելու նպատակով
Կլոր սեղանն անցնում էր «Չեթըմ Հաուսի» մեթոդով, ինչը, մասնավորապես, նշանակում է, որ մտքերի ազատ եւ ստեղծագործ փոխանակությունը խթանելու համար բոլորը պայմանավորվեցին ուղղակի հղումներ չանել մասնակիցների ելույթներին, այլ միայն փոխանցել ընդհանուր ձեւով առաջարկվող մտքերը:
Կլոր սեղանի կազմակերպիչները առաջարկել էին հետեւյալ կերպ սահմանել «ծայրահեղականություն» հասկացության բովանդակությունը եւ ելնել դրանից: Խոսքն այն մասին է, որ, ըստ նրանց, «ծայրահեղականությունը» քաղաքականության մեջ հասկացվում է այդ բառի ուղիղ իմաստով, ինչպես ձգտում ծայրահեղություններին, նույնպիսի արմատական նպատակների հասնելու արմատական մեթոդների կիրառումով: Ծայրահեղականությունն, այսպիսով, կարող է ունենալ ազգայնական, գաղափարախոսական, կուսակցական, ռազմական, ինչպես նաեւ կրոնական բնույթ եւ հետապնդել համապատասխան նպատակներ: Ընդ որում, ծայրահեղականությունը սկզբունքորեն կառավարելի է բարի նպատակների քողով: Կովկասում ծայրահեղականությունը կապված է ոչ միայն Իսլամի հետ, սակայն միջազգային համատեքստ է ձեռք բերում միայն իսլամական ծայրահեղականությունը, իսկ ազգայնականըՙ ունի տեղային բնույթ: Կովկասյան եւ կենտրոնաասիական պետությունների ազգային կառավարությունները հակված չեն ծայրահեղականությանը եւ հանդիսանում են միջազգային քաղաքականության ռացիոնալ սուբյեկտներ: Կովկասում ծխում են ազգամիջյան հակամարտություններ, սակայն այս կամ այն կենտրոնների ղեկավարությունների կողմից ոչ ռացիոնալ որոշումների անմիջական վտանգ գոյություն չունի: Դրա փոխարեն միջազգային իսլամական ծայրահեղականությունը փորձում է (եւ նույնիսկ մեծ հաջողությամբ) ամրապնդվել Կովկասի եւ մասամբ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, մահմեդական երիտասարդության շրջանում տարածվելու միջոցով: Իսլամիստները փորձում են դրա համար հիմնական հենակետ ստեղծել Վրաստանի մահմեդական անկլավներում: Նրանց վերջնական նպատակն, անշուշտ, Վարստանը չէ, այլ ողջ Կովկասը, նշանակետ ունենալով Ռուսաստանն ու Կենտրոնական Ասիան:
Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն միմյանց միջեւ հակամարտ քաղաքականություն են վարում համաշխարհային քաղաքականության մի շարք կարեւոր հարցերում: Իսլամական ծայրահեղականության համատեքստում գլխավոր հիմնախնդիրը Վաշինգթոնի եւ Մոսկվայի հայացքների միջեւ անհամապատասխանությունն է այս կամ այն խմբերը գնահատելիս որպես ծայրահեղական եւ երբեմն նույնիսկ ահաբեկչական: Չնայած դրան, մյուս կողմից, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի առաջատար քաղաքական գործիչները, նաեւ հասարակությունները համակարծիք են, որ կրոնական ծայրահեղականությունը, որը ծնում է ահաբեկչություն, անընդունելի է եւ այս կապակցությամբ միջազգային համագործակցությունը մեծապես կարեւորվում է: Հարկ է ընդունել կամային որոշում եւ նույնիսկ աշխարհաքաղաքական պայքարի պայմաններում գտնել համագործակցության ձեւեր, հետապնդելով նպատակ նվազեցնելու կրոնական (մասնավորապես իսլամիստական) ծայրահեղականության գլոբալ վտանգը:
Այսպիսով, Թբիլիսիում անցած փորձագետների առաջին հանդիպումը մի համեստ փորձ էր ստեղծելու փորձագիտական երկխոսության հարթակ կովկասյան տարածաշրջանի, եւ ինչու չէ, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համատեքստերը քննարկելու համար: Փորձագիտական երկխոսության այս առաջին քայլը նպատակ ուներ դառնալու մի ոչ մեծ հարթակ, որը ժամանակի ընթացքում, քայլ առ քայլ, կարող է ընդլայնվել թե՛ բովանդակության տեսանկյունից, եւ թե՛ իր ձեւով այնպես, որ կարողանա հետաքրքրել ԱՄՆ-ի, Ռուաստանի, տարածաշրջանի եւ այլ պետությունների քաղաքական շրջանակներին: Կլոր սեղանի մասնակիցներն ուղղակի զարմանում էին, որ տարածաշրջանին սպառնացող խոշոր վտանգները չեզոքացնելու համար Ռուսաստանի եւ Արեւմուտքի եւ մասնավորապես ռուս-ամերիկյան երկխոսության հարթակ ձեւավորելու վերաբերյալ մինչեւ այժմ որեւէ նախաձեռնություն չի դրսեւորվել: Հետաքրքրական է, որ բոլոր մասնակիցները հասկանում էին, որ ծայրահեղականության, ահաբեկչության եւ հարակից սպառնալիքները արդիական են ոչ միայն ժամանակակից Վրաստանի, այլեւ ետխորհրդային տարածքի եւ, ինչու չէ, Մեծ Եվրասիայի տարբեր պետությունների համար: Ընդգծվեց կարեւորությունն ունենալու այնպիսի կազմակերպչական ձեւ, որը թույլ տար նման քննարկումներին միանալու Կենտրոնական Ասիայի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ մյուս հետաքրքրվող պետությունների ներկայացուցիչներին:
Կստանձնի՞ արդյոք Ղազախստանը ռուս-ամերիկյան բազմակողմ մասնակցությամբ քաղաքագիտական երկխոսության հարթակ տրամադրելու առաքելությունը
Ի՞նչ քաղաքական քայլերի հաջորդականություն է պետք սահմանել ծայրահեղականության եւ ահաբեկչության սպառնալիքին արդյունավետ դիմակայելու համար: Ինչպիսի՞ ներքաղաքական օրակարգեր եւ միջազգային համագործակցություն է պետք ծավալել այս գործում հաջողության հասնելու նպատակով: Թբիլիսիյան կլոր սեղանի մասնակիցները համակարծիք էին, որ տարածաշրջանի երկրներից երկխոսության քաղաքագիտական հարթակ տրամադրելու ամենամեծ հնարավորությունն ունի Ղազախստանը, որն ունի համարյա իդեալական դիրք ազգամիջյան եւ միջկրոնական խաղաղության տեսանկյունից: Կարեւոր է, որ լինելով Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի, նաեւ տարածաշրջանի մյուս երկրների սերտ գործընկերն ու բարեկամը, Ղազախստանը ունի էլի մի քանի առավելություններ վերոհիշյալ հարթակն ընդունելու եւ ձեւավորելու տեսանկյունից: Ղազախստանը ակտիվորեն աջակցել եւ աջակցում է բոլոր լուրջ նախաձեռնություններին, որոնք ուղղված են եղել հակամարտությունների դադարեցմանն ու կանխարգելմանը: Նուռ-Սուլթանում են անցել եւ անցնում համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների համագումարները: Այստեղ են քննարկվում քաղաքակրթությունների երկխոսության հարցերը, եւ այս առումով Ղազախստանն աշխարհում եզակի փորձ ունեցող երկիր է: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հակասությունների ծավալը վերջին տարիներին էապես մեծացել է, եւ այստեղ գերիշխում է անվստահության մթնոլորտ: Տարածաշրջանի երկրներին չի կարող չանհանգստացնել այս գլոբալ հակամարտության խորացման ահռելի վտանգը: Միաժամանակ աշխարհում չեն կարող չլինել երկրներ եւ քաղաքական ուժեր, որոնք անկեղծորեն մտահոգված են հակամարտության նվազեցման եւ գլոբալ համագործակցության հաջողթյամբ: Այդպիսի երկրներից մեկը Ղազախստանն է, որը վերջին 20-25 տարիներին գործնականում ապացուցել է, որ պատրաստ է միջազգային տարբեր մակարդակներում տրամադրել իր միջնորդական բարյացակամ հնարավորությունները: Վերջին հաջողված օրինակը Սիրիայի հակամարտության գծով Աստանայի հարթակն է: Այս երկխոսության հարթակը ամենաարդյունավետներից մեկը եղավ արագ արդյունքի հասնելու տեսանկյունից: Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը անցած տարվա հոկտեմբերին «Ասիա-Եվրոպա» համաժողովի գագաթաժողովում վերահաստատեց իր երկրի պատրաստակամությունը Աստանայի հարթակը ողջ աշխարկում խաղաղություն կերտելու նպատակին այսուհետեւ էլ ծառայեցնելու համար:
Ղազախստանը ունի լուրջ շահեր Հարավային Կովկասում (Հատկապես Ադրբեջանում եւ Վրաստանում), ունի գերազանց հարաբերություններ հարավ-կովկասյան բոլոր երեք պետությունների հետ, ունի գերազանց հարաբերություններ Ռուսաստանի հետ, իսկ նրա բազմաթիվ միջազգային նախաձեռնությունները դրական արձագանք են ստացել Արեւմուտքի պետությունների կողմից: Այսպիսով կլոր սեղանի մասնակից փորձագետները կարծում էին, որ Ղազախստանը կցանկանա եւ կկարողանա ստանձնել ռուս-ամերիկյան քաղաքագիտական երկխոսության հարթակ ստեղծելու գործը, ներգրավել նրանում տարածաշրջանի շահագրգիռ երկրների քաղաքագիտական հանրության ներկայացուցիչներին եւ հարթակը դարձնել արդյունավետ գործող միջազգային հեղինակավոր կառույց:
Ստեղծել Խաղաղության հիմնախնդիրների ուսումնասիրության միջազգային կենտրոն
Պատերազմի, սառը ու թեժ հակամարտությունների ուսումնասիրության ասպարեզում ժամանակակից աշխարհում քիչ բան չի արվել: Հակամարտությունների ուսումնասիրությունը որքան էլ հաջող լինի, ցավոքՙ ուղղակիորեն չի հանգեցնում դրանց կանխարգելմանն ու վտանգների չեզոքացմանը: Բայց հակամարտությունների էության, բովանդակության հետազոտությունը չափազանց հետաքրքրական ոլորտ է եղել եւ մնում է այդպիսին: Մեր հասարակություններում հակամարտությունների լավ իմացության հարցը կարեւորում են թե՛ քաղաքական ու հասարակական շրջանակները, թե՛ ուսումնագիտական ու փորձագիտական շրջանակները: Թբիլիսյան համաժողովում, հռչակելով վերոհիշյալ բազմագլուխ կենտրոնի ստեղծման հարցը, մասնակիցները շատ բան չխոսեցին այդ մասին եւ թողեցին, որ տարբեր հրապարակումների միջոցով մասնակիցներն իրենց երկրներում քննարկման դնեն դրա անհրաժեշտությունը: Սա կարելի է համարել հերթական փորձ մի նոր միջազգային կառույց ստեղծելու համար: Անշուշտ կլինեն նաեւ թերահավատներ, որոնք կպնդեն, որ նման կենտրոնի գոյությունը առանձնապես դրական արդյունքների չի հանգեցնելու: Մեր հակամարտությունների չլուծվածությունը եւ լարվածության պարբերաբար աճը քիչ տեղ է թողնում հասարակական եւ գիտական մեջոցներով մարդկանց մտածողության վրա ազդելու դրական հնարավորության համար: Միաժամանակ սակայն, եւ դա պարզ երեւում էր կլոր սեղանի շրջանակներում ոչ պաշտոնական շփումների ընթացքում, կա լավատեսություն այն հարցում, որ տասնամյակներով հակամարտությունների եւ դրանց կործանարար ազդեցությունների մասին խոսելու հետ մեկտեղ վատ չէր լինի մտածել նաեւ խաղաղության հեռանկարների, երկխոսության, բարիդրացիության, համագործակցության եւ փոխգործակցության դրական նշանակության ու առավելությունների մասին: Որքան էլ որ մեծ լինի ազգայնականության հաղթարշավի պայմաններում խաղաղության ու միջազգային համագործակցության մասին լրջորեն խոսելու հնարավորությունը:
Գրելով այս տողերը, ես անկեղծորեն հույս ունեմ, որ վերոհիշյալ հարթակը ստեղծվելու է, որ դրա հաջորդ նիստերին մասնակցելու են նաեւ հայաստանցի ուրիշ փորձագետներ, եւ որ ժամանակի ընթացքում մենք կարողանալու ենք ստեղծել գիտնականների ու փորձագետների այնպիսի երկխոսության միջավայր, որը դրական ազդեցություն կունենա մեր երկրների քաղաքական եւ հասարակական մտքի վրա:
Թբիլիսի-Երեւան