Ռուսական ԶԼՄ-ներում, մասնավորապես gazeta.ru կայքում, անդրադարձ կար ՀՀ-ՌԴ գազի շուրջ ընթացող բանակցությունների մասին, այն որակելով որպես «գազային պատերազմ»: Այս որակման պատճառ էր հանդիսացել «Գազպրոմ Արմենիային» մոտ 10 մլն դրամով տուգանելու փաստը:
Չհամաձայնելով նմանատիպ որակումներին, այնուամենայնիվ նշենք, որ գազի գնի հարցը հայ-ռուսական հարաբերությունների կարեւոր բաղկացուցիչն է, իսկ ավելի ճիշտՙ այն չափորոշիչը, որը ցույց է տալիս այդ հարաբերությունների որակը: Իհարկե այստեղ պետք է չէ բացառել նաեւ ընդհանուր գազի շուկայում առկա միտումները, սակայն «գազ» ապրանքի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ձեւավորված ընդհանուր շուկա չկա, հետեւաբար գազ մատակարարող պետությունը կարող է գնագոյացման իրեն համար ընդունելի քաղաքականություն մշակել:
Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի համար գազի գինը արտաքին քաղաքականության կարեւոր գործոն է, հետեւաբար` այդ ապրանքը եվրոպական շուկայում վաճառվում է տարբեր գներով, ու այդ գների տատանումը կախված է տվյալ պետության հետ ՌԴ հարաբերությունների որակից: ՀՀ-ին մատակարարվող գազի 165 դոլար գինը, 1000 խ/մ-ի համար սահմանին, բավականին ցածր է ՌԴ «գազային» քաղաքականության համակարգում: Ավելի ցածր գնով գազ վաճառվում է միայն Բելառուսին, սակայն ընդունենք, որ վերջինս 4 անգամ ավել գազ է սպառում քան Հայաստանը:
Այնուամենյանիվ, հիմնական հարցը, որը հետաքրքրում է հայ սպառողինՙ արդյոք գազի գինը կմնա նույնը, թե՞ կփոխվի: Հիշեցնենք, որ դեռ այս տարվա հունվարի մեկից գազը սահմանին թանկացել էր, պաշտոնապես` 15 դոլարով եւ այսօր արժե 165 դոլար` 1000 խ/մ համար:
Գազի գնի այս փոփոխությունը ՀՀ-ն դեռ չի մարսել, պայմանավորված հայ-ռուսական գազային պայամանգրով, որով «Գազպրոմ-Արմենիայի» շահույթը պետք է կազմի 9%: Այս շահույթը պետք է ապահովեր նաեւ այդ ընկերության կողմից ՀՀ կատարելիք ներդրումները, որը փաստորեն այսօր չի կատարվում, քանի շահույթ, փաստորեն, որպես այդպիսին չկա` գազի գինը սահմանին թանկացել է, իսկ սպառողի համարՙ ոչ:
Եթե նույնիսկ ՀՀ իշխանություններին հաջողվի ՌԴ-ի հետ բանակցություններում սահմանել գազի ընդունելի գին, օրինակՙ պահպանվի նույն գինը առաջիկա 3 տարիների համար, միեւնույնն էՙ գազի գնի բարձրացումից, սովորական սպառողների համար, չի լինի խուսափել: «Գազպրոմ-Արմենիան» պետք է շահույթ ապահովի, որ կարողանա ներդրումներ իրականացնել, այդ կազմակերպության աշխատանկիցների կրճատումը, մոտ 500-1000 մարդ, այս հարցի լուծման բանալին չէ:
Հաշվի առնելով գազի ՀՀ-ՌԴ հարաբերությունների որակը, ավելի ճիշտ տարբեր միջազգային հարթակներում հայ պատվիրակների «սխալ» քվեարկությունները` հիշենք ՄԱԿ-ում ու ԵԽԽՎ-ում կատարվածները- չի կարելի բացառել, որ 2020թ. հունվարից գազի գինը նորից կբարձրանա, եւ որ երկարատեւ բանակցությունները արդյունք չեն տա: Հետեւաբար այս խնդրի լուծման միակ սպասելի ուղին Պուտին-Փաշինյան ուղիղ բանակցություններն են, որոնք կարող են կայանալ Երեւանում` ՌԴ նախագահ Պուտինի այցի շրջանակներում:
Ու ինչպես ասում են` մնանք սպասող Պուտինի այցին Երեւան, թե չէ ներկա կազմով եւ բանակցությունների նման որակով հարց լուծել չի կարելի: