ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Փորձագետ… Մի փոքր էքսկուրս դեպի ոչ հեռավոր անցյալ:11 տարի, սկսած 2004 թ. հուլիսից մինչեւ 2015 թ. հոկտեմբերը, Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը (ԱԱՆ) ղեկավարում էր գեներալ-գնդապետ Էլդար Ահմեդ օղլու Մահմուդովը:Այդ 11 տարիների ընթացքում վերոհիշյալ նախարարությունը հետախուզությամբ եւ հակահետախուզությամբ զբաղվելու փոխարեն (այնՙ ինչով պետք է զբաղվի յուրաքանչյուր հատուկ ծառայություն) վերածվեց անսահմանափակ իշխանություն ունեցող մի կրիմինալ կառույցի,այսպես կոչված ոստիկանական մարմնի եւ մաֆիոզ կազմակերպության սիմբիոզի: Մահմուդովի նշանակումից հետո, անվտանգության նախարարությունից սկսեցին հեռանալ կադրային արհեստավարժները (որն, իմիջիայլոց, այնքան էլ վատ չէր Հայաստանի համար), նրանց տեղերը սկսեցին զբաղեցնել հատուկ ծառայության հետ որեւէ առնչություն չունեցող մարդիկ: Ահաբեկչության, լրտեսության, կոռուպցիայի, անօրինական բանկային գործառույթների դեմ պայքարի անվան տակ աշխատանքի նոր ընդունված «հետախույզները եւ հակահետախույզները» զբաղվում էին դրամաշորթությամբ, նենգաշորթությամբ, մարդկանց առեւանգումով եւ փրկագիններ ստանալով: Եվ եթե որեւէ մեկը հրաժարվում էր փրկագին վճարել, ապա մեղադրվում էր լրտեսության մեջ հօգուտ Հայաստանի եւ կամ դժբախտ պատահարի զոհ էր դառնում:Եվ այսպես, «անվտանգության նախարարություն» կոչվող կրիմինալ կառույցը սկսեց հսկել պետության բանկային համակարգը, խոշոր, միջին ու մանր բիզնեսը, մաքսանենգ արտահանումները եւ ներկրումները, թանկարժեք քարերի` հատկապես ադամանդի բիզնեսը: Բոլոր քիչ թե շատ վճռական եւ հանգուցային պաշտոնների նշանակումները երկրում կատարվում էին Մահմուդովի «օրհնանքով»:Մահմուդովի «աջ ձեռքը» եւ նրա հիմնական դրամաշորթը նախարարության էներգետիկայի եւ տրանսպորտի անվտանգության վարչության պետ գեներալ-մայոր Ակիֆ Չովդարովն էր: Նախարարությունում նրան անվանում էին «նախարարի գանձապահ», «գորշ կարդինալ» եւ այլ մականուններով:Հայտնի էր, որ երբ Չովդարովը սկսում էր որեւէ գործարարի հետապնդումը, ապա «թիրախի» հեռախոսահամարին մի զանգ էր գալիս եւ ինչ-որ մեկը վերջինիս հետ սկսում էր հայերեն խոսել: Գործարարը ոչինչ չհասկանալով, հայհոյում էր եւ կախում հեռախոսը: Որոշ ժամանակ անց, նրան կանչում էին ԱԱՆ` հարցաքննության եւ համապատասխան գումարը չստանալու դեպքում «թիրախը» մեղադրվում էրՙ հօգուտ Հայաստանի լրտեսություն կատարելու մեջ:Հետագայում, հետաքննությունը բացահայտեց նաեւ, որ Մահմուդովի դրամաշորթության թիրախներ ընտրելու հիմնական նշանառուն նախագահ Ալիեւի տնտեսական հարցերով օգնական Ալի Ասադովն էր, ում հետ Մահմուդովը հաճախ ընթրում էր Բաքվի կենտրոնում տեղակայված ռեստորաններից մեկում` «Նարշարաբում»: Այդ խաղա՜ղ ընթրիքների ընթացքում ընտրվում էր հերթական թիրախը:Մահմուդովին հաջողվեց նաեւ հիմնադրել մի մեծ ընկերություն` «Կասպիան Քրիստալ» անվամբ, որն ընդգրկում էր ռեստորանների, մթերային խանութների, ավտոմեքենաների վաճառքի եւ սպասարկման կենտրոնների, բացառիկ հագուստների խանութների ցանցեր: Նույնիսկ ԱԱՆ-ի ավտոպարկի բոլոր մեքենաները գնվում էին Մահմուդովի ընկերությունից:Շատ գործարարներ, նախարարներ, պատգամավորներ բողոքում ու գանգատվում էին ուղղակի պետության նախագահին, սակայն պարոն Ալիեւը «չէր նկատում» այդ բողոքները, քանի որ Մահմուդովն իր լոյալությամբ եւ անձնական նվիրվածությամբ «տիրոջը», ծածկում էր մնացած բոլոր թերություները, զանցանքներն ու հանցանքները:Սակայն 2015 թ. հոկտեմբերի 17-ին նախագահ Ալիեւի հրամանագրով անսպասելի Մահմուդովը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից: Ավելին` կազմվեց հատուկ քննչական խումբ, որը սկսեց հետաքննել Մահմուդովի եւ ԱԱՆ բարձաստիճան պաշտոնյաների քրեական գործունեությունը:Ինչ պատահեց, որտեղ Մահմուդովն անցավ հանցագործությունների «թույլատրելի սահմանի կարմիր գիծը»: Ունենալով անպատժելիության զգացողություն, Մահմուդովը, ելնելով անձնական շահերից, գրեթե քայքայեց Ադրբեջանի բանկային համակարգը, մեծ դժգոհություն առաջացրեց գործարարների շրջանակներում (ընդ որում, հերթական խորհրդարանական ընտրություններից առաջ), անթույլատրելի անձնական մտերմություն հաստատեց Իսրայելի հետախուզության` ՄՈՍՍԱԴ-ի հետ, իսկ ամենահետաքրքրականն այն էր, որ Մահմուդովը փորձեց Թուրքիայի նախագահ Էրդողանի օգնությամբ ստանալ Ադրբեջանի վարչապետի պաշտոնը:… Մահմուդովի` պաշտոնից հեռանալուց հետո, պաշտոնաթող եղան ԱԱՆ 80 պաշտոնյաներ: Նրանցից շատերի, այդ թվում Մահմուդովի դեմ առաջադրվեցին մեղադրանքներ: Նախագահ Ալիեւի հրամանով, Նախիջեւանի Շարուրյան շրջանում տեղադրված Ահմեդ Մահմուդովի (նախարարի հոր) հուշարձանը հանվեց:Իմիջիայլոց, Էլդար Մահմուդովը շատ լարված հարաբերություններ ուներ նաեւ Նախիջեւանի ղեկավար (Մեջլիսի նախագահ) Վասիֆ Թալիբովի հետ:2015 թ. դեկտեմբերի 14-ին նախագահ Ալիեւի հրամանագրով Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը կազմալուծվեց եւ փոխարենը ստեղծվեցին երկու նոր կառույցներ` Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) եւ Արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ):ՊԱԾ ղեկավար նշանակվեց արդարադատության փոխնախարար, քրեակատարողական (մեկուսարաններ, բանտեր, պատժախուցեր) ծառայության ղեկավար, Ադրբեջանի ազգային հերոս Մադաթ Գուլիեւը , ծնված 1958 թ.:Հետախուզության պետ նշանակվեց 1977 թ. ծնված Օրհան Սեդյար օղլու Սուլթանովը , որը հանդիսանում է հետախուզության կադրային սպա, աշխատել է Ադրբեջանի ԱԳՆ «ծածկի» տակ, հետո Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանության հումանիտար հարցերով առաջին քարտուղարի «ծածկի» տակ: Մեծ Բրիտանիայում ստացել է հետախուզական պատրաստություն: Այդ հետախուզական կազմը հիմնականում աշխատում է երեք ուղղություններով` Հայաստան, Իրան, Ռուսաստան:Եվ այսպես, նախագահ Ալիեւին պետք եղավ 11 տարի, որպեսզի հասկանա, որ իր պետության անվտանգության նախարարը գերատեսչությունը հասցրեց պրոֆեսիոնալ սնանկության եւ որ նրա անձնական լոյալությունը բավարար չէ, իսկ մնացած անհրաժեշտ որակները չկան եւ չեն էլ եղել, որ անվտանգության խնդիրները նրա համար ի սկզբանե վերջին տեղում են եղել: Եվ որ ոչ պրոֆեսիոնալ ղեկավարը սնանկություն է սերմանում ամբողջ կոլեկտիվում:Շարունակությունըՙ հաջորդիվՆկար 1. Էլդար ՄահմուդովՆկար 2. Մադաթ Գուլիեւ` «քիլլեր Մադաթ»Նկար 3. Օրհան Սեդյար օղլու Սուլթանով |