Ի՞նչ նպատակ էին հետապնդում Արամ արք. Աթեշյանի նկրտումները
Հունիսի 21-ի համարում «Ազգն» անդրադարձել էր Կ. Պոլսո պատրիարքական տեղապահի ընտրության հարցին, նշելով, որ դա նշանակվել է հունիսի 27-ին: Հիշեցման կարգով նշենք, որ Կրոնական ժողովը, հակառակ ժողովի ատենապետ Սահակ արք. Մաշալյանի առարկումներին, ապրիլի 29-ին հրավիրված նիստում, ընդառաջելով պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանին, որոշում էր կայացրել, որ պատրիարքի ընտրություններն անցկացվեն փոխանորդի գլխավորությամբ: Այդ որոշումը, սակայն, չեղյալ հայտարարվեց մայիսի 13-ին, երբ Ստամբուլի կուսակալի ուղեկցությամբ պատրիարքարան այցելեց Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
Նախարարն այնտեղ ասել էր, որ նպատակահարմար է պատրիարքի ընտրություններ անցկացվեն տեղապահի գլխավորությամբ, ինչպես եկեղեցական կանոնադրությունն է պահանջում, որից հետո անցնել պատրիարքական ընտրություններին: Նա միաժամանակ ընդգծել էր. «Այդ կարծիքին է նաեւ նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը»: Այս ամենից հետո թվում էր, թե տեղապահի ընտրությունը կկատարվի նշված օրը, մանավանդ որ պատրիարքական ընտրությունների անցկացումը փոխանորդի գլխավորությամբ հակասում էր եկեղեցական կանոնադրությանը, այդ մասին պատրիարքարանում անձամբ նշել էր Թուրքիայի ներքին գործերի նախարարը, եւ վերջինի հետ համամիտ էր նաեւ նախագահ Էրդողանը:
Այսինքն առկա էին տեղապահի ընտրությունը նշված օրը անցկացնելու բոլոր նախադրյալները, բայց դա հետաձգվեց: Ինչո՞վ բացատրել: Ըստ երեւույթինՙ Արամ սրբազանի նկրտումներով: 2008-ին Մութաֆյան պատրիարքի առողջության վատթարացումից հետո թուրքական իշխանություններն Արամ սրբազանին նշանակել էին պատրիարքի ընդհանուր փոխանորդ եւ նա ավելի քան 10 տարի սիրահոժար վարեց այդ պաշտոնը, այն առումով որ ինքը փոխանորդի կարգավիճակով օգտվում էր պատրիարքի լիազորություններից, ընդ որում առանց վերջինի պատասխանատվությունը կրելու:
Գերաշնորհ Աթեշյան սրբազանը պատրիարքական ընտրությունները փոխանորդի գլխավորությամբ անցկացնելու խնդիր էր դրել իր առջեւ: Այդ դեպքում դրանք ինքն էր կազմակերպելու, ստանալով ընտրությունների ընթացքի վրա ազդելու որոշակի հնարավորություն: Սակայն նախարար Սոյլուի անակնկալ այցելությունը խախտեց թուրքական իշխանությունների աջակցությանն ապավինելու սրբազանի հաշվարկները: Եթե նա մինչ այդ ամեն կերպ հակադրվում էր տեղապահի ընտրությանը, նախարարի այցելությունից հետո, երբ հունիսի 27-ն արդեն նշանակվել էր տեղապահի ընտրության օր, նա որոշեց վիժեցնել ընտրությունը:
Թերես մայիսի 19-ին Սրբազանը պատահական չէր ասել, որ ինքը չի մասնակցելու տեղապահի ընտրությանը, ավելացնելով` «Առանց իմ մասնակցության այդպիսի ընտրություն չի կարող կատարվել: Եթե մեկ ուրիշը փորձի այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել, ապա դա ընդունելի չի լինի, ոչ էլ կճանաչվի վավերական»:
Թեեւ դեռ վաղ է տեղապահի ընտրության վիժեցման մասին խոսելը, բայց որ Արամ սրբազանի նկրտումները ոչ միայն ընտրությունը հուլիսի 4-ին հետաձգելու պատճառ են դառնում, այլեւ էլ ավելի են սրում Պատրիարքարանում առկա լարվածությունը, խճճում տեղապահի ընտրությունն ու անառողջ մթնոլորտ են ստեղծում դրանց շուրջը:
Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ «Սահակ սրբազանի լուսաբանությունըՙ պատրիարքական տեղապահի ընտրության թվականի հարցի մասին» խորագրով հունիսի 26-ին սոցցանցում հրապարակված հաղորդագրությանը: Այնտեղ սրբազան հայրը նշում է. «Հունիսի 26-ին ներքին գործոց նախարարությունը Ստամբուլի կուսակալի միջոցով Պատրիարքարան է ուղարկել մի որոշմնագիր, ուր հուլիսի 4-ը ճշտված է որպես տեղապահի ընտրության նոր թվականը: Այս որոշումը նոր հարցականներ է առաջացրել համայնքում: Դժբախտաբար գրության մեջ չկա պարզաբանում, թե ինչո՞ւ կկատարվի այս հետաձգումը: Իրականում այս նամակը Պատրիարքարան է ուղարկվել 2 անգամՙ հունիսի 25-ին եւ 26-ին: Ես որպես Կրոնական ժողովի ատենապետ, Արամ սրբազանի կողմից չեմ իրազեկվել դրա մասին: Պետք է հիշել, որ մայիսի 13-ին, այցելելով Պատրիարքարան, նախարար Սոյլուն մատնանշել էր տեղապահի ընտրությունը հունիսի 24-ից հետո կազմակերպելու հնարավորության մասին: Բայց Արամ սրբազանը իր անտեղի եւ անժամանակ նամակով ոտնակոխ արեց մեզ իրազեկելու պարտավորությունը: Բացի այդ, սրբազանը մեկ անգամ եւս չարաշահեց իր պաշտոնը, որովհետեւ իրավունք չունի, առանց տեղյակ պահելու Կրոնական ժողովին, այդպիսի նամակ ուղարկել իշխանություններին: Ուղարկելուց հետո սրբազանը չի բարեհաճել իր նամակի մասին տեղեկություն տալ Կրոնական ժողովի ատենապետին եւ անդամներին: Մինչեւ հիմա որեւէ մեկը չգիտի, թե ի՞նչ բովանդակություն ունի նամակը: Տեղապահի ընտրության հարցում Արամ սրբազանի քմահաճ եւ անպատասխանատու քայլերը կարող են մեկ անգամ եւս մղձավանջի վերածել ընտրության գործընթացը»:
Արամ արք. Աթեշյանը հունիսի 28-ին Պոլսո «Ժամանակ» թերթի էջերում արձագանքել է Սահակ սրբազանի հաղորդագրությանը: Արձագանքը թուրքերեն է եւ չի պատասխանում հաղորդագրության մեջ բարձրացված ոչ մի հարցին: Արամ սրբազանը խոսում է համայքում տիրող լարվածության մասին, ցավ է հայտնում, որ Սահակ սրբազանը, փոխանակ համերաշխություն դրսեւորելու «իր հոգեւոր եղբոր» նկատմամբ, ագրեսիվ պահվածքով, անփառունակ եւ անհիմն մեղադրանքներով ընդամենը հիասթափություն է առաջացնում:
Ինչ վերաբերում է իրեն հասցեագրված մեղադրանքներին, ապա Արամ սրբազանն ահա թե ինչ է ասում. «Ներքին գործերի մեծարգո նախարար Սոյլուն Պատրիարքան այցելելիս կարծիք էր հայտնել, որ տեղապահի ընտրությունը կարելի է կազմակերպել հունիսի 23-ից հետո: Հետեւաբար նոր թույլտվության խնդիր չէր կարող լինել: Ելնելով դրանից մենք ընտրությունը նշանակեցինք հունիսի 27-ին: Դրանով հանդերձ հունիսի 20-ին Ստամբուլի կուսակալությունը, կապ հաստատելով անձամբ ինձ հետ, ընտրության նշանակման մասին պաշտոնական գրություն պահանջեց: Ես նուն օրը կազմեցի այդ գրությունն ու ուղարկեցի, նշելով որ ընտրությունը նշանակված է հունիսի 27-ին: Պահանջվող գրությունը կազմելու եւ ուղարկելու հարցում ես որեւէ մեկի առջեւ պատասխանատու չեմ, որքան էլ դա բնութագրվի որպես սկանդալ: Հիրավի Ստամբուլի կուսակալության նամակը Պատրիարքարան է հասել հունիսի 25-ին: Սակայն մեկ ժամ անց կուսակալությունը դա ետ քաշեց: Հետեւաբար ես որեւէ մեկին, Կրոնական ժողովի ատենապետը ներառյալ, ցույց չտվեցի այդ նամակը: Այդ Նամակը ստանալուց հետո ես Անկարայի հետ որեւէ կապ չեմ հաստատել, դա արել է կուսակալությունը, որ հունիսի 26-ին նոր նամակով Պատրիարքարան եկավ կուսակալության 2 ներկայացուցիչ: Նամակում պահանջվում էր տեղապահի ընտրությունն անցկացնել հուլիսի 4-ին: Այս ընտրության շուրջն առաջացած տհաճ իրավիճակի ողջ պատասխանատվությունն ընկնում է Սահակ արք. Մաշալյանի վրա, օգտվելով առիթից, նա սեւ քարոզչություն է ծավալում իմ դեմ»:
Որքան էլ Արամ սրբազանը չպատասխանի Սահակ սրբազանի բարձրացրած հարցերին, հաղորդագրության արձագանքից ակնհայտ է դառնում, որ մեղադրանքի տեղիք տված նամակը նրա հունիսի 20-ին կուսակալություն ուղարկած նամակն է: Քանի որ նամակի բովանդակությունը, բացի հեղինակից, գիտի Ստամբուլի կուսակալությունը, ուստիեւ չենք կարող կարծիք հայտնել տեղապահի ընտրությունը հունիսի 27-ից հուլիսի 4-ը տեղափոխելու, առավել եւս դրա նկատառումների մասին: Բայց որ Արամ սրբազանը դեռեւս շարունակում է համագործակցել թուրքական իշխանությունների հետ եւ այդ համագործակցությամբ է մեծապես պայմանավորված վերջիններիս անկաշկանդ միջամտությունը Պատրիարքարանի գործերին, ընտրությունները ներառյալ, կասկած չի հարուցում:
P.S. Երեկ, հուլիսի 4-ին, Եկեղեցական ժողովը նիստ է գումարել Կ. Պոլսո հայոց պատրիարքարանում. օրակարգում եղել է պատրիարքի տեղապահի ընտրության հարցը: Առաջադրված թեկնածուներից Սահակ եպս. Մաշալյանը, ինչպես տեղեկացնում է «Հայ թերթը», ձայների 13-11 հարաբերակցությամբ հաղթանակ է տարել Արամ արք. Աթեշյանի նկատմամբ եւ ընտրվել պատրիարքի տեղապահ: Պատրիաքի տեղապահ Սահակ սրբազանի առաջնահերթ խնդիրը Նախաձեռնող խմբի կազմավորումն է, որի պարտականությունն է կազմակերպել պատրիարքական ընտրությունները: