ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ Համալսարանի հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյանն արժանացել է աննախադեպ գնահատանքի։ Հարգելով դոկտոր Զորյանի ողջ կյանքի ընթացքի ձեռքբերումը եւ կրթության ոլորտում նրա հեղափոխական մոտեցումը՝ Կալիֆորնիայի Սանտա Կլարա քաղաքը 2022 թվականի սեպտեմբերի 1-ը հռչակել է որպես դոկտոր Երվանդ Զորյանի օր։ Երվանդ Զորյանը Սինոփսիս Արմենիայի նախագահն է, ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի նախագահը, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ, ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահը։
«ՕՐԵՐ» ամսագրի հետ զրույցում դոկտոր Զորյանը անկեղծանում է, որ նման գնահատանքն իր համար էլ անակնկալ էր։
-Ինչպե՞ս է տրվում այդ մրցանակը եւ ո՞րն է դրա հիմնական շարժառիթը։ Ինչո՞ւ այդ մրցանակը տվեց Սանտա Կլարա քաղաքը։
– Սանտա Կլարա քաղաքում ես բնակվում եմ։ Այն ոչ միայն համարվում է Սիլիկոնյան հովտի կենտրոնը, այլեւ մի շարք միջազգային մեծ ընկերությունների կենտրոնն է։ Այս քաղաքի քաղաքապետին կարող են մարդիկ դիմել իրենց առաջարկներով եւ ինքը ներկայացնում է քաղաքային խորհրդին, որն էլ քննարկում է եւ նման որոշում է կայացնում։ Իրենք կարեւոր քաղաքացիների օր են նշանակում։ Ես քաղաքային խորհրդի անդամներին, որոնք ընդունել են այս որոշումը, անձամբ չեմ ճանաչում։ Բայց իմ կարծիքով ամեն ինչ սկսվել մեր համագործակցությունից։ Հայկական Վիրտուալ համալսարանը վերջին 1,5 տարին համագործակցում էր WAC-ի՝ Համաշխարհային հարաբերությունների խորհրդի հետ, որը ԱՄՆ տարբեր քաղաքներում ունի իր մասնաճյուղերը։
Մենք համագործակցությունը սկսել էինք Օսթըն քաղաքի նրանց մասնաճյուղի հետ, որի պատասխանատու անձերից մեկը՝ Մայք Քոլինսը հետեւել էր մեր համալսարանի հայ ժողովրդի պատմության առցանց դասընթացներին եւ անչափ գոհ էր մնացել։ Ութ դասից կազմված այս ծրագրով նա այնքան էր խանդավառվել, որ իր ոգեւորությունը փոխանցել էր WAC խորհրդի անդամներին, որպեսզի նրանք հետեւեն հայ ժողովրդի պատմության դասերին։ Ավելին, քանի որ այս խորհուրդը ունի նաեւ կրթական ծրագրեր աշխարհի տարբեր մասերում գտնվող 150 դպրոցներում, փորձել էին այս ծրագիրն առաջարկել նաեւ այդ դպրոցներում։ Ընդ որում այս ծրագիրն ավարտածներին տրվում է նաեւ հատուկ վկայական։ Ընդ որում դա նկատի է առնվում ե՛ւ դպրոցն ավարտելիս, ե՛ւ համալսարան դիմելու ժամանակ։
Այդպես անցյալ տարի մեր ծրագրերը հանձնարարել են եւ սկսել ենք աշխատել Տայվանի ավագ դպրոցներից մեկի հետ, ապա անցանք Գվատեմալա, Աֆրիկա, Լիբանան։ Երեք դպրոցով սկսեցինք, իսկ հիմա այդ շարքը համալրվում է։ Կպատկերացնեք, որ Գվատեմալայում 12 ուսանող ունենք, որ հայ ժողովրդի պատմություն են ուսումնասիրում։ Բացի այդ, հայ ժողովրդի պատմության տարբեր թեմաների շուրջ այս դպրոցները համատեղ մրցույթներ են կազմակաերպում, եւ ընթացքը ցույց է տալիս, որ մասնակիցները նաեւ սիրում են Հայաստանը։ Նրանց ասելով, եթե հայ ժողովրդի պատմությունը հասկանաս, ապա աշխարհի պատմությունը հասկանալի կդառնա։ Օրինակ, իրենք մի նախագիծ արեցին, ըստ որի եթե Վիլսոնը կարողանար իրագործել իր ծրագիրը եւ Հայաստանը հայտնվեր ԱՄՆ մանդատի տակ, ապա համաշխարհային պատմությունն այսօր ուրիշ կլիներ, Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերություններն այլ կլինեին, Խորհրդային Միությունը չէր կարող Հայաստան մտնել եւ այլն։ Նրանք դիտարկում են, թե ինչ կլիներ Հայաստանի վիճակը, վերլուծում են պատմական ընթացքը։ Նրանք ամեն մի պատմական դեպք քննարկում են միջազգային մասշտաբով։ Այս ավագ դպրոցներում մենք նույնպես վկայական ենք տալիս։ Մենք ծրագրել ենք նաեւ, որ լավագույն աշակերտները, որոնք հայ ժողովրդի պատմություն են ուսանում, այցելեն Հայաստան։ Այսօր ընդլայնելու այլ ծրագրեր ունենք։
Վերադառնալով հարցի սկզբին, նշեմ, որ Մայք Քոլինսը հաշվի առնելով ՀՎՀ ի կատարած աշխատանքը, այն կարծիքին էր, որ միջազգային կրթական համակարգում մեծ ներդրում ենք ունեցել, եւ այդ պատճառով դիմել էր քաղաքային իշխանություններին՝ Սանտա Կլարա քաղաքում Երվանդ Զորյանի օր ճանաչելու համար։ Այդպես խորհուրդը քննարկել է եւ ընդունել է որոշում, որ ամեն տարի սեպտեմբերի 1-ին քաղաքում նշվի Երվանդ Զորյանի օր։ Այս ամենն ինձ համար անակնկալ էր։ Ինձ նախապես ոչինչ չէին ասել։
– Իսկ ի՞նչ է ենթադրում այդ օրվա անվանակոչությունը։
– Այդ օրը ընդունված է Սանտա Կլարայի դպրոցներում կամ ուսումնական այլ հաստատություններում դասախոսություններ անցկացնել, թե միջազգային պատմությունն ինչպես է տարածվում առցանց ուսուցման միջոցով, թերթերում կտպագրվեն հոդվածներ, իսկ հերոսը նաեւ կարող է հանդիպումներ ունենալ քաղաքացիների հետ։ Ըստ էության այս որոշումով Կալիֆոռնիայի մեծ քաղաքներից մեկը՝ Սանտա Կլարան ճանաչում է մեր ներդրումը։
– Արդեն 12 տարի է գործում է AVC-ն, ի՞նչ նոր ծրագրեր եք սկսել այս ընթացքում։
– Ինչպես գիտեք, եթե մինչեւ հիմա մենք հիմնականում աշխատում էինք հայության ուղղությամբ, ապա այժմ երկու ուղղություն ենք որդեգրել եւ ուսուցանում ենք նաեւ օտարներին՝ ներկայացնելով հայկական թեմաներով նյութեր։ Այսօր 50 դպրոց ու հայկական ամբիոն աշխարհի տարբեր ծայրերում օգտվում են մեր ծարգրերից՝ Ռուսաստանից մինչեւ Նոր Զելանդիա, Ամերիկայից մինչեւ Ավստրալիա։ Դրանց են ավելացել ոչ հայկական դպրոցները Տայվանում, Գվատեմալայում, Հարավային Աֆրիկայում կամ Տեխասում։ Սրանց միացել են նաեւ համալսարանները Արգենտինայում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Բելգիայում։ Մենք դասավանդում ենք առցանց եւ ավարտելուց հետո փոխանցում իրենց միավորները, որոնք կարող են օգտագործել ավարտական գնահատականների հետ։ Այսպիսով, այժմ աշխատում ենք թե՛ ավագ դպրոցների, եւ թե՛ համալսարանների հետ։
Հաջորդ ուղղությունը, որ զորացնում ենք, Հայաստանում է։ Գիտեք, որ մեր ծրագրերը հիմնականում սփյուռքի համար են։ Բայց Քովիդի ընթացքում հայտնաբերեցինք, որ կան թեմաներ, որոնց մասին հայաստանցիներն անտեղյակ են՝ գիտության, բիզնեսի եւ այլ ոլորտներում։ Ուստի առցանց ուսուցում սկսեցինք այսօր մեծ պահանջարկ ունեցող արհեստական բանականության ուղղությամբ, որը հնարավորություն է տալիս սովորելու եւ մտածելու հատուկ ձեւեր, որոնք օգտագործվում են առողջապահության, ֆինանսների կամ տրանսպորտի համակարգերում։ Որպեսզի մարդիկ իրենց մոտ առկա տվյալների բազայի հիման վրա կարողանան հետեւություններ անել։ Վերլուծում են տվյալների որոշակի քանակ եւ որոշումներ են կայացնում։
Մենք սկսեցինք ավագ դպրոցների համար նման կուրսեր պատրաստել։ Այս ամենը մեր մշակված մեթոդներով տարածում ենք։ Այսօր ՏՏ ոլորտի ընկերությունները մեծ պահանջարկ ունեն այնպիսի աշխատողների, որոնք արհեստական բանականություն են հասկանում։ Ու քանի որ Հայաստանում դա չի արված, մենք աշխատում ենք երիտասարդների շրջանում տարածել դա։ Մենք կարողացանք «Սինոփսիս» հիմնադրամի միջոցով գումար ստանալ եւ այս ծրագիրը իրականացնել Հայաստանի ավագ դպրոցների 10,11,12 դասարանների աշակերտների համար։ Արդեն անցել ենք առաջին մակարդակի դասընթացը՝ 10 րդ դասարանի համար, հետո կլինեն հաջորդները։ Ծրագիրը երեք տարվա համար է։ Այն շատ դպրոցներ կարող են օգտագործել։
Բացի այդ, երբ մեզ մոտ՝ Սանտա Կլարայում էր գտնվում Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, նա ցանկություն հայտնեց, որ Արցախում էլ այդ ամենը իրականացնենք։ Եվ մենք արդեն երկու ավագ դպրոցներում անցկացրել ենք առաջին մակարդակը, արդյունքները գոհացուցիչ էին։ Երկրորդ մակարդակն արդեն պատրաստում ենք, իսկ երրորդը կլինի 2023 թվականին։
Սկսել ենք նաեւ մի քանի այյլ դասընթացներ ՏՏ ոլորտի աշխատողների համար, սթարթափերի, փոքր ընկերությունների եւ հիմնադրամների համար։ 16 շաբաթվա ծրագիր է, որը պատրաստել են Սիլիկոնյան հովտի մասնագետները եւ իր մեջ ներառում է բացի նոր տեխնոլոգիաներից, նաեւ ֆինանսներ, մարքեթինգ, բրենդինգ եւ այլն։
– Այս օրերին գտնվում եք Հայաստանում՝ մասնակցելու Ստարմուսի (STARMUS VI) փառատոնին։ Ի՞նչ առաքելություն ունեք այս անգամ։
– Ես պետք է դասախոսեմ Ստարմուսի ծրագրի շրջանակներում։ Նաեւ ինձ հետ կլինի ABM հայտնի ընկերության փոխտնօրեն Լեոն Սթոքը, որը ոչ միայն կդասախոսի, այլեւ մեր կողմից կստանա GIT մրցանակը՝ Համաշխարհային ՏՏ մրցանակը։ Նախկինում էլ համաշխարհային շատ ճանաչված դեմքեր են ստացել այս մրցանակը, որոնք հետո մեծ գումարներ են նվիրել Հայաստանին։
Զրույցը վարեց ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆԸ