Սեպտեմբերի 6-ին, Ստեփանակերտում Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անունը կրող համար 2 հիմնական դպրոցի բակում տեղի է ունեցել լեգենդար հրամանատարի կիսանդրու բացման արարողությունը. հաղորդում է «Արցախպրես»-ը։
Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Աշոտ Ղուլյանի կիսանդրին կանգնեցնելու մտահղացումն իրականություն է դարձել Արցախի Հանրապետության կառավարության և ավստրալահայ բարերար Շանթ Կրաջյանի համաֆինանսավորմամբ, ՀՅԴ նախաձեռնությամբ և Ստեփանակերտի քաղաքապետարանի աջակցությամբ: Հայ Հեղափոխական Դաշնակցության բյուրոյի անդամ, ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը պատմեց, որ հերոսի կիսանդրին կանգնեցնելու գաղափարը վաղուց էր հասունացել։
«Այսօր Բեկորի կիսանդրու կողքին կանգնած են մեր փառապանծ բանակի զինվորներն ու նոր սերունդը։
Պատահահական չէ նաև, որ Աշոտի հայացքը սևեռված է դեպի Շուշին։
Այս ամենը մեծ խորհուրդ ունի առ այն, որ Աշոտ-Բեկորի գաղափարները դեռևս իրականանալիք են»,- ասել է Դավիթ Իշխանյանը:
Կրթօջախի տնօրեն Լաուրա Մարտիրոսյանը նշել է, որ կրթօջախն Աշոտ Ղուլյանի անունը կրում է 1993 թվականից:
«Նրա կիսանդրու տեղադրումը կարևոր իրադարձություն է մեր դպրոցում:
Այն առավել քան պարտավորեցնող է և մեծ հրամայական ունի մեզ՝ ապրողներիս:
Բեկորի վաշտը ձևավորվել է մեր դպրոցում, այս պատերի ներքո են շարվել նրա տղաները, և այս բակից են նրանք գնացել ռազմաճակատ, ցավոք շատերը չեն վերադարձել»,- ասել է Լ. Մարտիրոսյանը:
Կիսանդրու բացման արարողությանը ներկա էին Պետական նախարար Արտակ Բեգլարյանը, պետական այրեր, հյուրեր, դպրոցականներ: