ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, «Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետ
Անցյալ տարի Հայաստանում փոխվեց իշխանությունը, սակայն մեր երկիրը դեռեւս ճամփաբաժանի վրա է: Եվ այժմ, իրադարձությունների հետագա զարգացման մի քանի սցենարներ կան. կա՛մ մենք կաճենք կայուն, բարգավաճ պետության մակարդակին, կա՛մ անկում կկատարենք դեպի անցյալ, դեպի հին խնդիրները, կամ առհասարակ կթաղվենք անվերջանալի ներքին կոնֆլիկտներում:
Անցյալ տարվա իրադարձություններից հետո Հայաստանն ապրում է նոր իրականության մեջ: Շարքային քաղաքացիների մեջ կրկին հետաքրքրություն առաջացավ մեծ քաղաքականության հանդեպ: Հայերը կրկին գիտակցեցին, որ իրենք ազգ են, որը ինքն է կերտում իր ապագան: Մենք գիտենք, որ այս հեղափոխության մեջ կային ոչ միանշանակ բազմաթիվ հարցեր: Սակայն կարեւորը, ինքնին, մեր ժողովրդի ներքին մղումն է: Նրա ձգտումը, կամքը, ավելի լավ ապրելու ցանկությունը: Նրա ուժերը, որոնք արթնացել են երկարատեւ լեթարգիկ քնից, համատեղելն ու արդյունավորելը:
Այսօր Հայաստանը կարող է բախվել մի շարք լուրջ մարտահրավերների:
Առաջին մարտահրավերը ներքին քաղաքական ապակայունացումն է: Մենք չենք կարող թույլ տալ, որ Հայաստանում նորից նշմարվող իշխանության համար պայքարը հանգեցնի քաղաքական ճգնաժամի: Մեզ պետք է ոչ թե էլիտար խմբերի բախում, այլ ուժեղ, բարգավաճ Հայաստան: Երկիրը կայուն զարգացման կարիք ունի, այլ ոչ թեՙ նոր ցնցումների: Այս առումով հարկ է հիշել խորհրդային երգից այն արտահայտությունը, որ «հեղափոխությունը սկիզբ ունի, բայց վերջ չունի»:
Մեր կուսակցությունը ո՛չ «սրանց», ո՛չ էլ «նրանց» կողմից է, այլ քաղաքականության մեջ կդրսեւորվի որպես «երրորդ ուժ»: Բայց մենք կկառուցենք մեր ռազմավարությունը ոչ թե հակառակորդների անտեղի քննադատության, ոչ թե թշնամանքի սերմանման վրաՙ այլ կառուցողական հիմքի վրաՙ մեր երկրի առաջադեմ զարգացմանը ուղղված ծրագրի հենքի վրա:
Երկրորդ մարտահրավերը վերաբերում է մեր ազգային էությանը. դա իշխող էլիտաների պոպուլիստական քաղաքականությունն է, որի շրջանակներում կարեւոր են ոչ այնքան իրական գործերը, որքան գեղեցիկ կարգախոսները:
Նոր կառավարությունը դեռեւս կառուցողական ծրագիր չի առաջարկել: Ի՞նչ է արվելու ներդրումներ ներգրավելու եւ բիզնեսի զարգացման համար: Ինչպե՞ս կհաղթահարվի կոռուպցիան եւ սուր սոցիալական անհավասարությունը: Ի՞նչ բարեփոխումներ պետք է իրականացվեն բժշկության, գիտության եւ կրթության ոլորտներում: Ինչպիսի՞ վարքագիծ պետք է դրսեւորի Հայաստանը միջազգային ասպարեզում: Ինչպե՞ս կարելի է ամրապնդել մեր բանակը: Ինչպե՞ս է բարեփոխումներին ներգրավվելու հայկական սփյուռքը:
Եվ վերջապեսՙ երրորդ մարտահրավերն էՙ հին ռեժիմի հիվանդությունների պահպանումը: Մենք չենք կարող թույլ տալ, որ իշխանությունում փոխվեն միայն դեմքերը, իսկ համակարգային խնդիրները (կոռուպցիան, կլանային համակարգերը, սոցիալական շերտավորումը) մնան չլուծված:
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության հիմնական սկզբունքներն են հայրենասիրությունը, հայ ժողովրդի ավանդույթներին հավատարիմ մնալը, համատարած աղքատության հաղթահարումը եւ բոլորի համար հավասար հնարավորությունների ապահովումը: Մենք հետեւելու ենք հենց ա՛յդ սկզբունքներին:
Հատկապես կցանկանայի նշել մի քանի ուղղություններ, որոնք մենք համարում ենք առանցքային: Նախՙ դա կադրային քաղաքականությունն է: Պետական քաղաքականության գերակա ոլորտները պետք ղեկավարեն ոչ թե քաղաքական նկատառումներով նշանակված անձինք, այլ մասնագետներ, որոնք որոշակի հեղինակություն ունեն իրենց ոլորտներում:
Երկրորդ, անհրաժեշտ է կայուն պայմաններ ստեղծել մեր բիզնեսի համար, եւ առաջին հերթին` միկրոձեռնարկությունների համար, որտեղ աշխատում է աշխատունակ տարիքի բնակչության մեծ մասը: Տեսչական մարմինների վարչական ճնշմանը, քաղաքականությամբ պայմանավորված խուզարկումներին եւ ստուգումներին պետք է փոխարինեն թափանցիկ կարգավորումը, օրենքի ուժով բնականոն գործող պետությունը եւ լայնածավալ հարկային համաներումը:
Եվ երրորդ, մենք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք մեր մարզերի զարգացմանը: Երբ մեր կուսակցության ակտիվը շրջում է երկրի փոքր քաղաքներով եւ գյուղական համայնքներով եւ սոցիալական նախաձեռնություններ է իրականացնում այնտեղի երեխաների եւ բազմազավակ մայրերի համար, մենք սարսափում ենք այդ համայնքներում ապրող հասարակ մարդկանց համար կյանքի հեռանկարների բացակայությունից: Շտապ անհրաժեշտ է մտածել տարածաշրջանային զարգացման ծրագրի շուրջ եւ սահմանել յուրաքանչյուր մարզում սոցիալ-տնտեսական զարգացման գերակա կետերը:
Արտաքին քաղաքականության բնագավառում «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը հանդիսանում է ինքնիշխան, սեփական ուժերին ապավինող Հայաստանի ջատագովը: Դա կարեւոր է բոլոր հայերի համարՙ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում:
Մեր երկիրը ներկայիս աշխարհաքաղաքական բախումների համատեքստում չպետք է միջամտի ուրիշների հակամարտություններին եւ դառնա առճակատման մարտադաշտ: Միեւնույն ժամանակ, բազմավեկտոր մոտեցումը, որի մասին այժմ շատերն են խոսում, «ե՛ւ, ե՛ւ»ի (ե՛ւ Ռուսաստան, ե՛ւ Արեւմուտք) կասկածահարույց սկզբունքը մենք դիտարկում ենք որպես վտանգավոր մոլորություն:
Մեր տեսանկյունից, Հայաստանը ներկայումս իրական ռազմավարական համագործակցություն ունի միայն Ռուսաստանի հետ, որն օգնում է ապահովել մեր ռազմական անվտանգությունը, մեր հիմնական տնտեսական գործընկերն է, որի հետ մեզ միավորում է ընդհանուր պատմական անցյալն ու ներկան:
Մենք կարող ենք նաեւ բազմակողմանի համագործակցություն զարգացնել արեւմտյան երկրների, Չինաստանի եւ այլ երկրների հետ, բայց մենք պետք չէ պատրանքներ ունենանք նրանց վերաբերյալ:
Բազմաթիվ բարեփոխումների եւ ենթակառուցվածքային նախագծերի համար շռայլորեն բաժանված դրամաշնորհները եւ վարկերը ոչ այնքան մեծահոգության դրսեւորումներ են, որքան խոշոր դրամական տրանշերի միջոցով Հայաստանի էլիտայի ներկայացուցիչների հավատարմությունը ապահովելու ցանկություն: Եվ վարկերըՙ լինեն դրանք արեւմտյան, թե չինական, պարզապես մեծացնում են մեր երկրի արդեն իսկ հսկայական ֆինանսական պարտավորությունները:
Մեր երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առջեւ: Այնուամենայնիվ, եթե մենք պահպանենք մեր միասնությունը, ողջամտությունը, հավատքը մեր ավանդույթներին, մենք լիովին ի վիճակի ենք լուծել դրանքՙ հօգուտ ներկա եւ ապագա սերունդների: