ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ
Սկիզբը` թիվ 26, 27 համարներում
«Ընթրիքից հետո»
Հենրիկի շեդեւրներից էր կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի եւ Ղազարոս Սարյանի պատմած «Ընթրիքից հետո»-ն: Ուրեմն, հերթական հոնորարը ստանալուց հետո Առնո Բաբաջանյանը հրավիրում է վերոհիշյալ կոմպոզիտորներին եւ Հենրիկին Մոսկվայի «Մետրոպոլ» հյուրանոցում ընթրիքի: Ստալինը մեկ տարի առաջ էր մահացել, եւ ժողովուրդն սկսել էր առանց վախի հաճախել «Ինտուրիստի» նշանավոր ռեստորաններըՙ «Նացիոնալ», «Մետրոպոլ», «Սավոյ», ուր դեռ մի տարի առաջ առանց համապատասխան հրավերքի մեր պատմության հերոսները զոռով էլ չէին գնա, բոլորին հայտնի էր, թե ում օբյեկտն է «Ինտուրիստ»-ը:
Դե օրերը փոխվում էին, սկսվում է մի թարմաշունչ, հույսերով լի շրջան, որ հայտնի դարձավ «Оттепель» («Ձնհալք») անվան տակ: Արդեն սկսել էին Առնոյի երգերի կատարումները մոսկովյան ռեստորաններում:
Ուրեմն մեր տղաները մի լավ քեֆ են անում «Մետրոպոլում», մի լավ էլ, ինչպես հարկն է, խմում են: Վերջում Հենրիկը մի քանի բաժին քյաբաբ է պատվիրում եւ խնդրում առանձին փաթաթելՙ հետը տանելու համար:
Երբ ռեստորանից դուրս են գալիս, Հենրիկը քայլերն ուղղում է դեպի Կարմիր հրապարակ:
– Անցնենք հրապարակով, մեր տուրքը տանք Մավզոլեին, մանավանդ, որ Իլյիչն այսօր մենակ չէ այնտեղ:
Այսպես ընկերները մտան հրապարակ եւ գնում են Լենինի դամբարանի ուղղությամբ: Կես գիշեր է: Եվ հանկարծ հրապարակի մեջտեղում Հենրիկը բռնում է փորը:
– Վա՜խ, փորս, տղերք ջան, ի՞նչ անեմ, էլ չեմ դիմանում:
Եվ այդ խոսքերի վրա սկսում է արագ-արագ քանդել շալվարի կոճակները եւ պպզում ու ոտքերի տակ ճարպկորեն տեղադրում ռեստորանից վերցրածը:
– Ա՛յ Հենրիկ, գժվեցի՞ր, ի՞նչ է, – տագնապում են ընկերները, – էլ տեղ չգտա՞ր, հիմա մեզ կբռնեն:
Եվ ոչ հեռվում գտնվող միլիցիոները, տեսնելով կատարվողը, սկսում է անընդմեջ սուլել ու վազում դեպի Հենրիկը: Ընկերների մոտ խուճապն ավելի է ուժեղանում:
Հենրիկը, տեսնելով, որ միլիցիոները արագ մոտիկանում է, սկսում է իր տակը փռած քյաբաբները արագ-արագ խոթել բերանը եւ կուլ տալ:
– Տղեք ջան, մոտեցեք, շա՜տ համով է:
Միլիցիոները ցնցված կանգ է առնում.
– Ընկեր, այդ ի՞նչ եք անում, կանգնեցեք, բարձրացրե՛ք ձեր շալվարը:
Բայց ի՞նչ շալվար, ի՞չ կանգնել, ի՞նչ սուլոց, քյաբաբները մեկը մյուսի հետեւից անհետանում են
– Ընկեր ջան, եկեք ձեզ էլ հյուրասիրեմ, – ու մի երկարուկ քյաբաբ Հենրիկը պարզում է դեպի միլիցիոները:
Վերջինս ապշած քարանում է տեղում.
– Ի՞նչ եք անում:
Էդ պահին Հենրիկը վերջին քյաբաբն է կուլ տալիս եւ քյաբաբների հետ գործն ավարտած, շալվարը վեր է քաշում: Դրությունը փրկում է ոչ պակաս հումորի տեր Առնոն.
– Ընկեր միլիցիոներ, մեր կարգը խախտողը ցավոք նման տարօրինակ հիվանդություն ունի, եթե բռնեցՙ ոչինչ չի կարող անել, այսինքն մի քիչ փսիխ է:
– Մի քի՞չ, ո՛չ, կատարյալ, այս էլ չէինք տեսել: Տարե՛ք, տարե՛ք այստեղից այս գժին:
Հենրիկը ձայն չի հանում, սուսուփուս քայլերն ուղղում է դուրս Կարմիր հրապարակից, դեպի «Օխոտնի ռյադ» մետրոյի կանգառը:
– Այ թե մի տարի առաջ լիներ, տես ինչպես էին կաշիս քերթելու նման ընթրիքի համար, բայց այսօր մեր շուրջը ձնհալ է…
«Կաղ «зайчик»-ը»
«Մոսֆիլմում» աշխատում էր մի շատ չար ու լկտի մարդՙ գանձապահ, մի ոտից կաղ էր եւ քայլում էր միշտ գավազանը ձեռքին, ասելովՙ ֆրոնտ, ֆրոնտ, թեեւ իրական ֆրոնտի դեմքը երբեք չէր էլ տեսել, բայց ուներ հաշմանդամի գրքույկ: Հենրիկը տղաներին ասում էՙ տեսեք մի օր ինչ խաղ եմ սարքելու այս Կուզմիչի գլխին:
Եվ մի օր, ինքն էլ մի գավազան վերցնելով, հատուկ, մի երկու կանգառ «Մոսֆիլմի» կայանից վեր է բարձրանում եւ կաղալով, գավազանը ձեռքին, դժվարությամբ բարձրանում ավտոբուս: Ուղեւորները, տեսնելով փայտը ձեռքին կաղ մարդուն, նրան սիրալիր տեղ են զիջում: Հենրիկն էլ լկտիորեն ոտքը գցելով, սկսում է գավազանը ձեռքում խաղացնել: Մարդիկ, նկատելով նման պահվածքը, սկսում են ցասումնալից ռեպլիկներ տալՙ «թոփալիս նայեք, հլա սրա տրոստը, արտիստ իսկական, արտիստ…»: Այստեղ Հենրիկը մտնում է խաղի մեջ. – Արտի՞ստ եք ասում, այ հիմա «Մոսֆիլմի» կանգառում ավտոբուս կբարձրանա մի իսկական արտիստՙ վաստակավորը, ես ի՞նչ եմ նրա կողքին, գավազանը ձեռքին կմտնի, դեռ հաշմանդամի գրքույկ էլ ցույց կտա եւ այդպես ձրի, դեռ ուրիշի տեղն էլ նստած կգնա մինչեւ վերջին կանգառը:
Եվ հենց այս խոսքերի վրա, ավտոբուսը կանգնեց, ամեն ինչ ըստ ժամանակացույցի էր, ուղեւորները հետաքրքրությամբ նայում էին դռներին: Կուզմիչը իրեն երկար սպասեցնել չի տալիս, բարձրանում է առաջին մուտքիցՙ հենվելով գավազանի վրա, ծոցագրպանից հանում կեղծ գրքույկը ու բարձր արտաբերումՙ – «ինվալիդ, երկրորդ կարգի, դե նեղ արեք, տեղ արեք» ու քիթը տնկած մոտենում մարդկանցով լի առաջին շարքի նստարաններին: Այդ էր որ կար. մի խժժոց է բարձրանում ավտոբուսումՙ ախ դու արտիստ, ախ դու «Մոսֆիլմի» աֆերիստ: Չէր հասցրել Կուզմիչը բերանը բացել, երբ բորդո գույնի անձրեւանոց հագած մի կինՙ տուր թե կտասՙ ձեռքի պայուսակը իջեցնում նրա գլխին, Կուզմիչի ակնոցները քթից ընկնում են:
– Ախ դուք, ժողովրդի թշնամիներ, ոչինչ, ձեզ էլ դեռ կհասնենք:
Այդ էր որ կար, խժժոցը վերածվում է հայհոյանքիՙ «ախ դու հուդա. ընկեր վարորդ, կանգնեցրեք ավտոբուսը, այստեղ վարպետ արտիստ կա, լժեինվալիդ. Он настоящий зайчик. Вон из вагона!»:
Եվ տագնապած վարորդը կանգնեցնում է մեքենան եւ միահամուռ ջանքերով Կուզմիչին ավտոբուսից դուրս են հրում…
Դե, բնական է, Հենրիկի գոյության մասին արդեն մոռացել էին:
«Կարգ խախտողըՙ K-9-ից»
Հենրիկը շատ էր սիրում իր կատակները բեմադրել Գորկու փողոցի վրա գտնվող K-9 կենտրոնական հեռագրատան ֆոյեում կամ ուղղակի նրա նշանավոր սանդուղների վրա: Սովորաբար նա այդտեղ ժամադրվում էր Առնո Բաբաջանյանի հետ (որն ապրում էր հարեւանությամբ գտնվող Կոմպոզիտորների տանը), եւ մինչեւ Առնոն գալիս էր բեմադրության, մեկ կամ երկու արար արդեն կատարած էր լինում: Օրինակ, գրազ էր գալիս վրացիների հետՙ ուզո՞ւմ եք այն խոշոր տյոտյանՙ ծաղկավոր շորով, ինձ մի լավ ապտակ հասցնի. ահա ձեզ 10 ռուբլի, եթե չապտակեցՙ փողը ձեզ, իսկ եթե ապտակեցՙ ինձ կտաք 20 ռուբլի: Գրազն ընդունված է: Ու մեր Հենրիկը տոնական քայլերով մոտենում է տիկնոջըՙ ձեռքին էլ մի փունջ բանալիներ խաղացնելով.
-Բարեւ ձեզ, մադամ, ահա՛ այն տան բանալիները, ուր լայն անկողին կա, արդյոք չե՞ք ցանկանում կովկասցու…
Ու Հենրիկը իր խոսքը դեռ չավարտածՙ մի շռնդալից ապտակ է ստանում: Ոչի՛նչ, հանուն հումորի արժե մի ապտակ էլ վաստակել, չմոռանանք, որ նա վրացիներից շահեց մի կարմիր տասանոց: Իսկ դա արդեն մի ընթրիք էր ստացվում Առնոյի հետ:
Մեկ կոպեկանոցները…
Շատ էր սիրում Հենրիկը հատկապես խաղալ իրավապահ մարմինների աշխատողների, հատկապես փողոցային կարգը պահպանող միլիցիոներների ներվերի հետ:
Օրինակ առաջին…
Նախապես մի քանի օր Հենրիկն իր մոտ հավաքում է մեկ կոպեկանոցներ, որոնք եթե հասնեին հարյուր թվի, կկազմեին ուղիղ մեկ ռուբլի: Ուրեմն այս կոպեկանոցների գանձատունը կոստյումի գրպանը լցրած, հենց K-9 հեռագրատան սանդուղների տակից որոշում է ուղիղ անցնել Գորկու փողոցի դեպի հակառակ կողմը, արագ-արագ ասելով.
– Ես ՄԽԱՏ եմ շտապում – «Я спешу в МХАТ», – բնական է, տասնյակ մեքենաների միջով, կարմիր լույսի տակ: Նկատելով այս վայրագ արարքը, առաջին իսկ կարգ պահպանող միլիցիոները հուպ տալով սուլոցին, վազում է դեպի Հենրիկը.
– Гражданин! Вы злостный нарушитель! Вaш паспорт. (Քաղաքացի, դուք վնասարար կարգազանց եք, ձեր անձնագիրը):
Հենրիկը լուռ հանում է անձնագիրը, ուր նշված է մոսկովյան գրանցումը:
– Թեեւ դուք գրանցված եք Մոսկվայում, բայց երեւում է, որ դուք մոսկվիչ չեք: Տուգանում եմ ձեզ մեկ ռուբլու չափով: Բարի եղե՛ք, քաղաքացի՛:
Հենրիկը, տեսնելով, որ իր հերթական զոհը հասունանում է, կարճ ռեպլիկ է տալիս.
– Իսկ եթե կոպեկներո՞վ:
-Վճարե՛ք կոպեկներով:
Հենրիկը, օլիմպիական հանգստությամբ, ձեռքը տանելով գրպանը, մեկական կոպեկ հանելով, սկսում է հաշվելՙ 1 2 3…………10……50…..60….67 ու մեկ էլ թռնում 69: Միլիցիոները, որ ուշադիր լսում էր, այստեղ վրա է տալիս «ոչ 68, ճիշտ հաշվեք»:
– Ո՛չ, ես ճիշտ եմ, չէ 69:
Միլիցիոները կոպեկները հետ է տալիս Հենրիկին եւ պահանջումՙ նորից հաշվել:
Ու ներկայացումն սկսվում է, գալիս է ինչ-որ մի հաշվի եւ հետո էլի մի թիվ առաջ գցում ու նորից կրկնվում են տեսարանները, չորս կողմը մեքենաներ, սուլոցներ, շչակներ, շվարած անցորդներ, Հենրիկի վեջը չէ, նա տանում է իր հաշիվը 81 82 83 84 86…
– Ա՛յ մարդ, այ քաղաքացի, առ քո կոպեկները ու չքվիր այստեղից, ուղիղ հարցրու որն է Պետրովկա-6-ը եւ այնտեղ տար քո 1 ռուբլի տուգանքը մուծիր, չքվի՛ր, էլ աչքիս չընկնես:
Հենրիկը մեղավորի պես, բայց հաղթանակը գրպանում քայլում է դեպի K-9, ուր արդեն 20 րոպե Առնոն սպասում էր իրեն:
«Ժպտացեք մետրոյում»
Ինչպես պատմում էին Առնոն եւ Էդվարդ Միրզոյանը, Հենրիկը շատ էր սիրում իր կարճ սքետչերը բեմականացնել մետրոյի վագոններում: Այստեղ նաՙ բնատուր բեմադրիչը, լայն հնարավորություններ ուներ ջոկելու իր հերոսներին: Ամենապրիմիտիվ սքետչըՙ գտնում էր պրովինցիալ դեմքով մի մտազբաղ տղամարդու, գրպանից հանում էր հինգ կոպեկանոցը, տալիս էր այդ ընկերոջը եւ շատ համոզիչ ձայնով ասում.
– Передайте, пожалуйста, на билетик. (Փոխանցեք, խնդրեմ, տոմսի համար):
Ու ինքը աննկատ չքվում իր գտնվելու տեղից: Իսկ 5 կոպեկանոցը սկսում էր քայլերթը մետրոյի լաբիրինթոսում:
Ուներ այստեղ եւս մի «պատվավոր» համար, ուշադիր նայում էր շրջապատին, նայում դեպքերին, վերջապես մի հարմար շրջան գտնելով, գրպանից աննկատ կերպով հանում էր մեկ ռուբլիանոց, կամացուկ գցում այն վագոնի հատակին, հետո ընդգծված աշխույժ շարժուձեւով բարձր գոչում.
– Քաղաքացիներ, ո՞վ է կորցրել այս մեկ ռուբլիանոցը:
Եվ փողը հատակից բարձրացնում էր գլխից վերեւ ու այս անգամ ավելի բարձր ձայնում.
– Ընկերներ, ո՞վ է կորցրել այս ռուբլիանոցը:
Ու սկսվում էր բուն ներկայացումը…
Մարդիկ սկսում էին ստուգել գրպանները, ծոցագրպանները, հաշվել դրամապանակների պարունակությունը, կանայք բացում էին պայուսակները, Հենրիկն էլ թութակի պես կրկնում էր ասածը:
Եվ որպես օրենք մի կին էլ բղավում էր.
– Վայ մամա ջան, թալանում են…
Եթե հայտնվեր միլիցիոները, նա շուտափույթ մոտենում էր Հենրիկին.
– Ինչո՞ւմն է բանը, ընկեր:
– Ես այստեղ հատակին, ընկեր միլիցիոներ, գտա այս մեկ ռուբլիանոցը, որն անտեր ընկած էր ուղիղ ոտքերիս տակ եւ որպես օրինավոր քաղաքացի ուզում եմ այն հանձնել տիրոջը:
Եվ եթե վագոնում չէր պատահում մի «шустрый» պատանյակ կամ մի փորձված առեւտրական տիկին, որը գոռգոռարՙ վայ, սա իմ ռուբլին է, փառք քեզ, որ գտար ու շտապում դեպի Հենրիկը, ապա միլիցիոները վերցնում էր Հենրիկի մոտից այդ ռուբլիանոցը, ակտավորում էր այն եւ հանձնում Հենրիկին մի ստացական, իսկ քաղաքացիներին հանգստացնում:
– Ով որ գտնի, որ փողն իրենն է եղել, թող մտնի մետրոյի կայարանի հերթապահի սենյակը եւ տեր կանգնի իր կորցրածին:
Ժամանակի հետ Հենրիկի մոտ հավաքվեց նման ստացականների մի ողջ հավաքածու:
«Մարզադաշտերի գրավումը»
Հենրիկը ֆուտբոլի մոլի երկրպագու էր, եւ ինչպես Մոսկվայում ապրող հայերը, նա երկրպագուն էր երկու «Սպարտակների», առաջինըՙ Երեւանյան ակումբի, որը հետագայում կոչվեց «Արարատ», երկրորդըՙ Մոսկովյան «Սպարտակի», ուր խաղում էր մեր հայրենակից Նիկիտա Սիմոնյանը: Հենրիկը «Սպարտակի» համարյա ոչ մի խաղը բաց չէր թողնում: Գնում էր մի նեղ ընկերական շրջապատի հետ, բոլորն էլ ֆուտբոլի երկրպագու իր հայրենակիցներըՙ տարբեր գործի տեր տղերք:
Տարին մի քանի անգամ Մոսկվայում տեղի էին ունենում միջազգային հանդիպումներ. 40-50 ական թվականների հիմնական գործող ֆուտբոլի մարզադաշտը Մոսկվայի կենտրոնում գտնվող «Դինամոն» էր: Դա մի բավական փոքր խաղադաշտ էր, երեւի 30.000 մարդ հազիվ տեղավորվեր: Եվ բնական էՙ տոմս գոյություն չուներ: Հենրիկը գալիս էր խաղից մի 15 րոպե առաջ, մոտենում էին խմբով կառավարական մեքենաների համար նախատեսված կանգառին, ինքն էլ դիրքավորվում մի ЗИС կամ ЗИМ մեքենայի հարեւանությամբ, ապա ցուցադրաբար, իբր այդ մեքենայից է դուրս գալիս եւ մոտենում էր իր ընկերների խմբին, որոնք երկու շարք էին կազմում մի 7-9 հոգով: Հենրիկն անցնում էր շարքի գլխին ու զինվորական քայլքով շարժվում մարզադաշտի կենտրոնական մուտքերից մեկի ուղղությամբ, մոտենում միլիցիոներին, արագ չեստ (զինվորական բարեւ) էր տալիս, խիստ տոնով ասում.
– Այս մարդիկ ինձ հետ են: Эти люди со мной.
Եվ ձեռքով թեթեւ նշան էր անումՙ հետեւեցեք…
Միլիցիոները չեստը վերցնում էր, մի կողմ քաշվում, եւ Հենրիկն իր շքախմբով ներս էր մտնում, ուղղվում դեպի արեւմտյան տրիբունաները, որտեղ իրավապահների կողքին միշտ ազատ տեղեր կային անսպասելի հյուրերի համար:
Այնպես որ այս հենրիկյան ծիսակատարությունը հասել էր մինչեւ Երեւան եւ մեր Ներսիկ Հովհաննիսյանն էլ երբեմն փորձում էր այն ընդօրինակել հանրապետական «Դինամո» մարզադաշտ ներս խուժելիս:
– Эти люди со мной.
Իհարկե, Ներսիկին մի քիչ բոյն էր քաշում…
Վերջը` հաջորդիվ
2019, մայիս-հունիս, Երեւան
Նկար 1. Առնոն եւ Հենրիկը «կալ մեջ» են արել Սարոյանին…